Երեւանն ու Վաշինգտոնը չեն շտապում. ի՞նչ է ուզում Բաքուն

02.05.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Երբ հյուրընկալող կողմից կլինի համապատասխան հրավեր եւ ժամկետների հստակեցում, այդ ժամանակ էլ Երեւանը կարձագանքի, հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով նախօրեին Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, որ Նահանգները պատրաստ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին՝ հանդիպման համար, եւ քննարկվում է դրա հնարավորությունը:

Վաշինգտոնի առաջարկի մասին առաջին անգամ հայտարարեց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը: Դա տեղի ունեցավ ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարարի եւ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հանդիպումից մեկ-երկու օր անց: Երեւանը մի քանի օր անց արձագանքեց, որ Հայաստանն այդպիսի հանդիպումների մասին խոսում է միայն դրանց հստակ լինելու պարագայում:

Նախօրեին ամերիկյան հնարավոր նախաձեռնության մասին խոսել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը, եւ ահա Երեւանը դարձյալ արձագանքում է ու ակնարկում, որ չկա որեւէ հստակություն:

Պարզ չէ սակայն, Վաշինգտոնը Երեւանի հետ այդ թեմայով ընդհանրապես խոսե՞լ է, թե՞ խոսում է միայն Բաքվի հետ:

Երեւանը հայտարարում է, որ չկա հստակ առաջարկ եւ պայմանավորվածություն: Խոսքը զուտ առաջարկի՞, թե՞ քննարկման բովանդակության մասին է, որը չի գոհացնում Երեւանին եւ այդ իսկ պատճառով չկա համաձայնություն, ի տարբերություն, ասենք, Բաքվի:

Թե Բաքուն է համառորեն փորձում աշխուժացնել Վաշինգտոնին, հաշվարկելով բոլորովին այլ խնդիրներ ու միջավայր, մասնավորապես Վենեսուելայի իրադարձությունները, որոնք այս օրերին մտել են չափազանց թեժ փուլ: ԱՄՆ նախագահ Թրամփը ազդարարել է գալիք շաբաթ առավել նոր զարգացումներ: Դա նշանակում է, որ լարումը տարածվելու է ռուս-ամերիկյան հարաբերության վրա: Արդյոք Ադրբեջանը հույս ունի օգտվել դրանից եւ որոշակիորեն «խարխլել» կոնսենսուսը, որ Ռուսաստանն ու ԱՄՆ ունեն Արցախի ստատուս-քվոյի հարցում եւ որի մասին շաբաթներ առաջ Երեւանում դե ֆակտո հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Կարասինը:

Չի բացառվում, որ Մոսկվայից հետո Բաքուն հենց դրա համար է շտապում Վաշինգտոն: Իսկ Երեւանն առայժմ չի շտապում եւ, հաշվի առնելով նաեւ այն, որ Բաքվի առաջարկը բացի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանից, Վաշինգտոնն ավելի բարձր մակարդակով մինչ այժմ չի հաստատել, դեռեւս չի շտապում նաեւ ԱՄՆ-ն:

lragir.am/2019/05/02/439959/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail