Թուրք-ադրբեջանական զորավարժություններ՝ Հայաստանի դեմ․ եթե հարձակում լինի՝ ՀԱՊԿ-ը կանցնի գործի

27 04 2019 – ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ – Հեղինակ՝ Արամ Սարգսյան:

Ադրբեջանում մի քանի օրից կմեկնարկեն ադրբեջանական և թուրքական զորամիավորումների հերթական համատեղ ռազմական վարժանքները։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, ս․ թ․ մայիսի 1-ից 3-ը Ադրբեջանում կանցկացվեն թուրք-ադրբեջանական մարտավարական զորավարժություններ՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» խորագրով։ Ապրիլի 22-ին Բաքվում՝ հանդիսավոր պայմաններում, դիմավորել են այն թուրք զինծառայողներին, որոնք մասնակցելու են նշված զորավարժություններին։

Թերևս, մեծ գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ Հայաստանի արևելյան և արևմտյան հարևանները, որոնք ավելի քան 25 շրջափակման մեջ են պահում մեր երկիրը՝ փորձելով ճնշում գործադրել և զիջումների հասնել ղարաբաղյան հարցում, փաստացի ռազմական ագրեսիա են իրականացնում և պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում մեր անվտանգությանը, և այս առումով թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի հետ կապված ցանկացած զարգացում արժանի է ուշադրության հայկական մեդիափորձագիտական դաշտի կողմից։ Ռազմական փորձագետներն, իհարկե, կասկած չունեն, որ թուրք-ադրբեջանական այս զորավարժություններին առնվազն տեսականորեն որպես հիմնական հակառակորդ դիտարկվելու է հենց Հայաստանի Հանրապետությունը։

Զորավարժությունների նպատակն ու Նախիջևանի հարցը

Ընդհանրապես նմանատիպ ռազմական վարժանքները այս երկու դաշնակից պետությունների զինված ուժերի մասնակցությամբ վերջին տարիներին բավական հաճախ են կազմակերպվում՝ թուրք-ադրբեջանական ստրատեգիական, էթնիկ և քաղաքական մերձեցմանը զուգահեռ։ Առավել հաճախ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ անցկացվում են Նախիջևանի ինքնավար հանրապետությունում, որն այսօր ֆորմալ առումով մտնում է ադրբեջանական հանրապետության կազմի մեջ, բայց վերջին տարիներին Թուրքիան հետևողականորեն ամրապնդում է իր ռազմաքաղաքական և տնտեսական ներկայությունը ժամանակին Հայաստանին օտարված և խորհրդային Ադրբեջանին բռնակցված այս անկլավում։ Այս իմաստով թե՛ Նախիջևանի խնդիրը և թե՛ ընդհանրապես թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության խորացումը չեն կարող անտեսվել Հայաստանի Հանրապետության անվտանգության տեսանկյունից։

http://verelq.am/uploads/news/483f8765647210e0bbe9607e4f10d9cf.jpg

Հայ-ռուսական ուղերձը Թուրքիային

Որոշ ռուսաստանցի փորձագետներ կարծում են, որ չնայած ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու խորացմանը վերջին մի քանի տարիներին, այնուամենայնիվ, Թուրքիայի այս ակտիվությունը Հարավային Կովկասում ոչ միայն պոտենցիալ սպառնալիք է Հայաստանի համար, այլև որոշակի մարտահրավեր է Ռուսաստանի Դաշնությանը։ Օրինակ, Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը այս համատեքստում կարևորում է 2016 թ․ նոյեմբերի 30-ին ՌԴ-ի և ՀՀ-ի միջև ստորագրված Համաձայնագրի հիման վրա ձևավորված Հայ-ռուսական միացյալ զորախմբի գործոնը։ Մի առիթով փորձագետը մեզ հետ զրույցում ասել էր․ «Հայ-ռուսական հարաբերությունները պարզ հասկացնում են Թուրքիային, որ ռազմական կոնֆլիկտ Հայաստանի հետ չի կարող լինել թեկուզ այն պատճառով, որ ստեղծվել է զորքերի միացյալ խմբավորում: Հետևաբար, սա Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխիքն է»։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/466/44/4664477.jpg

Եթե հարձակում լինի Հայաստանի վրա՝ ՀԱՊԿ-ը գործի կանցնի

Ռուսաստանցի մեկ այլ հայտնի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը իր հերթին հիշեցնում է, որ Ռուսաստանը 2015-16 թթ․ սրացումից հետո՝ վերջին 2-3 երեք տարիներին, բավական խորացրել է իր հարաբերությունները Թուրքիայի հետ տարբեր ոլորտներում և հատկապես սիրիական հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ, բայց դա, ռազմական փորձագետի խոսքերով, ուղղակիորեն չի առնչվում Կովկասի տարածաշրջանի հարցերին։ Ամեն դեպքում Խրամչիխինը համոզված է, որ որևէ երկրի, այդ թվում՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական ցանկացած ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ-ը Ռուսաստանի գլխավորությամբ կարձագանքի և համապատասխան գործողություններ կիրականացնի։

«ՀԱՊԿ-ը գործում է։ Այսինքն՝ եթե ուղղակի հարձակում լինի Հայաստանի վրա որևէ երկրի կողմից, ուզում եմ ընդգծել՝ հենց Հայաստանի վրա, ապա դա հիմք կլինի ՀԱՊԿ-ի համապատասխան գործողությունների համար»,- նշեց ռուսաստանցի փորձագետը։

Հիմնական հակառակորդը Հայաստանն է

Խրամչիխինը առաջիկայում կայանալիք թուրք-ադրբեջանական տակտիկական զորավարժություններում նոր բան չի տեսնում՝ ասելով, թե այստեղ զարմանալի կամ անսպասելի որևէ բան չկա, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական դաշնակիցներ են և վաղուց են մշակում համատեղ ռազմական գործողությունների տարբեր սցենարներ, համատեղ վարժանքներ են անում այդ սցենարներով՝ երկու երկրների համապատասխան զինվորական ստորաբաժանումների համատեղ ռազմական գործողությունները ներդաշնակելու, մարտունակությունը բարձրացնելու և այլ խնդիրներ լուծելու համար։

Բայց ի՞նչ նպատակով են մշակվում այդ ռազմական գործողությունները կամ ավելի ճիշտ՝ ո՞ւմ դեմ են դրանք տեսականորեն դիտարկվում։

Պատասխանելով այս հարցին՝ ռազմական փորձագետն ասում է, որ ֆորմալ առումով նման գործողությունները կարող են մշակվել ցանկացած հակառակորդի դեմ, բայց կասկած չկա, որ հիմնական հակառակորդն, իհարկե, Հայաստանն է։ «Համենայնդեպս, այդպես է Ադրբեջանի համար»,- ավելացնում է Խրամչիխինը։

Թուրք-ադրբեջանական մերձեցման պատճառները

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական մերձեցմանը, այդ թվում՝ թուրքերի և ադրբեջանցիների էթնիկ նույնականացման ամրապնդմանը, որն էլ ավելի խորացավ Ադրբեջանում բռնապետական ռեժիմի ամրապնդման և զուգահեռաբար Թուրքիայում նախագահ Էրդողանի անձնիշխանության հաստատման, դեպի օսմանյան «ակունքները» վերադառնալու, նեոօսմանյան, իսլամիստական, ազգայնամոլական գաղափարախոսության վերածնման գործընթացների ակտիվացումից հետո, ապա, ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ ավտորիտարիզմն այստեղ, այնուամենայնիվ, երկրորդական նշանակություն ունի։

«Թուրքիայի և Ադրբեջանի աշխարհաքաղաքական դաշինքն առաջին հերթին պայմանավորված էթնոկոնֆեսիոնալ պատճառներով, այսինքն՝ պատմական պատճառներով։ Իսկ թե ի՞նչ քաղաքական համակարգ է տվյալ պահին այս երկրներում, կարծում եմ՝ երկրորդական է»,- մեկնաբանեց Խրամչիխինը։

1in.am/2549707.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail