Ինչպես կտրվեցին լարերը. ապրիլյան պատերազմի բացահայտումը

21.05.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ողջունել է ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար խորհրդարանի հանձնաժողով ստեղծելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտքը, ասելով, որ պետք է պարզել, թե ինչու զինվորը փամփուշտ չուներ, ինչու դիզվառելիք չկար, եւ այլն:

Այն, որ պետք է քննել ու պարզել կոռուպցիոն բոլոր կասկածներ, որ կային ապրիլյան քառօրյա պատերազմի, ընդհանրապես բանակի հետ կապված, աներկբա է: Բայց դրա համար կան իրավապահ կառույցներ: Խորհրդարանի հանձնաժողով ստեղծելու հանգամանքում շեշտադրվում է իրողության քաղաքական կողմը, անշուշտ իրավական շրջանակներում:

Բանն այն է, որ ապրիլյան պատերազմի հետ կապված գլխավոր հարցերը չեն սահմանափակվում կոռուպցիայից բխած հետեւանքներով: Ավելին, գուցե տարօրինակ հնչի, բայց հնարավոր է նույնիսկ, որ դրանք էլ չեն առանցքային խնդիրները:

Ապրիլյան քառօրյա պատերազմի առանցքային խնդիրը կարող է լինել քաղաքական կոռուպցիան եւ Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ դրանով պայմանավորված ոտնձգությունը:

Ապրիլյան պատերազմը չի եղել զուտ քառօրյա պատերազմ, կամ չի հասունացել մի քանի օրում: Եվ չի հասունացել նույնիսկ մի քանի շաբաթում: Ապրիլյան պատերազմը ծավալվել է մի քանի տարվա ընթացքում, առնվազն 2013 թվականի սեպտեմբերի 3-ի պայմանական մեկնարկով, երբ Հայաստանն ի տես աշխարհի ստիպված էր կատարել ամոթալի շրջադարձ Եվրասոցացման համաձայնագրից ԵՏՄ:

Ամոթալին ինքնին որոշումը չէր, այլ դրա ձեւը, երբ ակնառու էր, որ Հայաստանը ոչ թե որոշում է կայացնում, այլ որոշում են կայացրել Հայաստանի փոխարեն: 2013-ից սկսել են կտրվել Հայաստանի ինքնիշխանության լարերը, եւ այդ գործընթացն ուղեկցվել է ներքին ու արտաքին քաղաքական մի շարք իրադարձություններով, ընդհուպ առերեւույթ տնտեսական բնույթի գործարքներով, ինչպիսին օրինակ Գազպրոմի պայմանագիրը:

Ապրիլյան պատերազմը կտրելու էր Հայաստանի ինքնիշխանության վերջին թելը: Դա թույլ չտվեցին հայկական բանակն ու հանրությունը, որը համախմբվեց բանակի շուրջ: Գործնականում, Հայաստանում թավշյա հեղափոխության խորքային սերմը ցանվել է 2016 թվականի ապրիլին, երբ բանակն ու հանրությունը կանխեցին ինքնիշխանության վերջին լարը կտրելու փորձը, միաժամանակ բարոյական մակարդակում սնանկացնելով ու մերկացնելով իշխող համակարգը, այդ հասկացության լայն՝ ընդհուպ արտաքին իմաստով:

Այդ տարիներին Հայաստանի հանրապետության իշխող եւ նաեւ չիշխող քաղաքական ուժերն ու միավորները պետք է պատասխան տան մինչ այդ կտրված մյուս լարերի՝ Հայաստանի քաղաքական դիմադրունակության քայքայման համար: Պետք է պատախանեն, թե ինչով էին զբաղված, ինչ օրակարգով, դրանով հակազդում էին Հայաստանի դեմ ռուս-ադրբեջանական գործարքի՞ն, թե ոչ:

Խորհրդարանի քննիչ հանձնաժողովը պետք է ստանա այդ հարցերի պատասխանը, որովհետեւ զուտ քրեորեն հետապնդելի հանգամանքների համար բավարար է իրավապահ կառույցների աշխատանքը, խորհրդարանը չի կարող ավելի լավ փոխարինել նրանց:

Խորհրդարանը պետք է տա ապրիլյան քառօրյա պատերազմի քաղաքական գնահատականը, այդ պատերազմի «հասունացման» ամբողջ փուլով:

Գործնականում դա կարող է լինել նաեւ Նիկոլ Փաշինյանի ազդակի խորքային իմաստն ու շարժառիթը, այդ թվում նաեւ որպես հետհեղափոխական Հայաստանի ներքին, արտաքին, անվտանգային մարտահրավերների հակազդման խորքային գործընթաց եւ միջոց: Ապրիլյան պատերազմի ռազմա-քաղաքական «օրգանականության» բացահայտումը, արդեն իսկ որպես բարձրագույն քաղաքական մարմին խորհրդարանի ուսումնասիրության մակարդակով սկսվող գործընթաց, Հայաստանի ինքնիշխան պետականության հեռանկարը ապահովագրելու անշուշտ ոչ բացարձակ, բայց հույժ կարեւոր մի շերտ է:

lragir.am/2019/05/21/444887/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail