05 ԱՊՐԻԼ 2019 – ՕՐԸ ՕՐԻՆ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանի Պաշտպանութեան նախարար Դաւիթ Տօնոյեանը վերաձեւակերպել է «Տարածքներ՝ խաղաղութեան դիմաց» ձեւաչափը՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կարգախօսով:
Հայաստանի պաշտպանական ռազմավարութեան գաղափարախօսութիւնը փոփոխուել է: Մենք խրամատային, պաշտպանողական վիճակից ձերբազատուելու ենք եւ այնպէս ենք կազմակերպելու, որ ռազմական գործողութիւնները տեղափոխուեն առաջնագծից առաջ, հակառակորդի տարածք:
Հայաստանը վերջին 26 տարիների ընթացքում, տարբեր պատճառներից ելնելով, հիմնականում պաշտպանական քաղաքականութիւն է վարել. մեզ գնդակոծել են՝ մենք պատասխանել ենք, մեր վրայ կրակել են՝ մենք պատասխանել ենք: Սակայն ոչ մի տեղ գրուած չի, որ առաջինը կրակելու մենաշնորհը ադրբենջանցիներին է: Ըստ այդմ, նախարար Տօնոյեանի յայտարարութիւնը բազմաւեկտոր ուղերձ էր ե՛ւ Հայաստանի բնակչութեանը, ե՛ւ Սփիւռքին, ե՛ւ հակառակորդին, ե՛ւ միջազգային հանրութեանը: Հայաստանը, ինչպէս իւրաքանչիւր երկիր, պէտք է սպասարկի իր ազգային, պետական շահերին», Լոս Անջելեսի հայկական լրատուամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ յայտարարեց ՀՀ պաշտպանութեան նախարարի հանրային յարաբերութիւնների հարցերով խորհրդական Արտակ Բշտիկեանը:
Պաշտպանութեան նախարարութիւնում իրականացուող փոփոխութիւնների մասին տեղեկացնելու, պաշտպանութեան ոլորտում Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները խթանելու նպատակով Լոս Անջելեսում գտնուող Արտակ Բշտիկեանը հանդիպել է Հարաւային Կալիֆորնիայի հայկական կազմակերպութիւնների, կուսակցութիւնների ներկայացուցիչների հետ:
«Սփիւռքը տարիներ շարունակ անգնահատելի աջակցութիւն է ցուցաբերել հայրենիքին, բայց դեռ աւելի շատ աշխատանք ունենք կատարելու միասին: Իմ հանդիպումների արդիւնքում, նախնական ուրուագծւում են հնարաւոր համագործակցութեան եզրեր: Սպառազինութիւններից բացի, բանակը, պաշտպանութեան համակարգը շատ այլ խնդիրներ ունի, որոնք պէտք է միասին լուծենք: Եւ այս շրջանակներում, մեր առաջնային ծրագրերից է օրինակ զինուորական նոր հիւանդանոցի կառուցումը, որը նախատեսւում է, որ կ՛ունենայ բարձրակարգ մասնագէտներ ու յագեցած կը լինի ժամանակակից սարքաւորումներով: Այն պէտք է ծառայի մեր զինծառայողներին ու նրանց ընտանիքներին: Այս հարցում եւս չափազանց կարեւորում ենք նաեւ Սփիւռքի մասնակցութիւնը»:
Արտակ Բշտիկեանը նշեց, որ Հայաստանի պաշտպանութեան ոլորտին եւ բանակին աջակցել ցանկացողները գերադասելի է, որ ծանօթանան ՊՆ կայքում տեղադրուած ծրագրերին, որոնք կազմուել են ըստ ոլորտի անհրաժեշտութիւնների եւ աջակցութիւն ցուցաբերել այդ ծրագրերի միջոցով:
«Ապրիլեան պատերազմի ժամանակ, մեր հայրենակիցները մեծ օգնութիւն տրամադրեցին՝ փորձելով հնարաւորինս լինել մեր զինուորների կողքին: Սակայն, կային դէպքեր, երբ սարքերը պիտանի չեղան, եւ այսօր պահեստում են: Այդ պատճառով, մենք փորձում ենք համակարգուած դարձնել աջակցութիւնը, որ այն ճիշԴ նպատակին ծառայի, եւ համադրել մեր կարիքներն ու Սփիւռքի հնարաւորութիւնները» նշեց Բշտիկեանը:
Պաշտպանութեան նախարարի խորհրդականը, ներկայացրեց նաեւ նախարարութեան նոր ռազմավարութիւնը:
«Երեք հիմնական ուղղուածութեան մասին է խօսքը: Նախարար Դաւիթ Տօնոյեանը յայտարարեց, որ այսուհետեւ ամբողջովին պէտք է բացառուի բանակի ներգրաւուածութիւնը որեւէ քաղաքական գործընթացի, բանակը պէտք է լինի ապաքաղաքական, քանզի բանակի առաքելութիւնն այլ է: Երկրորդ փոփոխութիւնը, բանակի զինուած ուժերի պաշտպանական գաղափարախօսութեան փոփոխութիւնն է. հայկական բանակի հիմնական առաքելութիւնը՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգութեան ապահովումն է, բայց միաժամանակ, լինելով միջազգային հանրութեան ակտիւ անդամ, Հայաստանը պէտք է մասնակցութիւն ունենայ համաշխարհային իրադարձութիւններին, ինչի օրինակն է Սիրիա ուղարկուած հայկական մարդասիրական առաքելութիւնը: Եւ երրորդն այն է, որ ՀՀ բանակն իր հնարաւորութիւններով, պէտք է ամենաբարենպաստ պայմաններն ապահովի ԼՂՀ հակամարտութեան հարցում բանակցութիւնների ժամանակ հայկական դիրքերը ամուր պահելու հարցում», տեղեկացրեց ՀՀ Պաշտպանութեան նախարարի խորհրդականը:
Նա տեղեկացրեց, նաեւ որ մեծ ուշադրութիւն է դարձուելու ռազմարդիւնաբերութեան զարգացմանը, եւ նշեց ձեռքբերումների մասին:
«Շատ մեծ առաջընթաց ունենք բարձր տեխնոլոգիաները պաշտպանական համակարգերի ստեղծման հարցում կիրառելու կապակցութեամբ: Հայաստանն այն եզակի երկրներից է, ով արտադրում է սեփական անօդաչու սարքեր, որոնք վերջերս կատարելագործուել են, եւ ոչ միայն դիտարկման համար են, այլ կարող են ունենալ նաեւ հարուածային բաղադրիչ», նշեց Բշտիկեանը, յիշատակելով նաեւ, որ Հայաստանը պայմանագիր է կնքել «կալաշնիկով» կոնցեռնի հետ Հայաստանում արտադրութիւն հիմնելու մասին:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի յայտարարութեանը, թէ Հայաստանը կարող է դիւերսիֆիկացնել զէնքի ձեռքբերումները՝ մասնաւորապէս յօգուտ ամերիկեան զէնքի, Արտակ Բշտիկեանը յայտնեց, որ Հայաստանը կաշկանդուած չէ միայն մէկ աղբիւրից սպառազինութիւն ձեռք բերելու հարցում:
«Եթէ մեզ կ՛առաջարկուի նոյնպիսի կամ աւելի բարենպաստ պայմաններ, ինչ պայմանով այսօր ենք զէնք ձեռք բերում, մենք կ՛օգտուենք այդ հնարաւորութիւնից: Մեր բոլոր գործընկերները, ճիշդ բացատրութիւնների, ճիշդ մեկնաբանութիւնների դէպքում, ըմբռնումով կը մօտենան Հայաստանի քայլերին: Հայաստանը, ինչպէս այլ երկիր, սպասարկում է իր պետական, ազգային շահերին», ասեց Բշտիկեանը: Նա նաեւ յայտնեց, որ Հայաստանը, որպէս բազմաւեկտոր արտաքին քաղաքականութեան կողմնակից, ինչն առնչւում է նաեւ պաշտպանութեան ոլորտին, սերտ համագործակցում է ե՛ւ ՆԱՏՕի, ե՛ւ ՀԱՊԿի հետ: Բշտիկեանը նաեւ նշեց, որ յաջողութեամբ շարունակւում է համագործակցութիւնը ՀՀ պաշտպանութեան նախարարութեան եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ, որը հիմնականում առնչւում է հայ զինուորականների վարժանքներին:
ՀՀ Պաշտպանութեան նախարարի խորհրդականը կարեւորեց իւրաքանչիւր հայորդու ծառայութիւնը հայկական բանակում:
«Հայաստանի եւ Արցախի սահմանների պաշտպանութիւնը, դա իւրաքանչիւր հայորդու պարտականութիւնն է, որովհետեւ հայրենիք ունենալու համար, որ ձգւում է Բագրատաշէնից մինչեւ Ջէբրայիլ, պահել ու պաշտպանել է պէտք այդ հայրենիքը, ինչը պէտք է անեն մեր զինուորները: Մեր բոլոր հնարաւոր միջոցները պէտք է գործի դնենք, մի կողմ թողնելով բոլոր տարաձայնութիւններն ու անհամաձայնութիւնները, աջակցելու մեր բանակին, որովհետեւ մեր զինուած ուժերն այն կառոյցն է, որը վեր է քաղաքական, սոցիալական, ընկերային բոլոր բաժանումներից: Առաջնագծում մեր երեխաներն են, մեր երիտասարդները, եւ պէտք է ամէն ինչ անենք, որ նրանք ապահով լինեն, եւ մեր հայրենիքից մի սանտիմետր չպակասի», եզրակացրեց նախարարի խորհրդականը:
asbarez.com/arm/342079/ՀՀ-Պաշտպանական-Ռազմավարութեան-Գաղափ/