13 Ապրիլի 2019, Տարածաշրջան:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության` Ստամբուլից հայ պատգամավոր Մարգար Եսայանը քննադատել է օրերս Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը:
«Երբ գալիս է ապրիլ ամիսը, այս թեմայի վերաբերյալ դարձյալ բացվում է օրինագծերի շրջանը: Երկար տարիներ նույն նախադասություններով նույն թեմաները քննադատելուց զզվել ենք: Հայկական հարցը Թուրքիային քննադատելու և պատժելու նպատակով ստեղծված քաղաքականացված հարց է: Այս թեման դարձել է պոպուլիզմի նյութ: Ես` որպես քաղաքական գործիչ, որպես հայ և Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, կտրականապես դեմ եմ: Հրանտ Դինքն էլ էր դեմ, ուղեղ ունեցող ցանկացած ոք դեմ է: Սա պատմություն է, պատմաբանները պետք է ուսումնասիրեն: Դուք գիտեք, որ մեր նախագահը 2014 թվականից ի վեր ամեն տարի ապրիլի 24-ին ցավակցական հեռագիր է հղում, ցավակցում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մահացածների թոռներին, այսինքն` մեզ: Մեզ համար ցավալի է, որ օտար երկրի խորհրդարանը հայերի աքսորի հանգամանքն իր համար գործիք է դարձրել: Մենք մերժում ենք, այս որոշումը»,– Եսայանի խոսքերն է մեջբերում haber7.com կայքը:
Նշենք, որ 1915 թ. աքսորի տեսակետը թուրքական պաշտոնական տեսակետն է:
Մարգար Եսայանը 1915 թ. հայ մտավորականների ցուցակը կազմած և իշխանություններին մատնած հայ դավաճան Վահէ Իհսանի (Եսայանի) ժառանգներից է:
yerkir.am/news/view/171909.html?