16 ԱՊՐԻԼ 2019 – ԿԻԶԱԿԷՏ:
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՎԷՄ»Ի
Ամէն անգամ, երբ ես մատնւում եմ դժուարութեան, երբ անլուծելի հարցեր մաշում են միտքս, ես ինձ հարց եմ տալիս՝ իմ տեղը ի՞նչ կ՛անէր Ռոստոմը այս պայմաններում: Եւ ինչ որ, իմ կարծիքով, պիտի անէր Ռոստոմը՝ անում եմ ես:
ՍԻՄՈՆ ՎՐԱՑԵԱՆ
Ներկայ տարեսկզբից մեզանում իրար հետեւից նշուող հայ գրականութեան ու մշակոյթի երախտաւորների յոբելեանները ստուերեցին 19րդ դարի վերջերի- 20րդ դարի սկզբների մեր քաղաքական կեանքի հիմնական դերակատարներից մէկի՝ Ռոստոմի (Ստեփան Զօրեան) մահուան 100ամեայ տարելիցը, եւ օրէց-օր արագացող ժամանակի հեւքի մէջ կարծես թէ մոռացութեան մատնեցինք յիշատակն այն պայծառ անհատականութեան, ով իր անջնջելի հետքն է թողել Հայոց պատմութեան մէջ:
Գաղտնիք չէ, որ Ռոստոմի տիրական ձեռքն է կրում զինանշանն այն կուսակցութեան, որն առաքելութիւն ունի հայ ժողովրդի առջեւ, ինչի սուր կարիքը վերջին 1 տարուայ ներքաղաքական վայրիվերումների արդիւնքում ոչ թէ նուազել, այլ է՛լ աւելի է ընդգծուել: Որովհետեւ մեր երկրում արդարութեան հաստատման համար յեղափոխութիւն արած ժողովուրդը տեսականօրէն անգամ չէր կարող մերժել այդ արժէքների կրող ՀՅ Դաշնակցութեանը: Ուղղակի նա յիշեցրել է մեզ, որ դրանք ոչ թէ գիտելիքներ են մեզ համար, այլ Ռոստոմի կազմած ՀՅԴ Հաւատոյ հանգանակի միջոցով կեանքի կոչուող կենդանի գործ:
Ուստի՝ յեղափոխութիւնից յետոյ ստեղծուած նոր իրավիճակում պարտաւոր ենք վերյիշել անցեալում մեզ բաժին ընկած ճգնաժամերը յաղթահարելու առաւել ուսանելի օրինակները: Իսկ Ռոստոմի փորձը յիրաւի դասական օրինակ է բոլոր ժամանակների եւ դաշնակցականների բոլոր սերունդների համար, քանզի ՀՅԴ ներկուսակցական մշակոյթի հիմքն առաջին հերթին՝ Ռոստոմի ստեղծած աւանդոյթների համակարգն է:
ՀՅԴ քաղաքական գործն առաջ տանելու ֆենոմենալ ունակութեան շնորհիւ Ռոստոմի կերպարն այնքան է միաձուլուել հարազատ կուսակցութեան անցած ուղու հետ, որ յետագայում եւս դժուար է եղել տարանջատել այդ իրողութիւնները: Իր անձնական Եսը կուսակցութեան նպատակներին ստորադասելու պատճառով հէնց Ռոստոմն է եղել լուռ, համեստ ու պարտաճանաչ խոնարհ հերոսների խոնարհ առաջնորդը, ուստի սերունդների յիշողութեան մէջ նա մնացել է իբրեւ՝ «…դաշնակցութիւնը ինքը իր բովանդակ էութեամբ»:
Երիտասարդ տարիներին Ռոստոմը նոյնպէս երբեմն յայտնուել է անելանելի թուացող իրավիճակների առջեւ, եւ այդ պահերին նրան օգնութեան է հասել իր աւագ ընկերը՝ Քր. Միքայէլեանը՝ «Եթէ դու էլ թուլանաս, ուրիշներից ի՞նչ պէտք է պահանջենք: Միթէ՞ «Դաշնակցութիւն»ը այժմ աւելի քիչ ես սիրում քան առաջ…», 1900թ. Մարտի 22ի նամակում Ռոստոմին ուղղուած Քր. Միքայէլեանի այս յանդիմանութիւնը ոչ միայն սթափեցրեց վերջինիս, այլեւ նոր լիցք հաղորդեց նրա գործունէութեանը:
Եւ Քր. Միքայէլեանից մինչեւ Ռոստոմ, իսկ Ռոստոմից մինչեւ սփիւռքեան 70ամեայ տարագրութեան տարիները՝ մեր մեծերը երբեմն յանդիմանելով, իսկ երբեմն էլ ոգեւորելով մէկը միւսին, սովորեցրել ու նաեւ՝ սովորել են չթուլանալու կամ «չթմրելու» գիտութիւնը: Պահանջկոտութեան ու ընկերական սիրոյ այս անբացատրելի համադրումի մէջ է ՀՅ Դաշնակցութեան կենսունակութեան գաղտնիքը, որովհետեւ ինչպէս Ռոստոմն ինքն էր ուսուցանում իր երիտասարդ զինակիցներին՝ «Դաշնակցութիւնը կարելի չէ բացատրել. պէտք է զգալ, ապրել եւ հաւատալ»:
Արտաքուստ զգացական թուացող՝ Ռոստոմի այս պատգամին հասու լինելու համար մեզ հարկաւոր է վեր բարձրանալ վերջին զոյգ տասնամեակներում ուտիլիտարիզմի աստիճանի հասած մեր գերռացիոնալիզմից ու կրկին հաւատով լցուել սեփական գործի հանդէպ: Քանզի առանց Ռոստոմի կողմից մեր Հաւատոյ հանգանակում ամրագրուած՝ դաշնակցական գործչի տառապանքով ու զոհողութեամբ ձեռք բերուող դրական օրինակի հնարաւոր չէ կրկին դառնալ ժողովրդի մտքերի տիրակալն ու նրա դաստիարակը: Նման եղանակով ամրապնդուող՝ ՀՅԴ գործի հանդէպ հաւատն է եղել կուսակցական ծրագիրը ժողովրդի համար սրբութիւն դարձնելու միակ ուղին: Եւ նա նորից կը դառնայ այդպիսին, եթէ Ռոստոմի նման՝ կրկին խոնարհուենք հարազատ ժողովրդի իմաստնութեան ու հանճարի առջեւ:
«Մի օր,- վկայում է Ս. Վրացեանը,- երբ ես վրդովուած՝ գանգատւում էի հայ մարդու տգիտութեան, ընչասիրութեան, խորամանկութեան եւ ուրիշ վատ յատկութիւնների մասին, Ռոստոմը հարցրեց անվրդով.
-Դու Անին տեսե՞լ ես:
-Անշուշտ, պատասխանեցի ես զարմացած:
-Անին հայ մարդն է կառուցել: Դու «Նարեկ» կարդացե՞լ ես:
-Ի հարկէ կարդացել եմ:
-«Նարեկ»ը հայ մարդն է յօրինել: Դու Սասունցի Դաւիթը գիտե՞ս:
– Գիտեմ, ի՞նչ խօսք: Սասունցի Դաւիթը Հայ ժողովուրդն է ստեղծել:
-Ասա, խնդրեմ, դու ինչո՞ւ համար դաշնակցական ես (ընդգծումը մերն է- Գ.Խ.)»:
Այս փոքրիկ «հարցաշարը» ու մանաւանդ՝ դրա աւարտին Սիմոն Վրացեանին ուղղուած Ռոստոմի յանդիմանութիւնը լուսարձակում են ՀՅԴ գոյութեան բուն իմաստը: Իր առաջին իսկ քայլերից սկսած, որպէս հայ ժողովրդականների (նարոդնիկների) կողմից ստեղծուած կուսակցութիւն, ՀՅ Դաշնակցութիւնը եղել է ժողովրդի տրամադրութիւնների թարգմանը: Ուստի ժողովրդից բողոքելն ինքնին հարցականի տակ էր դնում ցանկացած անհատի, անգամ Սիմոն Վրացեանի նման մեծութեան դաշնակցականութիւնը: Իսկ ժողովրդի քաղաքական ընկալումների մէջ թափանցելու համար հարկ է գիտակցել, որ ինչպէս անցեալում, այնպէս էլ այսօր հայ իրականութեան մէջ ի՞նչ է ասում հարցը ընկալւում է միայն ու միայն ո՞վ է ասողը բանաձեւի շրջագծում, այսինքն՝ որքանով է տուեալ խօսքը համապատասխանում նրա հեղինակի կենդանի գործին: Ռոստոմը մեզ սովորեցրել է սեփական նուիրումով ու պայքարով ձեռք բերուած քաղաքական որակներով ժողովրդի վստահութիւնը վաստակելու եւ այն որեւէ անցողիկ արժէքի հետ չփոխանակելու գիտութիւնը:
1905 թուականի գարնանից՝ Քրիստափոր Միքայէլեանի նահատակութիւնից մինչեւ իր մահը, լինելով ՀՅ Դաշնակցութեան ճանաչուած առաջնորդը, Ռոստոմը դարձել է հայ ժողովրդի տնտեսական ազատագրութեան համար պայքարը գործնական գետնի վրայ տեղափոխած ՀՅԴ սոցիալիստական քաղաքականութեան հիմնադիրը՝ իր իսկ նախաձեռնած «Կովկասեան նախագծի» եւ իր գլխաւորած 9ի յանձնախմբի կազմած 1907 թուականի ծրագրի միջոցով: Քաղաքական կարգախօսից՝ ամէնօրեայ կենդանի գործի վերածուած սոցիալիստական իդէալը բիւրեղացնելու եւ կենդանի գործի վերածելու համար նա ասպարէզ է բացել նոր սերնդի առջեւ՝ միաժամանակ իր հմուտ ու տիրական ձեռքով զսպելով վերջինիս աջակողմեան ու ձախակողմեան տատանումները: Աշխատանքի դատին հետամուտ այդ սերնդին Ռոստոմն ապահովել է գործելու ասպարէզ ու կարողացել է համոզել նրան, որ սին են ձախ կամ աջ թեքուելու միջոցով ՀՅ Դաշնակցութիւնից դուրս մի «նոր Դաշնակցութիւն» փնտռելու փորձերը:
Միաժամանակ՝ իր ռազմավարական մտածողութեամբ ու դրան համապատասխանող մարտավարական հմտութեամբ եւ, ամենակարեւորը՝ վտանգներն ու մարտահրաւէրները կանխատեսելու զարմանալի ունակութեամբ՝ «ձիու բնազդով», հէնց նա է եղել 20րդ դարի առաջին տասնամեակների մեր ազգային-ազատագրական պայքարի ճանաչուած առաջնորդը: Եւ այն փոքրիկ երկիրը, որն ունենք այսօր, մեծապէս պարտական է Ռոստոմին՝ Արեւելեան Հայաստանը եւս հայաթափելու փորձերի ձախողման համար:
Առաջին անգամ դրանք ակնյայտ դարձան արտաքուստ միայն քաոսային՝ 1905-1906թթ. հայ-թաթարական կռիւների շրջանում՝ Օսմանեան կայսրութեան կառավարիչների ու Ռուսական առաջին յեղափոխութեան ալիքը սանձելու համար Կովկասեան Վանդէայի ձեւաւորման ծրագրերին ապաւինած ցարական Ռուսաստանի յետադիմական շրջանակների ընդհանուր նպատակների յետնախորքում: Ցարական Ռուսաստանի մայրաքաղաքից անհրաժեշտ տեղեկատուութիւն հայթայթած Ռոստոմի ռազմավարական մտածողութեան եւ դրան գումարուած ռազմատեխնիկական անհրաժեշտ նախապատրաստութիւնների շնորհիւ յաջողուեց ոչ միայն կանխել այդ մահացու վտանգը, այլեւ լուրջ հակահարուած հասցնել երկու կայսրութիւնների մարդատեաց ու յետադիմական շրջանակների դաւադրութեան գործիքի վերածուած կովկասեան թաթարների խառնամբոխին:
Երկրորդ անգամ՝ ճակատագրական 1918 թուականին, Ռոստոմի ճշգրիտ ռազմավարական հաշուարկի շնորհիւ էր, որ Հոկտեմբերեան յեղաշրջումից յետոյ քաոսի մէջ յայտնուած Ռուսաստանի Արեւմտեան ու Հարաւ-արեւմտեան ռազմաճակատներից դէպի հայրենիք վերադարձող հայ զինուորականութիւնը համախմբուելով ու բռունցքուելով Բաքւում՝ տարածաշրջան ներխուժած Օսմանեան կայսրութեան կանոնաւոր բանակի դէմ բացեց Հայկական երկրորդ ճակատը եւ մինչեւ Առաջին աշխարհամարտի աւարտը ստիպեց հակառակորդին քարշ գալ Ապշերոնեան թերակղզու մատոյցներում ու Դաղստանի լեռներում: Դրանով իսկ կանխուեց Մայիսեան հերոսամարտերից յետոյ ամենեւին էլ չվերացած՝ Երեւանը գրաւելու եւ Հայաստանի մանուկ անկախութիւնն իր բնի մէջ խեղդելու երիտթուրքերի նպատակադրման իրականացումը:
Այս երկու մահացու սպառնալիքների չէզոքացման գործում վճռորոշ դերակատարութիւն ունեցած քաղաքական գործչին ցանկացած երկրում տասնեակներով յուշարձաններ կը կառուցէին: Բայց մինչ օրս հայաստանեան պատմաբանները Ռոստոմին յիշում են միայն ՀՅ Դաշնակցութեան հիմնադիրների անուն-ազգանունները թուարկելու ընթացքում, իսկ երբեմն էլ գոհունակութեամբ արձանագրում են սոսկ այն փաստը, որ Բաքուի հերոսամարտի ընթացքում նա համագործակցել է բոլշեւիկ Ստեփան Շահումեանի հետ՝ մոռանալով որ հայ զէնքի ու կամքի այդ անօրինակ խոյանքը հէնց Ռոստոմի քաղաքական հեռատեսութեան արդիւնքն էր:
Ուստի, երբ այսօր բաղդատում ենք Ռոստոմի ժամանակներից մեզ մէկ դար բաժանող ՀՅԴ անցեալի ու ներկայի քաղաքական առաջնահերթութիւնները եւ Հայաստանին ու հայութեանը բաժին ընկած արտաքին մարտահրաւէրները, ապա արձանագրում ենք այն փաստը, որ 1905ին հէնց Ռոստոմի կողմից բարձրացուած աշխատանքի դատի համար պայքարի դրօշն ու Այսրկովկասում մեր զբաղեցրած տարածքների պաշտպանութեան խնդիրը ինչպէս 100 տարի առաջ, այնպէս էլ այսօր եղել ու մնում են բացարձակ առաջնահերթութիւններ:
Ու քանի որ դաշնակցական գործիչների յաջորդական սերունդները Ռոստոմի օրինակով են չափել սեփական գործերը, իսկ ամենածանր պահերին հարց են տուել իրենք իրենց՝ «ի՞նչ կ՛անէր Ռոստոմը, եթէ յայտնուէր այս պայմաններում», ապա այսօր՝ Ռոստոմի մահուանից 100 տարի անց փորձենք իւրաքանչիւրս մեզ համար յստակեցնել, թէ ի՞նչ կ՛անէր Ռոստոմը, եթէ ապրէր մեր ժամանակներում:
Նախ եւ առաջ՝ Ռոստոմը կը տար «քաղաքական մոմենտի» իր սահմանումը. Հայաստանը ներքաղաքական առումով յայտնուել է հնի ու նորի դիմակայութեան յորձանուտում, որն իր շուրջը ծաւալուող վտանգաւոր զարգացումների համատեքստում ձեռք է բերել աշխարհաքաղաքական կերպաւորում: Ուստի նա մեզ կը յիշեցնէր 1918 թուականի ծանրագոյն պայմաններում Հայկական երկրորդ ճակատի ստեղծման իր փորձառութեան իմաստը՝ «Ադրբեջան» արհեստական պետութեան ձեռքով Հայոց Ցեղասպանութիւնն Անդրկովկասում շարունակելու եւ իր աւարտին հասցնելու Թուրքիայի քաղաքական նպատակի ձախողումը: Եւ կրկին արձանագրելով թուրք-ադրբեջանական միասնական քաղաքականութեան առկայութեան փաստը, նա մեր ներկայ սերնդից նոյնպէս կը պահանջէր մոռանալ առանձին վերցուած՝ Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցով փոխզիջման հասնելու պատրանքը, քանզի Թուրքիան է գծում «… ադրբեջանցիների անելիքը, իսկ Տաճկաստանի նպատակը մեր ազգային հարցի տեսակէտից պարզ է: Տաճիկները ձգտում են հայ ազգի ֆիզիկական ոչնչացման…»:
Ներքին ճակատում‘ հնի ու նորի պայքարի համատեքստում արձանագրելով, որ Հայաստանի նորացման անխուսափելիութիւնն ու անշրջելիութիւնը թելադրուած են առարկայական պատճառներով, Ռոստոմը վերջինիս կրողների անփորձութիւնն ու արհեստավարժութեան պակասն անպայման կը տարանջատէր նրանց վերագրուող «վտանգաւոր» նպատակներից: Որովհետեւ ՀՅԴն որպէս ազգային եւ սոցիալիստական կուսակցութիւն՝ պարտաւոր է ինքն իրեն սահմանազատել Ռոստոմի բնորոշումով՝ ազգայնութեան (եւ ոչ թէ՝ ազգայնականութեան) պահպանողական ու լիբերալ ընկալումներից՝ սեփականը հաստատելով աշխատաւորական հենքի վրայ: Ուստի՝ քաղաքական ասպարէզից հեռացած հներին բնորոշ ազգային պահպանողականութիւնը տարփողելու եւ այդ դիրքերից նորերի ծայրայեղ ազատականութիւնը դատափետելու փոխարէն՝ Ռոստոմը կը բացայայտէր մեր ազգայնութեան աշխատաւորական, այսինքն՝ առաջադիմական բնոյթը եւ կ՛առաջնորդուէր ոչ թէ անցեալն ու ներկան, այլ ներկան ու ապագան բաղդատելու սկզբունքով:
Ռոստոմն արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ արդար Հայաստանի մեր կարգախօսային ընկալումը կը վերածէր քաղաքականութեան եւ այն կեանքի կոչելու համար կոնկրետ ու յստակ քայլերի միջոցով ասպարէզ կը հրաւիրէր նորահաս երիտասարդութեանը՝ ճիշդ այնպէս, ինչպէս վարուեց 1905-1907 թուականներին վրացեանների, ջամալեանների եւ ՀՅԴ անկախութեան սերնդի միւս ակնառու դէմքերի հետ եւ երիտասարդութեան գաղափարականացման ճամփով՝ կրկին կը քաղաքականացնէր կուսակցութիւնը «Դէպի երկիր» կարգախօսը լցնելով նոր ու թարմ արիւնով՝ «Դէպի ժողովուրդ» նշանաբանով:
Ռոստոմը մի մեծ ու թաւ գիծ կը քաշէր անդառնալիօրէն պատմութեան գիրկն անցած վերջին 20ամեակի տակ եւ իր ուսերին կ՛առնէր ողջ պատասխանատուութիւնը՝ միաժամանակ իւրաքանչիւրիս ցոյց տալով իր տեղն ու դերը: Եւ այդ ամէնը կ՛անէր փոխադարձ անվստահութիւնը՝ անզօրութեան, իսկ անզօրութիւնը՝ բարեկամութեան վերածող իր տիրական հայեացքի կախարդական ուժով, եւ ինքներս անգամ չէինք նկատի, թէ ինչպէս ենթարկուեցինք նրա համոզիչ փաստարկներին:
Ուստի խոնարհուելով Ռոստոմի անմահ յիշատակի առջեւ՝ այսօր պարտաւոր ենք գիտակցել, որ 100ամեայ հեռաւորութիւնից անգամ մեր հոգու խորքերը թափանցող նրա թովիչ, բայց փոքր-ինչ հեգնախառն ժպիտը ոչ միայն իւրաքանչիւրիս հանդէպ անսահման սիրոյ, այլեւ պահանջկոտութեան արտայայտութիւն է: Որպէս մեր ներկայ դրութեան հայելային արտացոլում՝ Ռոստոմի այդ տիրական հայեացքը յիշեցնում է մեզ, որ իրաւունք չունենք թուլանալու հարազատ ժողովրդի առջեւ ունեցած մեծ առաքելութեան իրականացման ճանապարհին:
asbarez.com/arm/342973/Ի՞նչ-Կ՛անէր-Ռոստոմը/