21-02-2019 | Հայաստան | Իրավունք
ԲԱՆՏԱՐԿԵ՞Լ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
Հայտարարություն հնարավոր հանցագործության մասին
Հարգելի Պարոն Վանեցյան, մեր երկրում տեղի ունեցած հեղափոխության նպատակն էր փրկել երկիրը կործանումից և առաջին հերթին վերացնել անպատժելիության մթնոլորտը: 1992 թ-ից կազմակերպվեց մեր երկրի քայքայումը, դրա համար, որպես գործիք ծառայեցնելով ամենաթողությունը և համատարած կոռուպցիան: Այս հետևությունը պաշտոնապես արվել է 1998թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ նախագահին առընթեր քաղաքական խորհրդի կողմից (նայիր հայտարարությանը կից հավելված 1): Ըստ քաղաքական գնահատականի երկրի քայքայումը կազմակերպվել է ՀՀՇ-ական վարչախմբի կողմից, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (Լ.Տ.Պ) ղեկավարությամբ:
Տեղին է նշել, որ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը դադարեցրեց իր իսկ կողմից կազմված քաղաքական խորհրդի գործունեությունը և հետագայում ինքն էլ շարունակեց իր նախորդների քաղաքական գիծը, պատասխանատվության չենթարկեց բացահայտ հակապետական քայլերի հեղինակներին, երկրում էլ ավելի խորացրեց անպատժելիության մթնոլորտը: Մեզ թվում է, որ ներկայումս կալանքի տակ գտնվող Ռ. Քոչարյանին բացի մարտի 1-ի գործով ներկայացվող մեղադրանքներից պիտի ներկայացվի նաև մեղադրանք իր նախորդների գործունեությունը չպատժելու և նույնիսկ խրախուսելու համար:
Հարգելի Ա. Վանեցյան, Լ.Տ.Պ-ը իր պաշտոնավարությունից հետո միշտ փորձել է խույս տալ անձնական պատասխանատվությունից երկրի ստեղծված վիճակի համար նշելով, որ այն մի ողջ քաղաքական կուսակցության գործունեության (ՀՀՇ) արդյունք է: Սակայն մեզ հայտնի են բազմաթիվ քայլեր, որոնք անձանմբ ինքն է կատարել և, որոնք ունեցել են կործանարար հետևանքներ երկրի համար և այդ քայլերի պարզաբանումը պահանջում է դատաքննչական գործընթացի կազմակերպում, համապատասխան վկաների ցուցմունքների ստացում:
Ստորև բերվում են նման քայլեր և նրանց վերլուծությունից բխող հարցեր, որոնց պատասխանը ակնկալվում է ստանալ Լ.Տ.Պ-ից:.
1. Ինչո՞ւ 1991 թ-ին ԼՏՊ-ն կանխել է հայկական զորքերի մուտքը Նախիջևան Երևան-Մեղրի երկաթուղու երկաթգծային ուղին պաշտպանելու համար, երբ դեռ ռուս սահմանապահ զորքերը պաշտպանում էին Նախիջևան-Թուրքիա սահմանը, իսկ ռուսական ռազմական ղեկավարությունը աջակցում էր մեր այդ սպասվող քայլին:
2. Ինչո՞ւ Ղարաբաղի ու Հայաստանի շուրջ անվտանգության գոտին ստեղծող լայնատարած հարձակման առաջին օրը, առավոտյան ռադիոյով հայ ժողովրդին ուղղված խոսքում, Լ.Տ.Պ.-ն սխալ էր համարում այդ նոր սկսած ռազմական գործողությունները (ի դեպ, օրվա կեսից այն հանվեց ռադիոլրատվությունից) և ընդդիմանում դրան, չէ՞ որ հետագան մեզ ցույց տվեց, որ դա տվեց փաստացի խաղաղություն մինչ օրս (այս փաստի վերաբերյալ պատրաստ եմ տալ գրավոր վկայություն):
3. Ի՞նչն է պատճառը, որ ՀՀ զինվորական ղեկավարները գաղտնի են պահել Շուշիի ազատագրման պլանը Լ.Տ.Պ.-ից և այն իրականացրեցին, երբ Լ.Տ.Պ.-ն գտնվում էր Թեհրանում:
4. Ըստ Ղարաբաղա-Ադրբեջանական կոնֆլիկտի ռուսական միջնորդ Վլադիմիր Կազիմիրովի, 2014թ.-ի ապրիլի 26-ին Շանթ հեռուստատեսությամբ տված հայտարարության, հայ-ադրբեջանական զինադադարը նախատեսված էր կնքել միայն Ադրբեջանի և Ղարաբաղի միջև, սակայն կնքման նախորդ երեկոյան Հեյդար Ալիևը հեռախոսով հայտնել է Վլադիմիր Կազիմիրովին, որ իր համար շատ ցանկալի կլինի, որ Լ.Տ.Պ.-ն նույնպես ստորագրի այդ զինադադարը: Վլադիմիր Կազիմիրովը ընդդիմանում է, որ Հայաստանը կռվող կողմ չէ և Հայաստանի ստորագրությունը չպետք է դրվի: Սակայն Ալիևը խնդրում է Վլադիմիր Կազիմիրովին, որ նա իր ցանկության մասին տեղյակ պահի Լ.Տ.Պ-ին: Երբ Վլադիմիր Կազիմիրովը այս մասին հայտնում է Լ.Տ.Պ-ին՝ ինչո՞ւ է Լ.Տ.Պ-ն սիրով համաձայնում ստորագրել, որը կատարվում է հենց իր ցուցումով Վազգեն Սարգսյանի կողմից:
Լ.Տ.Պ-ի այս քայլով զրոյացվում է Ղարաբաղյան շարժման քաղաքական հետևանքները՝ հետագա բանակցություններում Ղարաբաղի ստորագրությունը արդեն չի դիտարկվում և փոխարենը լինում են միայն Հայաստանի և Ադրբեջանի ստորագորույթունները: Սա հիմք է տալիս Ադրբեջանին, որ միջազգային բոլոր օղակներում Հայաստանը ներկայացնել որպես ագրեսոր երկիր և սկսվում են անհասկանալի ու անպտուղ բանակցությունները: Բայց չէ որ, եթե Լ.Տ.Պ-ն չդներ իր ստորագրությունը, այնտեղ լինեին միայն նույն երկրի՝ Խորհրդային Ադրբեջանի երկու բաղադրիչների ստորագրությունները, ապա դա կնշանակեր, որ ըստ միջազգային բոլոր նորմերի Ադրբեջանը ավտոմատ ճանաչում էր Ղարաբաղի ինքնիշխանությունը, Հայաստանը չէր դիտվի կոնֆլիկտի կողմ և չէին լինի սրանից բխող բոլոր բացասական հետևանքները:
5. Ինչո՞ւ միայն 2001 թ.-ին բացահայտվել է Լ.Տ.Պ.-ի օգնականի թուրքական հետախուզության գործակալ լինելու փաստը:
Ինչո՞ւ Լ.Տ.Պ.-ն իր աշխատակազմում հանդուրժել է թուրքական հետախուզության գործակալի առկայությունը, ով 2001թ.-ին դատապարտվել է 12-ամյա բանտարկության: Լ.Տ.Պ.-ին մտերիմ այդ անձնավորությունը վեց տարի շարունակ մասնակցել է պետական կարևոր հարցերի լուծմանը և տեղյակ է եղել պետական կարևորության փաստաթղթերին:
6. Ինչո՞ւ ռազմական նախարար Վազգեն Մանուկյանը անմիջապես հեռացվեց պաշտոնից, երբ ԼՏՊ-ի երկրից բացակայության ժամանակ ընդլայնեց անվտանգության զոնան Կապան քաղաքը անարգել ու կործանարար ռմբակոծումներից փրկելու համար:
7. Ինչո՞ւ Լ.Տ.Պ.-ն 1994 թ.-ին կանխեց մեր զորքերի հարձակումը Եվլախի ուղղությամբ (որը Ադրբեջանի տրանսպորտային հանգույցն է), որի գրավումով կաթվածահար կարվեր Ադրբեջանի երկաթգծային համակարգը (ըստ ռազմական գործողությունների ղեկավարների հեռուստատեսությամբ տված վկայությունների):
8. Ինչո՞ւ 1992-95թթ. Լ.Տ.Պ.-ի կողմից բազմիցս արվում էին խաղաղասիրական կոչեր, չհարձակվելու և ռազմական դիմադրություն չձեռնարկելու քայլեր և չսպառազինվելու քաղաքական կոչեր (հիշենք նրա կարգախոսը՝ «Մեր ուժը մեր թուլության մեջ է»), և միևնույն ժամանակ նախահարձակ զինվորական ղեկավարներին պաշտոնից հեռացնելու քայլեր: Եվ քանի դեռ Լ.Տ.Պ.-ն չէր ստանձնել գլխավոր հրամանատարի պարտականությունը, զինված ուժերը համեմատաբար անկախ էին: Նրանք իրականացրեցին Ղարաբաղի և կից տարածքների ազատագրումը: Սա եղավ նրա քաղաքական կամքին հակառակ և մեր ազգին խիստ օգտակար հետևանք: Այս հաղթանակը Լ.Տ.Պ-ն հետագայում իրեն վերագրեց ՝ հանդես գալով որպես հաղթած պետության նախագահ:
9. Ինչո՞ւ է Լ.Տ.Պ.-ն իր իշխանության վերջին օրերին անօրեն կերպով ՀՀ դատախազության արխիվներից թաքցրել և վերացրել է իր գլխավորված Ղարաբաղ կոմիտեի արխիվային գործերը, իբր Ղարաբաղ կոմիտեի ինչ-որ գոյություն չունեցող թանգարանի համար: Այդ քայլը քրեորեն պատժելի է ցանկացած քաղաքացու համար (առնվազն որպես գողություն): Միգուցե նա վերացրել է իր և թշնամի երկրների գաղտնի ծառայությունների հետ եղած կապի հետքերը: Իմ կարծիքով, այլ բացատրություններ չեն կարող լինել նրա այս քայլին:
10. Ինչո՞ւ Լ.Տ.Պ.-ի կողմից չի հերքվում Փակագիծ թերթում բերված (09.01.2008-ի համարում) Սպիտակի շրջանի նախկին շրջխորհրդի նախագահ Նորայր Մուրադյանի վկայությունները Լ.Տ.Պ.-ի կողմից միլիոնավոր ռուբլիների յուրացման փաստերի և վարած թուրքամետ քաղաքականության մասին:
11. Ինչո՞ւ (ըստ արտաքին գործերի նախարարի տեղակալի հեռուստատեսային ելույթի, 2007թ. ապրիլ) Լ.Տ.Պ.-ն բազմիցս մերժել է Իրանի առաջարկը Իրան-Հայաստան գազատար անցկացնելու համար, որը մեզ կտար էներգետիկ անկախություն:
12. Ինչո՞ւ արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հեռացվեց պաշտոնից, երբ փորձ արեց բարձրացնել Հայ Դատի հարցը: Հարց, որը ներկայումս դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության և Հայաստանը Սփյուռքին միավորող կարևորագույն գործոնը:
13. Ինչո՞ւ արտադրական միջոցների սեփականաշնորման գործընթացը նախաձեռնվեց նրանց հոսանքազրկումից հետո, երբ նման չաշխատող հիմնարկների արժեքը հավասարվեց մետաղական ջարդոնի արժեքի: Ինչո՞ւ այդ ժամանակահատվածում բացվեց Հայաստան-Իրան սահմանը, որը նպաստեց գործարանային սարքավորումների վաճառքին էժան գնով և նրանց տեղափոխումը Հայաստանից դուրս: Հավատացնում եմ, որ եթե սկզբից կատարվեր սեփականաշնորհում և, ապա նոր հոսանքազրկվեր Հանրապետությունը՝ աշխատող գործարանների սեփականատերերը դա թույլ չէին տա անել:
14. Ինչո՞ւ չկազմակերպվեց Հայաստան մտնող գազատարի պաշտպանությունը (չէ որ հարևան Վրաստանը դա մեզ թույլ էր տալիս): Ինչո՞վ կբացատրվի այդ «պայթեցումների» դադարեցումը, չէ՞ որ հետո ռազմական բախումները տարածաշրջանում շատ ավելի սաստկացան: Եվ երբ արդեն քայքայվել էր տնտեսությունը Հայաստանից հեռացել էին միլիոնավոր մարդիկ՝ հանկարծ հայտվեց և գազը, և լույսը, և հացը:
15. Ինչո՞վ կբացատրվի մեր ապրած մութ ու ցուրտ տարիները, չէ՞ որ բոլոր ջերմակայանների, ատոմակայանի կանգառի դեպքում Հայաստանը ուներ 960 մեգավատ էլեկտրական հզորություն արտադրելու հնարավորություն հիդրոկայանների օգնությամբ: Արտադրական ձեռնարկությունների չաշխատելու պայմաններում այդ էներգիան կհերիքեր 24 ժամ անընդհատ մոտ մեկ միլիոն հատ էլեկտրաջեռուցիչ (միջին հզորության էլեկտրաջեռուցիչը պահանջում է 1կիլովատ/ժամ հզորություն) կամ 10 միլիոն հատ էլեկտրական լամպ (1 լամպի հզորությունը 100վատ) աշխատացնելու համար: Եվ վերջապես որտեղի՞ց հայտնվեց և ու՞ր չքացավ այդ տարիների ՀՀ-ի էներգետիկայի նախարար Ժիրայր Լիպարիտյանը:
16. Վրաց-աբխազական կոնֆլիկտի ժամանակ, ըստ ԶԼՄ-ների (փաստը կարիք ունի լրացուցիչ ստուգման ԱԱԾ-ի կողմից), վրացական կառավարությունը Հայաստանին առաջարկեց մի փոքր զորախմբով պաշտպանել վրաց-աբխազական սահմանագծում Հայաստանը Ռուսաստանի հետ կապող երկաթգծի հատվածը: Չէ՞ որ այդ հատվածը հեռու էր մեր սահմաններից. մենք ոչ մի կերպ չէինք դառնա կոնֆլիկտի կողմ հաշվի առնելով հայ-աբխազական վաղեմի բարեկամությունը, աբխազահայերի առկայությունը, և մենք կխուսափեինք մեր երկրի տնտեսական բլոկադայից: Ինչո՞ւ մերժվեց վրացական կառավարության կողմից մեզ համար խիստ նպաստավոր առաջարկը:
Այսպիսով, գնահատելով Լ.Տ.Պ-ի քայլերը որպես շահավետ մեզ թշնամի երկրի կամ երկրների համար, հիմք ունենք կասկածելու, որ այդ քայլերը եղել են համակարգված, կատարվել են միտումնավոր և հիմք ունենք կասկածելու, որ նա հանդիսանում է մեր թշնամի երկրի գաղտնի ծառայությունների գործակալ: Գտնում ենք, որ համաձայն ՀՀ օրենքների` պետության և ազգի նկատմամբ դավաճանական այդ քայլերում առկա է ՀՀ քրեական օրենսդրության թիվ 304 հոդվածի հատկանիշները:
Համաձայն այդ հոդվածի քրեորոն պատժելի է այն գործողությունը կամ անգործությունը, որը պետությունը թուլացնելու նպատակով ուղղված է արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դրամական համակարգի, առևտրի կամ տնտեսության այլ ճյուղերի, ինչպես նաև կազմակերպությունների կամ պետական մարմինների գործունեության քայքայմանը, եթե այդ արարքը կատարվել է կազմակերպություններն օգտագործելու կամ դրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու միջոցով:
Նկատենք, որ վերը բերված ՀՀ քրեական օրենսդրության թիվ 304 հոդվածը չի հակասում և բխում է ՀՀ Սահմանադրությունից և այն կիրառելի է նաև ՀՀ նախկին նախագահի նկատմամբ: Այս փաստը հետևում է նաև ՀՀ Սահմանադրության 56.1 հոդվածի շարադրվածքի երկրորդ կեսից՝
Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության Նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների ավարտից հետո:
Կարծում ենք՝ վերը շարադրվածով տրվել են նշված հանցակազմի օբյեկտիվ բոլոր հատկանիշները: Ուստի խնդրում ենք նախաձեռնել քննչական գործողություններ վերը նշված փաստերի կապակցությամբ: Պատրաստ ենք տալ լրացուցիչ գրավոր ցուցմունքներ, նշել փաստեր և անձաց, որոնք վկա են եղել Լ.Տ.Պ.-ի նկարագրված արարքներին:
ստորագրություն
Սույն հայտարարությունը փաստաթղթային տեսքով մեր կողմից կհանձնվի ԱԱԾ-ին միայն մեկ ամիս հետո: Այդ ընթացքում Դուք ևս կարող եք կրկնել կամ զարգացնել այս տեքստը, անկախ մեզնից ուղարկել կամ դիմել ԱԱԾ-ին, կամ մեր հետ դառնալ համաստորագրող(միայն զգույշ ձևակերպեք, երբեք պնդողական չնշեք Լ.Տ.Պ.-ի դավաճանությունը, միայն կասկածեք դրա մեջ նրան, թող կասկածները հաստատեն կամ ժխտեն ԱԱԾ-ի օղակները, հակառակ դեպքում դուք կդառնաք մեղադրյալ, որպես բանսարկու, որի համար կարող եք պատժվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով):
Իմ հեռախոսահամարն է 010589744
Հավելված 1
1998թ. դեկտեմբերի 3-ի ՀՀ նախագահին առընթեր քաղաքական խորհրդի գնահատականը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության քաղաքական ուղեգծի վերաբերյալ :
Մինչև 1997թ. վերջը ՀՀՇ-ական վարչախմբի նախաձեռնությամբ, մասնակցությամբ, հովանավորությամբ ու լուռ համաձայնությամբ Հայաստանում տեղի են ունեցել հետևյալ համատարած կործանարար գործընթացները՝ շուկայական հարաբերություններ հաստատելու անվան տակ ներդրվեցին ծայրահեղ ազատականության գաղափարներ, որոնք զուգորդվեցին ստվերային, անօրինական, հանցավոր գործելակերպով։ Դրա արդյունքում՝
1. ձախողվել է տնտեսական քաղաքականությունը, տնտեսական գործունեությունը մեծապես տեղափոխվել է ստվերային ոլորտ,
2. սեփականաշնորհման քողի տակ կողոպտվել եւ փոշիացել է ազգային հարստությունը,
տեղի է ունեցել կապիտալի արտահոսք,
3. քայքայվել են արդյունաբերության, գյուղատնտեսության համակարգերը,
4. ի չիք են դարձվել քաղաքացիների խնայողություններն ու ավանդները. նրանց մի մասը յուրացվել է,
5. նպատակին չեն ծառայել, հիմնականում յուրացվել են ստացված արտասահմանյան վարկերը` սերունդներին թողնելով հսկայական պարտքեր,
6. տեղի է ունեցել հասարակության ծայրահեղ ու վտանգավոր սոցիալական բևեռացում։ Մի կողմից՝ գերհարուստների, մյուս կողմից՝ ծայրահեղ աղքատների և ունեզուրկների զանգվածային խավերի ձևավորման պայմաններում խոչընդոտվել է արժանապատվության, քաղաքացիական ակտիվության, դիմադրության ու բարեփոխումների ներուժ կրող միջին խավի ձևավորումը։
7. ստեղծվել է նյութական լծակներին տիրապետող, ստվերային և կազմակերպված հանցագործ կառույցներին, նաև իշխանության օղակներին սերտաճած, երկրի հարստության գերակշիռ մասը վերահսկող կլանային համակարգ։ Ձևավորվել է հիմնովին կաշառասուն և ստվերային կառավարման ենթակա պետական ծառայողների դաս,
8. բնակչության նկատմամբ կիրառվել է էներգետիկ տեռոր,
9. ստեղծված ճգնաժամի, հատկապես համատարած գործազրկության հետևանքով տեղի է ունեցել զանգվածային տարագրություն ու արտագաղթ և ազգի գիտատեխնիկական ու գործարար ներուժի զանգվածային արտահոսք։
10. խարխլվել են գիտության, կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության համակարգերի հիմքերը։ Վճարովի ծառայությունների անվերահսկելի ներդրումը, դրամաշորթությունն ու կաշառակերությունը հասարակության լայն շերտերի համար անմատչելի են դարձնում ուսումը, բուժօգնությունն ու առաջին անհրաժեշտության սպասարկման շատ տեսակներ։
Մեծապես վնասվել է հոգեւոր-մշակութային ոլորտը.
11. փշրվել եւ փոշիացել է 88-ի արդյունքում ի հայտ եկած համազգային ոգևորության ալիքը, արմատախիլ են արվել ազգի և անհատի ներդաշնակ զարգացման գաղափարները, գերակշռող են դարձել սպառողական հոգեբանությունը և համազգային խնդիրներից խուսափելու գործելակերպը,
12. մերժվել և կեղծ կատեգորիա է անվանարկվել ազգային գաղափարախոսությունը, ձևախեղվել են ազգային արժեքները, հակադրություն է սերմանվել ազգային և համամարդկային արժեքների միջև,
13. մերժվել են ազգային և քաղաքացիական համաձայնության սկզբունքները։ Խորացել է պառակտումը մարդկային գործունեության բոլոր ոլորտներում (ընտանիք, համայնք, կուսակցություններ, իշխանություն-ժողովուրդ, հայրենիք-սփյուռք հարաբերություններ և այլն),
14. արմատավորվել է անօրինականության, անպատժելիության ու անբարոյականության մթնոլորտ, խրախուսվել է ցինիզմը, քծնանքն ու շողոքորթությունը, անսկզբունքայնությունն ու մորթապաշտությունը,
15. անմխիթար վիճակում է հայտնվել դպրոցը, անտեսված են պատանիների և երիտասարդության խնդիրները։
16. սերմանվել է քաղաքական անհանդուրժողականություն, կազմակերպվել են հետապնդումներ, դատավարություններ, սպանություններ, ճնշվել է ազատ մամուլը: Դրանք ուղեկցվել են կուսակցությունների և քաղաքական կառույցների վարկաբեկման և նրանց անհրաժեշտության ժխտման քարոզչությամբ,
17. հովանավորվել են անօրինական և կեղծ ընտրությունները, սահմանադրության հանրաքվեն,
18. վարվել է ազգային ուղենիշերից զուրկ, իրավիճակային, անդեմ, սնանկ ու պարտվողական, համազգային պահանջներից նահանջող արտաքին քաղաքականություն, անտեսվել են Հայ Դատի, Ցեղասպանության խնդիրները, նվազ են օգտագործվել հայ սփյուռքի հնարավորությունները,
19. Արցախի հիմնահարցի լուծման գործում որդեգրվել էր նվազագույն դիմադրության պարտվողական մարտավարություն:
Նոյյան տապան – Իրավունք
nt.am/am/news/265138/