28 ՄԱՅԻՍ 2019 –
Հայաստանի Հանրապետության անկախության օր համարվում է 1918-ի Մայիսի 28-ը, թեև հայտարարությունը՝ առանց անկախություն և հանրապետություն բառերի, ընդունվել է 1918-ի մայիսի 30-ին: Ինչո՞ւ է այդպես: Ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության չորրորդ վարչապետ Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից մի հատված:
ԱՆԻ կենտրոն
Մայիսի 26-ի կեսօրից հետո ցրվեց [Անդրկովկասյան] Սեյմը, իսկ հինգ ժամ հետո, նույն սրահում գումարվեց Վրաց Ազգային խորհրդի նիստը Նոյ Ժորդանիայի նախագահությամբ, որ և բեմադրեց Վրաստանի անկախության հայտարարության ծիսակատարությունը:
Նույն օրը, երեկոյան, Բաթումում ստացվեց Անդրկովկասի Հանրապետության քայքայման և Վրաստանի անկախության հայտարարության լուրը: Նոյ Ժորդանիան ու Նոյ Ռամիշվիլին հեռագրում էին Չխենկելիին. «Այսօր, կեսօրից հետո ժամը 5-ին, Ազգային խորհուրդը Վրաստանը հայտարարեց անկախ հանրապետություն: Վարչապետ է Ռամիշվիլին, արտաքին գործոց նախարար՝ Չխենկելին: Անդրկովկասյան Սեյմը հայտարարեց իրեն լուծված, և Անդրկովկասի միությունը վերջացավ »:
Խալիլ բեյը անմիջապես՝ մայիսի 26-ի իր վերջնագիրը ուղարկեց առանձին-առանձին վրաց, հայկական և ադրբեջանյան պատվիրակներին:
Վրացիների վարմունքը սարսափելի կացություն ստեղծեց հայերի Համար: Հայ հասարակության վրդովումը անսահման էր: Հայերը, ո՛չ առանց իրավունքի, նենգ դավադրություն ու դավաճանություն էին տեսնում վրացիների վարմունքի մեջ: Նրանք զգում էին, որ մի վատ խաղ է խաղացվել իրենց գլխին: Եվ մայիսի 26-ի երեկոյան, Հայոց Ազգային խորհուրդը, բուռն վիճաբանություններից հետո, ձայների ճնշիչ մեծամասնությամբ, որոշեց բողոքել վրաց գործիչների ընթացքի և Վրաստանի անկախության դեմ: Այդ որոշումը, սակայն, չգործադրվեց հետագա դեպքերի զարգացման հետևանքով:
Հայ գործիչների մեջ միաձայնություն չկար այդ օրերին: Մայիսի 26-ի նիստին մասնակցող Հայոց Ազգային խորհրդի և Սեյմի անդամները՝ Ավետիս Ահարոնյան, Ստեփան Մամիկոնյան, Տիգրան Բեկզադյան, Արտաշես Բաբալյան, Ռուբեն Տեր-Մինասյան և սոցիալիստ-հեղափոխականները վճռական կերպով դեմ էին արտահայտվում անկախությանը: Խաճատուր Կարճիկյանը, Ս. Հարությունյանը, Ավ. Շահխաթունյանը, Սիմոն Վրացյանը, Ա. Երզնկյանը և ուրիշներ այլ ելք չէին տեսնում, բայց եթե Հայաստանի անկախության հայտարարությունը և, առանց ուշացնելու, հայկական իշխանության կազմակերպումը: Բնորոշ է, որ հայ սոցիալ-դեմոկրատները, անշուշտ, վրացի սոցիալ-դեմոկրատների թելադրանքով, թունդ պաշտպաններ էին անկախության և շտապեցնում էին Ազգային խորհրդին օր առաջ կատարել անկախության հայտարարությունը: Նրանք անկախության մեջ էին տեսնում հայ ժողովրդի փրկությունը:
Այս հարցում էլ առաջին վճռական խոսքն ասող եղավ Հ. Յ. Դաշնակցությունը, նրա շարքային ուժերը:
Սեյմի լուծման օրն իսկ, մայիսի 26-ի երեկոյան, տեղի ունեցավ Հ. Յ. Դաշնակցության Թիֆլիսի ներկայացուցչական ժողովի ու թաղային կոմիտեների արտակարգ նիստը: Սիմոն Վրացյանի զեկուցումից հետո, տեղի ունեցան բուռն վիճաբանություն և ձայների ճնշիչ մեծամասնությամբ ընդունվեց հետևյալ բանաձևը. «Նկատի ունենալով այն, որ Անդրկովկասյան Սեյմի ինքնացրումից և Վրաստանի անկախություն հայտարարելուց հետո լուծվելու է Անդրկովկասյան կառավարությունը, և հայ ժողովուրդը մնալու է բախտի բերմունքին՝ ներկայացուցչական ժողովը գտնում է անհրաժեշտ, որ Հայոց ազգային խորհուրդը, ուժեղացնելով իր կազմը, անցնի գործելու հայության կենտրոնում՝ ստանձնելով կառավարական ֆունկցիաները, օժտված դիկտատորական իրավունքներով հայ կյանքի բոլոր երևույթների և գործերի նկատմամբ»:
Շատ ճիշտ էր վայրկյանի գնահատությունը. դեպի՛ ինքնորոշում, դեպի՛ ինքնակազմակերպում, դեպի՛ հայրենի եկիր, ժողովրդի գիրկը:
Մայիսի 27-ին Ադրբեջանի Ազգային խորհուրդն էլ որոշեց հայտարարել Ադրբեջանի անկախությունը. վարանումը այլևս անիմաստ էր: Դեպքերը գահավեժ՝ իրենք էին գալիս ստիպելու անել այն, ինչից մարդկային բանականությունը համառորեն աշխատում էր խուսափել:
Անկախության հայտարարության վրա պնդում էին և Բաթումից վերադարձած ներկայացուցիչները՝ Քաջազնունին, Խատիսյանը, Պապաջանյանը, որոնք մայիսի 27-ի երեկոյան մանրամասն զեկուցում տվին բանակցությունների ընթացքի և Վրաստանի քայլերից հետո ստեղծված կացության մասին: Հաջորդ օրը, մայիսի 28-ին Ազգային խորհուրդը որոշեց Բաթում ուղարկել Ալ. Խատիսյանից, Մ. Պապաջանյանից և Հ. Քաջազնունուց բաղկացած հաշտարար պատվիրակություն՝ տալով նրան բացարձակ լիազորություն բանակցելու և հաշտություն կնքելու հանուն անկախ Հայաստանի: Անկախության հայտարարությունը, սակայն, եղավ ավելի ուշ, մայիսի 30-ին, ավելի արտաքին ճնշումների տակ, քան Ազգային խորհրդի հոժար կամքով:
Մայիսի 29-ին գումարվեց Հ. Յ. Դ. Արևելյան և Արևմտյան Բյուրոների, Հ. Յ. Դ. Թիֆլիսի Կենտրոնական կոմիտեի և Սեյմի ու Ազգային խորհրդի դաշնակցական հատվածների միացյալ նիստը, ուր մի անգամ ևս քննության առնվեց քաղաքական կացությունը և որոշվեց Հայաստանը հայտարարել անկախ հանրապետություն, կազմել կառավարություն միջկուսակցական հիմքերով, մինչև օրենսդրական ժողովի գումարումը: Ազգային խորհուրդն ու կառավարությունը տեղափոխել Երևան, որը պետք է դառնար Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը: Նույն ժողովում Հ. Քաջազնունին նշանակվեց վարչապետի թեկնածու:
Այս ժողովից հետո միայն Ազգային խորհուրդը արեց վճռական քայլ և մայիսի 30-ին հրատարակեց հետևյալ հայտարարությունը, որը, թեև իսկական առումով անկախության հռչակում չէր, բայց դեպքերի առումով դարձավ այդպիսին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար
Հայոց Ազգային խորհուրդ
1918թ. մայիս 30, Թիֆլիս
Այդպիսով, Հայաստանի անկախության հայտարարության օրը իսկապես պետք է համարվեր մայիսի 30-ը: Հակառակ դրան, համարվում է մայիսի 28-ը, այսինքն, այն օրը, երբ Ազգային խորհուրդը վճռեց հաշտության պատվիրակություն ուղարկել Բաթում: Անուղղակի կերպով, այս օրն էլ կարող է համարվել անկախության սկզբնավորություն, որովհետև հաշտության բանակցություններ վարելու համար նախապայման էր անկախության հայտարարությունը: Ընդունելով թուրքերի այդ պայմանը՝ Ազգային խորհուրդը դրանով իսկ հաստատած էր լինում անկախության փաստը:
Այսպես թե այնպես, Հայաստանի Հանրապետության ծագման օրը եղավ մայիսի 28-ը: Այդ օրը դարձավ նվիրական հայ ժողովրդի համար և մտավ ազգային տոնացույցի մեջ, իբրև սրբազան օրերից մեկը:
Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետություն», Երևան, «Հայաստան», էջ 159-162
—-
ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքում Վրացյանը գրում է.
Հայոց Ազգային խորհուրդը Հայաստանի անկախությունը չէ, որ հայտարարել է: Հակառակը, անկախության հարցը նյութ եղավ երկար և հուզումնալից վիճաբանության, բայց Ազգային խորհուրդը սիրտ չարեց հարևանների օրինակին հետևելու. ոչ ոքի բերանին չէր գալիս «անկախություն» բառը: Ձայների մեծամասնությամբ մերժելով անկախության հայտարարության առաջարկը, որ գալիս էր Դաշնակցության հատվածից, Ազգային խորհուրդը մայիսի 30-ին իրեն հայտարարեց «հայկական գավառների գերագույն իշխանություն» և հրատարակության տվեց հետևյալ «Հայտարարությունը».
«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել Հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար: 1918թ. մայիս 30, Թիֆլիս: Հայոց Ազգային խորհուրդ»:
Սրանից երևում է , որ Ազգային խորհուրդը միայն արձանագրում էր իր կամքից անկախ ստեղծված փաստական դրությունը և ժամանակավորապես կառավարական պաշտոն էր ստանձնում: Անկախության ոչ մի նշան չկա այս հայտագրի մեջ:
aniarc.am/2019/05/28/why-may-28-and-not-30-simon-vratsian-book/?