Ո՞վ Հրկիզեց Զմիւռնիան Կամ Ո՞ւմ Է Պատկանում «Հերոստրատի Փառքը»

24 ԱՊՐԻԼ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:

ԹԵՀՄԻՆԷ ՄԱՐՏՈՅԵԱՆ
Երեւանի պետական համալսարանի Հայագիտական 

հետազօտութիւնների հիմնարկի «Ցեղասպանագիտութիւն»
մագիստրոսական ծրագիր 1-ին տարի, պ.գ.թ.

«Ո՞վ հրկիզեց Զմիւռնիան» հարցին պատասխանել են ականատեսները, ժամանակակիցները, վերապրողներն ու նրանց սերունդները, ուսումնասիրողները: Վերոյիշեալ հարցի շուրջ տեսակէտները կարելի է բաժանել երկու հակադիր խմբի.

Ա. Ըստ առաջին տեսակէտի, քաղաքը կանխամտածուած հրկիզել են թուրքերը` որպէս հակառակորդի դէմ ուղղուած «պատերազմական հերթական գործողութիւն»` նպատակ ունենալով ոչնչացնել յոյների ստեղծած քաղաքակրթութեան վերջին օճախներից մէկը Փոքր Ասիայի եզերքին եւ հաստատել իրենց նորաստեղծ պետականութիւնը` որպէս թուրքական կողմի յաղթանակի յուշարձան:

Բ. Ըստ երկրորդ տեսակէտի, Զմիւռնիան հրկիզել են հայերն ու յոյները:

Տեսակէտ Առաջին

Ինչպէ՞ս թաքցնել յանցագործութեան հետքերը

Զմիւռնիայի հրդեհի մասին հաղորդումները բազմազան են եւ տարաբնոյթ[1]: Խիստ արժէքաւոր են ականատեսների եւ ժամանակակիցների վկայութիւնները: Այս տեսակէտը Զմիւռնիայում Միացեալ Նահանգներ հիւպատոս Ճորճ Հորթոնը հիմնաւորում է բազմաթիւ փաստերով.

  1. Դէպի հայկական թաղամաս տանող փողոցները հսկում էին թուրք զինուորները, եւ ոչ ոք իրաւունք չունէր ներս մտնելու, մինչ շարունակւում էր կոտորածը:
  2. Զինուած թուրքերը, ներառեալ` բազմաթիւ զինուորներ, մտնում էին հայկական թաղամաս, կոտորում բնակիչներին, կողոպտում նրանց ունեցուածքն ու աւերում տները… Կրակի մատնելով տները` թիթեղեայ տուփերով նաւթ կամ դիւրավառ այլ նիւթեր էին լցնում դրանց վրայ կամ թաթախում էին լաթերը նաւթի մէջ ու պատուհաններից ներս նետում:
  3. Քաղաքի եւրոպական թաղամասի տարբեր վայրերում թուրքերը փոքրիկ ռումբեր էին տեղադրում սալարկ քարերի տակ` պայթեցնելու նպատակով եւ գործելով որպէս լրացուցիչ գործակալներ քաղաքի կործանման աշխատանքում: Նաւթը, որ թուրք զինուորները շաղ էին տուել փողոցներում, տարածում էր կրակը դէպի եւրոպական թաղամաս, իսկ ռումբերը քանդում էին երերացող պատերը: Այդպիսի մի ռումբ տեղադրուած էր աղջիկների ամերիկեան դպրոցի, իսկ մէկ ուրիշը` Միացեալ Նահանգների հիւպատոսարանի մօտ:
  4. Թուրքերը հայկական թաղամասը կրակի մատնեցին 1922թ. սեպտեմբերի 13-ին: Վերջին յոյն զինուորները, որոնք անցել էին Զմիւռնիայի միջով երեկոյեան ժամը 8:00-ին, պատմում են, որ թուրքերը շուրջ հինգ օր, նախքան հրդեհի բռնկումը, քաղաքում հաստատել էին իրենց միահեծան տիրապետութիւնը, եւ այդ ամբողջ ժամանակահատուածում հայկական թաղամասում սահմանել զինուորական վերահսկողութիւն` մինչեւ համակարգուած եւ լիակատար իրականացուած արիւնահեղութեան աւարտը: Կենդանի մնացած հայերը թաքնւում էին նկուղներում` սարսափելով տեղաշարժուել, քանի որ ամբողջ քաղաքը ողողուած էր զինուորներով եւ յատկապէս այն վայրերում, ուր կրակը սկսւում էր: Հինգ օր շարունակ թուրքերը սպաննում էին, կողոպտում եւ բռնաբարում:
  5. Կրակը բոցավառւում էր հայկական թաղամասի ծայրամասում: Թուրքական թաղամասն աղէտից զերծ մնաց, մինչդեռ նողկալի բոլոր տեսարանների, քրիստոնեաներին բաժին հասած աննկարագրելի տառապանքների ընթացքում մահմետականների թաղամասը ցնծում էր ուրախ պարերից, երգերից եւ բերկրալի տօնակատարութիւններից:
  6. Թուրքերը կրակի մատնեցին Զմիւռնիայի լաւ կառուցուած յունական եւ եւրոպական ժամանակակից թաղամասը` նեղ փողոցները ողողելով նաւթով եւ դիւրավառ այլ նիւթերով: Նրանք նաւթ լցրին ամերիկեան հիւպատոսարանի դիմաց: Կարմիր խաչի նպաստամատոյց կոմիտէի Կ. Պոլսի գլխամասի նախագահ Քլեֆլին Տէյվիսը եւ ուրիշներ կանգնած էին դրան մօտ: Պարոն Տէյվիսը դուրս եկաւ, ցեխ վերցրեց, որից նաւթի եւ կազոլինի խառնուրդի հոտ էր գալիս: Տէյվիսը եւ այլք նկատեցին, թէ զինուորները նաւահանգստից ինչպէ՛ս հեռացան դէպի քաղաքի այրուող հատուածը[2]:

