04 ՅՈՒՆԻՍ 2019 – ԱՆԴՐԱԴԱՐՁ:
Կէօպեքլիթեփէն (Պորտասար, «Ակունք»-ի խմբ.) մարդաբանութեան մէջ մի նոր տեսակէտ է բերել: 12 հազար տարի առաջ կառուցուած պատմական կառոյցներն այս անգամ էլ սպասում են, որ պահպանուեն երկրագնդի մակերեսին: Ստորեւ ներկայացւում է DW լրատուական գործակալութեան աշխատակից Պաշաք Սեզէնի ստացած տպաւորութիւնները Կէօպեքլիթեփէից:
Կէօպեքլիթեփէն Շանլըուրֆա (Ուրֆա, «Ակունք»-ի խմբ.) շրջանից մօտ 15 քմ հիւսիս-արեւելք ընկած շրջան է: Եթէ հնարաւոր լինէր ժամանակի մեքենայով 12 հազար տարի յետ գնալ, ապա հնարաւոր կը լինէր հանդիպելու անյայտ մի քաղաքակրթութեան անդամների, որոնք անյայտ պատճառներով կոթողներ են կառուցում: Ներկայում կարելի է այցելել վերոնշեալ խորհրդաւոր մարդկանց կողմից կառուցուած կոթողների գտնուելու վայր, որոնք մասամբ հնարաւոր է տեսնել այնպէս, ինչպէս կառուցման առաջին օրն են եղել: Ինչքան էլ որ ժամանակը քայքայել է դրանք…
2019 թ. Թուրքիայում հռչակուեց Կէօպեքլիթեփէի տարի: Թուրքիայի բոլոր կողմերից տուրեր են կազմակերպւում դէպի Կէօպեքլիթեփէ, ժամանակ առ ժամանակ հերթեր են գոյեանում: Այնտեղ կարելի է հասնել դեղին ծաղիկներով ու կափ-կանաչով շրջապատուած մի ճանապարհով: Այն շատ մօտ է Օրէնճիք գիւղին, որտեղ ամէն անկիւնում Կէօպեքլիթեփէի վերաբերեալ ցուցանակներ ու կոթողի կրկնօրինակներ կան, ինչի շնորհիւ` հնարաւոր չէ կորցնել ճանապարհը: Շանլըուրֆացիները հպարտանում են 12 հազար տարեկան իրենց հայրենակիցների կոթողներով:
Հնագիտական պեղումները սկսուել են 1995 թ. գերմանացի հնագէտ Քլաուս Շմիտթի կողմից: 20 տարի շարունակ այստեղ նա անթիւ պեղումներ է կատարել: Սակայն Շմիտթի մահից յետոյ նրա կողմից երեւան հանուած A, B, C, D, E ու F տիպի կառոյցներ անուանակոչուած տարածքներում հնագիտական պեղումները դադարեցուեցին, ու խումբը ցրուեց: Այդ շրջանում հնագէտները միայն կառոյցների մաքրութեան ու գոյքի դուրս բերման գործով են զբաղւում: Ենթադրւում է, որ Կէօպեքլիթեփէն ամբողջութեամբ երեւան հանելու համար կը պահանջուի 150 տարի:
Այն միայն «տաճար» չէ
Ըստ Շմիտթի, Կէօպեքլիթեփէն ՆՔ 10 հազարից 8 հազար 700 թուականները ներառող նէոլիթեան ժամանակաշրջանի համայնքների ծիսական կեդրոնն է եղել: Սակայն Կէօպեքլիթեփէն բաղկացած չէ միայն «տաճար» անուանուող կառոյցներից: Շրջակայքում տներ ու բնակութեան վայրեր էլ կան: Պոլսի համալսարանի հնագիտութեան բաժնից պրոֆ. դոկ. Մեհմեթ Ճելալ Օզտողանն ընդգծում է, որ առկայ է սխալ տպաւորութիւն առ այն, թէ Կէօպեքլիթեփէն միայն տաճարներից բաղկացած մի շրջան է: Դրա պատճառն այն է, որ պեղումները հիմնականում կատարուել են այն վայրերում, որոնք անուանուել են «տաճարներ»:
Օզտողանն ասում է. «Աւելի վաղ արուած պեղումների, անցած տարի ու նախանցած տարի արուած հորատումների ժամանակ էլ բնակութեան վայրերի հետքեր են յայտնաբերուել: Կէօպեքլիթեփէի շրջակայքում այդպիսի շատ բնակավայրեր գիտենք: Դա չի նշանակում, թէ Կէօպեքլիթեփէն անկարեւոր է: Դա Սթոունհենճի նման մի կառոյց չէ, որի կառուցումը սկսուել է այն ժամանակ, երբ մէկը նստած առաջարկել է կառուցել: Այն մեզ հետեւեալ տեղեկութիւնն է հաղորդում. «Բնակավայր էր, որն ունեցել է պաշտամունքային վայրեր»:
Կէօպեքլիթեփէն, որին ժամանակ առ ժամանակ նմանեցնում են Անգլիայում գտնուող ու զբօսաշրջիկների հոսք ապահովող Սթոունհենճին, 7000 տարով աւելի հին է, քան` Սթոունհենճը: Հարթ ու անջրանցանելի հողը, մակերեւոյթն ու 15 թոն ծանրութիւն ունեցող T տիպի սեպագիր արձանագրութիւններով հսկայական մասերով Կէօպեքլիթեփէն Սթոունհենճից հազարաւոր տարիներ առաջ է կառուցուել, սակայն նրանում նկատւում է հազարաւոր տարիների առաջընթաց:
Կէօպեքլիթեփէն փոխե՞լ է արդեօք մարդաբանների տեսակէտները
Կէօպեքլիթեփէում գտնուող կառոյցների տարիքը զարմանք է առաջացրել աշխարհում: Ինչպէ՞ս եղաւ, որ մինչ այդ որեւէ մշակութային միութիւն կամ զարգացած գործիքներ չունեցող որսորդ եւ հաւաքչութեամբ զբաղուողները, կարողացան այսպիսի զարգացած կոթողներ կառուցել:
Օզտողանը շեշտում է, որ վերջին 20 տարում Կէօպեքլիթեփէից մի փոքր վերեւ ու ներքեւ գտնուող եւ նոյն ժամանակաշրջանին պատկանող 20 հնավայրերում երեւան են եկել տեսակէտ փոխող արդիւնքներ: Նա մասնաւորապէս նշում է. «Երեւան եկաւ անսպասելի մի համայնք, որն ունէր շատ զարգացած մշակութային կառուցուածք, բաժանուած էր դասակարգերի, վերնախաւային ճաշակի ու հաւատալիքների շատ զարգացած համակարգեր ունէր` չնայած այն բանին, որ այդ ժամանակ գոյութիւն ունեցած միւս համայնքները դեռեւս գիւղատնտեսութեամբ չէին զբաղւում: Այդ զարգացած համայնքի գոյութեան ամենավառ ապացոյցն առաջին հերթին Կէօպեքլիթեփէն է, սակայն այդ ամէնը միայն Կէօպեքլիթեփէով չի սահմանափակւում: Այդ ժամանակաշրջանին պատկանող միւս հնագիտական վայրերում էլ` Չանեոնիւում, Նեւալի Չորիում, Հալլան Չեմիում եւ այլն, մեր առջեւ է յառնում մի զարգացած հասարակութեան դիմագիծ»:
Ինչո՞ւ է Կէօպեքլիթեփէն դիտաւորեալ թաղուած
Կէօպեքլիթեփէի հետ կապուած` ամենաշատ քննարկուող ու ամենախորհրդաւոր առանձնայատկութիւններից մէկն այն է, որ ողջ շրջանը դիտմամբ թաղուած է հողի տակ: Այս առանձնայատկութիւնը նկատւում է ոչ միայն Կէօպեքլիթեփէում, այլեւ` Չայոնիւի նման` այդ ժամանակաշրջանին պատկանած այլ բնակավայրերում:
Դոկ. փրոֆ. Օզտողանը տեղեկացնում է, որ այդ ժամանակաշրջանին պատկանած վայրերի կոթողները, մարդու նման, թաղուել են, որոշներում անգամ կան նուէրներ, դրա պատճառը մեծ հաւանականութեամբ այն էր, որ կանխուէին սրբութեանը ձեռք տալու դէպքերը: Յայտնի չէ, թէ Կէօպեքլիթեփէում երեւան հանուած յուշարձաններն ինչո՞ւ են նրանց համար սուրբ համարուել, սակայն այդ հաւատալիքների շնորհիւ ներկայում հնարաւոր է Կէօպեքլիթեփէն տեսնել գրեթէ այնպէս, ինչպէս այն եղել է կառուցման առաջին օրը:
Այն ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում է գրանցուել
Կէօպեքլիթեփէն, ի տարբերութիւն Հասանքէյֆի, ներառուել է ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան մշտական ցուցակում: Այդ իրադարձութիւնը շատ կարեւոր համարող դոկ. փրոֆ. Օզտեմիրն ասում է, որ չնայած դրան, այն լաւ չի պահպանւում. «Մի անգամ, դեռ գործը չսկսած, մի շատ մեծ սխալ եղաւ: Փորձեցին դրանք հաւաքել ժամանակաւոր տանիքի տակ: Յետոյ մի «ԱԲ» նախագծով երկու տանիք կառուցուեց: Չեմ ասի, թէ այդ տանիքները շատ լաւն էին: Այնտեղ հիմնական խնդիրը քամու առաջացրած անապատացումն էր, այսինքն քամու հետ եկող աւազէ յարձակումն էր, որ նաեւ քանդում էր այն: Տանիքների վրայ կան տեղեր, որոնք ծածկուած չեն: Պահպանութեանն ուղղուած խնդիրներ կան, սակայն գոնէ այս պահին Համաշխարհային ժառանգութեան ցուցակում ընդգրկուելու շնորհիւ` գնալով աւելանում են պաշտպանութեանն ուղղուած միջոցառումները»:
Կէօպեքլիթեփէում յատկապէս բոյսերի մէջ մնացած F տիպի կառոյցի վերին հատուածը բաց է, ու երբեմն էլ, չնայած զգուշացնող ցուցանակներին, զբօսաշրջիկները քարերի վրայից ցատկում են, ինչի պատճառով նկատւում է, որ E տիպի կառոյցը անպաշտպան է մնացել: Աչք է ծակում նաեւ այն, որ այդ կառոյցի հողն անձրեւաջրերով է լցւում: Ըստ դոկ. փրոֆ. Օզտողանի, այդ խնդրի լուծում կարող է լինել այն, որ այդ կոթողները թանգարան տարուեն, իսկ դրանց տեղում մէկական կրկնօրինակ տեղադրուի:
Ովքե՞ր են կառուցել Կէօպեքլիթեփէն
Յայտնի չէ, թէ ովքեր են այդ խորհրդաւոր կոթողները կառուցել, քանի որ լաւ պահպանուած ՏՆԹ օրինակներ դեռեւս չեն յայտնաբերուել: Միայն առկայ են ենթադրութիւններ: Օզտողանը նշում է, որ ՆՔ 35 հազար տարիների ընթացքում, երբ հոմօ սափիենսները, այսինքն մեր նախահայրերն սկսեցին տարածուել, նրանց հաւատալիքների համակարգում էլ զարգացումներ եղան: Նա յատկապէս ուշադրութիւն է հրաւիրում Սպանիայից սկսած մինչեւ Ուրալեան լեռներ հասնող մշակութային շրջանին:
Օզտեմիրը տեղեկացնում է, որ Սեւ ծովի հիւսիսում գտնուել են թէ՛ ՆՔ 30.000-14.000 տարածուած քարանձաւային արուեստի, թէ՛ Կեդրոնական Եւրոպայում գտնուած յուշարձանների նմուշներ, տաճարներ. «Կէօպեքլիթեփէն նոյն տրամաբանութեամբ է ի յայտ եկել, սակայն իր հետ յստակ բնակութեան հայեցակարգ, մի նոր կենսաձեւ է բերել: Երբ այդ մշակոյթը տարածւում է դէպի Անատոլիա, իր հետ բերում է ընկերային մի նոր կենսակերպ: Այն միայն հաւատալիքների համակարգ, հաւատալիքների ցուցադրութիւն չէ, այլ հետագայում ի յայտ եկած քաղաք-պետութեան, կայսերական համակարգի ընկերային հիմքերը այստեղ են գցուել: Ըստ իս, Կէօպեքլիթեփէի մշակութային ամենակարեւոր իւրայատկութիւնը հէնց դա է»:
Կէօպեքլիթեփէն հազարաւոր տարիներ թաքցուել է հողի տակ: Կառուցողները, մի օր յետ գնալու յոյսով, թաքուն մուտք են թողել այնտեղ: Սակայն չեն կարողացել վերադառնալ: Այդ կոթողները հիմա սպասում են, որ թաքնուած մնացած հազարաւոր տարիներից է՛լ աւելի երկար պահպանուեն երկրագնդի վրայ:
Թարգմանեց
ԱՆԻ ՄԵԼՔՈՆԵԱՆԸ
«Ակունք»
aztagdaily.com/archives/440150