Խտրականութիւն Հայոց Լեզուի Նկատմամբ – ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ

05 ՄԱՅԻՍ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:

ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ

Արդէն քանի անգամ է երթեւեկում եմ «Aerofloat» աւիաուղիներով Մոսկուայից Երեւան եւ Երեւանից Մոսկուա չուերթով, եւ ամէն անգամ ստիպուած եմ լինում դիտողութիւն անել օդանաւի անձնակազմին՝ ուղեկցորդուհիներին կամ օդաչուներին: Հարցը կայանում է նրանում, որ օդանաւում յայտարարութիւններ տրւում են ռուսերէնով եւ անգլերէնով: Երբ ես ուղեկցորդուհուն հարցնում եմ, թէ ձեր կարծիքով հայերն անգլիախօ՞ս են, նրանք պատասխանում են, որ ոչ, իհարկէ: Իսկ հարցիս, թէ ինչո՛ւ էք այդ դէպքում անգլերէնով հաղորդում, պատասխանում է, թէ կարող են օտարերկրեայ ուղեւորներ լինեն: Բայց քանի՞ օտարերկրացի կարող է լինել 300 տեղանոց օդանաւում հարցիս դժուարանում են պատասխանել: Իսկ ես աւելացնում եմ, որ 300 ուղեւորից կարող է երեք հոգի լինեն օտարերկրացի, իսկ մնացածը հայեր են եւ դուք պարտաւոր էք հայերէն յայտարարութիւններ անել, որովհետեւ ուղեւորները կարող է չհասկանան ոչ ռուսերէն, ոչ էլ անգլերէն յայտարարութիւնները: Եւ եթէ Աստուած ոչ անի արտակարգ դրութիւն ստեղծուի, հայ ուղեւորը կարող է չպատկերացնի իր գործողութիւնները, որ անհրաժեշտ է կիրառել:

Տարբեր ուղերթների ժամանակ օդանաւերի անձնակազմերի մարդիկ ուղակի քաղաքավարական պատասխաններ են տուել.

– Շատ շնորհակալ ենք դիտողութեան համար…

– Մենք անպայման կը հաղորդենք ղեկավարութեանը ձեր դիտողութիւնները…

– Այս անգամ մոռացանք հայերէն ձայնագրութիւնը վերցնել…

Եւ այլ պատասխաններ…

Ես պնդեցի, որ բոլոր դէպքերում այն օդանաւերը, որոնք չուերթ են կատարում մէկ երկրից դէպի մի այլ երկիր, անպայման յայտարարութիւնները կրկնում են տուեալ երկրի լեզուով, որպէսզի բոլորը հասկանան: Սա առաջին հերթին ուղեւորների անվտանգութեան խնդիրն է, իսկ տուեալ դէպքում, հայերէնով չհաղորդելը կարող է դիտարկուել խտրականութիւն հայոց լեզուի եւ հայ ազգի նկատմամբ:

Վերջին չուերթի ժամանակ՝ մօտ երկու շաբաթ առաջ, ես պահանջեցի, որ մօտենայ հրամանատարը, սակայն մօտեցաւ խմբի ղեկավարը եւ մօտ 30 րոպէ, իմ նստատեղի մօտ կքանստած հաճելի տիկնոջ հետ շատ յարգալից, իր կողմից պատրաստակամ զրոյց անցկացրեցինք բոլոր հարցերի վերաբերեալ՝ այդ թւում նաեւ մատուցուող սնունդի եւ սպասարկման որակի առումով:

Բազմաթիւ անգամ այդ աւիաուղիներով չուերթ իրականացրած բազմաթիւ ծանօթներ միշտ դժգոհում են «Aerofloat»ում մատուցուող սնունդից: Այս խնդիրն առաւել ուշադրութեան կենտրոնում պահեցի, աւելացնելով, որ յաճախ հայ ուղեւորները գերադասում են ուրիշ աւիաուղիներով թռչել, չնայած աւելի երկար ժամանակ են ծախսում, որովհետեւ այնտեղ սնունդն աւելի բարձր որակի է, սպասարկման որակը նոյնպէս տարբերւում է եւ այլ հարցեր:

Խմբի ղեկավար տիկինը ինձ տուեց մի հարցաթերթիկ, որտեղ ես նշեցի բոլոր թերութիւնները, որոնք իմ եւ իմ ծանօթների տեսանկիւնից հարկաւոր է բարելաւել:

Արդէն օդանաւի վայրէջքից յետոյ անձնակազմի անդամներն իմ նկատմամբ շեշտադրուած ուշադրութեամբ եւ յարգանքով շնորհակալութիւն յայտնեցին ու բարի ճանապարհ մաղթեցին: Ինքս էլ՝ փոխադարձաբար բարի թռիչք ու անխափան փափուկ վայրէջք մաղթեցի անձնակազմի անդամներին:

Թռիչքի աւարտից մօտ 10 օր անց, իմ e_mail հասցէին «Aerofloat»ի ՓԲԸ արտադրանքի որակի կառավարման բաժնից Ելենա Կարպովան նամակ է գրել, որտեղ շնորհակալութիւն է յայտնում իմ դիտողութիւնների համար, խոստանալով, որ անպայման դրանք հաշուի կ՛առնուեն, որ իրենք մտածում են ամէն մի ուղեւորի մասին, որ մտածում են սպասարկման որակն էլ աւելի բարելաւեն, որ ուղեւորները հաճոյքով ընտրեն «Aerofloat»ի ուղերթները տարբեր ուղղութիւններով, որպէսզի հայ ուղեւորներն աւելի անկաշկանդ զգան իրենց ուղեւորութիւնների ժամանակ ու աւելի վստահ լինեն «Aero-float»ով թռիչքների ժամանակ: Յատուկ շեշտում է նաեւ, որ յայտարարութիւնների մասով տեղեակ են պահել պատասխանատու բաժանմունքին եւ դա չի անտեսուի:

Խօսքս ցանկանում եմ ուղղել նաեւ ՀՀն աւիաուղիների ղեկավարներին, որպէսզի նրանք էլ հետեւողական լինեն օտարերկրեայ թռիչքներ իրականացնող աւիաուղիների նկատմամբ, որպէսզի այդ օդանաւերում հնչեն հայերէնով յայտարարութիւններ, որպէսզի հայ ուղեւորներն աւելի լաւ հասկանան անվտանգութեան կանոնները եւ պատրաստ լինեն արտակարգ իրավիճակներին: Դա նաեւ հայոց լեզուի նկատմամբ պատշաճ ուշադրութեան դրսեւորում է, որի պահպանման համար պայքարում են բոլոր հայկական գաղթօջախներում:

Պետական արժանավայել հոգածութիւն է հարկաւոր դրսեւորել հայոց լեզուի նկատմամբ:

ՎԱՀԷ ՄԵՍՐՈՊԵԱՆ՝ Լրագրողների միջազգային միութեան անդամ

asbarez.com/arm/344669/Խտրականութիւն-Հայոց-Լեզուի-Նկատմամբ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail