12 Ապրիլ 2019 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ :
Թուրքիայի ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահի` ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու հրամանագրին։
Twitter-ում արած գրառման մեջ նա մասնավորապես ասել է.
«Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելն անընդունելի է։ Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրները հնարավոր է լուծել ոչ թե երրորդ երկրների չափն անցնող միջամտությամբ, այլև երկու երկրների միջև երկխոսությամբ»։
Թեմայի շուրջ խոսել է նաև Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը՝ դատապարտելով այդ հրամանագիրը։ Նրա խոսքերով, Ֆրանսիայի նախագահի որոշումն անտեսում է ՄԻԵԴ-ի և Ֆրանսիայի ՍԴ-ի որոշումները և սահմանափակում է Ֆրանսիայի քաղաքացիների խոսքի ազատությունը: Նա ֆրանսիացի գործընկերներին խորհուրդ է տվել անդրադառնալ սեփական պատմությանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։