2019-04-26 – ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ – ՔԱՂԱՔԱԿԱ – ՆՕՐՎԱ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ:
Վարչապետ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 29-ին Վիեննայում հանդիպում են ունեցել։ Սա Ալիև-Փաշինյան առաջին պաշտոնական հանդիպումն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ՝ տարբեր գագաթնաժողովների ընթացքում ունեցած ոչ պաշտոնական հանդիպումներից հետո։ Հանդիպմանը հաջորդող հաղորդագրության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փաստել էին, որ հանդիպումն անցավ «դրական ու կառուցողական մթնոլորտում և հնարավորություն տվեց երկու առաջնորդներին հստակեցնել իրենց դիրքորոշումները»։ Այնուամենայնիվ, այն հումանիտար ոլորտում մի շարք քայլեր մշակելու հանձնառությունից բացի, որևիցե նոր բան չտվեց։
– Ընդհանուր առմամբ, դուք ինչպե՞ս կգնահատեիք այս հանդիպումը։
-Վիեննայի հանդիպումը նշանակալի էր 2 պատճառներով։ Առաջինը, ինչպես արդեն դուք նշեցիք՝ սա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն էր։ Այլ կերպ ասած՝ նախորդ հանդիպումները և խոսակցությունները ֆորմալ չէին և դիվանագիտական հանդիպումներին հատուկ մեխանիզմներից զուրկ էին։ Այդ իսկ պատճառով այս հանդիպումը կարելի է ամենաբարձր մակարդակով ներգրավվածության սկզբնակետ համարել։
Երկրորդ կարևոր գործոնին անդրադառնամ․Վիեննայի հանդիպումից հետո արված պաշտոնական հայտարարությունը շատ ավելի կարևոր է, քան կարող է թվալ։ Որովհետև այն պարունակում է պարտավորության ստանձնում երկու նոր ուղղություններով․ առաջինը գյուղատնտեսությունն է՝ շփման գծում ապրող հողագործների համար կայուն հրադադարի պայմանների ապահովում, ինչը նրանց թույլ կտա ապրել բնականոն կյանքով, հողագործությամբ զբաղվել` առանց մտավախության, որ դիպուկահարներն իրենց կոչնչացնեն։ Եվ երկրորդը՝ նախնական համաձայնություն է ձեռք բերվել երկու կողմերում պահվող բանտարկյալների համար հնարավորություն ստեղծել հանդիպելու իրենց ընտանիքների հետ, կազմակերպել նրանց ընտանիքների այցերը անազատության մեջ գտնվող իրենց հարազատներին հանդիպելու համար։
Սա, իհարկե, նշանակալի ձեռքբերում է, սակայն նախկինում նույնպես եղել են պայմանավորվածություններ և խոստումներ, և այժմ կարևորն այն է, թե դրանք որքանով կիրականացվեն։ Մինչ այսօր Ադրբեջանը նախկինում տրված իր բոլոր խոստումները չէ, որ կատարել է, այնպես որ, սա բաց հարց է։
Այնուամենայնիվ, եթե ամփոփեմ՝ հիասթափեցնող էր այն փաստը, որ բանակցային առաջխաղացման հստակ ամրագրում, կամ հիշատակում, թե ինչպես և երբ է Արցախը ներգրավվելու խաղաղ կարգավորման գործընթացում, չեղավ։ Առհասարակ, բովանդակային առումով գրեթե ոչինչ չկար, որ կհամապատասխաներ Ադրբեջանի կողմից փայփայվող մեծ ակնկալիքներին՝ առ այն, որ հայկական կառավարությունը կակնարկի կոմպրոմիսի կամ զիջումների մասին։ Նրանք սա, իհարկե, ակնկալում են, բայց նրանք կշարունակեն հիասթափված մնալ։
– Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո Մոսկվայում կայացավ եռակողմ հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Արդյունքում հայ և ադրբեջանցի արտգործնախարարները համաձայնության են եկել կոնֆլիկտի խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանքներ տանելու, վերահաստատել են կողմերի պատրաստակամությունը արցախյան կոնֆլիկտը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու վերաբերյալ։ Ինչևէ, հիմնական համաձայնություններն ավելի շուտ հումանիտար բնույթ ունեին։ Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Մոսկովյան հանդիպումից հետո պրոգրես, այնուամենայնիվ, կա գործընթացում։
–Այո, բայց առաջխաղացումը ավելի շատ բացասական բնույթի է։ Այսինքն՝ զարգացումները ներկայումս Հայաստանի և Ղարաբաղի դիրքերը վտանգում են՝ հաշվի անելով գործընթացի ռուսական վերահսկողությունը և օրակարգային առաջնահերթությունները։ Ավելին, սա կարելի է այսպես կոչված՝ Լավրովյան պլանի առաջին պաշտոնական ճանաչումը համարել։ Եվ սա կարևոր էր՝ տարիներ շարունակ Ռուսաստանի արտգործնախարարի կողմից այս պլանի գոյության մերժման և պարզաբանումներ չտալու հակվածության ֆոնին, Մադրիդյան սկզբունքների հիման վրա կառուցված իր իսկ ձևակերպումների առումով և առ այն, թե դրանով ռուսական խաղաղապահների ներգրավում ենթադրվո՞ւմ է արդյոք, թե՞ ոչ։ Ահա, թե որն է հիմնական վտանգը։
– Եվ այսպես, ինչպես գիտեք՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պահանջել է ներկա գտնվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, չնայած այն փաստին, որ Ռուսաստանը այնտեղ ներկայացված էր ԵԱՀԿ ռուս համանախագահի կողմից։ Այսպիսով կարո՞ղ ենք եզրակացնել, որ Մոսկվան փորձում է պահպանել կամ վերականգնել իր դոմինանտ դիրքը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում։
–Հետաքրքիր հարց է։ Իրականում ո՛չ, դա չի նշանակում, որ Ռուսաստանը փորձում վերականգնել իր դոմինանտ դիրքը, ավելի շուտ՝ Ռուսաստանն արդե՛ն վերականգնել է իր դիրքը և դիվանագիտական նախաձեռնողականություն է ցուցաբերում այս հարցում։ Խաղաղ կարգավորման հիմնական մասը հիմա Ռուսաստանի կողմից է ուղղորդվում և առաջնորդվում։ Ամերիկացիները և ֆրանսիացիները հետևում են ռուսական առաջնորդությանը, ինչով և ճանաչում են Ռուսաստանի առանցքային դերը հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի ռուսական համանախագահը՝ գուցե և բարձրակարգ դիվանագետ է, բայց նրա դերակատարումը այս հարցում ավելի շատ սուրհանդակային բնույթ է կրում, կամ մի փոքր ավելի։ Այս գործընթացի պատասխանատուները և հիմնախնդրի լուծման մեջ հիմնական դերակատարները Լավրովն ու Ռուսաստանի նախագահ Պուտինն են և, բնականաբար, նրանք տրամադրված չեն թույլ տալու, որ գործընթացում պրոգրես գրանցվի։
– Խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հարցը լուծելու վերաբերյալ սպասումները, իրականում քիչ հավանական լինելով հանդերձ, բավականին մեծ են այսօր, ավելի մեծ, քան եղել են վերջին տասնամյակների ընթացքում։
Ինչևէ, ներկայումս բանակցային գործընթացում, երևի թե, ամենամեծ փոփոխությունը Հայաստանի կողմից նախաձեռնողականության ստանձնումն է և Ադրբեջանի կամ Մինսկի խմբի համանախագահների առաջարկներին սպասելու փոխարեն սեփական օրակարգը առաջ մղելու վճռականությունը։ Փաշինյանը աներկբա է Արցախը բանակցային սեղանի մոտ վերադարձնելու հարցում, և սա իհարկե քննարկվել է, թեև չի ընդունվել Վիեննայում։ Ինչևէ կողմերը չեն քննարկել Մադրիդյան սկզբունքների հստակեցման կամ վերաձևակերպման հարցը՝ ինչպես հայտարարել էր Փաշինյանը Արցախում կայացած Անվտանգության խորհուրդների միասնական նիստի ընթացքում։
Ադրբեջանը կհամաձա՞յնի բանակցել վերը նշված հարցերի շուրջ, և եթե ոչ, ապա դա բանակցային գործընթացը արդյո՞ք անժամկետ փակուղի չի մտցնի։
– Այս համատեքստում հայացք նետելով բանակցային գործընթացի զարգացումներին՝ ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների մարգինալացումը և բանակցային գործընթացից դուրս մղումը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է նախաձեռնել և կազմակերպել։ Այնուամենայնիվ, այսօր Ադրբեջանին ո՞վ է իրավունք տվել որոշելու, թե նրանք ում հետ պետք է բանակցեն և ում հետ՝ ոչ։ Դա առնվազն անհեթեթություն է։ Արցախն ակնհայտորեն կոնֆլիկտի առանցքային և ուղղակի կողմ է, նույնիսկ ավելի, քան Հայաստանը։ Բայց չգիտես թե ինչու՝ Ադրբեջանին Մինսկի խումբը թույլ է տալիս գործընթացից դուրս թողնել և մերժել Արցախի՝ գործընթացի անմիջական մաս լինելու իրավունքը։ Սա հաշվի առնելով՝ պետք է փաստել, որ գործընթացը անխուսափելիորեն թերի և ոչ արդյունավետ է դառնում։ Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կշարունակվի, եթե կոնֆլիկտի բոլոր կողմերի մասնակցությունը գործընթացում չապահովվի։
Ադրբեջանին պետք է մարտահրավեր նետել և վետոյի հնարավորությունից պետք է զրկել, նրանք միայնակ չպետք է որոշեն՝ ով տեղ ունի բանակցային սեղանի մոտ, իսկ ով՝ ոչ։
Այս իրավիճակում այն, ինչ կարող է և գուցե պետք է անի հայկական կողմը՝ պարզապես Արցախի ներկայացուցչին ոչ պաշտոնական կերպով հայկական պատվիրակության կազմում ներառելն է։ Եվ եթե Ադրբեջանին սա դուր չգա՝ թող այդ անգամ հեռանան՝ միջազգային հանրությանը հիասթափեցնելով։
Բանակցային գործընթացում մեկ այլ առանցքային հարց է, թե ամեն անգամ բանակցելիս ինչո՞ւ է անհրաժեշտ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայությունը։ Ինչո՞ւ մենք չունենք ուղղակիորեն ադրբեջանցիների հետ հայ-ադրբեջանական սահմանին հանդիպելու խիզախություն և ինքնավստահություն։
Հայաստանի և Ադրբեջանի նախկին նախագահներ Քոչարյանը և Հեյդար Ալիևը սա նախկինում արել են, այսինքն՝ նախադեպը կա։ Սա նաև գործընթացին նոր դինամիկա հաղորդելու լավ հնարավորություն է, ինչը կոնֆլիկտի կողմերին նաև միազգային հանրությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բարի կամքից կախվածությունը նվազեցնելու հնարավորություն կտա։
1in.am/2549335.html