Էրդողան. «Հե՜յ Հայաստան, բացի ՛ր արխիվներդ»

24 Ապրիլ 2019 – ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ;

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ելույթ է ունեցել «Թուրքիայի արխիվների զարգացման, տեսլականի և պատմագիտական ուսումնասիրությունների վրա դրանց ազդեցության մասին գիտաժողովում», որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին:

Էրդողանը մեղադրել է այն երկրներին, որոնք «Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով Թուրքիային մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության դասեր են տալիս»: Հայտարարել է, որ այդ երկրներն արյունոտ անցյալ ունեն: Նրա պնդմամբ՝ վերջին դարերում մարդկության դեմ իրականացված մեծ ջարդերի պատասխանատուները հենց նրանք են:

Այդ համատեքստում Էրդողանը մասնավորապես շեշտել է.

«Խաչակրաց արշավանքների ժամանակ 4 միլիոն մարդու սպանության պատասխանատուն ո՛չ թուրքերն են, ո՛չ էլ մուսուլմանները: Նրանք, ովքեր խոսում են ցեղասպանությունից, մոռանում են Եվրոպայում հրեաների որսի մասին: Մենք չենք մոռացել և չենք մոռանալու, թե ինչպես էին թյուրք մեսխեթցիներին գնացքներով մահվան ուղարկում: Մենք այժմ էլ լսում ենք Լիբիայի և Ալժիրի անապատներում մահմեդականների ճիչերը»:

Դատապարտելով Ֆրանսիայի ու մասնավորապես նախագահ Մակրոնի գործողությունները՝ Էրդողանը Ալժիրի ու Ռուանդայի կոտորածների մեղքը բարդել է ֆրանսիացիների վրա:

Նախագահ Էրդողանը, կրկին անդրադառնալով արխիվներրի բացման թեմային, ասել է.

«Մենք բացել ենք մեր արխիվները: Հե՜յ Հայսատան, դու էլ ունես, դուք էլ բացեք, եթե երրորդ երկրներում կա, նրանք էլ թող բացեն: Թող պատմաբանները գան, աշխատեն: Դրանից հետո մենք, որպես քաղաքական գործիչներ, կխոսենք: Իրականության մասին իմանալ ցանկացողների համար մեր արխիվների դռները մինչև վերջ բաց են»:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, 104 տարվա ընթացքում ճանաչել ու դատապարտել է 26 պետություն: Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որին զոհ գնաց 1.5 միլիոն հայ:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ պաշտոնական Անկարայի հայտարարություններին, ասել է, որ Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է: Ըստ ԱԳՆ խոսնակի՝ Ցեղասպանության ժխտողականությունը խրախուսում է մարդկության և քաղաքակրթության դեմ նոր հանցագործություններ, ինչի դեմ պայքարը միջազգային համայնքի առաջնային պարտավորությունն է:

Աղբյուր` Ermenihaber.am

Facebooktwitterredditpinterestlinkedinmail