Համշենի տեղանունների բառաքննությունը ցույց է տալիս դրանց բուն հայկական լինելը. Լուսինե Սահակյան

2012/06/01 – ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ, ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ, ՀԱՄՇԷՆ ԵՒ ՀԱՄՇԷՆՑԻՆԵՐ, ՀԱՄՇԷՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ, ՀԱՐՑԱԶՐՈՅՑՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:

Համշենի տեղանունների բառաքննությունը ցույց է տալիս դրանց բուն հայկական լինելը. Լուսինե Սահակյան

Վերջերս ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ Լուսինե Սահակյանի «Համշենի մանրատեղանունները» վերնագրով արժեքավոր աշխատությունը (հայերեն, ռուսերեն և թուրքերեն):

Այն նվիրված է Թուրքիայի Ռիզեի նահանգի Համշենի, Չամլըհեմշինի (Ստորին Վիժե), Արտաշենի գավառների համշենցիների խոսակցական թուրքերենում այսօր էլ գործածվող հայկական մանրատեղանունների քննությանը։ Գրքում առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվող բազմաթիվ մանրատեղանուններ հեղինակը գրառել է նշյալ շրջաններում 2010-11թթ. կատարած դաշտային աշխատանքների ընթացքում։ Այդ տեղանունների բառաքննությունը ցույց է տալիս, որ դրանք բուն հայկական են, նրանցում առկա են հին և միջին հայերենի արմատներ ու հիմքեր, բառակազմական ձևույթներ` հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքներից և թուրքերենից բխող հնչարտասանական նստվածքով։

Գրքի հեղինակը` Լուսինե Սահակյանն, այն փոքրաթիվ գիտնականներից է, ովքեր խորքային ուսումնասիրություններ են իրականացնում Համշենում, տեղում կատարում դաշտային աշխատանքներ, որոնց արժեքն ուղղակի անգնահատելի է:

Ներկայացնում ենք HayNews.am-ի զրույցը գրքի հեղինակի հետ:

-Տիկին Սահակյան, նախ շնորհավորում ենք նոր աշխատության լույս տեսնելու կապակցությամբ: Ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ Համշենի մանրատեղանունների խնդրին:

– Մանրատեղանունների ուսումնասիրությունը խիստ կարևոր ոլորտ է, որը մեզանում շատ քիչ, իսկ Համշենի դեպքում գրեթե չի ուսումնասիրված: 2009 թվականին իմ ձեռքն ընկավ թուրք հեղինակ Ս. Արըջըի «Տամբուրի պատմությունը…» թուրքերեն գիրքը: Հեղինակը Համշենի մաքուր հայկական մանրատեղանունները ներկայացրել է իբրև թյուրքական ժառանգություն՝ կատարելով այդ տեղանունների ոչ գիտական ստուգաբանություններ, տալով անհեթեթ բառային մեկնություններ ու բացատրություններ:

Հասկանալով, որ այս ամենը խիստ կարևոր է համշենագիտության և առհասարակ հայագիտության համար` որոշեցի զբաղվել այս հարցի ուսումնասիրմամբ: 2010 և 2011թթ. գիտահետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով այցելեցի ներկայիս Թուրքիայի Ռիզեի և Արդվինի նահանգների համշենցիների բնակավայրեր, նշեմ, որ խմբի կազմում էր նաև ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Ձայն համշենական» թերթի խմբագիր Սերգեյ Վարդանյանը: Այդ աշխատանքների ընթացքում ինձ հաջողվեց գրառել մեծ թվով հայերեն մանրատեղանուններ կամ այլ բնորոշմամբ՝ ժողովրդական տեղանուններ, ինչպես նաև մի շարք կենցաղային բառեր, մեղվապահությանն առնչվող տերմիններ, ժողովրդագրական փաստեր, արձանագրել երգեր ու պարեր:

Արժեքավոր լեզվական փաստեր գրառեցի Արտաշենի գավառի Օջե գյուղում, Չամլըհեմշինի գավառի Մաքրևիս, Չինչիվա, Տափ, Եղնովիտ գյուղերում, ինչպես և Ռիզեի Չայելի գավառի Սենոզի շրջանում։ Վերջինս հայկական աղբյուրներում հիշվում է Սենեձոր տարբերակով: Ինչպես ասում էին տեղացի մեր ընկերները, վերջին հարյուրամյակում, երևի միակ հայերն էինք, որ ուսումնասիրություններ կատարելու նպատակով այցելում էինք Սենոզի համշենցիների գյուղերը: Այստեղ՝ Ջութինչ գյուղում, ես գրառեցի բացառիկ մանրատեղանուններ և այլ լեզվական փաստեր:

