«Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են

28 ԱՊՐԻԼ 2019 – ՕՐԸ ՕՐԻՆ:

Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են. Թումանյանի նամակը՝ Զորավար Անդրանիկին

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի` Զորավար Անդրանիկին ուղղված նամակը:

Երբ վտանգված է հայրենիքը

Հայրենիքը չի կարող միայն բոցաշունչ ճառերի ներշնչանք և վերացական զգացմունքների միջավայր լինել: Երբ գալիս է վճռական պահը և հայրենիքը վտանգված է, պետք է պատրաստ լինել հայրենիքի փրկության համար զոհասեղանին դնել բառացիորեն ամեն ինչ:

«Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին՝ ինչի որ ընդունակ կլինեն»,- գրում էր հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը 1917 թվականի դեկտեմբերին Զորավար Անդրանիկին: Այդպես արձագանքելով հայրենիքը վերահաս վտանգից փրկելու Անդրանիկի կոչին` Թումանյանն առանց վարանելու նրա տրամադրության տակ դրեց իր ութ չափահաս երեխաներին. չորս որդիներին՝ իբրև զինվոր, չորս դուստրերին՝ իբրև գթության քույր:

Անդրանիկի «Կոչը» հայ ժողովրդին

1917 թվականի վերջին, 1918-ի սկզբին Հայկական նահանգների վրա կախված էր թուրքական զորքերի արշավանքի վտանգը: Առաջին համաշխարհային պատերազմը դեռ շարունակվում էր, երբ Ռուսաստանում բոլշևիկյան հեղաշրջման պատճառով ռուսական կանոնավոր զորամիավորումները հեռացան Հարավային Կովկասից:

Այդ ծանր պայմաններում նոր ստեղծվող հայկական զինուժը փորձում էր անել անհնարինը՝ դրությունը մի կերպ փրկելու և Արևմտյան Հայաստանի գոնե ինչ-որ մի հատվածն իր վերահսկողության տակ պահելու համար: Սակայն ազգային պետականության բացակայության, Անդրկովկասի կառավարության կողմից ռազմաճակատի կազմալուծման և թուրքական գերակշիռ ուժերի հարձակման պայմաններում, ցավոք, դա հնարավոր չեղավ իրականացնել:

Թուրքական կանոնավոր զորքերի դեմ այդ ժամանակ կանգնած էին Հայկական կորպուսը` Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, և Անդրանիկ Օզանյանի գլխավորած Հայկական առանձին հարվածող դիվիզիան: 1917 թվականի դեկտեմբերի 22-ին հայկական մամուլում տպագրվում է Զորավար Անդրանիկի` հայ ժողովրդին ուղղված «Կոչը», որտեղ նա դիմում էր բոլոր նրանց, ովքեր կարող էին զենք պահել՝ գալ և կռվել հայրենիքի փրկության համար:

Ներկայացնենք այդ «Կոչից» մի հատված. «Կոչ կընեմ բոլոր զենքի ընդունակ՝ առանց դասակարգերու խտրության, գյուղացիեն, արհեստավորեն մինչև բարձր դասու մտավորականությունն ու հարուստը: Ես կոչ կընեմ բոլոր չափահաս դպրոցականներուն, որոնք կը բաղձան ծաղկավետ տեսնել վաղվան մշակույթի դաշտը, թող դիմեն զենքի, թող վազեն դեպի ճակատ:

Ուղղելով իմ խոսքս մեր բոլոր մայրերուն և քույրերուն՝ կը հորդորեմ, որ չընդունեն իրենց սրբազան հարկի տակ հուդաներն ու դավաճաններն, թող թքեն անոնց երեսին և ղրկեն դեպի զորանոց: Դավաճան է այն մայրը, որ կքաջալերե իր զավակը, ամուսինը կամ եղբայրը մնալու տունը, իբրև կորովազուրկ, որբացած ազատության սերեն…»:

Հովհաննես Թումանյանը Հայաստանի համար այդ օրհասական պահին հայրենասիրական իր բացառիկ կեցվածքով առաջինն օրինակ ծառայեց բոլորի համար` անմիջապես արձագանքելով Անդրանիկի կոչին: Մեկ օր անց նա բաց նամակ ուղղեց Զորավար Անդրանիկին, որը մեծ արձագանք ունեցավ և ոգևորության ալիք բարձրացրեց հայ հասարակության շրջանում:

Թումանյանի նամակը Անդրանիկին

23 դեկտեմբերի 1917թ., Թիֆլիս.

Սիրելի Անդրանիկ, Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե՛ վերահաս վտանգը կանխելու, և թե՛ բաղձալի հաղթությանը հասնելու համար։

Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։

Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանն ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ գալու, երբ և ուր կկոչի Քո եղբայրական ձայնը։

Համբուրում եմ հերոսական ճակատդ,

միշտ Քո Հովհաննես Թումանյան

Հ.Գ. Սրա հետ միասին, որովհետև ես էն կարծիքին եմ, որ ամեն Հայ այժմ պետք է իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին:

armdaily.am/news/21781.html?l

Facebooktwitterredditpinterestlinkedinmail