
13 մայիսի, 2019, Վերլուծական:
Հրադադարի 25-ամյակը հուշում է, որ ներկա փուլում բանակցությունները կենտրոնանալու են հրադադարի շփման գծի վերականգնման և որևէ նոր ագրեսիա կանխարգելելու համար մեխանիզմների կահավորման ժամանակացույցի ճշտման ուղղություններով։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Այժմեական կարգով 1994-ի հրադադարի ամենահնչեղ շեշտադրումը, կարծում եմ, կլինի ստորագրության եռակողմ ձևաչափի իրողական և իրավական հանգամանքների արծարծումը, ինչը խոսում է արցախյան հակամարտության հանգուցալուծման հիմքին՝ պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անշրջանցելիության մասին։
Այս առումով հրադադարի վերահաստատում կամ դեպի քաղաքական մեծ համաձայնություն տանող ոևե փաստաթուղթ չի կարելի պաշտոնականացնել առանց Ստեփանակերտի։ Թեկուզ միջանկյալ պայմանավորվածության տեսքով որևէ հետագա փաստաթուղթ պետք է կրի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների իրավաքաղաքական համաձայնությունը։ Երկրորդ, շարունակելով իրավական մասին վրա կենտրոնացումը, կարծում եմ, անպայման անհրաժեշտությունը կա լուսարձակի տակ բերել հրադադարի ստորագրությամբ ճանաչված շփման գիծը կամ ռազմաճակատային գիծը, որ խոսում է փաստացի սահմանների իրողական ճանաչումի մասին։ Միջազգայնորեն ճանաչված շփման գծի խախտում է եղել հիմնականում ապրիլյան պատերազմին»,- մանրամասնել է Շ. Գանտահարյանը:
Նրա խոսքով` հրադադարը եթե ուժի մեջ է, ուրեմն շփման գծի վերահաստատման հրամայական պիտի լինի։ Իսկ հրադադարի պահպանման համար ավելի քան անհրաժեշտ են մշտադիտարկմանև հետաքննության մեխանիզմների կահավորումը՝ միջազգային երաշխավորությամբ։
«Խնդիրը նաև իրավականորեն մեկնաբանելն է, որ իրողական շփման գծի ընդունումով հրադադար և շփման գիծ խախտողը ինչ պատասխանատվություն կկրի և նման նախադեպեր կանխարգելելու համար միջազգային երաշխավորությամբ երկկողմ պայմանավորվածությունների կիրառումը՝ մեխանիզմների հաստատման առումով, արգելակողի նկատմամբ ինչ ասելիք կունենա միջազգային հանրությունը։
Ուզում եմ ասել, որ հրադադարի 25-ամյակը հուշում է, որ ներկա փուլում բանակցությունները կենտրոնանալու են հրադադարի շփման գծի վերականգնման և որևէ նոր ագրեսիա կանխարգելելու համար մեխանիզմների կահավորման ժամանակացույցի ճշտման ուղղություններով»,- նշել է Շ. Գանտահարյանը:
artsakhpress.am/arm/news/106601/ete-uzhi-mej-e-hradadary-uremn-shpman-gtsi-verahastatman-hramayakan-piti-lini-shahan-gantaharyan.html?





