Հայ-վրացական դաշինք. ու՞մ կմիանա Իրանը

11.05.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

Օրերս տեղեկություն տարածվեց Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի երկաթուղային ընկերությունների ղեկավարների հուշագրի մասին, որն ըստ Ռուսաստանի երկաթուղիներ ընկերության գլխավոր տնօրենի՝ կնպաստի եվրասիական երկաթուղային ենթակառուցվածքների հետ Թուրքիայի արդյունավետ գործակցությանը:

Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի, երկաթուղային եռակողմ հուշագիրը միտված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդյունավետ գործունեությանը: Ստորագրված եռակողմ հուշագիրն անկասկած առաջացնում է բավականին հարցեր եւ հակասական հեռանկարներ, այդ թվում անմիջականորեն Հայաստանին առնչվող: Դրանց որոշակի մասը դիտարկել եմ Մոսկվա-Բաքու-Անկարա. նոր թուղթ Հայաստանի դե՞մ, թե՞ նոր իրավիճակ հրապարակման շրջանակում:

Այդուհանդերձ, թեման անկասկած բավականին բազմաշերտ ու լայն է մեկ հրապարակմամբ ամփոփելու կամ դիտարկելու համար: Առավել եւս, որ լայն է թերեւս անմիջական շահառուների շրջանակը եւ առկա է առնվազն եւս մեկ «եռյակ»՝ Հայաստան, Վրաստան եւ իհարկե նաեւ Իրան: Վրաստանի իշխանությունն ի պատասխան ընդդիմության անհանգստությանն ու քննադատությանը հայտարարել է, որ Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ կապված որեւէ գործակցության համար որեւէ սուբյեկտ պետք է ստանա երեք կողմերի համաձայնությունը, ասել կուզի ոչ միայն Բաքվի եւ Անկարայի, այլ նաեւ Թբիլիսիի:

Այդ իմաստով ինքնին տարօրինակ է դառնում, որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը ստորագրում են եռակողմ հուշագիր, որն առնչվում է նաեւ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղուն, բայց որտեղ չկա Վրաստանը: Գործնականում դա եռակողմ արհամարհանք է Թբիլիսիի նկատմամբ: Միեւնույն ժամանակ, հուշագիրն իհարկե չունի այսպես ասած իրավապայմանագրային ուժ, այն մտադրությունների մասին փաստաթղթային բարձրաձայնում է, որն իրականություն կարող է դառնալ նվազագույնը Թբիլիսիի հավանության դեպքում:

Բայց, հենց մտադրությունների մակարդակում Վրաստանի հանդեպ վերաբերմունքն արդեն իսկ բավական խոսուն է: Ռուսաստանի պարագայում իրավիճակը բավականին պարզ է՝ վրաց-ռուսական հարաբերության համատեքստում: Բայց, այդքան էլ տարակուսելի կամ անսպասելի չէ Ադրբեջանի եւ Թուրքիայի հանգամանքը:

Ի վերջո, արդյո՞ք Թբիլիսիում որեւէ մեկի, առավել եւս վրացական պետական իսթեբլիշմենտի համար գաղտնիք է, որ Անկարան ու Բաքուն Թբիլիսիի նկատմամբ ունեն Մոսկվայից ամենեւին ոչ պակաս հավակնություններ՝ ազդեցության գոտու առումով, պարզապես այլ է էքսպանսիոն մեթոդաբանությունը:

Այստեղ է նաեւ, որ խորքային առումով փոխկապակցված է Վրաստանի եւ Հայաստանի անվտանգության խնդիրը եւ Երեւանն ու Թբիլսիին չեն կարող անվտանգային լիարջեք միջավայր ձեւավորել առանց ռազմավարական փոխհամաձայնության եւ գործակցության: Միաժամանակ, այստեղ էլ անշուշտ կա մեթոդաբանության խնդիր եւ անվտանգային միասնական միջավայրի ամբողջացմանն ուղղված հայ-վրացական անհրաժեշտությունը ենթադրում է ոչ միայն անմիջական ռազմա-տեխնիկական կամ ռազմա-քաղաքական գործակցություն, այլ նաեւ համակարգված աշխատանք ռեգիոնալ տնտեսա-քաղաքական զարգացումներում:

Այդ իմաստով, հաշվի առնելով Մոսկվա-Անկարա-Բաքու մտադրությունների եռակողմ հուշագիրը, Երեւանն ու Թբիլիսին կարող են թերեւս պատասխանել երկկողմ մտադրությունների արձանագրումով՝ տրանսպորտային, այդ թվում երկաթուղային ենթակառուցվածքային գործակցության հեռանկարների տեսանկյունից, այդպիսով նաեւ ազդակ հղելով եռյակին, որ մտադրություններն իրատեսական կարող են դառնալ հայ-վրացական մտադրությունների հետ համադրման պարագայում:

Միաժամանակ, թվում է, որ բուն հանգույցից հեռու է Իրանը, սակայն Թեհրանն անշուշտ Կովկասի ենթակառուցվածքային անմիջական շահառուներից է եւ ամենեւին նոր չէ, որ փնտրում է եվրասիական լայն համատեքստում գործակցության ռեգիոնալ ուղիներ: Դրանցից հիմնականը Թեհրանի համար դիտարկվում է Ադրբեջանը, որտեղ դեռեւս խորհրդային շրջանից կան ենթակառուցվածքներ եւ ամբողջացումը պահանջում է շատ ավելի քիչ աշխատանք եւ փող, ու նաեւ ժամանակ, քան Հայաստանի պարագայում, քանի որ այստեղ նոր երկաթուղին մի շարք պատճառներով թանկ ու բարդ հաճույք է:

Մյուս կողմից սակայն, քաղաքական տողատակի իմաստով հայկականն Իրանի համար «թանկից էժանը չկա» տարբերակն է, քանի որ ռեգիոնալ ամենավստահելի շահընկերը հենց Հայաստանն է: Կասկած չկա, որ Մոսկվա-Անկարա-Բաքու երկաթուղային եռակողմ հուշագիրը հետաքրքրել է Թեհրանին:

Ինչպիսի՞ն կլինի իրանական արձագանքը: Հայ-վրացական մտադրության հնարավոր ամրացումը կհետաքրքրի՞ Թեհրանին, որպես հակակաշիռ, թե՞ Իրանը կնախընտրի աշխատել եռյակի հետ՝ այդ թվում Մոսկվա-Բաքու-Թեհրան արդեն որոշակիորեն ուրվագծված ձեւաչափով: Մյուս կողմից, Վրաստանն ու Հայաստանն այդ ձեւաչափում Իրանի կշռի ու ձայնի կարեւոր հենասյուներ են:

lragir.am/2019/05/11/442270/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail