Ինչպե՞ս կարող է մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ իր երեխան է ծնվել. Նիկոլ Փաշինյանը՝ ԵԽԽՎ պատգամավորին
11.04.2019 | Քաղաքականություն |
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցով Հայաստանը բանակցային ձևաչափի փոփոխություն ոչ պահանջում է, ոչ էլ ակնկալում, այլ ցանկանում է վերականգնել ձևաչափը, այսօր ԵԽԽՎ-ում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ այն ձևաչափը, որի շրջանակներում տեղի են ունենում ԼՂ հարցի խաղաղ կարգավորման քննարկումները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:
«Եվ եթե մենք այսօր վերցնենք ու նայենք պատմությունը, թե ինչ է ԵԱՀԿ Մինսկի խումբը և ինչպես է այն ստեղծվել, կտեսնենք, որ ենթադրվել է Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին: Ոչ միայն ենթադրվել է, այլև տեղի է ունեցել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ այսօր կարևորագույն մի քանի հարց կա, որոնց մենք պետք է պատասխանենք խաղաղության օրակարգը ինստիտուցիոնալ առումով ուժեղացնելու համար: Եվ այդ հարցերից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի լիարժեք գործարկումն է, որը ենթադրում է նաև ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը կարգավորման գործընթացին:
«Շատ դժվար է հասկանալ, թե ինչպես ենք մենք պատրաստվում հարցը կարգավորել առանց կոնֆլիկտի առաջնային և հիմնական կողմին լսելու, առանց նրա հետ խոսելու: Եվ ինչպես ես իմ ելույթում ասացի՝ մեր քայլերն ուղղված են նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վերականգնենք երկխոսությունը ԼՂ և Ադրբեջանի միջև: Շատերը չգիտեն, բայց ԼՂ և Ադրբեջանի ղեկավարի միջև տեղի է ունեցել նաև ուղիղ հանդիպում, այդ պրակտիկան եղել է: Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները միշտ ներգրավված են եղել բանակցային գործընթացում: Սովորաբար ասում են՝ մինչև 1998 թվականը, բայց ես կարող եմ ասել, որ մինչև 2018 թվականը Ղարաբաղի ներկայացուցիչները ներկա են եղել բանակցային գործընթացում: Եկեք չմոռանանք, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ դառնալուց առաջ եղել է ԼՂ ընտրված նախագահը: Նրանից հետո Սերժ Սարգսյանն է ներկայացրել Հայաստանը, բայց նա եղել է նաև Ղարաբաղի առաջնորդներից մեկը: Ես հիմա թվականը չեմ կարող կոնկրետ նշել, բայց ենթադրում եմ, որ 1994-1996 թվականներին տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը ԼՂ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Եվ տեղի է ունեցել Մոսկվայում, և մեր ձեռքի տակ կան փաստաթղթեր, երբ այս կոմունիկացիան արվում է»,- ասաց Փաշինյանը:
Այսինքն՝ նրա խոսքով՝ ձևաչափը հետևյալն է եղել՝ ոչ միայն համանախագներն են եռակողմ եղել, այլ նաև բանակցություններին մասնակցել են Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Այսինքն, նրա խոսքով, Հայաստանը բանակցային ձևաչափի փոփոխության հարց չի դնում, այլ դնում է բանակցային նույն ձևաչափով քննարկումը շարունակելու հարցը:
«Եվ մենք ըստ էության ունենք մի վիճակ, երբ ԼՂ-ն բանակցային ողջ գործընթացի ընթացքում ներկայացված է եղել բանակցությունների սեղանի շուրջ: Եվ մեր խնդիրն է ստեղծել պայմաններ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև այդ երկխոսությունը չընդհատվի»,- հավելեց նա:
Ըստ նրա՝ սա հայկական կողմի համար նախապայման կամ քմահաճույք չէ: «Մենք ասում ենք՝ ուզո՞ւմ ենք հարցը կարգավորել, թե՞ չենք ուզում: Եթե ուզում ենք կարգավորել, ապա ինչպե՞ս ենք պատկերացնում, որ ԼՂ հարցը կարող ենք կարգավորել առանց ԼՂ մասնակցության: Շատ հաճախ օգտագործվում է «օկուպացիա» բառը: Բայց այն մարդիկ, ովքեր այսօր ապրում են Ղարաբաղում, այդ մարդիկ ծնվել են Ղարաբաղում, ապրել են, նրանց պապերն են ապրել Ղարաբաղում: Ինչպե՞ս կարող է մարդը օկուպացնել այն տարածքը, որտեղ ինքը ծնվել է, որտեղ իր երեխան է ծնվել և որտեղ հուղարկավորված են իր նախնիները: Եվ մեր առաջարկն է՝ նստել սեղանի շուրջ, նստել կոնֆլիկտի բոլոր կողմերով, քննարկել բոլոր նրբությունները և համաձայնել, որ մենք խոսում ենք ոչ թե հարցի չկարգավորման, այլ հարցի կարգավորման մասին: Համաձայնեք, որ մեր օրակարգը ոչ թե իրար ոչնչացնելու օրակարգ է, այլ հարցերը կարգավորելու օրակարգ է, այնպես, ինչպես հարիր է 21-րդ դարի մարդկանց», նշեց նա:
lragir.am/2019/04/11/434197/