«Հայոց ցեղասպանություն չկա, բայց դա չի նշանակում, որ չի էլ լինելու». թուրք ազգայնական գործիչը սպառնում է

24 Ապրիլ 2019 – ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության (İyi)՝ Տրապիզոն նահանգի Արաքլը քաղաքի գրասենյակի գործադիր խորհրդի անդամ Թունջայ Սեյդիօղլուն իր թվիթերյան էջում գրառումներ է կատարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Սեյդիօղլուն, նախ հերքել է ցեղասպանության փաստը, ապա հայերին սպառնացել նոր ցեղասպանությամբ:

Սեյդիօղլուն մասնավորապես գրել է. «Հայոց ցեղասպանություն գոյություն չունի: Սակայն դա չի նշանակում, որ չի էլ լինի: Այդ պատճառով լավ կլինի, եթե դուք զգույշ լինեք»:

Մեկ այլ գրառման մեջ թուրք գործիչը գրել է. «Ամբոխը, որը ապրիլի 24-ին «ցեղասպանություն չկա» ասել չի կարողանում և Խոջալուի կոտորածին անձայն է մնում, ինձ մեղադրում է ատելություն տարածելու մեղքի մեջ: Այդ երբա՞նից է զգուշացնելը դարձել մեղք: Ինչ ձեռքներիցդ գալիս է, արե՛ք: Ո՛չ դատարանները, ո՛չ էլ կտրուկ հեռացումները, մեզ չեն ստիպի չասել այն, ինչ մենք ճիշտ ենք համարում»:

Ավելի ուշ Սեյդիօղլուն մեկնաբանություն է տվել թուրքական Odatv լրատվակայքին՝ ընդգծելով, որ իր գրառման մեջ նա նկատի չի ունեցել Թուրքիայում ապրող հայ քաղաքացիներին, այլ այն ուղղված է եղել Հայաստանի դաշնակներին: Ազգայնական կուսակցության ներկայացուցիչը նշել է, որ նպատակ չի ունեցել նեղացնել Թուրքիայի տարբեր նահանգներում ապրող հայ քաղաքացիներին: Սեյդիօղլուն նշել է, որ ներողություն է խնդրում հայ քաղաքացիներից՝ միևնույն ժամանակ հրաժարվելով ներողություն խնդրել դաշնակցականներից:

Աղբյուր` Odatv
ermenihaber.am/am/news/2019/04/24/Հայոց-ցեղասպանություն/153467

Facebooktwitterredditpinterestlinkedinmail