28 հոկտեմբեր 2015
Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը շարունակում է ներկայացնել երևելի ՀՅԴ-ական, Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի գործիչ Արշակ Ջամալյանի (Իսահակյան) «Յ. Քաջազնունին եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը» աշխատությունը, որը պատասխան է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ զեկուցագիր-գրքի: Մինչև տարեվերջ, ԱՆԻ-ն մեկ հատորում ընթերցողի սեղանին կդնի ինչպես վերոնշյալ երկու գործերը, այնպես էլ նույն թեմայով Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ աշխատությունը:
Սակայն ամենամեծ հեղաշրջումը տեղի էր ունեցել հայ ժողովրդի պետական մտածողության, զգացողության մեջ: 1920 թվի աշնանը մեր հատվածական բաժանմունքները թուլացել էին մինչև այն աստիճան, որ այլևս մեր պետական-հասարակական գործերում նկատառության գալ չէին կարող: Շատերը վրդովվում էին թուրքահայ և ռուսահայ հորջորջումներից, շատերին անախրոնիզմ էր թվում հատվածական հարցերի հիշատակությունն իսկ:
Թուրքահայերը, որ 1919 թվի սկզբներին ընդհանուր առմամբ անտարբեր վերաբերմունք ունեին դեպի Հանրապետությունը և նրան իսկական Հայաստան չէին համարում, 1920 թվից սկսած՝ իրենց ճանկերով և ատամներով կառչել էին այդ պետությանը, որ նրանց աչքում հանդիսանում էր արդեն իբրև ապագա Մեծ Հայաստանի կորիզը: Եվ այն բոլոր դեպքերում, երբ վտանգ էր սպառնում այդ երկրի անկախությանը, առաջին հերթին նրանք էին նետվում դիրքերը՝ մի բան, որի պատճառով նրանք փուշ էին դառել բոլշևիկների աչքին:
Ռուսահայերը, որոնք առաջներն ընդհանուր առմամբ երազում էին ռուսական տիրապետության վերադարձի մասին՝ 1920 թվին սթափվել էին այդ երազից: Վերջին մեկ-մեկուկես տարվա քաղաքական կյանքի իրադարձությունները նրանց ևս բերել էին այն համոզման, որ ազատ կյանքի լավագույն երաշխիքը ազգային անկախ պետությունն է: Այս գաղափարական մերձեցմանը համապատասխան չափով հաստատվել էր կենդանի գործակցություն հայության երկու հատվածների մեջ՝ պետական-կառավարական գործերի շուրջը: Պառլամենտի, վարչությունների, ինքնավարության օրգանների և խնամատարական հաստատություններում ռուսահայն ու թուրքահայը լծված էին պետական-հասարական աշխատանքի և միասնաբար գործում էին նորահաստատ Հանրապետության բարգավաճման համար:
Հատվածական բաժանումների վերացմանը զուգընթաց մեղմացել էին և տեղացիական բաժանումները: Իհարկե, մեկ ու կես տարին չափազանց կարճ ժամանակամիջոց էր այս բաժանումներն իսպառ վերացնելու համար: Սակայն դա անհրաժեշտ էլ չէր: Մեզ համար բավական էր, որ ընդհանուր պետական շահերը չստորադասվեին տեղացիական շահերին ու նախասիրություններին: Եվ այս բանին մենք հասել էինք շատ զգալի չափերով:
Մի խոսքով՝ պետական մտածողության և զգացողության տեսակետից, մեր ժողովուրդը 1920 թվին հասել էր այնպիսի մի աստիճանի, որ մեզ համար այլևս դժվար չպետք է լիներ նրան դնել մի ընդհանուր քաղաքական ուղիում՝ առանց կտոր-կտոր լինելու, առանց այս կամ այն հատվածի, այս կամ այն խմբակցության տրամադրությունների ուղղությամբ դես ու դեն ընկնելու՝ ինչպես որ այդ որոշ չափով ստիպված էինք անել 1919 թվի սկզբներին: Հայաստանի ամբողջացումից առաջ պետք էր միացնել, ամբողջացնել հայ ժողովուրդը, և այս կարևոր գործը հաջողվել էր մեզ զգալի չափերով:
Այս էր Հայաստանի Հանրապետության ընդհանուր պատկերը 1920 թվի աշնանը: Այս պատկերը չի պարունակում իր մեջ այն մանրամասնությունները, որոնք անհրաժեշտ են նրան գունագեղ դարձնելու համար: Նրա մեջ դուք չեք տեսնի մեր նախարարություններից յուրաքանչյուրի կատարած գործերը, մեր պետական գործիչների քրտնաջան աշխատանքները, մեր այն շինարարական ծրագրերն ու ձեռնարկները, որոնց արդյունքը տարիներ հետո միայն երևան պիտի գար: Սակայն ամենաընդհանուր գծերով ներկայացված այս պատկերն էլ բավական է գաղափար կազմելու, թե Հայաստանի Հանրապետությունը 1919 թվի սկզբներից մինչև 1920 թվի աշունը, այսինքն՝ Դաշնակցության պետական շինարարության 18-20 ամիսների ընթացքում, ի՜նչ հսկայական թռիչք էր կատարել երկրի վերաշինության և տնտեսական ու քաղաքական զարգացման ասպարեզներում …
Այս իրադարձությանը ըստ երևույթին միանգամայն անտեղյակ չի եղել Քաջազնունին, թեև նա, այս ամբողջ ժամանակամիջոցում Եվրոպա և Ամերիկա գտնվելով, չէր կարող մոտիկից դիտել մեր կատարած աշխատանքն ու ձեռք բերած արդյունքը:
«Պետք է հիշել ու հաշվի առնել-, ասում է նա-, որ 1920 թվի աշնանը մենք բոլորովին quantite negligeable (արհամարելի մեծություն) չէինք թուրքերի աչքում: Նախորդ երկու տարիների զուլումը անցել էր արդեն կամ անցնելու վրա էր: Ժողովուրդը մի քիչ կշտացել էր արդեն, մի քիչ հանգստացել, կազդուրվել: Ունեինք բանակ, որ լավ զինված էր անգլիական զենքերով ու հագնված անգլիական հագուստներով: Ունեինք բավականաչափ ռազմապաշար …
«Մեր դրությունը այլևս այն չէր, ինչ որ Բաթումում, 1918 թվի մայիսին: Մենք կարող ենք հուսալ, թե մեր խոսքը հաշվի կառնվի …»:
Ժլատ է Քաջազնունին իր այն բոլոր արտահայտությոններում, որոնք կարող են, թեկուզ անուղղակի կերպով, գնահատանք նկատվել Դաշնակցության կատարած պետական աշխատանքի համար, որովհետև չէ՞ որ այդ արտահայտությունները կհակասեին նրա այն կանխակալ մտքին, թե Դաշնակցությունն այս ասպարեզում պարծենալու շատ բան չունի: Վերոհիշյալ տողերն էլ գրված են ոչ թե Դաշնակցության կատարած գործի արդյունքը ցուցադրելու մտադրությամբ, այլ բոլորովին այլ նպատակով:
Սակայն այն, ինչ որ Քաջազնունին ժլատանում է անել կամ անում է անուղղակի, վախվխուկ արտահայտություններով միայն, ուրիշները, որոնք կանխակալ մտքերով չէին մոտենում մեր իրականությանը, ասում էին շատ համարձակ և սրտառուչ խոսքերով: 1920 թվի աշնանը Հայաստան էր եկել վրաց ռազմական նախկին նախարար Գեորգաձեն՝ մեր երկրի տնտեսական, քաղաքական և, մանավանդ, ռազմական վիճակին ծանոթանալու համար: Կառավարության կողմից ի պատիվ հարևան երկրի ներկայացուցչի սարքած բանկետի ժամանակ, վերջինս, իր բաժակաճառը սկսեց մոտավորապես հետևյալ խոսքերով. «Պարոննե՛ր, մի քանի ժամանակից ի վեր գտնվում եմ ձեր երկրում և ուսունասիրում ձեր պետության կացությունը: Խոստովանում եմ ամենայն անկեղծությամբ, որ ես, դիտելով ձեր իրականությունը, իմ աչքերիս չեմ հավատում: Որ մենք Վրաստանում անկախ պետություն կազմեցինք և տանելի կարգեր հաստատեցինք, դա շատ հասկանալի բան է: Թուրքը չէր թափանցել մեր երկրի ներսը, իսկ մի քանի ծայրագավառներում էլ, ուր նա եղել է, չէր կատարել այն ավերածը, ինչ որ ձեր երկրում: Այնուհետև. մեզ Ռուսաստանից ժառանգություն էր մնացել ահագին հարստություն, որ դյուրացնում էր մեր պետական գործառնությունները: Վերջապես, մենք չենք ունեցել ձեր ներքին և արտաքին քաղաքական դժվարությունները, ձեզ պես կտրված չենք եղել արտաքին աշխարհից: Սակայն դուք, որ համաշխարհային պատերազմից և Ռուսական կայսրության փլուզումից հարյուր հազարավոր որբ ու գաղթական և ավերակների մի կույտ էիք միայն ժառանգություն ստացել, ինչպե՞ս կարողացաք այս պետությունը ստեղծել …»:
Այսպես էին խոսում մեր իրականությանը ծանոթ օտարականներից շատերը՝ ոչ միայն բաժակաճառերի ժամանակ, այլև իրենց պաշտոնական զեկուցումներով: Այդ զեկուցումների հիման վրա է, որ 1920 թվին ամենուրեք վստահությունը դեպի մեր պետությունն ու նրա քաղաքական կենսունակությունը մեծացել էր՝ մեծացել մինչև այն աստճան, որ օտար պետությունները կարող էին վարկ բանալ մեզ համար, իսկ հայ և օտար դրամատերերը, որոնց՝ դեպի խորհրդային երկրները հրապուրելու համար բոլշևիկները կաշվից դուրս են գալիս այսօր, իրենք էին գալիս մեզ մոտ՝ տնտեսական կամ առևտրական գործառույթների առաջարկով …
Սակայն, քանի որ Քաջազնունին շատ չի ախորժում օտարների վկայություններից՝ սահմանափակվենք այն տեղեկություններով, որ նա ինքն է հաղորդում 1920 թվի աշնանը մեր ունեցած վիճակի մասին, և փորձենք փոքր-ինչ պարզել մեր պետական շինարարության խնդիրը նրա տվյալների հիման վրա:
Եթե ճիշտ է, որ 1920 թվի աշնանը մեր ժողովուրդը մի քիչ կշտացել, հանգստացել և կազդուրվել էր, եթե ճիշտ է, որ այդ ժամանակ մենք կանոնավոր բանակ ունեինք՝ լավ զինված, լավ հագնված և ռազմապաշարով ապահովված, եթե ճիշտ է, վերջապես, որ մենք նույն ժամանակ ունեինք այնպիսի մի բարելավ վիճակ, որ թուրքերը բանակցությունների դեպքում ստիպված պիտի լինեին հաշվի առնել մեզ նաև այդ պատճառով, ապա հարց է ծագում՝ որտեղի՞ց առաջացան այս բոլոր բարելավումները: Մի՞թե նրանք երկնքից կաթեցին Հայաստան աշխարհի վրա՝ առանց այդ երկրի գլուխը կանգնած կուսակցության ցանկության ու ջանքերի: Աշխարհիս երեսին գտնված բոլոր կուսակցություններն ու կառավարությունները, որոնց ղեկավարության տակ երկիրը պետական շինարարության մեջ առաջադիմում է՝ պարծենալու մի բան ունենում են պատմության առաջ: Ինչո՞ւ Քաջազնունու գրչի տակ բացառություն է կազմում միայն Դաշնակցությունը, որի անմիջական ղեկավարության տակ մեր երկիրը 1918-1919-ի դժոխային վիճակից բարձրացել էր մինչև նրա նկարագրած աստճանը…
Թերևս, ընթերցողը մտածի, որ Քաջազնունին մեկն է այն պատմություններից, որոնք հասարակական զարգացման մեջ միայն Նախախնամության մատը կամ տարերային շարժումները տեսնելով, կարևորություն չեն տալիս գիտակից անհատների և մինչև իսկ կազմակերպած ուժերի գործուն դերին: Բայց այդ դեպքում էլ դարձյալ հարց է ժագում՝ հապա ինչո՞ւ Քաջազնունին այնքա՜ն խնամքով շեշտում է Դաշնակցության ունեցած և իբրև թե ունեցած հանցանքներն ու թերությունները վերջին տասը տարվա մեր պատմական իրադարձություններում: Մի՞թե նախախնամության մատը կամ հասարակական զարգացման տարերային բնույթը արտահայտվում են միայն դրական, ստեղծագործական աշխատանքներում: Մի՞թե բացասական և քայքայիչ գործերում նրանք դեր չեն կատարում …
Հարցեր կան, որոնք պատասխանի չեն սպասում, պատասխանված լինելու համար …
Շարունակելի
http://www.aniarc.am/
Հայկական ուսումնասիրութիւններու ԱՆԻ կենդրոն