Հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում. մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում. Դավիթ Տոնոյան
08.04.2019 | Ներքին կյանք |
Մեդիամաքս գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանն իր հայտարարություններին: Նա ասել էր, որ ավելացվելու է գրոհային ստորաբաժանումների քանակը, որոնք կարող են մարտական գործողություններ վարել հակառակորդի տարածքում:
«Դրանք հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք անհրաժեշտության դեպքում մեզ հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Սադրանքի դեպքում հակառակորդի հետ առերեսվելու ենք իր տարածքում, – ասել է Դավիթ Տոնոյանը: – Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի: Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»:
Հարցին, թե օրինակ A կետում, հանդիպելով սադրանքի, մեր Զինված ուժերը կարո՞ղ են հարված հասցնել B կետում, Դավիթ տոնոյանը պատասխանել է. «Ոչ միայն B կետում: Նաեւ C, D, E կետերում»:
Անդրադառնալով Զինված ուժերը բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռներով համալրելու հայտարարությանը, Դավիթ Տոնոյանն ասել է. «Սա կարող եք համարել «ասիմետրիկ պատասխան»: Մենք հնարավորություն կունենանք մեծ հեռավորության վրա ներազդել հակառակորդի վրա»:
lragir.am/2019/04/08/433155/?