Հայկական ջարդերն Ադրբեջանում 1988-1990 թթ – Արտաքին գործերի նախարարություն

Արտաքին գործերի նախարարություն, Արցախի Հանրապետություն:

Հայկական ջարդերն Ադրբեջանում 1988-1990 թթ.
Ի պատասխան արցախահայության ձգտմանը` իրացնելու իր ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանում թափ առավ հայկական ջարդերի ալիքը, որն ուղեկցվում էր իրենց դաժանությամբ նախադեպը չունեցող սպանություններով, բռնություններով և կողոպուտով:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունը բռնի ուժով ճնշելու Ադրբեջանի քաղաքականության առաջին զոհը դարձան Լեռնային Ղարաբաղից մի քանի հարյուր կիլոմետր հեռու գտնվող ադրբեջանական Սումգայիթ1 քաղաքի հայերը: Սումգայիթում կոտորածը տևեց երեք օր՝ 1988-ի փետրվարի 27-29:

1988 թ. նոյեմբերին Ադրբեջանում սկսվեց հայկական ջարդերի երկրորդ ալիքը. դրանցից ամենախոշորները տեղի ունեցան Կիրովաբադում, Շամախիում, Շամխորում, Մինգեչաուրում: Նույն ժամանակահատվածում՝ 1988 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, տեղահանվեցին Արցախի հյուսիսում՝ Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի ու Գետաբեկի լեռնային և նախալեռնային մասերում գտնվող 50 հայկական բնակավայրերի, ինչպես նաև Կիրովաբադի (Գանձակ) 48 հազարանոց հայ բնակչությունը: 1988-1990 թթ. Ադրբեջանում հայ ազգաբնակչության նկատմամբ հալածանքների, բռնությունների, ջարդերի և սպանությունների գագաթնակետը դարձան 1990 թ. հունվարին Բաքվի հայերի զանգվածային սպանություններն ու վերջնական տեղահանումը:

Հայերի կոտորածը Սումգայիթում

1988 թ. փետրվարի 26-ին Սումգայիթում տեղի ունեցավ Ադրբեջանի Կոմկուսի քաղաքային կոմիտեի կողմից կազմակերպված հանրահավաք, որը վարում էր քաղկոմի երկրորդ քարտուղար Մելեք Բայրամովան։ Հակահայկական կարգախոսների ներքո ընթացած հանրահավաքը շարունակվեց նաև հաջորդ օրը: Ելույթ ունեցողները, որոնց թվում կային քաղաքում հայտնի մարդիկ, կոչ էին անում պատժել հայերին և պահանջում խիստ միջոցներ ձեռնարկել. «սպանել ու վտարել նրանց Սումգայիթից, և, առհասարակ, Ադրբեջանից»: Գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո հնչում էր «Մա՛հ հայերին» կոչը:

Հակահայկական հիստերիան անհրաժեշտ աստիճանի բորբոքելու նպատակով Կապանից եկած փախստականների անվան տակ Սումգայիթում սկսում են գործել հատուկ պատրաստված սադրիչներ, որոնք լուրեր են տարածում Հայաստանում ադրբեջանցիների դեմ իբր տեղի ունեցած զանգվածային հանցագործությունների մասին2:

Փետրվարի 27-ի երեկոյան հրապարակային ելույթները վերաճեցին բռնի գործողությունների: Հետաքննությամբ հաստատված փաստերի համաձայն՝ հարյուրավոր սումգայիթցի ադրբեջանցիներ, բռնության կոչերից բորբոքված և անվճար բաժանվող թմրանյութերով և ալկոհոլային խմիչքներով «տաքացած», անարգել կերպով սկսեցին Սումգայիթում ապրող հայերի բնակարանների ավերումը, նրանց նկատմամբ զանգվածային ծեծուջարդը, սպանություններն ու բռնաբարությունները: Քաղաքի և հանրապետության պետական, կուսակցական և իրավապահ մարմինները չարձագանքեցին քաղաքում տեղի ունեցած աննախադեպ անկարգություններին և հրապարակային բռնություններին:

Ավելին, բազմաթիվ վկայություններ կան իրավապահ մարմինների կողմից ջարդարարներին հրահրելու և օժանդակելու վերաբերյալ: Սումգայիթի հայերից շատերը վկայում են նաև իրենց բնակարաններում հեռախոսների անջատման, ջարդարարների մոտ բնակշահագործման գրասենյակի կողմից կազմված հայերի բնակարանների ցուցակների առկայության, քաղաքային կառույցների, իրավապահ մարմինների և բժշկական հաստատությունների կողմից աջակցություն ցուցաբերելուց հրաժարվելու մասին (այդ փաստերը տեղ են գտել քննչական և դատական նյութերում)։ «Սումգայիթի կոմունիստ» տեղական թերթը հետագայում գրել է, որ Սումգայիթի գործարաններում ջարդարարների համար նախօրոք զենք է պատրաստվել։

Փետրվարի 28-ին ավելի մեծ թվով ջարդարարներ, չհանդիպելով հայ բնակչության նկատմամբ ապօրինությունների հանդեպ իշխանությունների հակազդեցությանը, դուրս եկան փողոց: Նրանցից շատերն արդեն զինված էին հատուկ սրածայր մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով և ինքնաշեն այլ միջոցներով: Բաժանվելով մի քանի տասնյակ հոգուց բաղկացած խմբերի՝ ջարդարարները ներխուժում էին նախապես նշանառված հայկական բնակարանները: Մարդկանց սպանում էին իրենց իսկ տներում, թեպետ ավելի հաճախ դուրս էին հանում փողոց կամ բակ՝ հրապարակային ծաղրուծանակի ենթարկելու համար:

Միայն փետրվարի 28-ի երեկոյան՝ հակահայկական հիստերիայի, ջարդերի և սպանությունների սկզբից գրեթե երկու օր անց, բանակային ստորաբաժանումներ մտցվեցին Սումգայիթ, սակայն նրանք քաղաքը հսկողության տակ առան ոչ միանգամից, քանի որ բռնարարների հանդեպ ուժ և զենք գործադրելու հրաման չէին ստացել: Հայերի սպանություններն ու ջարդերը շարունակվում էին: Զորքերի անգործությունն ու ջարդարարների նկատմամբ ամենաթողությունը հանգեցրին նրան, որ ամբոխը սկսեց հարձակվել զինծառայողների վրա, ինչի արդյունքում տուժեց 270 զինվորական: Միայն փետրվարի 29-ի երեկոյան բանակային ստորաբաժանումները դիմեցին վճռական գործողություների, և հայերի ջարդերը դադարեցին3:

Ըստ խորհրդային պաշտոնական տվյալների՝ ջարդերի ընթացքում սպանվեց 26 ազգությամբ հայ քաղաքացի, հարյուրավոր մարդիկ վիրավոր և հաշմանդամ դարձան, շատերն անհայտ կորան։ Ավերվեցին հայերին պատկանող հարյուրավոր բնակարաններ։ Սակայն ողբերգության իրական չափերն առ այսօր անհայտ են։ Գոյություն ունեն բազմաթիվ տվյալներ, որոնք ապացուցում են, որ զոհերի թիվը զգալիորեն ավելի մեծ էր: Այսպես, սումգայիթցի հայերից շատերը, ովքեր իրենց հարազատների մարմիններն էին փնտրում Ադրբեջանի դիահերձարաններում, պնդում են, որ մահացածների երկու ցուցակ են տեսել՝ պաշտոնական և ոչ պաշտոնական. ընդ որում, ոչ պաշտոնականը զգալիորեն ավելի երկար էր։ Հետաքրքիր է, որ կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին «Հեյդար Ալիև։ Իշխանության բեռը» ֆիլմում, որը նկարահանվել էր Ադրբեջանի պատվերով, վկայում է. «Միայն մեկ գիշերվա ընթացքում արդյունաբերական կենտրոն Սումգայիթում ավելի քան 100 հայ է սպանվել»։

Զոհերի ճշգրիտ թվի հաստատմանը խոչընդոտում էր նաև այն հանգամանքը, որ զոհվածների դիակները տարվում էին տարբեր դիահերձարաններ, այդ թվում ՝ Բաքու և այլ բնակավայրեր4:

ԽՍՀՄ դատախազությունը քրեական գործեր հարուցեց Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած դեպքերի առթիվ: ԽՍՀՄ իրավապահ մարմինների միացյալ քննչական խումբը ղեկավարում էր ԽՍՀՄ դատախազության հատկապես կարևոր գործերով քննիչ Վ. Ս. Գալկինը: Խմբում ընդգրկվեց 181 հոգի, այդ թվում՝ 20 ադրբեջանցի քննիչ: Սակայն մեծաթիվ (հազարից ավել) սումգայիթցի ջարդարարներից դատական պատասխանատվության ենթարկվեցին ընդամենը մոտ 90 հոգի՝ մեծամասամբ դեռահասներ ու երիտասարդներ: Նրանց մեղադրանքներ առաջադրվեցին սպանությունների, բռնաբարությունների, ծեծի և այլ հանցագործությունների համար, ընդ որում, բոլոր դեպքերում նրանց գործողությունները պատճառաբանվում էին «խուլիգանական մղումներով»:

ԽՍՀՄ դատախազության որոշմամբ, որը համաձայնեցվել էր երկրի ղեկավարության հետ, միասնական ընդհանուր դատական գործընթաց չանցկացվեց. «խուլիգանական մղումներով» հանցագործությունների մասին գործը տրոհվեց 80 դրվագների: Գործի մասնատումը դրվագների և քննության ընթացքի ողջ կազմակերպումը միտումնավոր կերպով բացառում էին հանցագործությունների իրական կազմակերպիչների ու դրդիչների որոնումը, հայտնաբերումն ու պատասխանատվության ենթարկումը: Դատական բոլոր գործընթացները, բացի մեկից (ԽՍՀՄ Գերագույն դատարանում, Մոսկվա), իրականացվեցին Բաքվում և Սումգայիթում, չնայած գործերի վարույթը ՌՍՖՍՀ մարզային դատարանների իրավասության տակ էր։

Մեղադրյալներից միայն մեկը դատապարտվեց պատժի առավելագույն չափի՝ մահապատժի, սակայն ցայսօր հայտնի չէ, թե արդյոք դատավճիռն իրականացվել է։ Ջարդարարների մեծ մասը դատապարտվեց կարճ ժամկետներով ազատազրկման և շուտով ազատ արձակվեց:

Հատկանշական է, որ 1988 թ. նոյեմբերին Բաքվի բազմահազարանոց հանրահավաքների ժամանակ հայտնվեցին սումգայիթյան մարդասպանների դիմանկարները՝ «Կեցցեն Սումգայիթի հերոսները» կարգախոսներով։ Հետագայում Սումգայիթում ջարդեր հրահրելու մեջ մեղավորներից մեկը՝ Խըդըր Ալոևը (բանաստեղծական մականունը՝ «Ալովլու», ինչը նշանակում է «բոցավառ»), ընտրվեց Ադրբեջանի Միլլի մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր՝ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ցուցակներով:

Սումգայիթի կոտորածի վերաբերյալ ճշմարտությունը լռության մատնելը, դրա չափերն ու իրական պատճառները թաքցնելը և իսկական կազմակերպիչներին անպատիժ թողնելն ուղի հարթեցին Ադրբեջանի ողջ տարածքով էթնիկ զտումների իրականացման համար, որոնց գագաթնակետը դարձան 1990 թ. հունվարին Բաքվի հայերի արյունոտ սպանդն ու տեղահանությունը։

Հայկական ջարդերը Բաքվում

Սումգայիթի դեպքերից անմիջապես հետո՝ 1988 թ. գարնանը, Բաքվում սկսվեցին հետապնդումներ հայերի նկատմամբ, որոնք շարունակվեցին մինչև 1989 թ.։ Հայերին ապօրինաբար ազատում էին աշխատանքից, բռնի կերպով վտարում բնակարաններից և տներից։ Նրանց ծեծում էին, հրապարակային ծաղրուծանակի ենթարկում և սպանում։ 1990 թ. հունվարին Բաքվում 250 հազարանոց հայկական բնակչությունից մնացել էր շուրջ 35-40 հազար հայ: Դրանք մեծ մասամբ տարեցներ, միայնակ, հիվանդ կամ անապահով մարդիկ էին, ովքեր չէին կամենում կամ պարզապես չէին կարող հեռանալ, ինչպես նաև նրանց լքել չցանկացած մերձավորները։

Հունվարի 11-ին Բաքվում Ադրբեջանի ազգային ճակատի (ԱԱՃ) կողմից կազմակերպված հանրահավաքի ընթացքում Բաքվից հայերի վտարման և դեպի Ղարաբաղ լայնածավալ զինված արշավի կոչեր հնչեցին5:

Հունվարի 13-ին Բաքվում հայերի ջարդերն արդեն կազմակերպված և համատարած բնույթ ստացան։ Նույն օրը երեկոյան մոտ 50 հազարանոց ամբոխը, վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, հավաքվեց Լենինի հրապարակում՝ հանրահավաքի: Այնուհետև, ԱԱՃ ակտիվիստների ղեկավարությամբ խմբերի բաժանվելով, ջարդարարները սկսեցին հետևողական կերպով տուն առ տուն քաղաքը «մաքրել» հայերից: Առկա են բազմաթիվ վկայություններ՝ բացառիկ դաժանությամբ իրագործված վայրագությունների ու սպանությունների մասին։

Նրանք, ում հաջողվեց խուսափել մահից, ենթարկվեցին բռնի տեղահանության: Հազարավոր հայեր լաստանավով տեղափոխվում էին Կասպից ծովով արևելք՝ Թուրքմենական ԽՍՀ Կրասնովոդսկ քաղաքի նավահանգիստ, այնտեղից էլ ինքնաթիռներով՝ Հայաստան և Ռուսաստան:

Բաքվի հայ փախստականների վկայությունների6 համաձայն՝ ջարդարարների գործողությունների սխեման նույնն էր: Սկզբում բնակարան էր ներխուժում 10-20 հոգանոց խումբ և սկսում ծեծի ենթարկել: Այնուհետև հայտնվում էր Ազգային ճակատի ներկայացուցիչը, որպես կանոն, բնակարանի փոխանակման կամ, իբր, վաճառքի մասին արդեն պատշաճ կերպով ձևակերպված փաստաթղթերով, որից հետո տանտերերին առաջարկվում էր անհապաղ լքել բնակարանը և ուղևորվել նավահանգիստ: Մարդկանց հիմնականում թույլատրում էին վերցնել անձնական իրերը, սակայն, միևնույն ժամանակ, խլում էին փողը, թանկարժեք իրերը, խնայողական գրքույկները: Նավահանգստում գործում էին ԱԱՃ պահակախմբերը, ովքեր խուզարկում էին փախստականներին, երբեմն կրկին ծեծի ենթարկում, որից հետո արտաքսում:

Զոհերի քանակով, տևողությամբ և չափերով Բաքվի հայկական ջարդերը գերազանցեցին Սումգայիթի հայերի կոտորածը: Սպանվածների ճշգրիտ քանակը մինչ այժմ հայտնի չէ. տարբեր տվյալներով սպանվել է 150-ից մինչև 300 մարդ7: Ջարդերը շարունակվել են մի ամբողջ շաբաթ՝ Ադրբեջանի իշխանությունների, ներքին զորքերի և Խորհրդային բանակի Բաքվի բազմաքանակ կայազորի լիակատար անգործության պայմաններում:

Միայն 1990 թ. հունվարի 20-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք մտցվեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք հանդիպեցին ԱԱՃ զինված ջոկատների կատաղի դիմադրությանը8: Քաղաք մուտք գործած զորքերին լուրջ զինված դիմադրություն ցուցաբերելու մասին վկայում է նաև զինծառայողների շրջանում կորուստների թիվը, որը, տարբեր տվյալներով, կազմում է 25-ից9 3610 սպանված:

Ակնհայտ է, որ Բաքվի հայերի ջարդերի նախապատրաստությունը 1991 թ. հունվարի 13-ից շատ ավելի վաղ էր սկսվել, ինչի մասին է վկայում այն փաստը, որ ջարդարարներն իրենց ձեռքի տակ ունեին քաղաքում մնացած հայերի կոմպակտ բնակության վայրերի նշումներով մանրամասն քարտեզներ՝ ըստ շրջանների և թաղամասերի11։

Հունվարի 18-ին Բաքվի հայկական ջարդերի և Շահումյանի շրջանի հայկական գյուղերի ու Գետաշենի վրա հարձակումների կապակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձևը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանություններին ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանությունը՝ իրավիճակին միջամտելու համար զորք մտցնելու միջոցով12:

1990 թ. հուլիսի 27-ին «New York Times»-ում բաց նամակ հրապարակվեց՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ: Նամակում, մասնավորապես, նշվում էր, որ «հայկական փոքրամասնության դեմ իրականացված ոճրագործությունները Խորհրդային Ադրբեջանում դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ՝ պաշտոնական քաղաքականություն»13:

Ref
1. Սումգայիթը Բաքվից 25 կմ դեպի հյուսիս գտնվող խոշոր արդյունաբերական քաղաք է՝ 250 հազարանոց բնակչությամբ, որից 1988 թ. տվյալներով՝ 18 հազարը հայեր էին: Այն բնակչության թվով երրորդ (Բաքվից ու Կիրովաբադից հետո), արդյունաբերական նշանակությամբ՝ երկրորդ (Բաքվից հետո) քաղաքն էր Ադրբեջանում:

2. Лидия Графова. “Без покаяния. Свобода убивать была провозглашена три года назад в Сумгаите”. “Демоократическая Россия” от 22 марта 1991 года
О. Кулиш, Д. Меликов. “Черным семенам не прорасти”. “Социалистическая индустрия”, 27 марта 1988 г.

3. Виктор Кривопусков, Мятежный Карабах. Издание второе, дополненное. – М.: Голос-Пресс, 2007 г.

4. А.Мелик-Шахназаров. Факты против лжи. Москва. Волшебный фонарь, 2009. – С. 263

5. 1990 թ. հունվարի 12-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կտրուկ սրվեց՝ կապված Շահումյանի շրջանի Մանաշիդ գյուղի, ինչպես նաև Խանլարի շրջանի Ազադ և Կամո գյուղերի վրա ադրբեջանական խմբավորումների հարձակման հետ:

6. Ирина Мосесова «Армяне Баку: бытие и исход». Ереван «Айастан». 1998

7. А.Мелик-Шахназаров. Факты против лжи. Москва. Волшебный фонарь, 2009. – С. 474

8. Հետագայում ԱԱՃ առաջնորդներից մեկը՝ Նեյմաթ Փանահովը, հունվարի 20-ն անվանեց ԱԱՃ ամենամեծ հաղթանակը, իսկ հարյուր-երկու հարյուր մարդկանց մահը՝ ոչ այնքան մեծ ողբերգություն (Вагиф Гусейнов. Большей чем одна жизнь. Книга вторая, Москва, 2013 г.)

9. “Conflict in the Soviet Union: Black January in Azerbaidzhan”, by Robert Kushen, 1991, Human Rights Watch` ԽՍՀՄ ռազմական դատախազին կատարված հղմամբ

10. Виктор Кривопусков, Мятежный Карабах. Издание второе, дополненное.- М.: Голос-Пресс, 2007 г.

11. Ջարդարարների մոտ հայերի և նրանց հասցեների ցուցակների առկայությունը նշում է Human Rights Watch կազմակերպության զեկուցող Ռոբերտ Կուշենը, «Conflict in the Soviet Union: Black January in Azerbaidzhan»

12. European Parliament Joint Resolution on the situation in Armenia. Official Journal of the European Communities. Volume 33. 19 February 1990. No C 38/81, C 38/82.

13. An Open Letter on Anti-Armenian Pogroms in the Soviet Union. Jacques Derrida, Isaiah Berlin, Alain Finkielkraut, Richard Rorty, and Adrian Lyttelton, et al.

nkr.am/hy/armenian-pogroms?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail