12 ԱՊՐԻԼ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:
ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐԵԱՆ
27 տարի առաջ ազրպէյճանական զինուած ուժերի եւ ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղում իրականացրել են մարդկութեան պատմութեան մէջ ամենադաժան ու անմարդկային ոճրագործութիւններից մէկը. 1992թ. ապրիլի 10-ին ներխուժելով Մարաղա` մի քանի ժամուայ ընթացքում նրանք աւերել ու հրկիզել են գիւղը` այն հաւասարեցնելով հողին, իսկ խաղաղ բնակչութեանը դաժանաբար ու կտտանքների ենթարկելով սպաննել, ողջակիզել եւ մասնատել, մի մասին էլ գերեվարել ու տարել անյայտ ուղղութեամբ: Ողբերգութիւնից անմիջապէս յետոյ գիւղ ժամանած Մեծն Բրիտանիայի Լորտերի պալատի փոխխօսնակ Քերոլայն Քոքսը Մարաղայում կոտորածն անուանել է «Ժամանակակից Գողգոթա, միայն թէ` շատ աւելի դժոխային»:
Կոտորածից հրաշքով փրկուած անձանց վկայութիւնները կասկած չեն թողնում, որ Մարաղայում կատարուածը ցեղասպանութիւն էր: Ցեղասպանութիւն, որը մնացել է անպատիժ ու չդատապարտուած:
Անմարդկային այս ոճրագործութեան ու դաժանութիւնների միջով են անցել նաեւ Մարաղայում ծնուած ու ապրած Կարինէ Պօղոսեանն ու նրա ընտանիքը: Կարինէն յիշում է, որ «Սումկայիթից» յետոյ անընդհատ միջադէպեր էին տեղի ունենում. «Նրանք դաշտերից անասուն էին գողանում կամ մեր վարորդներին բռնում, մեքենաները ձեռքներից վերցնում: Անընդհատ լարուած ենք եղել: Մէկ ասում էին յարձակուել են ֆերմայի վրայ, յաջորդ անգամ` խաղողի այգիները մշակողների. անընդհատ յարձակումներ ու միջադէպեր էին լինում: Առաջին զոհը 1991թ. աշնանն էր. աշնանացանի ժամանակ թրաքթորիսթին հէնց իր թրաքթորի ղեկին կրակել ու սպաննել են: Առաջին ռմբակոծութիւնը եղել է 1992թ. յունուարին, ինչից յետոյ բոլորը երկրորդ յարկերից իջան նկուղներում ապրելու: Ռմբակոծութեան ժամանակ, որպէսզի փամփուշտները չդիպչեն, թաքնւում էինք աւազի պարկերով կառուցած պատնէշներում ու գետնափոր ապաստարաններում…», պատմում է Կարինէ Պօղոսեանը:
Այդ սարսափելի օրը Կարինէին իր երկու մանկահասակ երեխաների, կեսրայրի ու հարեւանների հետ միասին գերեվարել ու տարել են տարբեր ուղղութիւններով: «Այն ժամանակ տղաս 3 տարեկան էր, աղջիկս` 1 տարեկան 4 ամսական: Ձեռքիցս խլեցին: Երեխաներին խլելուց յետոյ խելագարի նման գոռում էի: Երբ մեզ գիւղից ոտքով քաշքշելով տանում էին, իմ աչքով արդէն փողոցում տեսայ խոշտանգուած ու մորթուած դիակներ. քանի որ մեր գիւղի ժողովուրդն էր, նոյնիսկ ճանաչում էի: Մի քանի հոգու մահացած եմ տեսել…
Եթէ նոյնիսկ մէկը փորձում էր փախչել, կացիններով խփում էին, գլուխներն էին ջարդում: Դէ զինուած էին: Ձեռքներին ունէին կացին, մի կողմը մուրճի, միւս կողմը` կացնի նման ինչ-որ սուր բանով: Դրանով անխնայ խփում էին ում պատահի: Գիւղում գոռոց, աղմուկ, քաշքշուկ էր…
Նրանք ասում էին` «Ձեզ պէտք է մինչեւ վերջին մարդը ոչնչացնենք, Ղարաբաղը մերն է, դուք պէտք է ոչնչանաք, ոչ թէ տեղափոխուէք. պէտք է ձեզ բոլորիդ ոչնչացնենք, Ղարաբաղը մերն է եւ այստեղ կ՛ապրենք մենք…»:
Անընդհատ հայհոյում էին հայերին: Ասում էին դուք հարամ էք, դուք հայ էք, դուք կեղտոտ էք: Տհաճութեամբ, վերեւից ու թշնամանքով էին նայում», վերյիշելով Մարաղայի կոտորածը` պատմում է Կարինէ Պօղոսեանը:
Կարինէն շատ լաւ է յիշում, որ տեսել է գետնին մորթուած ընկած իր համագիւղացի Վալեային: Նա տեսել է նաեւ Վալեայի ամուսնուն, դստերը` արեան ծովի մէջ: «Մի քիչ վերեւ` դարպասի մօտ, մի մարդ էր մորթուած, չգիտեմ` ով էր, արեան շիթերը դարպասին էին… Այդ պահին այնպէս անզգայացած էի, ցաւ չէի զգում, ուղեղս երեւի չէր էլ աշխատում: Միայն մտածում էի` միեւնոյն է սպաննելու են, միայն շուտ սպաննեն, ոչ մի բան չզգամ: Նոյնիսկ պահ է եղել` հետեւել եմ, որ զէնք վերցնեմ, ինքս ինձ կրակեմ` մտածելով, որ այսպէս գուցէ ամէն ինչ վերջացնեմ», արցունքները կոկորդում խեղդելով` ասում է նա:
«Մեզ հետ մեր գիւղից գերեվարուած շատ մարդիկ են եղել, ոչ միայն մեր պլինտաժից [գիւղացիների կառուցած գետնափոր ապաստարան], այլ նաեւ` գիւղի տարբեր անկիւններից: Ճանապարհին ես տեսայ` ոնց էին կեսրայրիս ու մեր հարեւան մի ծեր կնոջ քաշքշելով տանում: Մենք մինչեւ գիւղամէջ միասին ենք եղել: Ինչ-որ մի տուն էր, որի նկուղային յարկի լուսամուտը գետնի երեսին էր: Նրանց հրել գցել էին փշերի ու մոլախոտերի մէջ ու ասում էին` «Ձեզ պէտք է կրակենք: Այդ նկուղում ձեր տղերքն են: Գոռացէ՛ք, թո՛ղ դուրս գան»: Ինձ քաշելով տարան, ես կրակոց լսեցի: Շրջուեցի, հետ նայեցի, նրանք գետնին ընկած էին: Բայց հետագայում, երբ մերոնք գիւղ են մտել, այնտեղ դիակներ չեն գտել: Չգիտեմ` նրանց սպաննե՞լ են, թէ՞ տարել. մինչ օրս կեսրայրիս մասին ոչ մի տեղեկութիւն չկայ:
Տանելուց յետոյ` այդ նոյն գիշերն ու յաջորդ օրը ցերեկը, բոլորին մի տեղում հաւաքած էին պահում: Անընդհատ զէնքը պահում էին մեզ վրայ ու վախեցնում, որ մեզ կը մորթեն… Յաջորդ օրն ասացին, որ իրենց զոհուած տղաների թաղում է լինելու, ու մեզ բոլորիս պէտք է տանեն նրանց գերեզմաններին մորթեն: Ինձ ու մեր գիւղից մի հարսի չտարան: Թէ տղաներին են տարել` չգիտեմ», վերյիշում է նա:
Կարինէին ու նրա տղային փոխանակել են, իսկ դստերը չէին կարողանում գտնել: Փոխանակումից յետոյ դստեր նկարն ու տուեալներն են տուել, եւ մէկ ու կէս ամիս յետոյ պարզուել է, որ երեխան մանկատանն է: Հետագայում տարբեր դժուարութիւններով` 1 տարի 7 ամիս յետոյ ապացուցուել է, որ մանկատանն իսկապէս Կարինէի երեխան է: 1993թ. հոկտեմբերի 23-ին փոխանակել են, երբ նա արդէն 3 տարեկան էր: «Երեխան ինձ չմօտեցաւ, բնականաբար չէր ճանաչում: Մանկատան դայեակն էր բերել. երեխան նրա ձեռքից էր բռնել, չէր թողնում նրա ձեռքը: Դայեակն ինձ մեղադրում էր, թէ թողել եմ նրան, երեւի կարծում էր` ես եմ յանձնել մանկատուն: Իսկ այդ պահին ես ոչինչ չէի զգում, մտածում էի` ընդամէնը հաշուած րոպէներ են, վերցնելու եմ երեխային ու հեռանամ: Բայց երեխան չէր ուզում ինձ մօտենալ, կպած էր նրան, նոյնիսկ լացեց նրա յետեւից: Երեխան ընդհանրապէս չէր խօսում, իսկ մի քանի օր անց սկսեց ազրպէյճաներէն բառեր ասել: Հետագայում արդէն կամաց-կամաց յարմարուեց: Բայց վախեցած էր. հէնց զինուոր կամ մեքենայ էր տեսնում` գոռում էր», յիշում է Կարինէն:
Կարինէ Պօղոսեանն իր հետ եղած մարդկանցից ոչ մէկին հետագայում չի տեսել: «Թէ իսկապէս տարել են գերեզմաններում մորթել, թէ գնդակահարել են, թէ ինչ են արել` չգիտեմ: Կին էլ կար այնտեղ, երեխայ էլ, երիտասարդ տղաներ էլ»:
Կարինէն Մարաղայում կոտորածի արդիւնքում կորցրել է նաեւ քրոջը` Զարինէ Պօղոսեանին: Պօղոսեանների մայրը` ջարդերից հրաշքով փրկուած Սվեթա Պօղոսեանը պատմում է, որ ապրիլի 17-ին իր ամուսինը գնացել էր Զարինէի ու նրա երեխաների փոխանակմանը: Յետդարձի ճանապարհին նրանք ականի վրայ պայթել են ու վիրաւորուել: Նրանց տեղափոխել են Մարտակերտի հիւանդանոց: Զարինէն ծանր վիրահատութիւն է տարել, ձախ ոտքի թաթը կտրել են, բայց որովայնի շրջանում ծանր վնասուածքի պատճառով մահացել է: Տիկին Սվեթան պատմում է, որ Զարինէին շատ էին տանջել. «Ամբողջ կուրծքը ծխախոտով այրած էր, վզի վրայ դանակով երկու ծակ էին արել: Հարցրեցի` ո՞ւր են ականջօղերդ, ասեց խլել են ու պատռել բլթակները», արցունքներն աչքերին յիշում է նա:
Ազրպէյճանական զինուած ուժերի ստորաբաժանումների իրականացրած ցեղասպանական գործողութիւնների արդիւնքում, ըստ «Հիումըն ռայթց ուոչ» միջազգային իրաւապաշտպան կազմակերպութեան տուեալների, Մարաղայում մնացած 118 խաղաղ բնակիչներից զոհուել է աւելի քան 50-ը, եւս 50-ը` գերեվարուել: Նրանց մի մասը հետագայում փոխանակուել է, իսկ 19 մարաղացու ճակատագիր առայսօր մնում է անյայտ: Մինչ օրս անյայտ կորած են համարւում նաեւ Կարինէի եւ Զարինէի ամուսինները:
Կարինէ ու Սվեթա Պօղոսեանների հետ հարցազրոյցն իրականացուել է «Սովորական ցեղասպանութիւն. Մարաղա.10 ապրիլի 1992» ժապաւէնի նկարահանման շրջանակներում: Թեմայի վերաբերեալ փաստական տուեալներ, ականատեսների վկայութիւններ ու այլ տեղեկութիւններ կարող էք գտնել Maragha.org եւ Karabakhrecords.info կայքերում:
aztagdaily.com/archives/434381