Յայտնի է, որ Զմիւռնիայի քաղաքապետարանի ջրցան մեքենաները, որոնք ջրի փոխարէն` լցուած էին պենզինով կամ նաւթով, օգտագործուեցին հայկական թաղամասի արագ հրկիզման համար[3]:

Զմիւռնիայի հրդեհի մասին ականատեսի ստուգապատում նկարագրութիւններից է նաեւ ամերիկեան դպրոցի տնօրէն Միննի Միլսի վկայութիւնը: Նա պատմում է, որ տեսել է, թէ ինչպէս են թուրքական կանոնաւոր բանակի սպան կամ սերժանտը մտնում այն շէնքերը, ուր տեսանելի էին առաջին բոցերը եւ իրենց հետ տանում թիթեղեայ տուփեր, որոնք ակնյայտօրէն պարունակում էին փարաֆին: Տնից նրանց դուրս գալուց անմիջապէս յետոյ այն բռնկւում էր[4]:

Հրդեհի տեսարանի մասին է նաեւ ականատես վերապրող Բ. Ճամպազեանի վկայութիւնը.

«Դպրոց ելայ ու դուրսը դիտեցի: Հրդեհ կար ամէն կողմ: Այն տուներուն, որոնք կրակ առած չէին, իտալացի զինուորներ տաք ջուր կու տային մեքենաներով: Թուրքերն ալ թաղերը պաշարած էին ու` զէնքի տակ առած, ո՞վ կը համարձակէր փախչելու: Հակառակ բոլոր տեսակ խստութիւններուն` մեզի միացողներուն թիւը կ՛աւելնա՛ր, որոնք կը վկայէին, թէ իտալացիներուն սրսկածը պենզինախառն ջուր է, եւ այդ էր պատճառը, որ տուները իրարու ետեւէ կրակ կ՛առնէի՛ն… է[5]: Ապա շարունակում է. «… Եկեղեցւոյ մօտակայ թաղերը մեր պաշտպանութէան ներքոյ էր: Անոնք գիշերները կը մօտենային մեզի ու կը նետէին գերմանական սափըլ պոմպա, որոնք հեռուէն կը նետուէին, օդին մէջ վառելով` վար կ՛իյնայի՛ն ու մեծ վնասներ կը պատճառէին: Մեր ունեցած ռումբերը օգուտ չունէին: Եկեղեցւոյ բակին մէջ վառելով վար կ՛իյնայի՛ն ու մեծ վնասներ կը պատճառէին: Մեր ունեցած ռումբերը օգուտ չունէին: Եկեղեցւոյ բակին մէջ ինկած ռումբերը ոչ միայն մեծ վնասներու կ՛ենթարկէի՛ն, այլեւ ժողովուրդը անշարժութեան, յուսահատութեան ու սովի կը մատնէր… Բոլորին ունեցածը գրաւուեցաւ… Երրորդ գիշեր ռումբ մը ջարդ ու փշուր ըրաւ Արսէն Չաւուշը… Թոմարզացի քահանան ամէն կողմ էր, կը վազէր, ամէն ճիգ կը թափէր, որ տղաքը չտկարանային: Այս գործը ղեկավարելը մեր կարողութենէն վեր էր… գիշերը դարձեալ քահանան երեւցաւ: Լուր տուաւ, թէ մօտ տեղ մը թուրքերը հայ ընտանիք մը կը չարչարեն, կը կողոպտեն, պէտք էր օգնութէան հասնիլ: Յովհաննէսը հետս առի ու նետուեցայ խաւարին մէջ: Մէկ շունչով հասանք ողբերգութեան վայրը, կրակ բացինք: Փախողը փախաւ, մնացողը լռեց: Առաւօտուն միայն տեսանք, որ թուրք դիակներուն կողքին նաեւ հայ կնոջ մը մարմինը ինկած էր[6]»:

Քաղաքի քրիստոնեաների թաղամասերը հրդեհելու` թուրքերի կանխամտածուած ծրագիրը, որն աչքի էր ընկնում պարզունակ, սակայն ծայրայեղ անմարդկային մեթոտների կիրառմամբ, մի  քանի նպատակ էր հետապնդում:

  1. Բնաջնջել հայերին եւ յոյներին: Թաքցնել յանցագործութեան հետքերը հրդեհի միջոցով:

Զմիւռնիայի հրկիզումն անհնարին դարձրեց սպանուածների թիւը ճշգրտօրէն սահմանելը եւ ներկայացնելը: Սակայն յանցագործութեան հետքերը թաքցնելու կամ հնարաւոր ու անհնար մեթոտներով սպանութիւնների թիւը նուազեցնելու միջոցով ամենեւին չի վերանում կատարուած յանցագործութեանն առնչուող փաստը կամ չի մեղմանում կատարուած յանցանքը: Աւելի՛ն. յանցագործութեան համար գոյութիւն չունի վաղեմութեան ժամկէտ:

Հայկական թաղամասը կողոպտելուց եւ բնակչութեան մեծամասնութեանը կոտորելուց յետոյ յանցագործութիւնների հետքերը վերացնելու նպատակով թուրքերը դիմել են կրակի օգնութեանը[7]: Այդ է վկայում նաեւ «Տէյլի Նիւզի» (Daily News) յատուկ թղթակից Ֆ. Մորիսը: Նա գրում է, որ երբ կրակը բռնկուել է հայկական թաղամասում, թուրքական իշխանութիւնները որեւէ լուրջ ջանք չեն գործադրել այն կասեցնելու համար, աւելի՛ն, պենզին են լցրել տների վրայ եւ հրկիզել դրանք[8]:

  1. Աւերել մշակութային արժէք ներկայացնող հաստատութիւնները, կոթողները, քրիստոնեայ բնակչութեան բարձրարժէք մշակոյթը.

Մասնագիտութեամբ բժիշկ Օրան Ռապերը, ով ճանապարհորդում էր Եւրոպայում եւ այդ ժամանակահատուածում գտնւում էր Զմիւռնիայում, վկայում է, որ քաղաքը հրկիզել են թուրքերը[9]:

Ամերիկացի ծովակալ, լէյտենանտ հրամանատար Աարոն Ս. Մերիլը (1890-1961), որ Պոլիս էր մեկնել ծովակալ Պրիսթոլի հետ Զմիւռնիայի հիմնախնդրի լուծման շուրջ խորհրդակցելու նպատակով, օրագրային իր գրառումներից մէկում նշում է. «Զմիւռնիայի հրկիզման պատասխանատուութիւնն ընկած է հէնց թուրքերի վրայ. այն հաստատւում է ականատեսների վկայութիւններով: Երբ կրակն արդէն տարածւում էր, շատերն են տեսել, թէ ինչպէս են թուրք զինուորները պենզին լցնում շինութիւնների շուրջը, այդ թւում` Միացեալ Նահանգների հիւպատոսարանի: Այդ մեղադրանքներին ի պատասխան Անգարայի կառավարութիւնը յայտարարել է, որ առանձին կառոյցներ հրկիզելով`  իրենք ցանկացել են կանխել կրակի հետագայ տարածումը… [10]է:

«Միաւորուած մամուլը» Կոստանդնուպոլսի իր թղթակցից ստացել է հետեւեալ հեռագիրը.

«Սիմփսոն կործանարարը ժամանեց այս երեկոյ` բերելով Զմիւռնիայի հրդեհի աւելի շատ ականատեսների: Բոլորը համաձայն են, որ այն ծագել է հայկական թաղամասում…է[11]:

Հրդեհն անվնաս էր թողել թուրքական եւ հրէական թաղամասերը: Մինչդեռ բռնկուել էին ֆրանկների, յունական եւ հայկական թաղամասերը միայն: Շուրջ 4500 տուն եւ խանութ մոխրի վերածուեց հրդեհուած թաղամասերում: Այս հրդեհի պատասխանատուութեան մասին պաշտօնապէս յայտարարուել է Անգլիայի եւ Ֆրանսայի հիւպատոսների կողմից, որոնք բացայայտ մեղադրել են թուրքերին: Ֆրանսայի հիւպատոսի վկայութեամբ, «թուրքերն էին, որ սկսեցին կրակը եւ կոտորեցին մեծ թուով քրիստոնեաների, թուրքերը, որոնց մենք անուանում ենք մեր ընկերները, եւ արդէն մերը չեն»[12]: Անգլիայի հիւպատոսը եւս յայտարարել է, որ հրդեհը եղել է դիտաւորեալ եւ կանխամտածուած եւ լիովին հիմնաւորել իր գործընկերների պնդումը[13]:

Գերմանիայի Ֆրանկֆորթ քաղաքում գործող «Միութիւն ընդդէմ ցեղասպանութեան» կազմակերպութեան անդամ Սելայ Էրթեմը մեր հարցազրոյցում մասնաւորապէս շեշտեց.

«Թուրքական պաշտօնական պատմագրութեան համաձայն, յոյներն են հրկիզել: Հետագայում տեղեկացանք, որ հէնց թուրքերն են հրկիզել: Փաստօրէն, մեր իմացած պատմութիւնն անհիմն էր, կիսատ-պռատ, աղաւաղուած: Նոր պատմութիւն պէտք է գրուի: Այս ռազմավարութիւնն աւանդոյթ կարելի է համարել: Սեփական նախաձեռնութեամբ սպանութիւններ իրականացնել, հրկիզել մի ամբողջ քաղաք, ապա` մեղքը բարդել ուրիշների վրայ»[14]:

Տեսակէտ Երկրորդ

Հրկիզել սեփական թաղամասերը՞

Անհերքելի փաստ է, որ քեմալականներն ամբողջութեամբ որդեգրել էին իրենց նախորդների աւանդական ազգայնամոլ քաղաքականութիւնն ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ: Իրենց անհանդուրժող եւ ջարդարար վարքագիծը կառավարող շրջանները «օրինականացրին» Լոզանում կնքուած պայմանագրով[15]:

Լոզանի խորհրդաժողովի` 1922 թ. դեկտեմբերի 12-ի ռազմատարածքային յանձնաժողովի տասներեքերորդ նիստի[16] արձանագրութեան մէջ գրուած է հետեւեալը.

«… Թուրքերը երբեք չեն արհամարհել ոչ մահմետական տարրերի իրաւունքները, քանի դեռ վերջինները չեն չարաշահել այն երկրի մեծահոգութիւնը, որտեղ նրանք ազատ ու անկաշկանդ ապրել են դարերով: Մինչեւ հիմա կառավարութեան եւ թուրք ժողովրդի որեւէ գործողութիւնից գանգատուելու իրաւունք չունեցող հրէական համայնքի օրինակը բաւական կը լինէր ապացուցելու, որ յոյների եւ հայերի վերաբերմամբ տեղի ունեցած տհաճ իրադարձութիւնների մեղքն ամբողջութեամբ ընկնում է հէնց նրանց վրայ»[17]:

Իսմեթ փաշան բարձրաձայնում էր իր մտքերը` կապուած օտար տարրի կողմից անկախ պետութիւնների ստեղծման անհնարինութեան հետ նորաստեղծ թուրքական պետութեան տարածքում, մոռանալով, որ Մարսէյում յոյները վերաբնակիչներ էին, իսկ հայերն ապրել ու ապրում էին Հայկական Բարձրաւանդակում դարեդար.

«Ինչպէս Մարսէյում բնակութիւն հաստատած յոյները չեն կարող բանականօրէն երազել այնտեղ յունական անկախ պետութիւն ստեղծելու կամ այդ նաւահանգիստն իրենց հայրենիքին միացնելու մասին, նոյնպէս եւ յոյներն ու հայերը չեն կարող Թուրքիային նման պահանջներ ներկայացնելու իրաւունք ունենալ»[18]:

Զմիւռնիայում կատարուած գործողութիւնների ամբողջ պատասխանատուութիւնը բարդելով յոյների վրայ` թուրքական պատուիրակութիւնը հայերի նկատմամբ «անթաքոյց գթասրտութիւն է դրսեւորում»:

«… Նա (Վենիզելոսը –  Թ. Մ.), անտարակոյս, աչքաթող է անում, որ Փոքր Ասիայի յունական բռնագրաւումի տարաբախտ հայերի համար դարձաւ տառապանքների ու աղէտների մի նոր աղբիւր: Այդ դժբախտ բնակչութեանը բռնութեամբ ներգրաւեցին յունական բանակի շարքերը… Յոյները, երբ հեռանում էին Ասիայից, հայերին տարան իրենց հետ: Ուստի պէտք է ասել, որ հայերի կրած տառապանքների անմիջական պատճառը հանդիսացող կառավարութիւնը լոկ վերջին հերթին կարող է իրեն թոյլ տալ հրապարակօրէն կարեկցել նրանց…»[19]:

Լորտ Քերզոնը 1922 թ. դեկտեմբերի 13-ի նիստում անդրադառնում է Իսմեթ փաշայի յայտարարութիւններին.

«… Իսմեթ փաշան, խօսելով հայերի մասին, նրանց ներկայացրեց որպէս թուրքական տիրապետութեան տակ ապրող միանգամայն երջանիկ ու գոհունակ մարդկանց, որոնք թուրքական կառավարութեան կողմից հանդիպում են ամենաեղբայրական զգացմունքների: Նրանց տառապանքների պատճառը, ըստ նրա խօսքերի, հանդիսանում են հէնց իրենց սեփական խելազրկութիւնն ու նոր դրացիների մեքենայութիւնները: Եթէ երկու ժողովուրդների միջեւ միշտ գոյութիւն են ունեցել երջանիկ յարաբերութիւններ, ապա այդ ինչպէ՞ս պատահեց, որ Փոքր Ասիայում ապրող երեք միլիոն հայերի թիւը նուազելով հասել է 130.000-ի: Արդեօ՞ք նրանք ինքնասպանութիւն են գործել, թէ՞ անհետացել են կամաւոր կերպով: Ի՞նչ ճնշման տակ է տեղի ունեցել այդ նուազումը…»[20]:

Յունաստանում Հայ ազգային պատուիրակութեան ներկայացուցիչ Միհրան Սվազլուին 1922 թ. հոկտեմբերի 25-ին Փարիզից Հայ ազգային պատուիրակութեան կողմից յղուած նամակում նշուած է.

«Իզմիրի աղէտքը ամէնքս ալ տրտմութեամբ համակած է: Բաւական չէ մեր ֆիզիքական եւ նիւթական կորուստներուն մեզ առթած անասելի ցաւը, ու տակաւին պէտք է սրտաբեկ հանդիսատեսները ըլլանք, թէ ինչպէս ջանահնար կ՛ըլլան աղէտքին պատասխանատուութիւնը հայոց վրայ ծանրացնել եւ վարկաբեկ ընել մեզ քաղաքակիրթ աշխարհին առջեւ: Այս անիրաւ մեղադրանքէն ազատելու համար պէտք է ձեռք բերել ճշմարտութիւնը…» [21]:

Փաստերն անկողմնակալ տեսակէտից դիտարկող մասնագէտների մեծ մասը շեշտում է այն հանգամանքը, որ մեղադրանքը յոյների եւ հայերի նկատմամբ շինծու էր եւ կեղծ: Մերձաւոր Արեւելքի Ամերիկեան նպաստամատոյց կազմակերպութեան գործադիր քարտուղար Է. Պիերսթատթը խորապէս քննադատում է այն տեսակէտը, ըստ որի, իբր հայերն ու յոյներն են այրել քաղաքը.

«Ինչո՞ւ պէտք է յոյներն ու հայերն այրէին իրենց սեփական տները, որտեղ դեռ յոյս ունէին վերադառնալու: Իսկ թուրքերն ունէին այդ պատճառը: Նրանք ուզում էին ընդմիշտ թաքցնել թալանի, արիւնահեղութեան ողջ հետքը, որը տեւեց չորս օր շարունակ: Աւելին` նրանք որոշել էին, որ քրիստոնէութիւնը պէտք է ոչնչացուի Փոքր Ասիայի քրիստոնեայ մայրաքաղաքից, եւ դա պէտք է լինի կրակով ու սրով…»[22]:

Թէեւ շատերն էին սարսափազդու բաներ պատմում Զմիւռնիայում իրենց տեսածի մասին, այնուամենայնիւ նրանք իրենց պարտքն էին համարում յիշեցնել.

«Բայց, ի սէր Աստծու, իմ անունը մի՛ յիշատակէք, քանի որ ես յոյս ունեմ վերադառնալու Թուրքիա…»[23]:

Այս առնչութեամբ խիստ արժէքաւոր է բժիշկ Կ. Խաչերեանի օրագրային հետեւեալ գրառումը.

«…  Հայերը, եթէ նոյնիսկ այդպիսի դիտաւորութիւն ունենային, փոխանակ հրդեհն իրենց թաղից սկսելու, կարող էին հելլէնական բանակի մեկնումից առաջ եւ նոյնիսկ դրանից յետոյ նախ թուրքական թաղերը կրակի տալ… Ի դէպ, թուրքերի գրաւումից քիչ յետոյ Հայնոցը մեծ մասամբ դատարկուած էր, եւ այդ գիշերն իսկ թուրքերը հայոց թաղում սկսել էին թալանը, սպանութիւններ ու ամէն տեսակի վայրագութիւններ: Իսկ մինչեւ չորեքշաբթի` հրդեհի օրը, ոչ ոք չէր համարձակւում անցնել հայոց թաղով, ուր մնաց թէ այն զանազան տեղերից հրդեհի տրուեր»[24]:

Զմիւռնիայի հայ եւ յոյն բնակչութեան բնաջնջման, ապաքաղաքի հրկիզման ծրագիրը բաւականին սառնասրտօրէն էր մշակուած : Կատարուեց այն, ինչ մտածուած էր ի սկզբանէ, «արդարադատ» աշխարհի անհասկանալի ու անմեկնելի անտարբերութեան, հետեւաբար, թողտուութեան պայմաններում:

Եզրակացութիւնը թողնում ենք ընթերցողին:

——————————

[1] տե՛ս Rifat N.Bali, The Saga of a Friendship, Asa Kent Jennings and the American friends of Turkey, Istanbul, p. 55, Hatzidimitriou C., American Accounts Documenting the Destruction of Smyrna by the  Kemalist Turkish Forces, September 1922, N.Y., 2005, Milton G., Paradise Lost, Smyrna 1922, The Destruction of Islam’s City of Tolerance, London, 2008, Lowry H., Turkish history, On Whose Sources Will be Based? A Case Study on the Burning of Izmir, the Journal of Ottoman Studies IX, Istanbul, 1989 (ՀՑԹԻ գիտական ֆոնտեր, բաժին 32, թղթ. 1) եւ այլն:

[2]Horton G., The Blight of Asia, An Account of the Systematic Extermination of Christian Populations by Mohammedans and of the Culpability of Certain Great Powers, with the True Story of the Burning of Smyrna, Indianapolis, 1926, p. 114 -116.

[3]Ռենէ Պիւոյ, զմիւռնիայի վախճանը, Է., 2001, էջ 22:

[4] նոյն տեղում, էջ 65:

[5]Ճամպազեան Բ., պատանի կեանքի մը պատմութիւնը, Անթիլիաս, Լիբանան, 1960, էջ 45:

[6]Նոյն տեղում:

[7]Պիւոյ Ռ., նշվ. աշխ., էջ 12, Oeconomos L., The Martyrdom of Smyrna and Eastern Christendom, London, 1922, p. 77.

[8] պիւոյ Ռ., նշվ. աշխ., էջ 12-13:

[9]Papoutsy Ch., Ships of Mercy, The True Story of the Rescue of the Greeks, Smyrna, September 1922, Portsmouth, New Hampshire, 2008, p. 28.

[10]НЕЙМАРК Н. М., ПЛАМЯ НЕНАВИСТИ: ЭТНИЧЕСКИЕ ЧИСТКИ В ЕВРОПЕ XX В., М.-С ПЕТЕРБУРГ, 2005, С. 79.

[11]Oeconomos L., The Martyrdom of Smyrna and Eastern Christendom, pp. 123-124.

[12]Oeconomos L., The Tragedy of the Christian Near East, Dobson Ch., The Smyrna Holocaust, London 1923, p. 3.

[13] նոյն տեղում:

[14]Երեւան, 23. 04. 2013:

[15]Հայաստանը միջազգային դիւանագիտութեան եւ սովետական արտաքին քաղաքականութեան փաստաթղթերում (1828-1923), Է., 1972, էջ 779:

[16] Լոզանի խորհրդաժողովի ռազմատարածքային յանձնաժողովի տասներեքերորդ նիստում նախագահում էր Մեծ Բրիտանիայի պատուիրակութեան ղեկավար, արտաքին գործերի նախարար մարկիզ Քերզոն օֆ Քեդլսթոնը:

[17]Հայաստանը միջազգային դիւանագիտութեան եւ սովետական արտաքին քաղաքականութեան փաստաթղթերում (1828-1923), էջ 745:

[18] նոյն տեղում, էջ 746:

[19] նոյն տեղում, էջ 747-748:

[20] Նոյն տեղում, էջ 750:

[21]Հայաստանի ազգային արխիւ (ՀԱԱ), ֆոնդ 430, Ցուցակ 1, գործ 308, էջ 19-22:

[22] Bierstadt E., The Great Betrayal, A Survey of the Near East Problem, N. Y.,1924, New York, 2008, 35.

[23] Grantham E., The Betrayal of Our Faith in the Near East, Asia, The American Magazine on the Orient, New York, February, 1923, p. 121.

[24]Սաքայեան Դ., Զմիւռնիա 1922, Բժիշկ Կարապետ Խաչերեանի օրագիրը, Է., 2005, էջ 81:

aztagdaily.com/archives/435494

Facebooktwitterredditpinterestlinkedinmail