25 ԱՊՐԻԼ 2019 –
«Մահվան երթերի ուղարկված Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը՝ Հայոց ցեղասպանության զոհերին «հայկական ավազակախմբեր և նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելը և դա արդարացնելը՝ որպես «ամենաողջամիտ գործողություն» ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլ նաև մի ողջ ազգի սպանդի արդարացում: Նման բան հայտարարելը ապրիլի 24-ին ոչ միայն հայ ժողովրդին, այլ նաև ողջ մարդկությանը ուղղված վիրավորանք է, անձամբ Էրդողանի կողմից հնչեցված ծայրահեղ ատելության խոսք»,- «Թվիթերում» գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին:
Հայերի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր. Էրդողան
Ապրիլի 24-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Մեր արխիվների զարգացումը, տեսլականն ու պատմական հետազոտությունների խթանումը» խորագրով սիմպոզիումի ժամանակ անդրադարձել է «հայկական հարցին», որը թուրքական լրատվամիջոցները որակել են որպես «Էրդողանի 1915-ի ուղերձ»: «Մեր արխիվների շնորհիվ է, որ կարող ենք կուրծք պատռելով ամբողջ աշխարհին ներկայացնել իրականությունը»,- ասել է օսմանյան արխիվների հարստությամբ մշտապես հպարտացող Էրդողանը:
Թուրքիայի նախագահն իր երկարաշունչ ճառում խոսել է խաչակրաց արշավանքների, Եվրոպայի գաղութային անցյալի, համաշխարհային պատերազմների մասին, խոսքը կառուցել քրիստոնյա-մահմեդական հարաբերությունների առանցքում և նշել, որ որևէ ցեղասպանության կամ կոտորածի մեջ թուրքերը երբևէ ներգրավված չեն եղել, եղել են զոհերը:
«Մեր նախնյանց պես մենք էլ շարունակելու ենք կանգնել աշխարհի բոլոր հալածյալների կողքին, մեր բարոյական պարտքն է նրանց վերքն ամոքելն ու արտասուքը սրբելը»,- ասել է Էրդողանը: «Պատմական եղելություններին հակառակ՝ հայկական հարցի միջոցով մեզ նեղը գցողների այունոտ անցյալը ամեն առիթով պետք է իրենց երեսով տանք»,- ներկաներին ասել է Թուրքիայի նախագահը:
«Արևելյան Անատոլիայի մահմեդականներին, անգամ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցներիի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել նման պայմաններում: Տեղահանությունն այլ բան է, կոտորածը այլ: Ու՞մ եք խաբում: Մենք մեր արխիվները մինչև վերջ բացել ենք, է՜յ հայեր, թե արխիվներ ունեք, դուք էլ բացեք»,- ասել է Էրդողանը՝ կրկին արհեստականորեն արխիվների թեման ու Հայոց ցեղասպանության հարցը կապելով իրար:
Թուրքիաի նախագահը խոսքի սկզբում նաև ասել է. «Օսմանյան արխիվային փաստաթղթերը հստակ ցույց են տալիս, թե ովքեր են այս տարածաշրջանի իրական տերերը:
Լուսանկարը՝ Սուրեն Մանվելյան
aniarc.am/2019/04/25/pashinyan-erdogan-april-24-2019/?