09 10 2017 — Հեղինակ՝ Արամ Սարգսյան — Հյուր` Վլադիմիր Եվսեև:
Խորհրդարանում բուռն քննարկումներ են ընթանում Հայաստանի և Ռուսատանի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի շուրջ: Կառավարությունը դեռևս հուլիս ամսին է հավանություն տվել 2016 թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների կողմից ստորագրված համաձայնագիրը վավերացնելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Այժմ փաստաթուղթն ուղարկվել է Ազգային ժողով՝ հաստատման: Ռուսաստանում, ի դեպ, ևս արդեն վավերացրել են համաձայնագիրը Պետդումայի և Դաշնային խորհրդի մակարդակով, իսկ նախագահ Պուտինը ստորագրել է հուլիսի 26-ին:
Ազգային ժողովում հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորում կազմավորելու նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել: Ընդդիմության մի մասը և մասնավորապես «Ելք» խմբակցության պատգամավորները քննադատաբար են մոտենում ստորագրված փաստաթղթին՝ հնչեցնելով մի շարք կարևոր հարցադրումներ, թե ո՞րն է նման խմբավորում ստեղծելու անհրաժեշտությունը, ի՞նչ ֆունկցիաներ է այն ունենալու և արդյոք արձագանքելո՞ւ է Թուրքիայի կամ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի պարագայում, թե՞ ՀԱՊԿ-ի պես մնալու է «դիտորդի կարգավիճակում»:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ, Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը:
– Պարոն Եվսեև, ի՞նչ կարող եք ասել այս հարցերի մասին:
Ռուս-հայկական խմբավորումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար, հետևաբար Թուրքիայի կամ Նախիջևանի կողմից եկող ցանկացած սպառնալիք հանդիսանալու է այն սպառնալիքը, որոնց Ռուսաստանի Դաշնությունը ռազմական ճանապարհով արձագանքելու է Հայաստանի հետ համատեղ: Անհրաժեշտության դեպքում նա կավելացնի ռազմական ներկայությունը: Ենթադրում եմ, որ կան որոշ պայմանավորվածություններ այն մասին, որ եթե տեսականորեն փակվի միջանցքը Վրաստանի տարածքով, ապա Ռուսաստանը կօգտվի Իրան-Հայաստան սահմանից՝ Հայաստանում ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար: Ամեն դեպքում համոզված եմ, որ Թուրքիայի, Նախիջևանի կողմից եկող վտանգներն ամբողջությամբ կչեզոքացվեն:
Առանձին քննարկման է արժանի Լեռնային Ղարաբաղի հարցը, որտեղ մինչև հաջորդ տարվա ամառը կարելի է սպասել նոր սրացումներ: Ֆորմալ առումով միացյալ խմբավորումը նախատեսված չէ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար, բայց այդ խմբավորման շրջանակներում ստեղծվել է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգ: Այս համակարգն իրապես ծածկում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը, որովհետև գոյություն ունեցող դիտարկման տեխնիկական միջոցները կարող են գործարկվել այդ հեռավորության վրա:
Այն, որ նախորդ տարվա ապրիլին չգործադրվեց մարտական օդուժ, փաստորեն ՀՕՊ միասնական համակարգի շնորհիվ էր, որովհետև պարզ է, որ Ադրբեջանը զգալի առավելություն ունի ռազմաօդային ուժերով, հատկապես մարտական ավիացիայի առումով: Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղի օդային պաշտպանությունը հայ-ռուսական միասնական ՀՕՊ համակարգի միջոցով չափազանց կարևոր զսպող գործոն է Ադրբեջանի և լայնածավալ ռազմական ագրեսիայի համար:
Բացի այդ, կան հայ-ադրբեջանական սահմանի հատվածներ, որոնք չեն մտնում Լեռնային Ղարաբաղի գոտու մեջ: Եվ եթե այդ ուղղությունից լինեն ոչ թե սադրանքներ, այլ ներխուժման փորձեր Ադրբեջանի կողմից, ապա, իհարկե, միացյալ խմբավորումը կարող է գործի դրվել:
Ընդդիմադիր պատգամավորներն ասում են, որ ՀԱՊԿ-ն էլ ունի նման պարտավորություններ, բայց այդ կառույցը որևէ կերպ չէր արձագանքում, երբ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ էր իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ: Ի՞նչ վստահություն կա, որ այժմ այս խմբավորումը կարձագանքի ռազմական սպառնալիքներին:
Այդ հարցի կապակցությամբ կարելի է ասել հետևյալը՝ ՀԱՊԿ-ում կան տարբեր պետություններ, որոնք տարբեր տեսակետներ ունեն Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Ղազախստանը փաստացի կանգնած է Ադրբեջանի կողքին: Հետևաբար խիստ կասկածելի է, որ ռազմական առճակատման դեպքում ՀԱՊԿ-ն կարող է ազդել այս գործընթացի վրա: Այլ հարց է, որ ոչինչ չի խանգարում, որպեսզի դա արվի ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների շրջանակներում: Եվ եթե մասշտաբային ներխուժում լինի Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանով, այդ դեպքում միացյալ խմբավորումը, իհարկե, գործի կդրվի:
Բացի այդ, խմբավորման առկայությունը թույլ է տալիս բարձրացնել հայկական զորքերի մարտական պատրաստականությունը և մասնավորապես զենքի ժամանակակից տեսակների օգտագործման արդյունավետությունը: Դա անուղղակիորեն ազդում է նաև Լեռնային Ղարաբաղի անվտանգության վրա, որովհետև հայկական այն ստորաբաժանումները, որոնք անցնում են նման պատրաստություն, կարող են մարտական գործողություններ իրակացնել նաև Ղարաբաղի տարածքում:
Այնուամենայնիվ, այս փաստարկները, կարծես, լիարժեքորեն չեն պատասխանում հարցին, թե ի՞նչ կարիք կար ստեղծելու նման խմբավորում այն իրավիճակում, երբ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, կան երկկողմ ռազմական համագործակցության բազմաթիվ ձևաչափեր:
Հիմա՝ անհրաժեշտության մասին: Կարծում եմ՝ այն փորձագետները, ովքեր կասկածում են, որ կար անհրաժեշտություն, երևի լավ չեն պատկերացնում, թե ինչ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի շուրջ: Առաջին հերթին պետք է հաշվի առնել այն, որ Ադրբեջանում մեծ ցանկություն կա կրկնելու նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունները: Եվ միայն որոշ պարտավորությունները Ռուսաստանի Դաշնության հանդեպ կասեցրին Բաքվի ծրագրերի իրագործումը: Ենթադրում եմ, որ Լեռնային Ղարաբաղի գոտում մասշտաբային գործողություններ իրականացնելու ծրագիրը կասեցված է մինչև հաջորդ տարվա ամառը, և դա պայմանավորված է ապրիլին կայանալիք Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրություններով: Դա պարտավորության նման մի բան է:
Երկրորդը, ոչ ոք չի կարող բացառել այն, որ պատերազմը Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է վերսկսվել, ընդ որում այդ պատերազմը կարող է բռնկվել տարբեր կողմերից: Ինչպես գիտեք՝ Թուրքիան այժմ մեծացնում է իր ներկայությունը Նախիջևանում, ստեղծվել է ազատ առևտրի գոտի, Թուրքիան այնտեղ ունի ռազմական ներկայություն, և չի կարելի բացառել հարվածը Նախիջևանի կողմից: Դրան հավասարակշռելու համար ստեղծվում է զորքերի միացյալ խմբավորում: Դրա հետ մեկտեղ կա վտանգ, որ իրադարձությունների զարգացման որոշ սցենարների դեպքում Թուրքիան ևս կարող է ռազմական առճակատման գնալ Հայաստանի դեմ: Եվ չեմ ուզում լիովին բացառել այս սցենարը:
Իսկ Ռուսաստանի ներկայությունը, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում Թուրքիայի հետ տարբեր ուղղություններով, իրականում հանդիսանում է զսպող շատ լուրջ գործոն: Ինչպես հիշում եք՝ մի քանի տարի առաջ Թուրքիան իրականացրել է որոշ սադրանքներ Հայաստանի ուղղությամբ, երբ թուրքական ուղղաթիռներն անցան Հայաստանի օդային տարածքը: Բայց Ռուսաստանի ռազմական ներկայության փաստը զսպող գործոն է Թուրքիայի համար, ընդ որում դա զսպում է ռազմական ագրեսիան ինչպես Թուրքիայի կողմից, այնպես էլ Թուրքիայի ներգրավումը Ղարաբաղյան հակամարտությանը: Ուստի նա, ով ասում է, թե դա ոչ մի կերպ չի ազդում, կա՛մ լավ չի հասկանում իրավիճակը, կա՛մ փորձում է խեղաթյուրել փաստերը:
Կարելի է այլ հարց բարձրացնել՝ իսկ ո՞վ կօգնի Հայաստանին մասշտաբային առճակատման դեպքում: Թող տան թեկուզ մեկ պետության անուն: Ես չգիտեմ նման պետություն: Գուցե որևէ մեկը մտածում է, որ Միացյալ Նահանգնե՞րը կգա օգնելու Հայաստանին: Կասկածում եմ: Իսկ Ռուսաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ ներառյալ ռազմական ենթակառուցվածքը և տեղակայված զորքերը: Հետևաբար այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Զորքերի միացյալ խմբավորումը նախատեսված է Ռուսաստանի դաշնակից Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար:
– Խնդիրն այն է, որ ինչպես փորձն է ցույց տալիս՝ ոչ ոք, ցավոք սրտի, չի գալիս մեզ օգնելու պատերազմի ժամանակ:
– Գիտեք, դուք մի քիչ սխալ եք ներկայացնում իրավիճակը: Ես հասկանում եմ, որ Հայաստանը ծանր կացության մեջ է, նախորդ տարվա ապրիլին եղել է ողբերգություն: Փետրվարին ես հանդիպել եմ փախստականների հետ և ծանոթ եմ իրավիճակին: Բայց դուք շատ լավ եք հասկանում, որ Ռուսաստանի ներկայության փաստը զսպող գործոն է Ադրբեջանի համար: Եթե ռազմական գործողությունները դուրս գային Լեռնային Ղարաբաղի սահմաններից, Ռուսաստանն անմիջապես կմիջամտեր:
– Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են մեկ այլ համաձայնագիր, որը կրկին ներկայացվել է Հայաստանի Ազգային ժողովի քննարկմանը: Խոսքը «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում ստորագրված համաձայնագրի մասին է, որով նախատեսվում է հսկողություն իրականացնել «մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ»: Այս համաձայնությունը տեղավորվո՞ւմ է Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակվող ինտեգրման այս գործընթացների համատեքստում:
– Որքան հասկացա՝ խոսքը Հայաստանին ռուսական զենքի մատակարարման մասին է: Խնդիրը հետևյալն է՝ Ռուսաստանը չունի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուղղակի պարտավորություններ, այդ պատճառով չի ծրագրվում Ռուսաստանի կողմից մատակարարվող սպառազինությունն ուղղակիորեն կիրառել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Խոսքը սրա մասին է:
Բայց դա անուղղակիորեն ապահովում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Ես չեմ պատկերացնում որևէ սցենար, երբ Հայաստանի և Ադրբեջանի լայնածավալ պատերազմը կսահմանափակվի Լեռնային Ղարաբաղի տարածքով: Ես, որպես ռազմական փորձագետ, դրան չեմ հավատում: Ռազմական գործողություններն անպայման ավելի մեծ ծավալներ կստանան, որովհետև ոչ մի «բլից-կրիգ» էլ չի լինի, և Ադրբեջանը ստիպված կլինի գործի դնել մարտական օդուժը: Այդ դեպքում Ռուսաստանը կմիջամտի հակամարտությանը: Այսինքն՝ Ռուսաստանը ուղղակիորեն չի միջամտում կոնֆլիկտին մինչև դիմակայության որոշակի մակարդակ, երբ հայկական երկու բանակները կարողանում են իրենց ուժերով լուծել առաջադրված խնդիրները:
Ռուսաստանն անուղղակիորեն նպաստում է մարտունակության բարձրացմանը՝ իրականացնելով համատեղ զորավարժություններ, շատ այլ միջոցառումներ, տրամադրելով տեղեկատվություն: Բայց եթե հակամարտությունը դուրս գա Լեռնային Ղարաբաղի սահմաններից, Ռուսաստանը բոլոր հիմքերը կունենա միջամտելու, բայց դա պետք է լինի ոչ թե սահմանային միջադեպ, երբ պարզապես փոխհրաձգություն է լինում և մեկ-երկուսին վիրավորում են, այլ շատ ավելի լուրջ ռազմական ագրեսիա, օրինակ՝ բրիգադայի ներխուժում: Այդ ժամանակ արդեն իմաստ կունենա գործադրել ռուս-հայկական խմբավորումը:
1in.am/2223173.html