29 ԱՊՐԻԼ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ – ԹՈՒՐՔԻԱ–:
Գերմանացիները հպարտանում են իրենց Հռենոսով, եգիպտացիները՝ Նեղոսով, ռուսները Վոլգան են փառաբանում, հնդիկները՝ Գանգեսը։ Իսկ հայերը հպարտանում են Արաքսով և փառաբանում որպես մայր գետ։ Բայց 1921 թվականից մինչ օրս Արաքս գետի միայն մի ափն է պատկանում հայերին։ Մյուս ափի հետ մենք կապված ենք պատմական անցյալով, բայց բաժանված՝ պետական սահմանով։
Բինգյոլի (Բյուրակն) լեռներից սկիզբ առնող Արաքս գետը Կարսի սարահարթով անցնում և մտնում է Արարատյան դաշտ։ Թուրքիայի տարածքով հոսում է 548կմ, իսկ Հայաստանով՝ 192կմ։ Պատմական դեր և մշակութային արժեք ունեցող Արաքս գետը ունի նաև տնտեսական ու քաղաքական նշանակություն։ Աշխարհագրական դիրքի բերումով Թուրքիան այդ նշանակությունից չափազանց շատ է օգտվում, իսկ դուք հասկացեք՝ չարաշահում։ Դրա հետևանքների վտանգավորությունը քիչ-քիչ ավելի բացահայտ է սպառնում Հայաստանին։
Ցամաքային շրջափակումից բացի Թուրքիան Հայաստանի նկատմամբ հետևողականորեն իրականացնում է ջրային շրջափակման քաղաքականություն. Արաքսի վերին հոսանքներում կառուցված և կառուցվող ջրամբարների միջոցով Թուրքիան կուտակում է գետի քաղցրահամ ջրերը ու էապես կրճատում հոսքը Հայաստան։ Բնավ ոչ պատահական այս գործելաոճը Հայաստանին պատուհասելու է բնապահպանական ու գյուղատնտեսական խնդիրներով։ Ըստ էության Հայաստանը կերակրող Արարատյան դաշտի համար թուրքերը ստեղծում են անապատացման ռիսկ և հողերի աղակալման վտանգ:
Արաքսի ջրերի վրա Թուրքիան կառուցել է մի շարք ջրամբարներ ու հիդրոէլէկտրակայաններ (ՀԷԿ)։ Մի քանիսն էլ կառուցման ընթացքի մեջ են՝ ընդհանուր առմամբ 14 ջրամբար ու ՀԷԿ, որոնցից 1-ը Իգդիրում է, 4-ը՝ Էրզրումում (Կարին) և 9-ը՝ Կարսում։
134 ՄՎտ ընդհանուր հզորությամբ ներկա պահին գործող հիդրոէլէկտրակայնները ապահովում են Թուրքիայում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդամենը 0.096 տոկոսը։ Փաստորեն, Արաքսի ՀԷԿ-երը Թուրքիայի էներգաշուկային բերում են չնչին օգուտ, իսկ Հայաստանին տալիս՝ մեծ վնաս։ Դիտավորություն կա՞ այստեղ։ Եթե կուզեք, հարցը համարեք հռետորական, բայց, դատելով արդյունքների ու հետևանքների փաստացի ծավալներից, կարելի է եզրակացնել, որ Արաքսի թուրքական ՀԷԿ-երի հիմնական գործը ստացվում է ոչ այնքան Թուրքիային էլեկտրաէներգիայով ապահովելն է, որքան՝ Հայաստանը ջրազրկելը։
Նկատենք, որ նոր ջրամբարների ակտիվ կառուցմամբ Թուրքիան խախտում է 1927թ. համաձայնագիրը, ըստ որի՝ Հայաստանն ու Թուրքիան պարտավորվել են Արաքս գետի ջրերն օգտագործել հավասարաչափ։ Ըստ նախնական հաշվարկների՝ Թուրքիայում տարածքում նախատեսվում է ամբարել Արաքսի ջրերից մոտ 1.5մլրդ խմ պաշար: Եթե հաշվի առնենք, որ Արաքսի ջրերի միջին տարեկան հոսքը շուրջ 2.56մլրդ մ3 է, ապա ստացվում է, որ Թուրքիան իր ջրամբարների ողջ համալիրի միջոցով պատրաստվում է յուրացնել Արաքսի ջրերի կեսից ավելին: Սա ոչ այլ ինչ է, քան 50 տոկոս ջրօգտագործման իրավունքի անխնա խախտում։
Ջրային ռեսուրսների կառավարման Թուրքիայի այսօրինակ քաղաքականությունը բացասական հետևանքներ կթողնի Հայաստանի ջրային հաշվեկշռի վրա։ Այդ վնասաբեր քաղաքականությանը հակազդելը, առկա սպառնալիքները չեզոքացնելը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Հայաստանի գյուղատնտեսությունը և Արարատյան դաշտի հողօգտագործումն այժմ վտանգի մեջ են, իսկ որոշ ժամանակ անց արդեն կլինեն հարվածի տակ։
Ի դեպ, 1963-ին Խորհրդային Միության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում 1982թ. շահագործման հանձնվեց Ախուրյանի ջրամբարը, որի ջրային պաշարները Հայաստանը հավասար կիսում է Թուրքիայի հետ։
Ախուրյանի ջրամբարի ջրերն օգտագործվում են Արարատյան դաշտի, Արմավիրի մարզի ու Արագածոտնի նախալեռնային շրջանների ոռոգման համար: Իսկ հիմա թուրքերը Ախուրյանի ջրամբարից վերև կառուցում են Քարաքուրթի ջրամբարը ու պարզ է, որ շուտով նվազեցնելու են նաև Ախուրյանի ջրամբարում կուտակվող ջրի քանակը։ Հետո էլ այդ նվազեցված քանակը նորից 50/50 սկզբունքով կիսելու են Հայաստանի հետ։ Այս անհեթեթությունը տրամաբանության լուսանցքում է։
Մի կողմից Թուրքիան հասկանալի համառությամբ փորձում է ջրազրկել հայոց մայր գետը, իսկ մյուս կողմից Հայաստանը անհասկանալի համառությամբ շարունակում է Ախուրյանի ջրամբարի ջրերը հավասար կիսել Թուրքիայի հետ:
Մխիթար Նազարյան
Աղբյուրը՝ Orbeli.am
[Հեղինակի բարձրաձայնած մտահոգությունների մասին որոշ մանրամասներ կան նաև «Արաքս գետի թուրքական հիդրոհանգույցները» հոդվածում]
Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի
[1] https://www.enerjiatlasi.com/akarsular/aras-nehri.html
[2] ՀՀ վիճակագրական կոմիտե https://www.armstat.am/file/doc/99494593.pdf
aniarc.am/2019/04/29/orbeli-center-article-turkey-araxes-2019/?