
24 ՄԱՅԻՍ 2019 – ԻՐԱՒԱԿԱՆ:
Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի քարտուղար, ազգությամբ թուրքմեն պատգամավոր Մունա Քահվեջիին արգելվել է մուտք գործել Թուրքիա: Ըստ պատգամավորի՝ պատճառն այն է, որ ինքն աջակցել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին:
«Հպարտանում եմ, որ թուրքմեն եմ և միևնույն ժամանակ հպարտ եմ, որ քուրդիստանցի եմ: Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանում ես ներկայացնում եմ թուրքմեններին: Իմ մուտքն արգելվել է Թուրքիա այն հիմնավորմամբ, որ ես «Հանրաքվեի բարձրագույն խորհրդի» անդամ եմ եղել»,-ասել է Քահվեջին:
Պատգամավորը նշել է, որ երբ դիմել է վիզա ստանալու և Թուրքիա ճանապարհորդելու համար, մերժել են ու անձնագիրը առանց վիզայի կնիքի են վերադարձել իրեն:
«Այս դեպքի առնչությամբ դիմեցինք համապատասխան հաստատություն՝ ճշտելու, թե ի՞նչ հիմնավորմամբ են մերժել մեր դիմումը: Ինձ պատասխանեցին, որ արգելվում է «ընտանիքով Թուրքիա մուտք գործել»:
Թուրքմեն պատգամավորի խոսքով` նման նախաձեռնություններն անհամատեղելի են ժողովրդավարության և համակեցության սկզբունքների հետ:
Աղբյուր` Gazeteduvar
ermenihaber.am/am/news/2019/05/24/Թուրքմեն-Իրաք-Թուրքիա-Քուրդիստան/155650





