02 ՄԱՅԻՍ 2019 – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ – ՅՕԴՈՒԱԾՆԵՐ – ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ – ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԷՐ:
Պատմական Վանը
Անժելա Սարգսյան
Հուշարձանագետ, թուրքագետ
Ընդհանուր ակնարկ
Վանը կամ Վանտոսպը Հայկական բարձրավանդակի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարում Վանի կամ Ուրարտական թագավորության արքա Սարդուրի 1-ի օրոք (մ.թ.ա. 835-825թթ.) և Տուշպա անվան տակ եղել է սույն թագավորության մայրաքաղաքը: Վանը նաև կոչվել է Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով[1] : Այս գաղափարին, մասնավորապես, հանդիպում ենք Մովսես Խորենացու ‹‹Հայոց պատմության›› էջերում:
Սարդուրի 1-ի կողմից Տուշպա կամ Տոսպ ամրոց-մայրաքաղաքի մասին մեզ են հասել վեց նույնաբովանդակ արձանագրություններ, որոնցից երեքն այսօր կարող ենք տեսնել ամրոցի ներքևի մասում գտնվող կառույցի պատերի մեջ: Դրանցում վերջինիս կառուցման թվականը ստույգ չի նշվում, թեպետ ասորեստանյան արձանագրություններում քաղաքն առաջին անգամ հիշատակվում է մ.թ.ա 856 թվականին[2]:
Վան քաղաքը գտնվում է Վանա լճի արևելյան կողմում: Լճի հետ այն կապվում է Ավանց (թրք. İskele) գյուղի միջոցով, որը քաղաքի նավահանգիստն է և գտնվում է անմիջապես լճափին:
Վանը հին աշխարհի անառիկ քաղաքներից էր, այդ մասին է փաստում այն հանգամանքը, որ ուրարտական թագավորները մայրաքաղաքը կառուցել են` հաշվի առնելով նրա նպաստավոր դիրքը քաղաքական, ռազմական, տնտեսական առումներով: Քաղաքն արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, հարավային կողմից՝ Հայկական Տավրոս լեռնաշղթայի արևելյան հատվածով: Քաղաքի կենտրոնական մասով բարձրացող և շրջապատի նկատմամբ իշխող դիրք ունեցող լեռան վրա էլ կառուցվել է մայրաքաղաքի ժայռափոր միջնաբերդը՝ Ամարստանը, որն ուներ վիմափոր զինանոցներ, զորանոցներ, պահեստներ, դիտակետեր, ախոռներ և ընդարձակ հրապարակներ: Բերդի ստորոտով էլ ձգվում էր ոչ պակաս ամուր պարիսպը՝ իր պաշտպանական մյուս կառույցներով: Վանի աշխարհագրական դիրքը տնտեսական առումով ևս նպաստավոր էր: Այն տնտեսական կապեր ուներ ժամանակի հզորագույն պետությունների՝ Ասորեստանի և Խեթական թագավորության հետ:
Զարգացած լինելով մետաղամշակութամբ, զինագործությամբ, ջուլհակությամբ, կավագործությամբ և այլ արհեստներով՝ Վանը արհեստագործության խոշոր կենտրոն էր համարվում: Քաղաքի բնակչութան զգալի մասը զբաղվում էր այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և ձկնորսությամբ: Զարգացած թագավորության մասին է վկայում նաև ուրարտական Մենուա թագավորի կողմից կառուցված, Հայկական Տավրոսի հյուսիսային լանջերից սկիզբ առնող և մինչև քաղաքի պարիսպները հասնող 80 կմ երկարությամբ ջրանցքը: Այն նաև հայտնի էր Շամիրամի ջրանցք անունով, քանզի հայ մատենագրության մեջ ջրանցքի կառուցումը ևս վերագրվում է Ասորեստանի թագուհի Շամիրամին: Մենուայի ջրանցքից բացի ուրարտացիները Տուշպայի ընդարձակ այգիներն ու դաշտերը ոռոգելու համար քաղաքից դեպի արևելք արհեստական լիճ էին ստեղծել, որն այժմ էլ գոյություն ունի, և թուրքերն այն կոչում են Քեշիշ գյոլ (Keşiş Gölü ‹‹Տերտերի լիճ››)[3]:
Վանի տիրակալ Իշպուինիի օրոք (մ.թ.ա. 825-810) սկսվում և Մենուայի օրոք (մ.թ.ա. 810-786թթ.) շարունակվում են բարեփոխումները, շնորհիվ որոնց Վանի թագավորությունը դառնում է հզոր պետություն, ինչու չէ՝ նաև աշխարհակալություն: Նման բարեփոխումներից մեկն էլ միասնական դիցարանի ստեղծումն էր, որն արձանագրված է հանրահայտ ‹‹Մհերի դուռ›› (Ագռավաքար) կոչվող ժայռի վրա: Դիցարանը կազմված էր 70 աստվածներից, ու այն գլխավորում էր գերագույն եռյակը՝ Խալդը (երկնքի և երկրի արարիչը, աստվածների հայրը), Թեյշեբան (ամպրոպի, ռազմի ու քաջության աստվածը) և Շիվինին (արևի աստվածը)[4]:
Ներկայացնելով Վանի քաղաքական պատմությունը՝ հարկ է նշել, որ վերջինս առաջին հարվածը ստանում է ասորեստանցիների կողմից, Ուրարտական պետության անկման շրջանում (մ.թ.ա. 7-6-րդ դդ.): Հզորագույն պետության մայրաքաղաքը, կորցնելով նախկին փառքը, դառնում է երկրորդական քաղաք:
Վանը կրկին զարգացում է ապրում հայ Արտաշեսյան թագավորության շրջանում՝ մասնավորապես Տիգրան 2-րդի օրոք (մ.թ.ա.95-55թթ.): Վերջինս հելլենիստական քաղաքներից բերված հրեա, հույն ու ասորի գերի արհեստավորներով ու առևտրականներով է բնակեցնում Վանը ՝ նպաստելով քաղաքի տնտեսական կյանքի, հատկապես առևտրի ու արհեստագործության զարգացմանը:
1-2-րդ դարերում Վանը շարունակում էր մնալ Հայաստանի խոշոր քաղաքներից մեկը: Արդեն արաբական տիրապետության շրջանում (8-9-րդ դդ.), ի թիվս այլ քաղաքների, Վանը ևս հետադիմում է՝ վերածվելով սովորական ֆեոդալական քաղաքի, որտեղ գերակշռողը ոչ թե քաղաքային, այլ գյուղատնտեսական զբաղմունքներն էին[5]: Վանը կրկին բուռն զարգացման ժամանակաշրջան է ապրում 9-11-րդ դարերում, Հայաստանում ֆեոդալիզմի զարգացման ժամանակաշրջանում: Դերենիկ Արծրունու (857-868թթ.) և նրա որդու Գագիկի 1-ին Արծրունու (908-943թթ.) օրոք, երբ վերստեղծվում են քաղաքի պարիսպները, ժայռերին փռված սանդուղքների միջոցով կապ է հաստատվում միջնաբերդի հետ, Վարագա լեռան բարձունքներից ջրատար է կառուցվում դեպի քաղաք[6]: Վանը, 10-11-րդ դարերում Վասպուրականի թագավորության մայրաքաղաքը լինելու, արհեստների, համապետական և նույնիսկ միջազգային նշանակության առևտրի և մշակութային կյանքի զարգացման շնորհիվ, դառնում է Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը:
13-րդ դարից սկսած քաղաքական անբարենպաստ պայմանները խիստ բացասական ազդեցություն են թողնում Վանի տնտեսական ու մշակութային կյանքի վրա, իսկ հետագա դարերի ընթացքում այն դառնում է կռվածաղիկ զանազան ցեղերի, Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև: Վանը տուժում է նաև պարբերաբար կրկնվող երկրաշարժերից: Աղբյուրները հաղորդում են քաղաքում և նրա շրջակայքում 1276, 1441, 1646, 1701, 1715 թվականներին տեղի ունեցած երկրաշարժերի ու դրանց պատճառած վնասների մասին: Առանձնապես կործանիչ է եղել 1648 թվականի երկրաշարժը, որի հետևանքով ավերվել են ամբողջական թաղամասեր, բազմաթիվ եկեղեցիներ ու մզկիթներ, տարբեր ժամանակների հուշարձաններ: Իսկ քաղաքի առևտրական շենքերը և փայտաշեն խանութները 1876 թվականին հրդեհի ճարակ են դարձել: Չնայած այս ամենին՝ Վանը 19-րդ դարում և մինչև 20-րդ դարի սկիզբ շարունակում էր հանդես գալ որպես հայկական մշակույթի նշանակալի կենտրոն: Այստեղ գործում էին տարբեր վարժարաններ, որոնցից ամենահայտնիները Փորթուգալյան կենտրոնական վարժարանը և Ս. Ղուկասյան ու Երեմյան կրթարաններն էին:
Վանի պատմության ամենահիշարժան էջերից է 1915 թվականի ինքնապաշտպանական, հերոսական մարտերը՝ ուղղված թուրքական բռնակալության դեմ: 20-րդ դարի սկզբին Վանն ուներ 5500 տուն, որոնցից 3000-ը` հայկական: Քաղաքը բաժանված էր երկու մասի, որոնցից մեկը պարսպապատ բուն քաղաքն էր՝ Քաղաքամեջը, իսկ մյուսը` դրանից արևելք գտնվող, ընդարձակ տարածության վրա փռված Այգեստանը:
Այսօր արդեն Վանի բերդի հարավային պարսիսպներից ցած նայելով՝ ականատեսն ենք վերը նշված երբեմնի ծաղկուն հայկական թաղամասի՝ Քաղաքամեջի ավերակների: Այստեղ հարկ է մեջբերել Վիկտոր Հյուգոյի հայտնի խոսքերը. ‹‹Այստեղով թուրքեր են անցել. չորս կողմը սուգ է ու ավեր››…
Վան քաղաքի կառուցվածքը
Վանի հատակագծային կառուցվածքը ևս ավանդական էր. այն նման էր միջնադարում կառուցված քաղաքների եռամաս ձևաչափին՝ բաղկացած միջնաբերդից, շահաստանից և արվարձաններից: Առաջինի դերը կատարում էր անառիկ (1300մ երկարությամբ, միջին մասում 150մ լայնությամբ և հարավային կողմում 80-100մ բարձրությամբ) մի ժայռազանգվածի վրա դեռևս Վանի թագավորության շրջանում կառուցված և բազմակի վերանորոգված ու ամրացված միջնաբերդը, որն ընդգրկում էր շուրջ 1,5 հեկտար օգտակար տարածք: Անկանոն ձևի ամբողջ պարագծով այն շրջապատված էր պարիսպներով: Հյուսիսային, համեմատաբար մատչելի կողմերից միջնաբերդը պաշտպանված էր արևելքից արևմուտք ձգված և շուրջ 1,5 մ երկարութուն ունեցող լրացուցիչ պարիսպներով:
Շահաստանը (բուն քաղաք) կամ ինչպես վանեցիներն էին անվանում` Քաղաքամեջը, բացառությամբ միջնաբերդի կողմի, շրջապատված էր պարիսպներով: 60-65 հեկտար տարածք ընդգրկող երկտակ պարիսպների ընդհանուր երկարությունը երկու կիլոմետրից ավելի էր, ընդ որում արևելյանն (Թավրիզյան) ուներ 360, հարավայինը՝ 750, իսկ բեկբեկուն արևմտյանը՝ շուրջ 1000 մետր երկարություն: Նրանցում բացվում էին 5 դարպասներ (երկուական՝ հարավային և արևմտյան, մեկը՝ արևելյան պարիսպերի մեջ): Վերջինիս միջոցով կապվում էին շահաստանից արևելք և հարավ-արևելք ընկած արվարձանների (այգեստանների) հետ, որոնք, հավանաբար, դեռևս միջնադարից համատարած ծածկված էին պտղատու այգիներով[7]: Կհանդիպենք նաև տեսակետի, ըստ որի` պարիսպներն ունեին չորս դուռ (դարպաս), որոնցից մեկը կոչվում էր Թավրիզի դուռ, մյուսը՝ Նոր կամ Սարայի դուռ, երրորդը՝ Միջին դուռ, իսկ չորրորդը՝ Նավահանգստի կամ Իսքելեի դուռ, որն էլ քաղաքը կապում էր Ավանցի հետ: Վերջինս, ինչպես վերևում նշվեց, 300 տուն ունեցող նավահանգիստ էր, որի բնակիչները հիմնականում նավարարներ էին: Այստեղ կար մոտ 100 ճերմակաթույր առագաստանավ, որոնցից ամեն մեկը կարող էր տեղափոխել 40-50 մարդ[8]: Քաղաքամեջի արևելյան կողմում, Թավրիզյան դարպասներին կից Հայկավանք թաղն էր, որը 1896 թվականի կոտորածների ժամանակ ավերակի վերածվեց և այլևս չվերականգնվեց: Թրքաբնակ Շամիրամ թաղը գտնվում էր Քաղաքամեջի հարավային կողմում, իսկ լիովին միայն հայերով էր բնակեցված Այգեստանը:
Արվարձաններն իրենց մեծությամբ գրեթե 12-15 անգամ գերազանցում էին Քաղաքամեջին: Վերջինս Այգեստանի հետ կապվում էր Թավրիզյան դարպասներից սկսվող և շուրջ 6 կմ երկարություն ունեցող մայրուղու՝ Սխգյայի Ջաղդայի (խճուղու) միջոցով, որը հատվում էր արևելքից արևմուտք ձգվող Խաչփողան կոչվող մեկ այլ մայրուղու հետ: Պտղատու այգիներով հարուստ Այգեստանը ոռոգվում էր թաղամասերով (Նորաշեն, Հանկույսներ, Արարք, Նորատունկներ և այլն) հոսող ջրանցքների, առուների, Հանկույսներ գետակի, ինչպես նաև լավ կազմակերպված քահրեզային համակարգի ջրերո[9]: Ֆրանսիացի դիվանագետ Պիեր Ժոբերը այսպես է արտահայտվում արվարձանների մասին. ‹‹Ոչինչ այնքան հաճելի չէ, որքան բազմաթիվ վտակներով ոռոգված և գեղեցիկ ծառերով հովանավորված այս մրգաստանների տեսքը››[10]:
Վանն անմասն չէր նաև պաշտպանական կառույցներից (պարիսպներ, խանդակներ, գաղտնուղիներ): Ու թեև իր պատմության 2500 տարիների ընթացքում Վանը ենթարկվել է վերակառուցումների, սակայն պաշտպանական համակարգի հետքերը դեռևս պահպանվել են: Պաշտպանական միջոցներով գլխավորապես ապահովվել է հյուսիսային՝ ներխուժման համար առավել մատչելի կողմը: Այդ մասին են վկայում հյուսիսային թեք լանջին առանձին հատվածներով պահպանված հնագույն պատերը կամ նրանց համար նախապատրաստված աստիճանաձև հարթեցումները: Քարաժայռի գագաթին, հյուսիսային կողմից արևելքից արևմուտք ուղղությամբ է ձգվում հզոր ու աշտարակավոր պարսպապատերի գիծը: Վանի քարաժայռի գագաթին այդ պարսպապատերը շարված են խոշորաչափ կանոնավոր ձևի քարերից, առանց շաղախի օգտագործման, այսինքն չոր շարվածքի տեխնիկայով: 3 մետր և ավելի հաստություն ունեցող պատերի արտաքին երկու կողմերի կանոնավոր շարվածքի միջև լիցք է կատարվել մանր քարերով:
Տուշպայի պաշտպանական համակարգի բաղկացուցիչ մասն է կազմել նաև Շամիրամի ջրանցքով սնվող խանդակը, որի մասին են վկայում միջնաբերդի հյուսիսային կողմում պահպանված հետքերը:
Դատելով ժայռափորում առկա ու դեպի ժայռազանգվածի խորքերն իջնող անցքերի առկայությունից՝ միջնաբերդը միևնույն ժամանակ ունեցել է դեպի դուրս տանող գաղտնուղիներ, որոնցից մեկը, հավանաբար, հասնում էր մինչև Թոփրակ-Քալե (Ռուսախինիլի)[11]:
Դարեր անց, Վանի բերդն այսօր էլ բոլորիս հիացնում է իր անառիկությամբ, իշխող դիրքով ու բարձունքից բացվող տեսարանի գեղեցկությամբ:
Վանը և շրջակայքը
Վանը և առհասարակ Վասպուրական աշխարհը, սկսած Վանի թագավորության ժամանակաշրջանից, առանձնացել է իր ճարտարապետական հուշարձաններով: Միայն Վան քաղաքում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հաշվվում էր 12 գործող եկեղեցի, որոնք տեղաբաշխված էին թե′ Քաղաքամեջում, թե′ Այգեստանում: Դրանք էին Սուրբ Տիրամայր եկեղեցին (14-րդ դար), Սուրբ Վարդան եկեղեցին (5-րդ դար), Սուրբ Պողոս և Սուրբ Պետրոս եկեղեցիները կամ, ինչպես վանեցիներն են անվանում, ‹‹Ժամը ժամի վրա››-ն (5-6-րդ դարեր), Սուրբ Նշան կամ Սուրբ Էջմիածին եկեղեցին, Սուրբ Սահակ և Սուրբ Ստեփանոս Նախավկայի հարակից եկեղեցիները, Փոքր Ծիրանավոր եկեղեցին, Սուրբ Սիոն եկեղեցին (10-րդ դարի կես), Հայկավանից Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Հայկավանքը (11-12-րդ դարեր), Արարքի Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Այրահարույցը (12-րդ դարի կես), Հանկույսների Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Այգեստանների փոքր եկեղեցին (10-րդ դար), Վերին Նորաշենի Սուրբ Աստվածածին կամ Մեծ Ծիրանավոր եկեղեցին (1830թ. կառուցվել է նախկինում գոյություն ունեցող մատուռի վրա), Ստորին Նորաշենի ‹‹Սուրբ Հակոբ առանց տաճարի եկեղեցին›› և Թուխ Մանուկ վկայարանը (13-17-րդ դար)[12]:
Ներկայացնել Վանը, և չխոսել վերջինիս և առհասարակ Հայկական լեռնաշխարհի հրաշքի՝ Վանա լճի մասին` ուղղակի անհնար է:
Վանա լիճը
Վանա լիճը գտնվում է Հայկական լեռնաշխարհի սրտում՝ Տուրուբերան և Վասպուրական աշխարհների միջև, ծովի մակերևույթից 1720 մ բարձրության վրա: Լճի մակերեսը 3760 քառակուսի կմ է: Լիճը սնվում է ստորերկրյա ջրերից, գետերից և տեղումներից: Անհոսք, աղի լիճ է, որտեղ բազմանում է միայն տառեխ ձուկը: Վանա լիճը հայկական աղբյուրներում կոչվել է ծով և տարբեր սկզբնաղբյուրներում հիշատակվել է տարբեր անուններով, ինչպես օրինակ՝ ‹‹Նաիրի երկրի ծով››, ‹‹Տոսպա ծով››, ‹‹Բզնունյաց ծով››, ‹‹Ռշտունյաց ծով››, ‹‹Արծրունյաց ծով››, ‹‹Վասպուրականի ծով››, ‹‹Արճեշի ծով››, ‹‹Աղթամարի ծով››:
Վանա լճի ափամերձ շրջանում գտնվող նշանավոր բնակավայրերից հայտնի է եղել ոչ միայն Վանը, այլև Արճեշը, Խլաթ Բաղեշը, Ոստանը և այլն: Լճի մակարդակը պարբերաբար տատանվում է: Հայտնի է, որ 1838-1840 թվականներին լճի մակարդակը բարձրացել է 3-4 մետրով: Դրա հետևանքով ջրի տակ են մնացել հին Արճեշ քաղաքն ու նաև երեք կղզի:
Վանա լիճն այժմ ունի չորս կղզի՝ Աղթամար, Լիմ, Կտուց և Առտեր, որոնք բոլորն էլ ժամանակին պատմական և մշակութային հարուստ անցյալ ունեցող կենտրոններ են եղել: Ամենափոքրն Աղթամարից ոչ հեռու, դեպի արևմուտք ուղղությամբ գտնվող Առտերն է: Այստեղ է գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Ավելի նշանավոր են Լիմը և Կտուցը, որոնք գտնվում են լճի հյուսիսարևելյան կողմում: Ամենամեծը Լիմն է, որտեղ 14-րդ դարից հիշատակվում են Սուրբ Գևորգ, Սուրբ Կարապետ, Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Կտուց կղզին գտնվում է Վան քաղաքից մոտ 19 կմ հյուսիս-արևմուտք: Անունն առաջացել է նրա դիրքից: Վերջինս լճի մեջ մխրճված, կտուց հիշեցնող նույնանուն հրվանդանի մի մասն է, որը լճի մակարդակի բարձրանալու պատճառով վերածվել է կղզու: Միջնադարում այստեղ կառուցվել են Սուրբ Խաչ, Սուրբ Կարապետ եկեղեցիները: Աղթամար կղզին գտնվում է Վանա լճի հարավ-արևմուտքում. այստեղ է խոյանում հայկական ճարտարապետության թերևս ամենահայտնի, ամենաշքեղ կառույցներից մեկը Սուրբ Խաչ եկեղեցին:
Աննկարագրելի են լճի ափերը երիզող լեռնաշղթաներն ու լեռները: Հարավում Կորդվաց լեռներն են, որի գեղեցիկ գագաթներից է Արտոսը, հյուսիսում ՝ Սիփանը, արևմուտքում՝ Նեմրութը, իսկ արևելքում Վասպուրականի երկգագաթ Վարագը [13]: Այն մի նեղ ձորակով բաժանվում է արևելյանի՝ վերին գագաթ և արևմտյանի՝ ներքին գագաթի (դեպի Վան քաղաքի կողմը): Վերջինիս ստորոտում են գտնվում համանուն Վարագավանքի մնացորդները:
Վարագավանք
Եկեղեցին թեև անմիջապես Վան քաղաքում չի գտնվում, բայց կրելով դարերի հետքը` վերջինիս անբաժանելի ու հատկանշական ճարտարապետական կառույցներից է համարվում: Վարագավանք անունով գոյություն ունեին երկու վանքեր՝ Վերին (անվանումը ստացել է տեղանքի բարձր դիրքի պատճառով, ավերված է և գտնվում է Ներքին Վարագավանքից հյուսիս-արևելք) և Ներքին: Վերջինս հանդիպում է նաև ‹‹Վարագավանք››, ‹‹Վարագա Սուրբ Նշանի վանք››, ‹‹Յեդի Քիլիսե›› (թրք. ‹‹Yedi Kilise››` Յոթ եկեղեցի,) ‹‹Վարագա Սուրբ Խաչի վանք››, ‹‹Ներքին կամ Ստորին Վարագավանք›› անուններով:
Վարագավանքը հիմնադրվել է 981 թվականին, Գագիկ թագավորի դստեր՝ Խուշուշի կողմից: Այստեղ, ավանդության համաձայն, պահվում էին սուրբ Խաչի մասունքները: Վանական համալիրն աչքի է ընկել ճարտարապետական հրաշալի լուծումներով ու պատերի գեղեցիկ որմնանկարներով:[14] Վանքի հիմնադրման վերաբերյալ մեկ այլ ավանդապատման համաձայն` վանքի հիմնադրումը վերագրվում է Գրիգոր Լուսավորչին, որի մասին են փաստում տեղում գտնված սեպագիր և հունատառ արձանագրությունները: Վանքի հիմնադրման մասին մյուս տեղեկությունը առնչվում է Հռիփսիմյան կույսերին, որոնք այստեղ են բերել Քրիստոսի խաչափայտի նշխարներից ու հիմնադրել են Վարագավանքը [15]:
Ներքին Վարագավանքի համալիրը բաղկացած էր երկու շարքով տեղադրված եկեղեցական 7 շենքերից: Արևելյան շարքում հյուսիսից հարավ միմյանց հաջորդում են Սուրբ Նշան, Սուրբ Աստվածածին, Սուրբ Հովհաննես և Սուրբ Սոֆիա եկեղեցիները, իսկ արևմտյան շարքում՝ Սուրբ Խաչը, Սուրբ Գևորգը և Սուրբ Սիոնը, ընդ որում, սրանք ավելի շուտ ժամատներ էին, քան եկեղեցիներ: Վերին Վարագավանքն` ավերված վիճակում, գտնվում է Ներքին Վարագավանքից հյուսիս-արևելք:
Վարագավանքի ծաղկման ժամանակաշրջանը եղել է Խրիմյան Հայրիկի օրոք (1820 –1907թթ.), երբ վերջինս 1856 թվականին ստանձնել է վանքի վանահայրությունը: Վերջինս շենացրել է վանքը. հիմանդրվել են առաջնորդարան, դպրոց, ուսումնարան, տպարան և այլ կառույցներ[16]: Այսպիսով՝ Վարագավանքը կազմված է եղել մի բակի շուրջ խմբավորված եկեղեցական համալիրից, հյուսիսարևելյան ‹‹Եդեմ›› կոչված հանգստարանից, վանական խցերից, ժառանգավորաց, ծխական դպրոցներից, եպիսկոպոսարանից և այլ օժանդակ սենյակներից: Վանքի գլխավոր մուտքը գտնվել է համալիրի հարավ-արևմտյան կողմում: Մուտքին կից եղել են վանական գոմն ու փարախը:
Վարագավանքը մեծապես տուժել է 1915 թ. Հայոց ցեղասպանության ընթացքում կատարված ավերածություններից, որի հետևանքով վանական համալիրի 7 շինություններից պահպանվել է միայն մի փոքր մասը, որն էլ ներկայում օգտագործվում է որպես շտեմարան և գոմ[17]: Պատմական կարևոր արժեք հանդիսացող Վարագավանքը պահպանության տակ չի առնվել, որի պատճառով վանքի կանգուն մնացած հատվածներն էլ են ավերման վտանգի տակ գտնվում։ Այս մասին հաղորդում է «Վան Փոսթասը» (‹‹Van Postası››) թերթը՝ գրելով. ‹‹Ժամանակի ընթացքում քանդված պատմական եկեղեցու գմբեթը 2011 թ․ երկրաշարժի պատճառով էր ավիրվել››[18]:
Աղթամար
Աղթամար կղզին գտնվում է Վանա լճի հարավ-արևմուտքում: Այն ամենանշանավոր հոգևոր ու մշակութային, գրչության կենտրոններից մեկն է եղել: Մովսես Խորենացին տեղեկացնում է, որ 4-րդ դարում կղզին, իր ամրոցով հանդերձ, Ռշտունյաց տոհմի սեփականությունն էր: Սակայն Աղթամարի իրական ծաղկման շրջանը համընկել է Արծրունյաց թագավորության հիմնադրման և Գագիկ 1-ին Արծրունու գործունեության հետ: Վերջինս, 10-րդ դարում ցամաքից հսկա ժայռաբեկորներ տեղափոխելով, մեծացնում, պարսպապատում է կղզին՝ դարձնելով այն Վասպուրականի Արծրունյաց թագավորության մայրաքաղաք: Արքայանիստ կղզում գտնվում էր արքայական պալատը, Սուրբ Խաչ եկեղեցին, զինանոցներ և այլ շինություններ:
Կղզին ունեցել է հատուկ նավահանգիստ, զբոսատեղիներ, փողոցներ ու ծառուղիներ: Վանա լճի բարձրացման հետևանքով պարիսպն ու նավահանգիստն այսօր ջրածածկ են[19]: Ներկայում, որպես թագավորական փառքի և ճարտարապետական հանճարի վկա, մնացել է միայն Սուրբ Խաչ եկեղեցին, որը ժամանակին աթոռանիստ Աղթամարի ճոխությանը համապատասխանող հոգևոր կենտրոն էր: Կաթողիկոս և պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին (898-929թթ.) 927 թվականին գալիս է Վասպուրական, դրանով իսկ կաթողիկոսական աթոռն էլ Դվինից տեղափոխվում է Աղթամար՝ խորհրդանշելով Վասպուրականի թագավորության հզոր ու անկախ դիրքը[20]:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921 թվականներին ՝ Գագիկ Արծրունու հովանավորությամբ և ժամանակի տաղանդավոր ճարտարապետ ու քանդակագործ Մանվելի (Մանուել) կողմից: Եկեղեցին` հատակագծային և ծավալատարածական հորինվածքով, դասվում է կենտրոնագմբեթ, խաչաձև հիմքով եկեղեցիների շարքին, այլ կերպ կոչվում է նաև ‹‹հռիփսիմեատիպ››: Սուրբ Խաչ եկեղեցին հայկական ճարտարապետության մեջ սկզբունքորեն նոր երևույթ էր համարվում՝ շնորհիվ բոլոր պատերին տեղ գտած բազմաթիվ ու բազմաբովանդակ բարձրաքանդակների: Դրանք զարդարում են եկեղեցու բոլոր պատերը և խմբավորված են ըստ բովանդակության՝ կրոնական (Հին և Նոր Կտակարանի), աշխարհիկ, պատմական, դիցաբանական և այլն[21]: Հարթաքանդակները եկեղեցին բոլորում են հինգ հիմնական գոտիներով: Առաջին գոտին տեղակայված է եկեղեցու ստորին հատվածում, ունի մոտ 2 մ բարձրություն և ներկայացնում է թեմատիկ հարթաքանդակներ: Երկրորդ գոտին բաղկացած է կենդանագլուխներից: Երրորդը որթագալարի գոտին է, որտեղ ևս հանդիպում են սյուժետային տեսարաններ: Որթագալարից վեր ներկայացված են չորս ավետարանիչների մեծադիր ֆիգուրները (գրքով, օրհնող աջով): Չորրորդ գոտին ներկայացնում է դեմք-դիմակներ, զինանշաններ և տոհմանշաններ: Հինգերորդ գոտին թմբուկի քիվի վրա տեղակայված կենդանավազքի գոտին է:
Եկեղեցին նվիրված է Սուրբ Խաչին, Աստծո և քրիստոնեության փառաբանմանը, հավատի մեծարմանը, ու կառուցված է Գագիկ արքայի հոգու փրկության համար: Համաքրիստոնեական պատկերացումներով այն խորհրդանշում է Դրախտը, ուր իրենց արժանի տեղն են գտել Հին և Նոր Կտակարանի հերոսները, նաև Գագիկ արքան և իր ժողովուրդը[22]:
Ներսում, բոլոր պատերին՝ ներառյալ գմբեթը, տեղ են գտել գծանկարի վարպետությամբ ու գույների ներդաշնակությամբ իրականացված որմնանկարները: Դրանցից հատկանշական է հատկապես ավագ խորանի պատին ամփոփված որմնանկարը, որում պատկերված են սպիտակ ավանակին նստած Երուսաղեմ մտնող Քրիստոսն ու իրեն դիմավորողները[23]:
Եկեղեցին վերանորոգվել է 2007 թվականին՝ թուրքական իշխանությունների կողմից՝ իբրև ‹‹հոգատարություն›› հայկական մշակույթի նկատմամբ, իսկ 2010 թվականին տեղադրվել է Սուրբ Խաչ եկեղեցու խաչը[24]: Այսպիսով՝ Արևմտյան Հայաստանում միակ կանգուն և պահպանված հուշարձանը, որը չի կորցրել իր բովանդակային նշանակությունը հենց Սուրբ Խաչ եկեղեցին է:
Սուրբ Խաչ եկեղեցին, շնորհիվ իր որմնանկարների և բարձրաքանդակների, ճարտարապետական նմանը չունեցող լուծումների՝ համարվում է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային ճարտարապետության գլուխգործոց:
Վան քաղաքը, կրելով հազարամյակների հետքը, ունենալով և′ փառքի, և′ պատմության ցավալի էջերի դրոշմը, հնարավորություն է տալիս պատկերացում կազմել թե′ քաղաքի, թե′ Վասպուրական աշխարհի պատմության, ճարտարապետության, մշակույթի և թե′ առհասարակ Հայոց աշխարհի մասին:
[1] Հակոբյան Թ. Խ., Պատմական Հայաստանի քաղաքները, Երևան 1987թ., էջ 232:
[2] Մովսիսյան Ա. Ե., Արևմտյան Հայստանի 10 ուխտավայրեր, Երևան 2011թ., էջ 53:
[3] Հակոբյան Թ. Խ., նշվ.աշխ., էջ 232-234:
[4] Մովսիսյան Ա. Ե., նշվ.աշխ., էջ 55:
[5] Հակոբյան Թ. Խ., նշվ.աշխ., էջ 235:
[6] Հարությունյան Վ. Մ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան 1992թ., էջ 193:
[7] Հարությունյան Վ. Մ., նշվ. աշխ., էջ 193:
[8] Վարդանյան Ս., ‹‹Վանը միջնադարից մինչև XX դարի սկիզբը››, Պատմա-բանասիրական հանդես N3, 2010 թ., էջ 28:
[9] Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 11, Երևան 1985թ., էջ 262:
[10] Վարդանյան Ս., Հայաստանի մայրաքաղաքները, Երևան 1995թ., էջ 33:
[11] Հարությունյան Վ. Մ., նշվ. աշխ., էջ 25:
[12] Քերթմենջյան Դ., Վան քաղաքի պատմաճարտարապետական ժառանգությունը, Էջմիածին ամսագիր, N է, 2012թ., էջ 19-25:
[13] Մաթևոսյան Կ., Աղթամարի պատմամշակութային ժառանգությունը, Սբ. Էջմիածին, 2013թ., էջ 5-15:
[14] Հովհաննիսյան Ա., Թուրքիա. Մշակութային ցեղասպանություն, Երևան, 2005, էջ 14-15:
[15] Քերթմենջյան Դ., նշվ. աշխ., էջ 32-33:
[16] Հարությունյան Վ. Մ., նշվ. աշխ., էջ 225:
[17] Հովհաննիսյան Ա., նշվ. աշխ., էջ 15:
[18] https://www.vanpostasigazetesi.com/van/van-yedi-kilise-manastiri-yikilmakla-yuz-yuze-h84570.html
[19] Մովսիսյան Ա. Ե., նշվ.աշխ., էջ 64:
[20] Վարդանյան Վ. Մ., Վասպուրականի Արծրունյաց թագավորությունը, Երևան, 1969թ., էջ 102:
[21] Հարությունյան Վ. Մ., նշվ. աշխ., էջ 222:
[22] Մաթևոսյան Կ., նշվ. աշխ., էջ 52-53:
[23] Հարությունյան Վ. Մ., նշվ. աշխ., էջ 222-223:
[24] Հասրաթյան Մ., Հայկական ճարտարապետական հուշարձանների ավերումը թուրքերի կողմից (XI–XX դդ.), Պատմա-բանասիրական հանդես N 2, 2015թ., էջ 10:
Akunq.net