
17.05.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:
Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը հայտարարել է, որ Վրաստանի մի շարք տարածքներ Ադրբեջանի պատմական մաս են, իսկ մայրաքաղաք Թբիլիսին՝ ադրբեջանական մշակույթի տիրույթ: Ադրբեջանցի գիտնականները հայտարարել են, որ Վրաստանի հարավային եւ արեւելյան մասերը եղել են Աղվանական պետության տարածք: Ինչպես հայտնի է, ադրբեջանցիները պաշտոնական պատմագրությամբ իրենց հռչակում են այդ պետության այսպես ասած շարունակություն:
Ադրբեջանցի գիտնականները փաստացի սկսել են գրոհ, որը Բաքուն արդեն տեւական ժամանակ իրականացնում է Երեւանի նկատմամբ, հայկական տարածքներն ու հուշարձանները հռչակելով ադրբեջանական «պատմական հող»:
Վրաստանի հանդեպ գրոհի հանգամանքը պայմանավորված է Վաստանի հարավ-արեւելքում Ադրբեջանի հետ սահմանին Դավիդ Գարեջիի վանական համալիրի շուրջ վեճով, որ տարիներ շարունակ առկա է Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Համալիրի մի մասը գտնվում է Վրաստանի, մի փոքր մասը Ադրբեջանի տարածքում: Շաբաթներ առաջ տեղի էր ունեցել միջադեպ, երբ ադրբեջանցի սահմանապահները ուխտավորներին եւ զբոսաշրջիկներին թույլ չէին տվել անցնել համալիրի ադրբեջանական տարածքում գտնվող հատված:
Հետո միջադեպը հարթվել էր, պաշտոնական միջամտությամբ, ադրբեջանցիները հայտարարել էին, թե նորոգում է եղել իրենց հատվածում, սակայն այն բավական խոսուն է խնդրի արտացոլման տեսանկյունից:
Ավելին, ադրբեջանցի գիտնականների հայտարարությունը առավել քան խոսուն է եւ վկայում է Ադրբեջանի շատ ավելի լուրջ, ռազմա-քաղաքական հավակնության մասին:
Մյուս կողմից, արդյոք դա զարմանալի է օրինակ Թբիլիսիում: Կա՞ վրացական իսթեբլիշմենտում մեկը, որը պատկերացնում էր, թե Բաքվի այդ հավակնությունը սահմանափակվելու է միայն հայկական տարածքներով՝ Հայաստանով ու Արցախով: Եթե այո, ապա վրաց հանրությունը կարող է դրանով իսկ լիովին չափել տվյալ գործչի համարժեքությունը վրացական պետականության ռազմավարական խնդիրներին ու մարտահրավերներին:
Ադրբեջանի հավակնությունը չի կարող սահմանափակվել միայն Հայաստանով՝ Արցախը ներառյալ, որովհետեւ այդ հավակնության ներքո Ադրբեջանից ավելի խորքային գործոններ են, որոնք ընդհանրապես պայմանավորում են ռեգիոնում թյուրքական տարրի հեռանկարը, կենսունակությունն ու անվտանգությունը՝ ռազմավարական մյուս հավակնությունների համար:
Եթե վրացական իսթեբլիշմենտին կամ հանրությանը թվում է, որ խնդիրն ընդամենը հայ-թուրքական է, ապա դա մեծ ու վտանգավոր մոլորություն է, որն էլ «բացահայտում» են ադրբեջանցի գիտնականները, փաստացի հաստատելով եւ այն, ինչի մասին առիթ եմ ունեցել գրել անգամներ՝ Կովկասում չկա առանձին Հայաստանի եւ Վրաստանի անվտանգություն: Այդ խնդիրը օրգանապես շաղկապված է:
Մինչդեռ, այդ պայմաններում, Վրաստանում կարող են գտնվել գործիչներ, որոնք խնդրին կարող են տալ մեկնաբանություն, դրանով Ադրբեջանի վարքագծի հիմքում դնելով «հայկական պատճառ»: Մասնավորապես, մի քանի շաբաթ առաջ Գարեջիի համալիրի թեմային անդրադարձել էր Ռեգնում ռուսական գործակալությունը՝ ինչն արդեն իսկ հատկանշական է, որը մեջբերել էր վրացի փորձագետներից մեկի խոսքը: Այդ փորձագետը համարում էր, որ Գարեջիի հարցում Ադրբեջանի պահվածքը բխում է արցախյան հարցից: Ըստ նրա, քանի որ հայերը իրենց պատմական հավակնության վկայություն են մատուցում քրիստոնեական հուշարձանները, Բաքուն էլ՝ ըստ վրաց փորձագետի, պատասխան հիպոթեզ է ներկայացնում, որ ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Սաինգիլոյի տարածքի բոլոր հուշարձաններն աղվանական մշակույթի են:
Վրաց փորձագետը, որին բավական ծավալուն մեջբերում է Ռեգնումը, համարում է, որ այդ մոտեցումը ներկայում Ադբեջանի քաղաքական պլատֆորմի հիմքում է եւ չնայած Վրաստանի հետ բարեկամական հարաբերությանը, հայերի պատճառով Բաքուն չի գնում այդ հարցում որեւէ զիջման, համարելով, որ դա առիթ կտա հայերին:
Թերեւս առանձին դիտարկման նյութ է, թե ինչու է Վրաստանի նկատմամբ Բաքվի պատմա-քաղաքական հավակնության պատճառը հայերին դիտարկող վրացի փորձագետն այդպես հետաքրքրել Ռեգնումին: Դա իհարկե պետք է լինի նաեւ Վրաստանի հետաքրքրության առարկան, հատկապես Բաքվից Թբիլիսիի ակադեմիական օկուպացիայի պարագայում:
lragir.am/2019/05/17/443972/





