Որքան Եվրոպան հզորանա, այնքան լավ. Եվրախորհրդարանի պատգամավորի հայ թեկնածու

03.05.2019 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:

Մեր զրուցակիցն Իսե լե Մուլինիոյի փոխքաղաքապետ, Եվրոխորհրդարանի ընտրություններին  U.D.I  Ֆրանսիայի կենտրոնամետ աջակողմյան կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արթուր Խանջյանը

Պարոն Խանջյան, առաջիկայում Եվրախորհրդարանի ընտրություններ են։ Ընտրություններն ինչո՞վ են առանձնանում այս անգամ։ Դուք միա՞կ հայ թեկնածու եք։

Աշխարհը փոխվել է, և այսօր Եվրոպան ներկայացնում է աշխարհի վերաբերյալ ամենազորավոր տնտեսական հաստատությունը։ Եվրոպան այսօր գլխավոր դերն է խաղում աշխարհում տնտեսական գետնի վրա և փորձում է նաև քաղաքական ազդեցություն ունենալ։ Եվ այսօր Եվրոպայի մաս կազմող երկրների վրա շատ լավ անդրադարձել է ԵՄ մաս կազմելը, և փոխարենը նրանք, որոնք մաս չեն կազմել, շատ մեծ վնաս են կրել։ Բերենք Անգլիայի օրինակը։ Անգլիան որոշեց դուրս գալ ԵՄ-ից, բայց հիմա արդեն հասկացել են, որ սխալ են, տուժել են, երբ դուրս են մնացել ԵՄ-ից։ Այս առումով քաղաքական ուժերը պետք է միշտ խորհուրդ և ուղղության տան ժողովուրդներին և ոչ թե խաբեն։ Աշխարհը անընդհատ փոխվում է, և տագնապն ամենուր է, իսկ որքան Եվրոպան հզորանա, այնքան լավ։ Պատահական չէ, որ մարդու իրավունքների, ազատության, խաղաղության արժեքներին դավանելը պատճառ հանդիսացավ, որ 70 տարի է՝ ԵՄ տարածքում պատերազմ չկա, թեև երկու համաշխարհային պատերազմները Եվրոպայում սկսվեցին և ավարտվեցին Եվրոպայում։

Ինչ վերաբերում է հարցի այն հատվածին, թե արդյոք թեկնածուների մեջ հայեր կան, թե ոչ, պետք է ասեմ, որ թեև շատ դժվար է, Ֆրանսիան ԵԽ-ում ընդամենը 79  անդամի իրավունք ունի, բայց այսօր բախտն ինձ ժպտաց, և եթե չեմ սխալվում, ես միակ հայն եմ այս ամբողջ ցանկում։

Ի՞նչ նկատի ունեք դժվար ասելով։

Տեղերը շատ քիչ են, սահմանափակ են։ Ֆրանսիացիներն իրենք իրենց վստահելի, հավատարիմ, կարող անձանց են տեղ տալիս։ Կուսակցությունների ցուցակներում հայտնվել են տվյալ կուսակցությունները ներկայացնող ամենակարող անձինք։ Այո, կան հայեր, որ քաղաքականության մեջ կան, բայց, դժբախտաբար, նրանք այն աստիճան բարձր մակարդակների չեն հասել, որ կարողանան ընդգրկվել ընտրական ցուցակներում։

Ընտրվելու դեպքում ի՞նչ հարցեր կբարձրացնեք։

Ես հավատարիմ կմնամ իմ արմատներին, հավատարիմ կմնամ կուսակցությանս՝ U.D.I  Ֆրանսիայի կենտրոնամետ աջակողմյան կուսակցությանը։ Իմ կուսակցության ուղեգիծը հարգելով՝ նույն կերպ հավատարիմ կմնամ իմ հայ արմատներին և ամեն ջանք կթափեմ այս նոր ատյանի մեջ պաշտպանելու իրավունքները, ֆրանսիական մեր շահերը, ինչպես նաև Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը, ինչպես արդեն քանի տարի է այս ուղղությամբ կաշխատեմ ներկա՝ Իսե լե Մուլինիոյի փոխքաղաքապետի պաշտոնում։ Եվ այս աշխատանքների արդյունքներն են, որ իմ կուսակցությունը արժանի գտավ իմ թեկնածությունն առաջադրելու։ Ուզում եմ ասել, որ կաշխատեմ երեք հարցերի ուղղությամբ՝ Ցեղասպանության, Հայաստանը  հզորացնելու և Ղարաբաղի անվտանգության ապահովման։

Եվրոպայում միգրանտների թեման այս ընտրարշավում ի՞նչ նշանակություն է ունեցել։

Աջերը և ծայրահեղ աջերը պնդում են, որ միգրանտներ չպետք է լինեն, դա այս ընտրություններում նրանց առանցքային մոտեցումներից մեկն է։ Իսկ դիպլոմատիկ աջերը ևս փորձում են նույնը ասել, որ կարողանան ծայրահեղ աջերի ձայները ստանալ։ Այդուհանդերձ, ես չեմ կարծում, որ այս ընտրություններում միգրանտների հարցն ամենակարևոր տեղերից մեկը գրավի։ Ամենակարևոր խնդիրը Ֆրանսիայում տիրող մթնոլորտն է, կյանքի դժվարությունները։ Մարդիկ դժգոհ են սոցիալական պայմաններից և առաջին բողոքն ուղղում են նախագահին, իսկ եթե դա արդյունք չտա, դեմ են լինելու նաև Եվրոպային։ Ֆրանսիացիների աչքում Եվրոպան իրենց կյանքը դժվարացնող գործոն է։ Ծայրահեղները Եվրոպական կառույցները ներկայացնում են իբրև հանցագործ և ֆրանսիացիներին համոզում են, որ իրենց կյանքը դժվարացնողը հենց այդ կառույցներն են։ Իսկ մեր կուսակցության դիրքորոշումը հակառակն է։ Մենք ասում ենք, որ եթե Եվրոպան չլինի, Ֆրանսիան վերջացած կլինի։ Ես շատ լավ հիշում եմ, որ երբ ֆրանկը, երբ դեռ եվրոյի չէինք անցել, մեծ հարվածներ էր ստանում դրսից, և ամենալավ կետերից մեկն այն եղավ, որ Ֆրանսիան եվրոյի գոտու մաս կազմեց։ Դրանով Ֆրանսիայի դրամի ապահովության աստիճանը բարձրացավ։

Բացի այդ, Եվրոպան այսօր էլ շատ մեծ ապահովություններ է անում, այդ թվում պաշտպանում է քո ապրանքը դրսի ազդեցություններից։ Օրինակ՝ գինի արտադրողների համար ապահովում է, որ աշխարհում որևէ այլ տեղ նույն գինին չարտադրվի, կեղծ գինիներ չստեղծվեն Չինաստանում կամ որևէ այլ երկրում։ Եվրոպան շատ-շատ հարցերում դրական ազդեցություն է ունեցել և ապահովություն  է տվել սոցիալական կյանքում։ Դժբախտաբար, մամուլի միջոցով այդ ամենը տարածված չէ։ Այսօր ժողովուրդը ավելի շատ մտածում է, թե Եվրոպան իրեն ի՞նչ է տվել։ Բացի այդ, Եվրոպան այսօր աշխարհում 3 կարևոր ուժերից հետո 4-րդն է։ Առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, և չորրորդ տեղում Եվրամիությունն է։ Քանի որ ԵՄ-ն իր տնտեսական շահերը պաշտպանելու համար որոշակի սահմանափակումներ է մտցնում դրսի համար, դրսի ուժերն էլ փորձեր են անում Ֆրանսիայում ունեցած իրենց կապերի, ֆրանսիական կուսակցությունների հետ կապերի միջոցով հասնել նրան, որ Եվրոպան փշրվի։ Ահա այսպիսին է մթնոլորտը Ֆրանսիայում, բայց դա միայն Ֆրանսիայում չէ, որ այդպես է։ Նույն մթնոլորտն է նաև Իսպանիայում, Իտալիայում, որտեղ ժողովրդի դժգոհությունն ուղղում են Եվրոպայի դեմ։ Սպասենք, տեսնենք, թե մինչև ընտրություններ ինչ զարգացումներ կլինեն, երբ ամեն օր բան է փոխվում։

Հայաստան-Եվրոպա հարաբերություններն ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։

Նախ նշենք, որ Եվրոպայում առանցքային երկու երկրներ են գործում՝ Գերմանիան և Ֆրանսիան։ Եվրոպան զարգացման և հզորացման ավելի մեծ ներուժ կունենա, եթե փաստվի, որ որևէ երկրում եթե ժողովրդավարությունը զարգանա, Եվրոպան թիկունք է լինելու դրան։ Ընդ որում՝ դա պետք է անի երկու ուղղություններով՝ բարոյական և քաղաքական, իսկ ամենակարևորը՝ ֆինանսական։ Ես գիտեմ, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո շատ դռներ Հայաստանի առջև ավելի հեշտությամբ են բացվել։ Տեղյակ եմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս մեկ տարում հասցրել է մի քանի անգամ այցելել Բրյուսել, այսինքն՝ լավատեսության հիմքեր կան երկու կողմից էլ։ Ֆրանսիան շատ մեծ դեր ունի Հայաստանի զարգացման հարցում, որն արտահայտվում է երկու կողմից. Նախ հին, պատմական ամուր կապեր կան, երկրորդ, Ֆրանսիայում 700 հազար հայ է ապրում, ինչը Գերմանիան չունի։

Մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան, որ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, շատ ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի հանդեպ, նաև ջանքեր է գործադրում Հայոց ցեղասպանության ճաչանման ուղղությամբ։ Ձեր կարծիքով, բավարա՞ր են այդ ջանքերը։

ԵԱՀԿ-ն և Ցեղասպանությունը երկու տարբեր հարցեր են։ Մի դեպքում մեզ սիրաշահելու համար Հայոց ցեղասպանությունը ոսկե տառերով նշում են, որ ընդունում են Հայոց ցեղասպանությունը և շատ դրական է, որ մի քանի շաբաթ առաջ նախագահ Մակրոնը որոշեց ապրիլի 24-ը պաշտոնապես հայտարարել ցեղասպանության զոհերի հիշատակը։ Բայց դրան հակառակ երկու վտանգ կա. մեր հիշողությունը հարգելը, մեր ցավը ճանաչելը լավ բան է, բայց միայն Ցեղասպանության ուղղությամբ գնալը օգտակար չէ ոչ հայության, ոչ Հայաստանին։ Դա միայն խորհրդանշական բնույթ ունի։ Մյուս կողմից, Ֆրանսիայի հայությունը, Հայաստանը, ողջ հայությունը պետք է ամեն ինչ անի և հասնի նրան, որ Ֆրանսիան ճիշտ նույնպիսի սերտ հարաբերություն ունենա, ինչպես Թուրքիայի հետ է։ Թուրքիայում մեկ անձին ընկնող ներդրումներով առաջին տեղում հենց Ֆրանսիան է։ Այստեղից հետևություն, այո, շատ լավ է, որ Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգում են, բայց այնպես չէ, որ Հայաստանին ու հայությանը կպաշտպանեն անհրաժեշտության դեպքում։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, որ հայտարարվում է, որ ի թիվս այլ սկզբունքների գործում է նաև տարածքային ամբողջականության սկզբունքը, որ չպետք է սահմանները փոխվեն, այստեղ հարց է ծագում՝ բա Մոնտենեգրոով, Կոսովոյով ինչո՞ւ եղավ։ Մոնտենեգրոյի ժողովրդի անվտանգության համար որոշվեց, որ քարտեզը պետք է փոխվի։ Ինչու Մոնտենեգրոյի համար դա հնարավոր է, իսկ Ղարաբաղի ժողովորիդ համար հնարավոր չէ։ Այսօր մեր ամենազորավոր ուժը լոբբինգն է, որին Թուրքիան նախանձում է։ Ես գիտեմ մեկ բան՝ քաղաքականության մեջ անհնար բան չկա, ամեն բան հնարավոր է։ Ուրեմն մենք պետք է դառնանք հայության դեսպանները և պետք է մեսիջ հղենք ԵԱՀԿ-ին, որ հայ ժողովրդի իրավունքը իր պապենական հողերի վրա ապրելն է։ Մենք 4 հազար տարվա պատմություն ունենք և դա պետք է հարգվի։ Եթե պետությունն իրավունք չունի խոսելու, հողը կխոսի, դրանք հայկական հողեր են։ Ղարաբաղը 4 հազար տարվա պատմություն ունի, ԵԱՀԿ-ն կգա ու կգնա, Մինսկի խումբը կգա ու կանցնի, իսկ հայ ժողովուրդը պետք է մնա Ղարաբաղում, դա հստակ է։

lragir.am/2019/05/03/440366/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail