«Մի մարդու փրկելն ավելի կարևոր է, քան մասսաներին զվարճանքի տանելը»

20 Ապրիլ, 2019

Նախորդ տարվա դեկտեմբերին վարչապետի որոշմամբ Գյումրու վագոն–տնակների, ինչպես նաև խնդրից բխող մի շարք հարցերի շուրջ ստեղծված աշխատանքային խումբն արդեն տվյալներ ունի:

«Ամբողջական պատկերն արդեն պարզ է, թե քանի տնակ կա: Տնակների հաշվառման վերաբերյալ դեռ նախորդ կառավարության կողմից էր որոշում կայացվել, բայց նոր կառավարությունը ևս մեկ անգամ ճշգրտումներ անելու որոշում կայացրեց: Հիմա մոտ 2850 տնակ կա Գյումրիում, բայց հարցն այն է, որ այդ թիվը անօթևանության խնդրի մասին ամբողջական պատկերացում տալ չի կարող: Բնական է, որ հաշվառված չեն լինի կիսախարխուլ կամ վթարային շենքերը, որոնք դեռ 20-30 տարի առաջ պետք է ամրացվեին: Հիմա մարդիկ ապրում են նման շենքերում, որոնք բնակեցման ենթակա չեն»,-«Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնեց աշխատանքային խմբի անդամ, «Շիրակ կենտրոն» հ/կ ղեկավար Վահան Թումասյանը:

Նրա խոսքով, իհարկե, ճիշտ էր տվյալներ հավաքելը, բայց որևէ մեկին անհայտ չէր խնդիրը. «Ի վերջո, նոր բանի մասին չէինք խոսում: 30 տարի այդ խնդիրը կա: Ուղղակի առաջին հերթին իշխանությունը պետք է հասկանար, թե իրենք ինչի՞ են ի վիճակի: Իրենք կարո՞ղ են այսինչ քանակության բնակարաններ հատկացնել կամ, օրինակ՝ վթարային շենքերն ամրացնել:

Այդ ամենին զուգահեռ համատեղ ճշգրտման աշխատանքներ կարող էին տանել, բայց մեկը մյուսի հաշվին չպետք է լիներ: 6 ամիս է, ինչ ճշգրտման փուլն է: Մեծ հաշվով, ես այս տարի անօթևանության խնդրի լուծման հարցում որևէ ռեալ գործողությունների չեմ սպասում: Տա Աստված՝ սխալվեմ, շատ արագ որոշում կայացնեն, շինարարություն սկսեն, բնակարաններ բաժանեն, բայց ժամանակի վրա ենք աշխատում»:

Վահան Թումասյանի խոսքով, խնդրի լուծման ճանապարհներ պետք է լինեն:

«Հարյուրավոր ընտանիքներ, որոնք կացարաններում ծայրահեղ ծանր վիճակում գոյատևում են, ՀՀ կառավարության 432 որոշման չափորոշիչների պատճառով չեն կարող պետության կողմից բնակարաններ ստանալ: Ես նոր որոշման անհրաժեշտություն եմ տեսնում: Նոր որոշման հիմքերն, այդուհանդերձ, նշմարվում են: Եթե նշված որոշումը շարունակի գործել, ապա մենք առհասարակ որևէ շահառու չենք կարող գտնել:

Անհեթեթ վիճակ է, մարդկանց հերթագրում են, բայց կա որոշում, ըստ որի՝ պետությունը չի կարող բնակարան փոխհատուցել, որովհետև չափորոշիչներին չեն համապատասխանում: Իսկ նոր որոշումը ոչ միայն քաղաքաշինական, այլև սոցիալական պետք է լինի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եղել են դեպքեր, երբ փոխհատուցված բնակարանը նորմալ պայմաններ չի ունեցել, ինչպես նաև մեծ ընտանիքին փոքր բնակարան է փոխհատուցվել:

«Միայն տնակ հաշվելով՝ անօթևանության խնդիր չենք կարող լուծել: Այս պահին անօթևանության խնդիրների նկատմամբ շատ լուրջ վերաբերմունք ես չեմ տեսնում»,-հավելեց նա:

Վահան Թումասյանի հետ զրույցում անդրադարձանք նաև «Քաղաքացու օրվան» հատկացված 124 միլիոն դրամին: Նշենք, որ սոցցանցերում օգտատերերը իշխանություններին նաև Գյումրու տնակների մասին էին հիշեցրել: Վահան Թումասյանը դեմ չէ տոնին, բայց մի վերապահում ունի. «Երբ նախորդ իշխանությունը ուզում էր այս կամ այն տոնի վրա ծախսվող գումարն արդարացնել, շահարկում էր ժողովրդին, իսկ մենք սովորաբար պատկերացնում էինք միջոցառում՝ Հանրապետության հրապարակում: Հիմա անունը «Քաղաքացու տոն» է, բայց հեռավոր մի բնակավայրում սերմնացու չունեցող, վար ու ցանքի խնդրի առաջ կանգնած և միջոցներ չունեցող մարդու տոնն էլ է, չէ՞: Նա ի՞նչպես կարող է օգտվել դրանից: Նա կարող է այլ տրամադրություն ունենալ՝ իրեն չտեսնելով հրապարակում հավաքված մարդկանց մեջ:

Երկիրը խնդիրների մեջ է, և այդ գումարն ավելի առաջադեմ ձևով կարելի էր ծախսել: Օրինակ՝ ասել, որ, իհարկե, շատ կարևոր տոն է, քաղաքացին կարևոր է, բայց դա ծախսում ենք հեռավոր գյուղի քաղաքացու կարիքները հոգալու համար: Այդ դեպքում բոլորս ուրախ կլինեինք, որ մեր տոնն այդ ընտանիքների հոգսը մի փոքր կթեթևացներ: Դա ամենամեծ տոնը կլիներ: Հիմա անձրև է, տնակներում ճահիճ է…

մի գյուղ էի գնացել, կացարանն անձրևից գրեթե փտել էր: Աղքատ ընտանիքն ինչպե՞ս շտկի այդ վիճակը: Եթե նման մի ընտանիքի տուն նվիրեին, ամբողջ հայ ժողովրդի համար ավելի պանծալի տոն կլիներ: Մի մարդու ճակատագիրը փրկելն ավելի կարևոր է, քան մասսաներին զվարճանքի տանելը: Մարդիկ չգիտեն՝ ինչպե՞ս դուրս գա այդ իրավիճակից, մենք ուզում ենք, որ փուչիկներով, դրոշներով փողոցով հպարտ քայլե՞ն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

past.am/?p=219702

Facebooktwitterredditpinterestlinkedinmail