15.04.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Լավրովի եւ Մինսկի խմբի համանախագահների եռյակի մասնակցությամբ հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները քննարկել են հրադադարի պահպանման եւ մարդասիրական նախաձեռնությունների իրականացման հարցեր, ինչի մասին տարածել են համատեղ հայտարարություն, նաեւ համանախագահների անունից: Նշվում է, որ պայմանավորվել են մոտ ապագայում շարունակել շփումները:
Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարները պայմանավորվել են գործնական քայլեր կատարել մարդկանց միջեւ շփումների ուղղությամբ, մասնավորապես ԶԼՄ ներկայացուցիչների այցերի:
Գործնականում, Մոսկվայի հանդիպմանը քննարկվել են քայլեր, որոնց մասին Վիեննայի հանդիպումից հետո խոսել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հետո իհարկե Ալիեւը հայտարարել էր, թե Վիեննայում թույլ չի տվել ձեւաչափի փոփոխություն եւ Արցախի ներգրավում, ինչին Հայաստանի վարչապետը պատասխանեց, որ դա մանիպուլյատիվ հայտարարություն է, իսկ Երեւանը չի հրաժարվելու իր բարձրացրած մոտեցումից եւ որեւէ մեկը չի կարող խուսափել Արցախի լիարժեք կողմ լինելու եւ բանակցային ձեւաչափը լիարժեք վերականգնելու հարցերի առերեսումից:
Մոսկվայում հանդիպումից առաջ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը հայտարարեց, որ հայկական կողմի մոտեցումները բարձրաձայնված են հստակ, Երեւանը չի նահանջելու դրանից, եւ չկա Հայաստանի հետ բանակցելու իմաստ: Միաժամանակ իհարկե հատկանշական էր, որ նախկին արտգործնախարարը, արձանագրելով Ադրբեջանի համար բանակցային փաստացի փակուղին, չէր խոսում «պատերազմական ելքի» մասին: Որովհետեւ ակնառու է նաեւ, որ չկա այդպիսի ելք, անգամ ռազմական դիվանագիտության մասնակի վերականգնման առումով: Այդ ասպեկտին մանրամասն անդրադարձը կատարել եմ Բաքուն խոստովանեց հայկական օրակարգը հոդվածում:
Թավշյա հեղափոխությամբ Երեւանը էլ ավելի է ամրացրել այն ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, որ հայկական բանակը վերականգնեց ապրիլյան պատերազմից հետո: Ավելին, Երեւանը 2018-ի ապրիլից հետո ձեռք է բերել քաղաքական նկատելի առավելություն եւ անմիջապես ձեռնամուխ եղել արցախյան գործընթացում դրա նյութականացմանը, ինչի վկայությունն էր այն, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի գործնականում առաջին քայլը այցն էր Արցախ եւ այնտեղ մայիսի 9-ին արած առանցքային հայտարարությունները, որոնք հենց Արցախում էլ գրեթե մեկ տարի անց՝ մարտի 12-ին ստացան հայեցակարգային ձեւակերպում հայկական պետականության արցախյան ռազմավարության համատեքստում:
Երեւանն այդ ռազմավարության ներքո ամրագրել է ոչ միայն հայկական փաստարկները, այլ նաեւ ԵԱՀԿ փաստաթղթերը, գործնականում անհարմար փակուղուց ձերբազատելով նաեւ Մինսկի խմբի համանախագահ եռյակին, որը մի կողմից կանգնած է իր իսկ փաստաթղթերից շեղման եւ ըստ այդմ դրա համար պատասխանատվության փաստի առաջ, մյուս կողմից սակայն ձերբազատվում է Երեւանի քաղաքականության համար Բաքվի առաջ պատասխան տալու անհրաժեշտությունից:
Այդ պայմաններում պատասխանատվության առաջ հայտնվում է Բաքուն, որն արժանապատվորեն եւ առանց ռազմա-քաղաքական կորուստների սպառնալիքի իրականացնելու ճանապարհը մնում է աստիճանաբար խաղաղության դիսկուրս տեղափոխվելը, կամ այլ կերպ ասած՝ խաղաղության պատրաստվելը, բայց ոչ թե իր նախապայմանների տրամաբանությամբ կառուցված որեւէ փաստաթղթի ընդառաջ, այլ գոյություն ունեցող ստատուս-քվոյի պայմաններում, որտեղ Բաքվի համար միակ «բոնուսը» կարող է լինել դրա որեւէ ձեւով իրավա-պայմանագրային արձանագրման առկախումը կամ հետաձգումը:
Այստեղ անշուշտ որեւէ մեկը թերեւս պատրանք չունի, որ Բաքուն առաջին իսկ հնարավորության դեպքում դուրս է գալու այդ դիսկուրսից ու ձեռքը տանելու է «ձգանին»: Այդ կապակցությամբ հատկանշական է, որ Մոսկվայում հանդիպման ֆոնին Երեւանում Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ չստեղծվի տպավորություն, թե Երեւանը միայնակ ու անվերջ խոսելու է խաղաղությունից: Կխոսենք այնքան, որքան համարժեք կխոսի եւ կգործի նաեւ Ադրբեջանը, հայտարարել էր վարչապետ Փաշինյանը:
Ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանն էլ կխոսի այնքան, որքան նրա այլ բան անելու քաղաքական եւ ռազմական հնարավորությունը արգելափակած կպահի հայկական կողմը: Այդ տեսանկյունից քաղաքական օրակարգն ու «արգելափակոցները» ներկայում ձեւավորված եւ ձեւակերպված են բավական հստակ, որոնք փոխլրացնում են ռազմականն ու նաեւ միջնաժամկետ համատեքստում ամրացնում այն: Ռազմավարական առումով հարցը գտնվում է տնտեսական մրցակցության դաշտում:
lragir.am/2019/04/15/435229/?