Լեսնոյի Գործողութիւնը – Մալիբէյլիի գործողութիւնից յետոյ որոշուեց, որ պէտք է վերջնականապէս ազատագրել Լեսնոյ գիւղը

10 ՄԱՅԻՍ 2019 – ԷՐԿԻՐ – ՀԱՅԱՍՏԱՆ – ՊԱՏՄԱԿԱՆ ԷՋԵՐ:

ԱՄԱԼԻԱ ԵԴԻԳԱՐԵԱՆ

 

Մալիբէյլիի գործողութիւնից յետոյ որոշուեց, որ պէտք է վերջնականապէս ազատագրել Լեսնոյ գիւղը, որը շատ մօտ էր Խօջալուին: Ադրբեջանցիները նպատակ էին դրել բացել Աղդամ-Շուշի ճանապարհը, եւ եթէ թուրքերը վերցնէին Ասկերանը, ապա այդ ճանապարհը բաց էր Լեսնոյի միջոցով: Այդ պատճառով որոշուեց հարուածել Լեսնոյին:

Գործողութիւնը որոշուեց իրականացնել Խնձրիստանի Աշոտի (Ասկոլկայի-բեկոր), Վարդանի, Բադարայի Կարէնի, Վալերի հետ միասին: Վարդանի հետ էր նաեւ Արամը, Սամուէլը (Սմբուլ):

Ընտրուեց 5 ուղղութիւն: Խնձ-րիստանի խումբը՝ Աշոտի գլխաւորութեամբ, բարձրացաւ Լեսնոյի աջ բարձունքը: Նպատակն էր Կարագեաւի ուղղութեամբ փախչողներին խփել կամ գերի վերցնել: Վարդանի ջոկատը գիւղի աջ կողմով պէտք է մտնէր կենտրոնական մաս, Ժիրօն դէմ առ դէմ, ձախ կողմով պէտք է մտնէր Վալերը:

Առաւօտեան ժամը 6ին բոլոր կողմերից գիւղը պէտք է վերցուէր աքցանի մէջ, որից յետոյ Բադարայի բնակիչներից Վազգէնը բարձրախօսով պէտք է յայտնէր՝ «Թողնել գիւղը, շրջապատուած էք»:

0509doushmanvartanԺամը 6ին կապի ստուգում եղաւ: Բոլորը յայտնեցին, որ տեղերում են՝ պատրաստ գործողութեանը: Պայմանաւորուածութեան համաձայն կրակոցներ եղան, ու Վազգէնը հաղորդեց պահանջը:

Սպասեցին մինչեւ 6 անց 30, փոխանակ դուրս գային, սկսեցին կրակել: Վարդանի խումբը առաջինը կրակ բացեց ու մտաւ առաջին տները, որից յետոյ 5 ուղղութիւններով սկսուեց յարձակումը: Կռիւը տեւեց մինչեւ երեկոյեան ժամը 16:00ն: Տղաները մտան գիւղ, տարբեր տներում դեռ թաքնուած թուրքեր կային, որոնք անհասկանալի էր՝ հայրենասիրութեան զգացումով տոգորուած ուզում էին մեռնե՞լ, թէ՞ չէին հրաժարւում իրենց ինչքից…

Թուրքերը կուտակուել էին դպրոցում, որը գտնւում էր գիւղի ծայրին:

ՊԱՏԵՐԱԶՄԻ ՕՐԵՐԻՑ

– Երբ մտանք,- պատմում է Արամը,- սանտրելով անցնում էինք տնից տուն, կապուեցի Վարդանի հետ՝ պարզելու նրա ուղղութիւնը: Արթուրն ասաց, որ Վարդանը առաջ է անցել, բայց զգուշացրել է, որ առջեւում թուրքեր կան: Կապ պահպանելով աջ ու ձախ կողմերի հետ՝ դպրոցից եկող կրակի ճանապարհը փակեցինք եւ հակահարուած տալով մտանք դպրոց:

Գիւղն արդէն դատարկուած էր: Չէին հասցրել դպրոցը կարգին ուսումնասիրել, վերեւից՝ Կարագեաւից, սկսեցին տղաներին նեղել, խփել: Գիւղում մնացել էին Վարդանի ու Արամի ջոկատները՝ 30 հոգանոց խումբ: Ի դէպ, գիւղ մտան առանց զոհերի: Վարդանի առաջարկութեամբ սանտրելով ետ նահանջեցին, դիրքը շատ վատ էր պաշտպանութեան համար, ուժերն էլ քիչ, իսկ թուրքերն արդէն վերեւից ներքեւ էին իջնում:

Առանձին-առանձին յետ են քաշւում, թիկունքն ապահովող խումբ կար, եւ առանց զոհերի կարողացան դուրս գալ:

Լեսնոյը դատարկուեց, գիւղը հիմնականում բնաջնջուել էր: Մարդկանց վերաբնակեցնելը անիմաստ էր: Ու ինքնակամ լքեցին, թողեցին Լեսնոյը:

Արամը յատկապէս շեշտեց, որ մի քանի տղաներ վիրաւորուած էին Վարդանի մի գործողութիւնից յետոյ տարօրինակ վերաբերմունքից՝ իրենց աչքի առաջ մի պարկ փողով մի տուն վառեց:

Այդ առիթով ստեփանակերտցի ժողովրդական արտիստուհի Ժաննա Գալստեանի խօսքին դեռ կ՛անդրադառնանք:

Առանց զոհերի, ընդամէնը երկու վիրաւորով դատարկեցին Լեսնոյը: Թուրքերի երկու ուղղաթիռ իջաւ, եղածը տարաւ ու էն տանելն էր, որ տարան…

Երբ վերադարձան Ստեփանակերտ, Կոմանդոսը /Արկադի Տէր-Թադեւոսեան/ ուղղակի ցնծութեան մէջ էր.

– Դուք չէք պատկերացնում, թէ ինչ էք արել:

Ինչու՞ չէ, լաւ էլ պատկերացնում էին, պարզապէս խորհելու ժամանակ չունէին, նրանց գործը միայն ու միայն տարածք ու հող ազատագրելն էր, թուրքերին լաւ ջարդ ու հակահարուած տալը:

– Շատ մաքուր տղայ էր: Գիտէ՞ք՝ ինչքան դժուար է թալանի, կեղտի ու արեան միջից դուրս գալ,- ասում է Ժաննան:

– Եւ դա Վարդանին յաջողւում էր, այդպէս էլ իր ընկերներին էր դաստիարակում: Ես գիտեմ, որ Վարդանը թքած ունէր աշխարհի ամէն տեսակ պարգեւների, շքանշանների, փառքի ամէն տեսակների վրայ, ես այդ ասում եմ այդ տիկնոջ (նկատի ունէր մօրը), եւ իհարկէ, եկող սերունդների համար, որը շատ կարեւոր է: Նրա մէջ ամուր է նստած պապենական գենը: Նա նաեւ Ղարաբաղի բանակի առաջին հիմնադիրներից մէկն էր, նրանք շատ չեն եղել՝ 9-10 հոգի: Մենք հրաշալի կռուողներ ենք ունեցել, բայց կէս զինուոր պատրաստելու շնորհք չենք ունեցել: Իսկ Վարդանը ե՛ւ կռուող էր, ե՛ւ հրաշալի ուսուցիչ՝ զինուոր պատրաստող: Ասում են, թէ նա իրաւաբան էր ուզում դառնալ, ես նրան նաեւ հրաշալի ուսուցիչ էի պատկերացնում, լաւ սերունդներ կը դաստիարակէր՝ հայրենիքի շահը գնահատող, բայց ոչ անձնական:

Ու եթէ այսօր կենդանի լինէր, ինչպիսի պաշտօն, աթոռ զբաղեցնելիս էլ լինէր, միեւնոյնն է, նա էլի ներքեւում կանգնած մարդկանց կողքին կլիներ…

Երեւի դրա համար էլ չկայ…

Այ, եթէ դուք դիտել էք հեռուստատեսութեամբ Շուշիի ազատագրումից կադրեր, ցնծութիւն, ուրախութիւն, այնտեղ Վարդանին չէք հանդիպի, քանի որ դեռ կռիւներ էին գնում այլ տեղերում, իսկ Վարդանն այնտեղ գործ էր անում, գործ…

Գիւլիստանի անտառներում շատ պատահական է կայացել Վարդանի ու Ժաննայի ծանօթութիւնը, յետոյ մտերմացել են:

Պարզւում է՝ Վարդանը նաեւ լաւ դերասան է եղել, այդ մասին չգիտէինք, այդ էլ իմացանք, իհարկէ, Վալերի եւ Ժաննայի պատմածներից:

– Առաջին անգամ Ղարաբաղ ոտք է դրել որպէս մշակոյթի ոլորտի աշխատող: Պարէտային ծառայութիւնում բռնում են, փաստաթղթերը ստուգում: Երբ լուրը հասնում է Ժաննային ու Վալերին, նրանք անհանգստանում են, մինչեւ փորձում են միջամտել, գործը դրան չի հասնում, Վարդանն արդէն, ինչպէս ասում են, իր գլխի ճարը տեսնում է:

– Չէք պատկերացնում, հոգեբանական ինչ ճնշում է եղել ազերիների վրայ, երբ լսուել է հրաշալի կազմակերպուած ռազմական հայկական երգը: Իսկ երգողը Վարդանն է եղել, նրա ընկերները,- ոգեւորուած պատմում է Ժաննան:

Գուցէ շատերը մտածեն, թէ Ժաննան էլ բան գտաւ ասելու: Բայց ով մարտի դաշտում եղել է, կը հաստատի, ամէն տղամարդու գործ չէ կռուի դաշտում երգելը, որովհետեւ մահն ու սարսափը այնքան ահաւոր են, որ երբեմն շատ կարեւոր բաների մասին ես մոռանում:

Մի հանգամանք եւս. հայկական բանակի զինուորները, որոնք մոլորւում էին, միմեանց գտնելու համար ունէին մի նշանաբան՝ երաժշտական յանգով՝ ողջ Ղարաբաղում տարածուած, դա եւս Վարդանի գործն էր:

Ժաննայից իմանում ենք, որ Աշոտի /Բեկոր/ տղաները, երբ Մարտակերտի շրջանի յանձնման ժամանակ Մաղաւուզի մօտ մնացել էին շրջափակման մէջ, ամբողջ 12 ժամ նրանց մասին տեղեկութիւն չունէին, Ժաննան միայն այդ ազդանշանով է նրանց տեղը յայտնաբերել:

Հատուած Ամալիա Եդիգարեանի «Մեր Պապեր, Շուշին Ազատագրուած Է, Հանգստացէ՛ք» գրքից:

asbarez.com/arm/345001/Լեսնոյի-Գործողութիւնը/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail