11.04.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
Բաքուն բավական սուր եւ իր համար բավական անսովոր նյարդայնությամբ արձագանքեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարություններին, մասնավորապես հարցազրույցներից մեկում արձանագրած հանգամանքին, որ Հայաստանի զինված ուժերը ընդլայնում են գրոհային ստորաբաժանումները եւ հակառակորդի ռազմական սադրանքի դեպքում նրա հետ կառերեսվեն հենց իր տարածքում, հասցնելով ասիմետրիկ պատասխան եւ ստեղծելով քաոս:
«Դրանք հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք անհրաժեշտության դեպքում մեզ հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում», ասել էր Դավիթ Տոնոյանը:
Բաքվի արձագանքի նյարդայնության մասին էր հուշում այն, որ Ադրբեջանը ավելի շատ փորձեց ոչ թե սեփական առավելության եւ անխոցելիության մասին հայտարարել, այլ «դիմել» միջազգային հանրությանը եւ անգամ «խաղալ» Հայաստանում վարչապետ-պաշտպանության նախարար հակասություն «ստեղծելու» վրա:
Նիկոլ Փաշինյանն իհարկե անմիջապես կասեցրեց այդ փորձերը, եւ ընդհանրապես միջազգային հանրության տարընթերցումների հնարավորությունները, հստակեցնելով, որ Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը հետապնդել եւ հետապնդում է խաղաղության նպատակ, բայց եթե Ադրբեջանը ավելացնում է խաղաղությանը սպառնալու իր կարողությունն ու չի թաքցնում դա, ապա Հայաստանն էլ բնականաբար բարձրացնում է խաղաղություն պարտադրելու իր կարողունակությունը:
Այստեղ սակայն նախարարի հայտարարության առումով կա մի էական հանգամանք, որին Ադրբեջանը բախվել է գործով: Հայկական զինուժը մեկ անգամ արդեն իսկ հատուկ գործողություն իրականացրել է ադրբեջանական տարածքում, կամ համենայն դեպս փաստացի ադրբեջանական տարածքում: Դա 2014 թվականի նոյեմբերին էր, երբ Ադրբեջանը խոցեց ուսումնավարժական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռը, իսկ հետո թույլ չէր տալիս հայկական կողմին դուրս բերել զոհերի դիերը: Ընդ որում, դեռ հայտնի էլ չէր, թե արդյոք խոցված ուղղաթիռին արագ մոտենալու դեպքում հնարավոր չէր լինի տարբերակ, երբ անձնակազմի երեք անդամներից ոչ բոլորը կլինեին միանգամից զոհված: Դա իհարկե հիպոթետիկ դիտարկման հարց է ներկայում, սակայն Բաքուն մոտ երկու շաբաթ թույլ չէր տալիս հայկական կողմին այսպես կոչված չեզոք տարածքից դուրս բերել անձնակազմի դիերը: Միջազգային կառույցներին, միջնորդներին դիմելու բոլոր փորձերը ապարդյուն էին:
Ըստ ամենայնի, Ադրբեջանը առաջարկում էր այդ թույլտվության համար վճարել բավականին բարձր գին:
Ի վերջո, հայկական կողմը խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը դուրս բերեց հատուկ ստորաբաժանումների հատուկ գործողությամբ: Փաստացի, դա գործողություն էր հենց հակառակորդի տարածքում: Ընդ որում, խոսքը հատուկ ռազմական գործողության մասին է, ոչ թե դիվերսիոն ներթափանցման:
Ռազմական հատուկ գործողություն, որն ավարտվեց հաջողությամբ: Ընդ որում, հակառակորդի տարածքում ռազմական հատուկ գործողության իրականացումը, այն էլ դրված նպատակի կամ խնդրի լուծմամբ, բնորոշ է թերեւս համաշխարհային բանակների էլիտար շրջանակին: Եվ հայկական զինուժը դրանով գործնականում ցույց տվեց, որ թեեւ ռազմա-տեխնիկական հագեցածությամբ զիջում էր Ադրբեջանին, այդուհանդերձ մարտական պատրաստության հատուկ ասպեկտներով կարող է դիտարկվել ընդհուպ համաշխարհային բանակային էլիտայի շարքում:
Այդպիսով, Ադրբեջանն արդեն մեկ անգամ առերեսվել է հայկական զինուժի հատուկ ստորաբաժամնումների գրոհային կարողությանը, ըստ այդմ հասկանալի է, որ բավականին լուրջ է ընկալել դրանց ընլայնման մասին հայտարարությունը, հասկանալով, որ գործ ունի ամենեւին ոչ զուտ քարոզչական քայլի հետ:
Առավել եւս, որ այստեղ կա նաեւ միջազգային գործոնը, եւ Դավիթ Տոնոյանն այդ մասին հայտարարությունն արել է ԱՄՆ-ում, հետո շարունակել նաե Հայաստանում:
Բանն այն է, որ կան բավականին նախանշաններ եզրակացնելու, որ 2014 թվականին հատուկ օպերացիան իրականացվել է Միացյալ Նահանգների հատուկ աջակցությամբ: Համենայն դեպս, Նահանգների դիվանագետները նախ հայտարարել էին, թե «հետեւում» էին հայկական ուղղաթիռի անձնակազմի դիերը դուրս բերելու գործընթացին, եւ բացի այդ էլ գրեթե անթաքույց հայտնում էին իրենց հիացմունքը՝ հայկական կողմի այդ նպատակադրման առնչությամբ:
lragir.am/2019/04/11/434360/