27.05.2019 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան: ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի եւ ԳՄ ղեկավարներին եւ պատվիրակներին: Հանդիպման մասին հաղորդագրությունը բավական բազմիմաստ է եւ ընդհանրական: Ըստ դրա, Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ականների խնդրանքով ներկայացրել է իր մի շարք նախաձեռնություններ, օրինակ Հայաստանում Մտքերի Վեհաժողովի անցկացումը, որը հեղինակավոր միջազգային հավաք է:
Քննարկվել են համահայկական օրակարգի առնչվող հարցեր, իսկ ներքին հարցերի վերաբերյալ նշվում է, որ խոսք է եղել բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց որպեսզի դրանք լինեն հանդուրժողության եւ համերաշխության մթնոլորտում:
ՀՅԴ-Արմեն Սարգսյան հանդիպումը ունի հետաքրքիր մի շարք շերտեր: Այն անմիջապես աչքի է ընկնում իհարկե ներքաղաքական ընթացիկ բավականին բուռն իրադրության ֆոնին, որ սկսեց ծավալվել դեռեւս Հաղթանակի տոնի օրերից, եւ ՀՅԴ-ն դրանում իր առերեւույթ դերն ուներ Հայաստան-Արցախ համաժողովի կազմակերպումով, Ստեփանակերտում: Համաժողովը աչքի ընկավ նրանով, որ փաստացի արտացոլում էր ավելի շատ նախկին համակարգի կոնյուկտուրային շահերը՝ Հայաստան-Արցախ հնչեղ խորագրի ներքո, քան իրապես Հայաստանի եւ Արցախի ռազմա-քաղաքական փոխհարաբերության խնդիրները:
ՀՅԴ մյուս դերակատարումը մայիսի 23-ին Ազատության հրապարակում հանրահավաքն էր, որը դարձյալ աչքի ընկավ հինհամակարգային կազմի աշխույժ ներկայությամբ, որն իր գույնը թողեց կառավարության ուղղությամբ ՀՅԴ բարձրացրած դեղին քարտերի վրա: ՀՅԴ «լրջացեք» կոչն անլրջացրին հանրահավաքի մի շարք բավական հանրահայտ մասնակիցներ:
Արդյոք Արմեն Սարգսյանը փորձել է դրանից հետո ՀՅԴ-ին բերել քաղաքական լուրջ օրակարգերի դաշտ, թե՞ ՀՅԴ-ն է հասկացել խնդիրն ու փորձում է այդ օրակարգերի դաշտ վերադառնալ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման միջոցով:
Դեռեւս տարեսկզբին Արցախում անցկացված Ընդհանուր ժողովի արդյունքում ձեւավորելով նոր ղեկավար կազմ, ՀՅԴ-ն համենայն դեպս հանրային աչքի առաջ ներկայանում էր իբրեւ անցնող երկու տասնամյակի իր գործունեությունը ռեվիզիայի ենթարկող եւ քաղաքական մարտավարության որակական տրանսֆորմացիայի գնացող ուժ, որն իր մեջ ուժ է գտնում անել Հայաստանի քաղաքական կուսակցությունների համար անբնական մի բան՝ փոխել իր անարդյունավետ ղեկավարներին եւ անարդյունավետ քաղաքական գիծը: Գիծ, որը հանգեցրել էր նրան, որ հայկական իրականության ամենաբազմափորձ, ամենագաղափարական, կառուցվածքի առումով միաժամանակ ամենակոշտ, բայց նաեւ դեմոկրատական կուսակցություններից մեկը առանց իշխանության հետ գործարքի անկարող էր հաղթահարել խորհրդարանի ընտրության 5 տոկոսի շեմը:
ՀՅԴ այդ ընդհանուր ժողովը արեց նաեւ բավականին կարեւոր քաղաքական հայտարարություն Արցախի թեմայով, որը փաստացի հավասարակշռող եւ հակակշռող համադրված ներուժով շոշափելի աջակցություն էր այդ հարցում Հայաստանի նոր ձեւավորվող եւ բյուրեղացող պետական քաղաքականությանը:
Ընդհանուր ժողովից հետո տեղի ունեցավ նաեւ հանդիպում վարչապետ Փաշինյանի հետ, ընդ որում ժողովից առաջ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն: Դրա ընթացքում քննարկվել էին համահայկական օրակարգին առնչվող հարցեր:
Տարեսկզբի ֆոնին, տարվա կեսին արդեն ՀՅԴ պահվածքը հայտնվեց որոշակի անհամադրելիության վիճակում, իսկ հանրահավաքի հռետորաբանությունը ավելի շուտ խոսում էր ոչ թե նոր, այլ հին ՀՅԴ մասին, թողնելով անգամ, տպավորություն, որ Ընդհանուր ժողովի փոփոխությունը կրել է կոսմետիկ բնույթ, իսկ կուսակցության քաղաքական մարտավարությունը շարունակում են գծել նրանք, ովքեր գծում էին այն երկու տասնամյակ:
Խնդիրը բացարձակապես այն չէ, որ ՀՅԴ-ն քննադատում է իշխանությանը: Հարցն այն է, թե ինչ համատեքստով եւ ինչ հռետորաբանության, ինչ շեշտադրումներով է հնչում այդ քննադատությունը, եւ ինչո՞վ է օրինակ այն տարբերվում այն ուժերի քննադատությունից, որոնց հիմքում եղած գաղափարը ակնհայտորեն ազգային չէ, այլ «դրամա-վարկային»: Այստեղ է հարցը, այստեղ է, որ խնդիր ունի ՀՅԴ-ն:
Իսկ բանն այն է, որ եթե ՀՅԴ-ն որպես իրապես բացառիկ կամ եզակի ուժ՝ իր բազմափորձությամբ, գաղափարականությամբ, ցանցային կարողություններով, միջազգային ասպարեզում իր լայն օրակարգով գործունեության կենսափորձով ու կապերով՝ կարող է խնդիր ունենալ, այն էլ այնպիսի պարզ հարթության վրա, ինչպիսին ներքաղաքական մարտավարությունը, ապա դա խնդիր է պետության եւ հայության համար ընդհանրապես:
Գուցե դրա՞ համար է նախագահ Սարգսյանի հետ հանդիպման հաղորդագրության բովանդակության մեջ գերակշռում համահայկական օրակարգը: Նախագահի նստավայրի այդ հաղորդագրությամբ Արմեն Սարգսյանը ՀՅԴ-ին հիշեցնում է մասշտաբը՝ իր քաղաքական եւ հանրային ու պետական դերակատարման, կամ այլ կերպ ասած՝ ցույց է տալիս իր յուրօրինակ «դեղին քարտը», բայց քաղաքական շատ ավելի տարողունակ բովանդակությամբ, քան այն, ինչ Ազատության հրապարակում ցույց էր տալիս ՀՅԴ-ն:
lragir.am/2019/05/27/446685/?