Ոսկեպար․ 6 մայիսի, 1991թ․ հայ-ռուս/խորհրդային/ադրբեջանական հարաբերությունների անցյալից

06 ՄԱՅԻՍ 2019 – Հատված ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքից – ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ:

1991-ին Տեր-Պետրոսյանի այցը Մոսկվա եւ բանակցությունները Գորբաչովի ու Մութալիբովի հետ չեն կանխում հայերի արտաքսումն իրենց բնակավայրերից: Խորհրդային զորքերը պատժիչ գործողություններ են իրականացնում նաև Հայաստանի հյուսիսում: Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերն արդեն մեկ շաբաթ շրջափակված Ոսկեպար գյուղում սպանվում են 18 հայեր, հիմնականում՝ ոստիկանության աշխատակիցներ, մի քանիսը` գերվում, վիրավորվածներից երեքը մահանում են Գյանջայի բանտում:

1991թ. մայիսին Մոսկվայի Մանեժյան հրապարակում ՌՍՖՍՀ պատգամավոր Անատոլի Շաբադը, ով մի քանի օր առաջ եղել էր Ոսկեպարում եւ եղեռնագործության ականատեսը դարձել, ասել է, որ կատարվածը ՙկենտրոնի եւ ադրբեջանական կառավարության՚ նախօրոք ծրագրած գործողություն էր, խորհրդային զորքերն իրականացրել են ՙահաբեկչություն, սպանել եւ զինաթափել օրինական ոստիկանությանը՚:

Խորհրդային դեսանտայինները Ոսկեպարի կամավորական խմբավորումներին զինաթափելու պատրվակով շրջափակում են գյուղը: Ոստիկանության նախկին աշխատակից Գեորգի Քոչարյանը գերվել եւ Գյանջայի բանտում պահվել է 101 օր: Նոյեմբերյանի ոստիկանության անձնակազմը` 18 մարդ, ևս6-ը` քաղաքացիական անձինք, մեկնում էին հերթափոխի: Շրջափակված Ոսկեպար հնարավոր էր մտնել միայն շրջանցիկ լեռնային ճանապարհով: Խորհրդային զորքերը դարանակալել էին, հերթափոխն ընկնում է շրջափակման մեջ: Ուժերն անհավասար էին, դեսանտայիններն անմիջապես անցնում են գրոհի: Այդ 15-20 րոպեն, ասում է Քոչարյանը, նրանց հիշողության մեջ, ովքեր վիրավորվեցին եւ գերվեցին, մնացել է որպես մղձավանջ: Խորհրդային ուժերը միլիցիայի անձնակազմի մեծ մասին սպանելուց հետո ողջերին ու վիրավորներին հանձնում են ադրբեջանական ՕՄՕՆ-ին` վստահ գիտակցելով, թե ինչ ճակատագիր է նրանց սպասվում:

ՙՏղաներից Արմենն էլ էր վիրավոր, նա մահացավ իմ ձեռքերի վրա` Ղազախի ճանապարհին: Մենք ուսանողական ընկերներ էինք: Ես նրան մեքենայի մեջ պահում էի, որ չընկնի հատակին: Մեզ` ողջ մնացածներիս եւ վիրավորներիս, տեղափոխեցին Ղազախի, ապա Գյանջայի բանտ: Երեք ամիս շարունակ ամենօրյա ծեծ էր եւ տանջանք: Միայն վերջին օրերին, երբ արդեն լուծված էր փոխանակման հարցը, վերաբերմունքը փոխվեց՚,- հիշում է Քոչարյանը:

Հատված ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքից

aniarc.am/2019/05/06/voskepar-1991-may-6-armenia-russia-ussr/?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail