29 ԱՊՐԻԼ 2019 –
2018 թուականին Հայաստանի ռազմական ծախսերը կազմած են 609 միլիոն տոլար, որ 33 տոկոսով աւելի է, քան 2017 թուականին: Այս մասին կը վկայեն Սթոքհոլմի խաղաղութեան խնդիրներու հետազօտութեան միջազգային հիմնարկին (Stockholm International Peace Research Institute (SIPRI)) տուեալները: Այս մասին կը հաղորդէ News․am-ը։
Զեկոյցին մէջ տեղեկութիւններ չկան Ատրպէյճանի եւ Վրաստանի մասին: Իսկ Հայաստանի հարեւան Իրանի ռազմական ծախսերը կազմած են 13,2 միլիառ տոլար:
Զեկոյցին համաձայն` 2018 թուականին Ռուսիոյ ռազմական ծախսերը կազմած են 61,4 միլիառ տոլար, ինչ որ SIPRI վարկանիշով ըստ ռազմական ծախսերու չափի ան վեցերորդն է: 2017 թուականի համեմատութեամբ Ռուսիոյ ռազմական ծախսերը 3,5 տոկոսով կրճատուած են:
2018 թուականին Թուրքիոյ ռազմական ծախսերն աճած են 24 տոկոսով` մինչեւ 19,0 միլիառ տոլար, որ տարեկան ամենաբարձր տոկոսային աճն է աշխարհի 15 խոշոր ռազմական ծախսերով երկիրներու շարքին:
2018 թուականին ռազմական ծախսերու ամենամեծ բացարձակ աճը ունեցած է ԱՄՆ-ն (27,8 միլիառ տոլար), իսկ ամենամեծ կրճատումը` Սէուտական Արաբիան (- 4,6 միլիառ տոլար):
Չինաստանը, որ ռազմական ծախսերու մեծութեամբ աշխարհի մէջ երկրորդ երկիրն է, 2018 թուականին իր ռազմական ծախսերը մեծցուցած է 5,0 տոկոսով` մինչեւ 250 միլիառ տոլար: Չինաստանի ռազմական ծախսերու աճ կ՛արձանագրուի 24-րդ տարին անընդմէջ:
Ընդհանուր առմամբ, 2018 թուականին ռազմական ծախսերը աճած են մինչեւ 1822 միլիառ տոլար, որ 2,6 տոկոսով աւելի է, քան 2017 թուականը:
yerakouyn.com/2019/04/29/2018-ին-հայաստանի-ռազմական-ծախսերը-աւելց/