Նշեմ, որ մանրատեղանունները հայտնի են միայն մարդկանց որոշակի խմբին: Դրանք փոքր միավորների՝ արոտավայրերի, կալերի, ճահիճների, անտառների, բլուրների, գետակների, առվակների, հանդերի, ձորակների, ջրհորների անուններ են, որոնք հիմնականում կազմվում են տեղական բարբառային բառապաշարից և տեղական աշխարհագրական տերմիններից, որոնց ձևավորման մեջ որոշակի տեղ ունեն հատուկ գոյականների տեսակները։ Մանրատեղանուններն ավելի մանրմասն պատկերացում են տալիս տվյալ տեղանքի աշխարհագրական դիրքի, բուսականության, բնակչության զբաղմունքի, լեզվական իրողությունների մասին։

Հիմնականում օգտագործվում են խոսակցական լեզվում։ Այս նոր գրանցումների ընթացքում պարզ դարձավ մի կարևոր երևույթ, եթե տարածագոտու առավել մեծ վարչական միավորների անունները՝ մակրոտեղանունները՝ շրջան, ավան, գյուղ, ժամանակի ընթացքում թուրքացման քաղաքականության արդյունքում կրել են մասնակի կամ ամբողջական փոփոխություններ (այդ մասին տես՝ Lusine Sahakyan, TURKIFICATION OF THE TOPONYMS IN THE OTTOMAN EMPIRE AND THE REPUBLIC OF TURKEY, Montreal – Arod Books, 2011, http://www.ararat-center.org/upload/files/Toponym_Lusine.pdf), զանազան աղավաղումներ, ապա Չամլըհեմշինի, Արտաշենի, Սենոզի գավառների համշենցիների մանրատեղանունները, չնայած իրենց բարբառային հնչարտասանական դրսևորումներին, զարմանալիորեն մնացել են ավելի մաքուր, երբեմն՝ անաղարտ։ Բերեմ մի քանի օրինակ՝ գրառածս մանրատեղանուններից՝ Աղփիափ (աղբյուրի ափ), Ացկող (Աչկող), Դոցխաբակ (Տոսախի (ծառատեսակ ) բակ), Ընգեզութ (Ընկուզուտ), Լորութ (Լորուտ), Խացթուր (Խաչդուռ), Ջանջաղբուր (Ճանճաղբյուր), Ձիվաղնութ (Ծվաղենի-ծառատեսակ՝ բալ հիշեցնող պտուղներով), Փագենդեղ, Քարափ, Օձուտ և այլն։

-Իսկ տարբերություն կա՞ տարբեր շրջաններում բնակվող համշենցիների, նրանց ինքնության ընկալումների միջև:

-Թուրքական այդ մեծ օվկիանոսում Արդվինի նահանգի համշենցիները կարողացել են պահպանել հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքը, ինչի շնորհիվ Արդինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառների համշենցիների մի մասը ընդունում է իր հայկական ծագումը։ Բայց ընդամնենն այդքանը։ Նշեմ, որ նրանց միջավայրում տարածված են մարքսիստական, ըստ այդմ՝ աթեիստական գաղափարները, որոնք իմ կարծիքով, որոշակի հոգեբանական ինքնապաշտպանական դեր են կատարում իսլամական-թուրքական միջավայրում։ Սակայն նրանց մեջ կան նաև այնպիսիները, ովքեր ընդհանրապես խուսափում են իրենց ծագման մասին խոսել կամ իրենց համարում են թուրք, իսկ լավագույն դեպքում՝ համշենցի (հոմշեցի)։

-Իսկ Ռիզեում իրավիճակն ինչպիսի՞ն է։

-Նշեմ, որ Ռիզեի համշենցիները, ի տարբերություն Արդվինի նահանգի Խոփայի և Բորչկայի գավառների համշենցիների, իսլամացման-թուրքացման քաղաքականության հետևանքով արդեն մոռացել են Համշենի բարբառը, խոսում են թուրքերեն։ Ոմանք, թեև ընդունում են իրենց հայկական ծագումը, սակայն անմիջապես հավելում են, որ արդեն թուրքացել են։ Նրանց միջավայրում քարոզվում է այն տեսակետը, որ նրանք սերվել են թյուրքական ցեղերից։

Այսօր համշենցիների մեծամասնությունը մերժում է իր հայկական ծագումը։ Այժմ էլ Ռիզեի մի շարք շրջաններում արմատական իսլամը շարունակում է ամուր դիրքեր ունենալ։ Թեև այստեղ մարքսիզմի գաղափարակիրների նույնպես հանդիպեցինք, սակայն սկսած 1950-ական թթ. Թուրքիայում զարգացում և տարածում ստացող իսլամական կառույցները լրջորեն ազդել են Ռիզեի համշենցիների վրա։ Խիտ բնակեցված գյուղերում և վարչական կենտրոններում բացվել են ղուրանի շրջանային, անգամ գիշերօթիկ դասընթացներ, շատացել են մզկիթները, որի հետևանքով համշենցիների մեջ կարելի է հանդիպել մոլեռանդ մուսուլմանների։

