«Ցեղասպանությունից որբացած մանուկները և նրանց ճակատագիրը» խորագրով ցուցահանդես Վալանսում

15 ԱՊՐԻԼ 2019 – ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ, ՎԱՆՔԵՐ-ԵԿԵՂԵՑԻՆԵՐ:

Որբը՝  մոլոր գառ,  աշխարհքը   մսուր,

Ո՞վ  նայի  վրան,  կամ

 ո՞վ  տա  նրան 

մի  պատառ  ժպիտ,

Շոյանք  մի  փշուր։

Ապրիլի 12-ի երեկոյան վալանսահայությունը հավաքվել էր Հայ մշակույթի տանը՝ դիտելու Անտուան Պետրոսյանի «Ցեղասպանությունից  որբացած մանուկները և նրանց ճակատագիրը»խորագրով ցուցահանդեսը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Սյուզան Փահլևանյանը, գեղեցիկ ձևավորված, նկարազարդ  պաստառները  սրահի  խոսուն վկաներն էին։ Նրանցից յուրաքանչյուրը յուրովի պատմություն ուներ։ Բազմությունը շրջում էր սրահում, դիտում, կարդում, թերթում, հուզվում։

Հայ մշակույթի տան ատենապետ Նազո Ջինբաշյանը ողջունելով ներկաներին՝ անդրադարձավ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, նշելով, որ 20-րդ  դարասկզբին համայն մարդկության գիտությամբ ու թողտվությամբ կատարված  ոճրագործությունն անգամ 104 տարի անց չի ստացել  իր արժանի  դատապարտումը։

Մոտ 2 միլիոն անմեղ զոհերի արյունը ծանրացած է ո՛չ միայն Թուրքիայի, որը Օսմանյան Թուրքիայի «ժառանգորդն» է, այլև  բոլոր այն  պետությունների  խղճին, որոնք  սակարկման առարկա են դարձրել ո´չ միայն հայերի, այլև ողջ մարդկության  դեմ կատարված ցեղասպանությունը։ Նազո Ջինբաշյանը վերհիշեց նաև Ցեղասպանությունից որբացած իր մեծ հոր և մեծ մոր կյանքի սահմռկեցուցիչ ոդիսականը։

Այնուհետև Անտուան Պետրոսյանը ներկաներին ծանոթացրեց դահլիճում ներկայացված ցուցատախտակների իրական  պատմություններին, որոնք ստեղծվել են հեղինակի տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

Ճարտարագետ Անտուան Պետրոսյանն ուսումնասիրել է բազմաթիվ աղբյուրներ՝ շրջելով և՛ Արևմտյան,  և՛ Արևելյան  Հայաստանի այն բնակավայրերը, որտեղ գործել են որբանոցներ: Ոսումնասիրել է արխիվային փաստաթղթեր՝ ձեռք բերելով  հետազոտությունների ստույգ տվյալներ, լուսանկարներ: Այս բոլորի արդյունքը հետաքրքրական և բացառիկ ցուցահանդեսն էր՝ որբ մանուկներից կազմված կենդանի քարավանի պատմությունը, որբացած մանուկներ, որոնք փորձում էին հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական լլկանքները, քաղցն ու ծարավը՝ վերապրելու, գոյատևելու, հույսի նշույլը  աչքերում։

Վավերագիր, ստույգ տեղեկություններով համեմված այս բացառիկ աշխատանքը հեղինակի երկրորդ ցուցահանդեսն էր, որը ներկայացվում էր Վալանսի հայ մշակույթի տանը։

Ցուցահանդեսին ներկա էին Դրոմ նահանգի մարզպետ Հուգես Մութոն, Դրոմի պատգամավոր Միրեյլ Քլապոտը, Ռոնալպի շրջանի և ագլոմերացիայի նախագահ, Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոն, Դրոմի վարչատարածքային միավորման նախագահ Վերոնիկ Պուժեն, Բուրգլե Վալանսի քաղաքապետի տեղակալ Փոլ Լողենզոն, տարածաշրջանի խորհրդական Ֆրանսիս Քասալինոն, Վալանսի և Բուրգլե Վալանսի համայնքների խորհրդականներ՝ Պիեղ Ժան Վեյրեթը  և Վիլֆրիդ  Պայեսը, ինչպես նաև Լիոնում Հայաստանի փոխհյուպատոս Գայանե Մանուկյանը, «Ապրիլ 24» կոմիտեի համանախագահներ Ջորջ Իսասյանը և Գրիգոր Ամիրզայանը, Գևորգ Ռաստքելենյանը, ՀՕՄ-ի շրջանային վարչության անդամ Արշո Յանբեկյանը, Վալանսի ՀՕՄ-ի ատենապետուհի Շաքե Թոփալիանը, Վալանսի Հայ Առաքելական եկեղեցու  հոգևոր հովիվ, Արժանապատիվ Տեր Անդրանիկ  քահանա  Մալջյանը, Մարանաթա եկեղեցու պատվելի Լութեր Նասանիանը, Վալանսի ՀՅԴ «Քրիստափոր» ենթակոմիտեի ներկայացուցիչ Գրիգոր Բարդակչյանը, «Ռադիո Ա»-ի փոխնախագահ Սիմոն Համամջյանը, Համազգայինի նախագահ Շանթ Հարբոյանը, ինչպես նաև հայ մշակույթի տան վարչության անդամներ Սարգիս Չոլաքյանը, Սյուզան Փահլևանյանը, Արմինե Ռաստքելենյանը և Ժիղոմ Բոյաջյանը:

Միջոցառման ավարտին ներկաները կարծես չէին ուզում հեռանալ։ Ջերմ ու անմիջական մթնոլորտը գամել էր նրանց սրահում, որոնք իրենց հետ տարան մի փոքրիկ հուշ՝ ավարտվող օրից։

http://hayernaysor.am/archives/308699

akunq.net/am/?p=65761

Facebooktwitterredditpinterestlinkedinmail