29.04.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Թուրքիայի նախագահ Էրդողանը թիկնազոր է հատկացրել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը օրերս հայտարարել էր Թուրքիա երկօրյա հանգստի մեկնելու մասին: Ըստ ուկրաինական մամուլի, այնտեղ, ուր հանգստի է մեկնել Զելենսկին, հանգստանում են այլ պետությունների ղեկավարներ էլ, սակայն անվտանգության ծառայություն հատկացվել է միայն Զելենսկուն:
Էրդողանի այդ քայլը հետաքրքիր է օրերս ռուսական մամուլի տարածած տեղեկության ֆոնին, ըստ որի՝ Կրեմլը արտգործնախարարությանը հանձնարարել է նախապատրաստել Ղրիմ Թուրքիայի նախագահի այցի համապատասխան ձեւաչափ: Առիթը, ըստ ռուսական ամուլի, Ղրիմում կառուցված նոր մզկիթն է:
Կրեմլի այդ հանձնարարությունը ուշագրավ է նրանով, որ Ղրիմի հարցում Անկարան մի քանի անգամ հայտարարել է, թե չի ճանաչի ռեգիոնը Ռուսաստանին միացնելու փաստը: Արդյոք փոխվել է Անկարայի դիրքորոշումը, եթե Էրդողանը պատրաստվում է այցելել Ղրիմ: Դա կնշանակի, որ կարող է լարվել թուրք-ուկրաինական հարաբերությունը, եթե տեղի ունենա այդպիսի բան: Թուրքիան համենայն դեպս առայժմ չի արձագանքել Մոսկվայի տարածած տեղեկությանը, թե հանձնարարված է նախապատրաստել Էրդողանի այցը Ղրիմ: Մինչդեռ հարց է առաջանում՝ արդյոք ապրիլի 8-ին ՌԴ-ում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը քննարկվել է հարցն ու հենց դրա հիման վրա է մի քանի օր անց ռուսական մամուլում հայտնվել այդ տեղեկությունը: Այսինքն, Էրդողանը համաձայնե՞լ է այցելել Ղրիմ, եթե Մոսկվան կարողանա գտնել այնպիսի մի ձեւաչափ, որը նրան թույլ կտա պահել երեսը Ուկրաինայի մոտ:
Թուրքիայում մասնավոր այցով հանգստացող Զելենսկուն թիկնազորի տրամադրումը այս համատեքստում հետաքրքիր ժեստ է, որով Թուրքիայի նախագահը կարծես թե «մեղա» է գալիս նախապես: Թե՞ Էրդողանը կասկածել է, որ Զելենսկուն կարող է «ինչ որ բան պատահել», որի պատասխանատվությունը կարող է ընկնել իր վրա: Դա այն դեպքում, երբ Էրդողանի գործերը բավականին բարդ են ոչ միայն երկրից դուրս, այլ նաեւ ներսում, որտեղ նա դե ֆակտո պարտվեց ՏԻՄ ընտրությունը, կորցնելով խիստ խորհրդանշական քաղաքը՝ Ստամբուլը, եւ էլի մի քանի քաղաքներ:
Չի բացառվում, որ Պուտինը հենց այդ հանգամանքը օգտագործելով փորձել է որոշակի դիրքային առավելություն ձեռք բերել Թուրքիայի նախագահի նկատմամբ, փոքր ինչ շտկելով վերջին տարիներին Անկարայի հետ հարաբերությունում Ռուսաստանի որոշակի ենթակայական դիրքը, երբ հասցվող աննախադեպ ապտակները Մոսկվան ստիպված էր մարզել՝ օդանավ, դեսպան, թեկուզ նույն Ղրիմի հարցում հակոտնյա դիրքորոշում:
Նվաստացուցիչ իրավիճակը հասել էր այնտեղ, որ Անկարայում օրը ցերեկով, տեսախցիկների առաջ գնդակահարվում էր ՌԴ դեսպանը, իսկ ՌԴ քաղաքական ղեկավարությունը հայտարարում էր, թե ինչ որ «երրորդ ձեռք» ուզում է փչացնել ռուս-թուրքական հարաբերությունը:
Հնարավոր է, որ Էրդողանն էլ Զելենսկու հանգստի հարցում է ինչ որ «երրորդ ձեռքի» կասկածել, մտածելով, թե ինչու՞ պետք է Ուկրաինայում պատմությունն անսպասելիորեն շրջող այդ կատակերգուն հենց Թուրքիայում որոշեր հանգստանալ նախագահական քառամսյա պայքարից հետո: «Ո՞վ է ուզում չար կատակ խաղալ իմ գլխին», թերեւս մտածել է Էրդողանն ու թիկնազոր հատկացրել Զելենսկուն:
Իսկ Ղրիմ նա կգնա՞, թե՞ ոչ: Ի վերջո, այդ այցը ունենալու է շրջադարձային նշանակություն միջազգային քաղաքականության լայն համատեքստում, պայմանավորելով նոր դիրքորոշումների մի ամբողջ ալիքի մեկնարկ, եթե ինքնին չլինի այդպիսի մեկնարկի արտահայտում:
Հնարավոր է, որ Պուտինն է նրա առաջ է պայման դրել, ասելով, որ ինքը շատ է զիջել եւ հիմա զիջելու հերթն Էրդողանինն է: Նա էլ գուցե հարմար ձեւաչափ է պահանջել, համոզված, որ չի լինի այսպես ասած հարց չառաջացնող ձեւաչափ: Կամ Պուտինի առաջարկը պատասխան է որեւէ թանկ պահանջի կամ ակնկալիքի, որ ապրիլի 8-ին ներկայացրել է Էրդողանը: Համենայն դեպս, եթե տեղի ունենա այդօրինակ այց, ապա կամ Պուտինը կամ Էրդողանը դրա համար վճարելու են շատ թանկ: Հայաստանն այդ դեպքերում պետք է լինի աչալուրջ:
lragir.am/2019/04/29/439131/