-Ի՞նչ պատմական վայրեր այցելեցիք: Ի՞նչն է տպավորել Ձեզ:

-Տեսանք Արդահանի գավառի Բաղդաշան գյուղի մոտ գտնվող Բագրատունիների կիսաքանդ բերդը, Արդանուջի Ջեհեննեմ դերեսին (Դժոխքի ձոր), որի ժայռից ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայերի են ցած նետել, եղանք Մաքրիյալի կիսաքանդ ուղղափառ եկեղեցում, Չամլըհեմշինի Զիլ/Զիր (ներքին) բերդում, պատմական Եղնովիտ, Տափ գյուղերում, բարձրացանք Վերջենիկ լեռան ամենավերին լանջը, եղանք համշենցիների տարբեր յայլաներում։ Կուզենայի առանձնացնել, որ արժեքավոր գրառումներ եմ կատարել նաև Գիթոյի (Քիթո), Այդերի (Արտեր), Ջրհովիտի յայլաներում:

Առհասարակ, ողջ ուղևորության ընթացքում առանձնակի տպավորություն էր գործում Համշենի բնաշխարհն՝ իր յուրահատկություններով։ Թավշյա կանաչ, անանցանելի և ստվարախիտ դարավոր անտառների գլխին քողի նման իջնող մուժը, արագահոս ֆորթունա, Խալա, Համշեն գետերը, նրանց վրա կառուցված հին, կամարատիպ կամուրջները, 19-րդ դարից, միգուցե ավելի հին, մնացած փայտաշեն գեղեցիկ տները, այս ամենն էլ՛ ավելի գունազարդող համշենցի կանանց տարազը, հատկապես գլխաշորերը (փուշի), որոնց կապելու ձևը հատուկ է միայն այս շրջանին, անասելի հմայիչ էին։

Չափազանց հետաքրքիր էր Եղնովիտ գյուղում «Քարթալ» հյուրատան տիրուհու հետ ունեցած մեր զրույցը: Հալիդե Յըլդըրդմը պատմեց, որ իր մայրը հիշում էր, որ մորեղբայրները հայեր են եղել, և այդ ժամանակ` երեք սերունդ առաջ, այնտեղ մոտավորապես 50-60 տուն հայ և 5-6 տուն թուրք բնակիչ է ապրել։ Մորից լսել է նաև, որ հայերը հավատարիմ էին իրենց կրոնական ծեսերին (Զատիկի տոնին նրանք ձու էին ներկում), չէին ցանկանում կրոնփոխվել, դիմադրում էին։ Ըստ իր մոր պատմածի՝ մի օր թուրք զինվորները նրանց քշում են գետից այն կողմ` դեպի լեռները, որտեղ էլ նրանցից շատերը զոհվում են։ Թե որ թվականներին է վերաբերում այս եղեռնագործությունը, չկարողացանք պարզել։ Սակայն մոտավոր հաշվումներով, այն պետք է տեղի ունեցած լիներ XIX դարի վերջին կամ XX դարի սկզբին, այսինքն՝ երեք սերունդ առաջ:

-Իսկ այժմ Թուրքիայում որքա՞ն համշենցի է բնակվում:

-Գրքում տեղ են գտել նաև գրառումներ համշենցիների թվի մասին, որպես հիմք ընդունել եմ տեղացի մտավորականների վկայությունները: Ըստ այդմ, Արդվինի նահանգի Խոփա և Բորչկա գավառներում բարբառակիրների թիվը հասնում է 25 հազարի, իսկ ողջ Թուրքիայում` 30-35 հազարի: Արդվինի նահանգի ողջ բնակչության թիվը 2012 թվականին ըստ հասցեների արված թուրքական պաշտոնական մարդահամարի տվյալների՝ 166. 394 հազար է։ Արդվինում ապրում են նաև մուսուլման լազեր, վրացիներ։

Ռիզեի նահանգում թուրքախոս համշենցիների թիվը, համշենցի մտավորականներ Ուղուր Բիրյոլի, Քեմալ Նաբիի, Ադնան Գենչի և այլոց համաձայն, 25-30 հազարի է հասնում, իսկ ողջ Թուրքիայում ռիզեցի համշենցիների թիվը 50-60 հազար է։ Ըստ այդմ էլ՝ ծագումով ռիզեցի և արդվինցի համշենցիների թիվը Թուրքիայում շուրջ 90-100 հազար է:
Մալաթիայի Ինոնյուի անվան ինստիտուտի հաշվումների համաձայն համշենցիների թիվը Թուրքիայում 13 հազար է կազմում, ինչը մեր կարծիքով միտումնավոր պակասեցված է և իրականությանը չի համապատասխանում։ Թուրքիայիում նոր չէ, որ կեղծում են ազգային պատկանելությանը վերաբերող մարդահամարները։

-Միթե՞ Ռիզեի նահանգում այդքան քիչ համշենցի է մնացել։

-Այո՛, ժամանակի ընթացքում համշենցիներն արտագնա աշխատանքի են դիմել՝ հաստատվելով Թուրքիայի և այլ երկրների քաղաքներում, և այսօր, օրինակ՝ Արտաշենի գավառում տեղացիների վկայությամբ համշենցիների թիվը հասնում է 3 հազարի, Սենոզի շրջանում՝ 8 հազարի, Չամլըհեմշինում որպես հիմնական բնակիչ մնացել է շուրջ 2400-2500 համշենցի։ Ամռանը նրանց թիվը հասնում է 6-7 հազարի։ Գյուղերն այցելելիս մենք նույնպես տեսանք բազմաթիվ դատարկված ու փակ տներ։ Ռիզեի նահանգի բնակչության թիվը 2012 թվականին, ըստ հասցեների արված, թուրքական պաշտոնական մարդահամարի տվյալների 323.012 հազար է կազմում։

Ռիզեում ապրում են նաև մուսուլման լազեր, վրացիներ, ավելի քիչ` թուրքեր։ Մեծամասնություն են կազմում լազերը։ Լազերի պարագայում ևս Մալաթիայի Ինոնյուի անվան ինստիտուտի հաշվումները միտումնավոր պակասեցված են։ Ըստ նրանց՝ ողջ Թուրքիայում ապրում է 80 հազար լազ։ Այնինչ լազերի թիվը ոչ պաշտոնական տվյալներով 250-300 հազարի է հասնում, որոնց մեծ մասն ապրում է Ռիզեի նահանգում։

-Խոփայի երիտասարդ համշենցիների շրջանում ինչպե՞ս է ընկալվում իրենց տեղական խոսվածքը:

-Երիտասարդների միջավայրում համշենցիների խոսվածքը մոռացության է մատնվում: Այս պատճառով Ստամբուլում համշենցի մտավորականները ստեղծել են «Հատիկ» հասարակական-մշակութային կազմակերպությունը, որի նպատակն է պահպանել և մոռացումից փրկել իրենց սովորույթները, երգը, պարը, խոսվածքը:

-Ինչո՞ւ որոշեցիք ձեր ուսումնասիրությունը նաև թուրքերեն հրատարակել։

-Հետևյալ պատճառներով՝ հակահարված հասցնելու այն թուրք կեղծարարներին, ովքեր ձգտում են կեղծել Համշենի պատմությունը և մերժել հայկականության որևէ հետքի գոյությունը։ Բացի այդ, Ռիզեի նահանգի համշենցիները թուրքացման քաղաքականության արդյունքում, կորցնելով իրենց հայկական ինքնությունը, մոռացել են նաև մանրատեղանունների հայերեն իմաստները, և շատ դեպքերում, ընկնելով թուրքական քարոզչության ազդեցության տակ, կարծում են, որ իրենց խոսակցական թուրքերենում առկա բարբառային բառերը, տեղանունները ևս ունեն թյուրքական ծագում։ Նաև ցույց տալու, որ լեզվական, ժողովրդագրական իմ դաշտային գրառումները հավաստի են, և ես չեմ խուսափում անգամ այն թուրքերենով համշենցիների միջավայրում տարածել։

Վերջում ցանկանում եմ ընդգծել, որ Համշենի և առհասարակ Արևմտյան Հայաստանի մանրատեղանունները կամ ժողովրդական տեղանունները, հայոց պատմական հիշողության ու մշակույթի ժառանգության անբաժան մասն են։ Սակայն թուրքական միջավայրում գտնվելու, ժամանակին չգրանցվելու և տեղի բնակչության սերնդափոխության հետևանքով՝ դրանք կարող են մոռացության ու կորստի մատնվել։ Ուստի դրանց բազմակողմանի ուսումնասիրությունը պետք է ներառվի հայ պատմաբանասիրության օրակարգում։

-Նախատեսու՞մ եք նոր աշխատություններ հրատարակել:

– Մոտ ապագայում հրատարակության եմ պատրաստում մեկ այլ գիրք, որն ավելի ընդգրկուն տեղեկություններ է պարունակելու Համշենի մասին: Հուսով եմ` դաշտային աշխատանքների ժամանակ ձեռք բերածս բոլոր նյութերը կկարողանամ մեկտեղել այդ աշխատության մեջ:

Զրույցը վարեց Գևորգ Պետրոսյանը

HayNews.am

akunq.net/am/?p=21868

Facebooktwitterredditpinterestlinkedinmail