
04 ՄԱՅԻՍ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:
ԱՄՆ բանակի հայազգի գեներալ Ջեֆրի Հարիգյանը նշանակվել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարության ղեկավարի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է Stars&Stripes կայքը, երդման պաշտոնական արարողությունը մայիսի 1-ին տեղի է ունեցել Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում: Մինչ նոր նշանակումը հայազգի գեներալը զբաղեցրել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարության փոխղեկավարի պաշտոնը, իսկ դրանից առաջ ղեկավարել է ԱՄՆ ռազմաօդային կենտրոնական հրամանատարության գործողությունները Մերձավոր Արևելքում:
«Վստահ եմ, որ իմ նախորդ փորձն Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում օգտակար կլինի նոր պաշտոնում», – ասել է Հարիգյանը երդմնակալության արարողությունից հետո:
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարի թեկնածությունն առաջարկում է անձամբ նախագահը, որից հետո այն վերանայման արդյունքում հաստատում է ԱՄՆ Կոնգրեսի սենատը:
Բացի այդ, Հարիգյանը պատասխանատու է լինելու ՆԱՏՕ-ի 29 դաշնակից երկրներում օդային պաշտպանության համար, քանի որ ստանձնել է նաև Հյուսիսատլանտյան դաշինքի Միավորված օդային հրամանատարության ղեկավարությունը, ինչպես նշվում է ՆԱՏՕ-ի կայքում:
tert.am/am/news/2019/05/04/Armenian-general/2990884?





