Կարո Փայլան. «Հայոց ցեղասպանությունը պետք է դարձնել Թուրքիայի խորհրդարանի հարցը»

12 Ապրիլ 2019 – ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրանսիայի նախագահի հրամանագրին, Twitter-ում գրառում է կատարել:

«Որպեսզի Հայոց ցեղասպանությունը դադարի Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարաններում քննարկման թեմա լինելուց, պետք է դարձնել այն երկրի թեման, որտեղ այդ հանցագործությունը տեղի է ունեցել: Այսինքն այն պետք է դարձնենք Թուրքիայի խորհրդարանի հարցը»,- գրել է Փայլանը:

Հայ պատգամավորի դիտարկմամբ` հայ ժողովրդի վերքը կարող է ապաքինել միայն այն արդարությունը, որը Թուրքիայում կգտնվի: Արևմտյան Հայաստանի հայերը արդեն 104 տարի է` արդարության են սպասում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։

Իսկ Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել էր բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։

Բանաձևին կողմ էր քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ էր մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։

Աղբյուր` Ermenihaber.am
ermenihaber.am/am/news/2019/04/12/Փայլան-ցեղասպանություն-Թուրքիա/152500

Facebooktwitterredditpinterestlinkedinmail