Մենք հասկացանք, որ այլևս Խրիմյան Հայրիկի շերեփի տարբերակով հաջողություն չենք ունենա

ՀՀ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյան

28.05.2019 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար.

Մեր զրուցակիցն է ՀՀ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը

Պարոն Մելքոնյան, այսօր Հայաստանի առաջին Հանրապետության օրն է։ Մենք որքանո՞վ ենք դասեր քաղել պատմությունից։

Ես այն կարծիքին եմ, որ մենք բոլոր դեպքերում պատմությունից դասեր քաղել ենք։ Երբ ասում են՝ չենք քաղել, ես այդ կարծիքին չեմ, որովհետև արցախյան շարժումը և դրա արդյունքում մեր հաղթանակները խոսում են այն մասին, որ մենք դասեր քաղեցինք ու հասկացանք, որ այլևս Խրիմյան Հայրիկի շերեփի տարբերակով մենք հաջողություն չենք ունենա։ Եվ զինված պայքարի արդյունքում մենք վերատիրեցինք մեր հայրենիքի մի մասը կազմող Արցախին։ Այդ տեսանկյունից ես կարծում եմ, որ մենք բոլոր դեպքերում դասեր քաղել ենք։ Դասեր ենք քաղել նաև Ցեղասպանությունից, քանի որ երբ 1988 թվականի ձետրվարի 26-27-ին տեղի ունեցավ Սումգայիթի եղեռնագործությունը, մենք անմիջապես հիշեցինք 1915 թվականը և հակազդեցինք դրան։ Մենք միանգամից հասկացանք, որ զինական պայքարն է, որ ապահովելու է մեր հաղթանակն այդ պատերազմում։

Ինչ վերաբերում է Երրորդ Հանրապետության պատմությանը, ես կարծում եմ, որ նախորդ Առաջին Հանրապետության պատմությունը մենք լավ ենք սովորել և ռազմավարական դաշնակցի հետ մեր հարաբերությունները կառուցելիս նաև չենք մոռանում 1920-1921 թվականները, երբ նույն Խորհրդային Ռուսաստանը, որ թվում էր՝ մեզ դաշնակից պետք է լիներ, իրականում մեր ազգային շահերի դեմ գնալով Կարսի մարզի, Սումալուի գավառի կորստյանը բերեց։ Դա մենք հիշելով, այսօր թույլ չենք տալիս նմանատիպ երևույթներ մեր կյանքում և նույնիսկ դաշնակցի հետ խոսում ենք արժանին արժանիի հետ տարբերակով։

Վերջին մեկ տարում ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները։ Շատերը նշում են, որ որոշակի լարվածություն կա այդ հարաբերություններում։ Դուք նկատո՞ւմ եք, որ լեգիտիմության մեծ պաշար ունեցող մեր իշխանությունների հետ Ռուսաստանի հարաբերություններն այլ են, քան նախկինում էին։

Բնականաբար, լեգիտիմ իշխանության հետ Ռուսաստանի հարաբերությունները կառուցելն ավելի դժվար է, քան նախորդ իշխանության պարագայում, և այդ անվստահությունը, թերևս, դրանից է գալիս։ Որովհետև Ռուսաստանում, համենայնդեպս, երևի թե այդ կապակցությամբ որոշակի խնդիրներ եղել են։ Դրա համար ես ենթադրում եմ, որ որոշ անվստահություն կա, բայց ժամանակն ամեն ինչը տեղը կդնի, և մեր ռազմավարական դաշնակիցը կհասկանա, որ Հայաստանը կարող է և պարտավոր է նաև հավուր պատշաճի որպես դաշնակից երկիր ներկայանալու, այլ ոչ թե նախկին սատելիտային կարգավիճակով։ Այսինքն ինքնիշխան պետության հետ, անկախ նրա հնարավորություններից, տարածքից, բնակչության թվաքանակից, դաշնակիցները պետք է հարաբերվեն հավուր պատշաճի։

Իհարկե, լծակներ կան, որոնք Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ օգտագործում է իր նախկին կարգավիճակը վերականգնելու համար, բայց, իհարկե, շատ ավելի դժվար է։ Կարծում եմ՝ վաղ թե ուշ Ռուսաստանը համոզվելու է, որ արժանապատիվ դաշնակից ունենալն իր համար շատ ավելի օգտակար ու շահավետ է, քան նախորդ պարագայում։

Որքանո՞վ էին կարևորվում Առաջին Հանրապետության տարիներին մեր տարածքները և այդ առումով արդյոք փոխվե՞լ է մոտեցումը։

Դրանք կենսական նշանակության տարածքներ էին։ Խոսքը ոչ միայն Կարսի մարզի, Նախիջևանի, Արևմտյան Հայաստանի Արևելյան շրջանների մասին է, այլ ընդհանրապես, դեպի Սև ծով ելքի մասին։ Առաջին աշխարհամարտի հաղթողներն ի դեմս Հայաստանի ուզում էին ուժեղ պետություն տեսնել այստեղ որպես իրենց դաշնակից։ Մասնավորապես Անգլիայի վարչապետ Լլոյդ Ջորջն ասում էր, որ Հայաստանին պետք է տալ թոքեր, շնչելու հնարավորություն, ելք դեպի Սև ծով։ Դրա համար Էրզրումն ու Տրապիզոնը նրանք համարում էին Հայաստանի Հանրապետության անբաժան մաս։ Սևրի դաշնագրի կետերից մեկն էլ նախատեսում էր այդ տարածքների միացումը Հայաստանի Հանրապետությանը։ Այդ տարածքների հարցը մեզ համար կենսական էր և դրանց կորուստը բերեց Հայաստանի տկարացման, և ի վերջո, Հայաստանի Առաջին Հանրապետության անկման։

lragir.am/2019/05/28/446716/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail