03 ՅՈՒՆԻՍ 2019 – ՀԱՏՈՒԿ ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ– ԷՐԿԻՐ – ՀԱՅԱՍՏԱՆ:
Ճիշտ չէ առաջնորդվել «քրիստոնյա չէ, ուրեմն՝ հայ չէ» սկզբունքով: Մենք կանք եւ հայ ենք՝ անկախ կրոնից եւ կուսակցությունից:
Ծնունդով մշեցի, արմատներով սասունցի Հայկ Արսլանը (լուսանկարում՝ ձախից) 1915թ.-ին ցեղասպանությունից փրկված հայի ժառանգ է: Ընտանիքից միայն պապի հայրը, ինչպես ինքն է ասում, մեծ պապն է փրկվել: Թուրքիայից եկած մեր հյուրը հիշում է՝ ինչպես Ավետիս պապն է պատմել որդիներին, Սասունի լեռնային Ձորաղբյուր(Սորաղբյուր) գյուղի իրենց տանը բոլորին մորթել են: «Մեծ պապս Սասունի լեռներում ապրող եւ արաբներ ներկայացող «աշիրեթ» ցեղի՝ «Շիգո» անունով հայտնի եւ հարուստ կլանի մոտ ստրուկ է եղել: Կարելի է ասել՝ դրա շնորհիվ է, որ որբերն ապրեցին: Փրկված հայ երեխաներին այդ աղաները բաժանեցին իրար միջեւ՝ որպես ստրուկների»,-ասում է Հայկ Արսլանը:
Նա հիմա Մուշ քաղաքի հարակից գյուղերից մեկում է ապրում. «Տասնամյակներ առաջ, երբ ընտանիքով հաստատվեցինք այստեղ, դժվարություններ ունեցանք: Տեղի մյուս ժողովուրդները խնդիրներ էին ստեղծում հայերի համար: Պապիս չկարողացա հուղարկավորել այստեղ, իրավապահները չթողեցին… աճյունը գերեզմանատնից 100 մետր այնկողմ ամփոփվեց, որովհետեւ մենք քրիստոնյա էինք…»: Արսլանը փաստում է՝ Թուրքիայում չկան հայ մշակույթի եւ ինքնության պահպանման պայմաններ, էլ չասած՝ հայկական դպրոց. «Ինչ անում ենք՝ մեր պատերիս ներս միայն: Միշտ այս խնդրով ենք ապրել, իսկ պետությունն աչք է փակել: Ի դեպ, մինչեւ 1950 թվականը Մոնգոքում դպրոց առհասարակ չի եղել, անգամ՝ թուրքական, իսկ 1915թ.-ից առաջ՝ կար: 1956թ.-ից հետո միայն պետական դպրոցներ բացվեցին: Տարիների ընթացքում ցորենի, թութունի մշակմամբ եմ զբաղվել եւ այդպես ընտանիք պահել: Տասնամյակներ շարունակ հայերը մեծ դժվարություններով են ապրել քրդախոս, թրքախոս եւ արաբախոս ցեղերի կողքին:
Ամեն ինչ արվել է, որպեսզի մենք թրքացվենք: Մեր տաճարները քանդել են, սրբավայրերում՝ ոչխարներ արածեցրել: Մեր պապը դուռ-լուսամուտ փակում էր, ստուգում, որ տարածքում այլ մարդ չկա, նոր տանը հայերեն սովորեցնում: Ամեն ինչ ծածուկ էր արվում: Այդ պատճառով ես այսօր դժվարանում եմ հայերեն խոսել»:
Մեր զրուցակիցն այժմ ղեկավարում է Մուշում գործող «Տարոն» մշակութային-հայապահպանության կենտրոնը, որը, սակայն, ֆինանսական խնդիրներ ունի: «Եթե այն ստիպված լինենք փակել, դրանից կուրախանան օտարները»,-շեշտում է Հայկ Արսլանը: Ավելի քան 5-ամյա կենտրոնի տնօրենն աշխարհասփյուռ մշեցիներին ցանկանում է հիշեցնել. «Արեւմտյան Հայաստանում դեռ մենք կանք եւ դժվարություններ ենք հաղթահարում: Սփյուռքը չպետք է մեզ անտեսի: Ճիշտ չէ առաջնորդվել «քրիստոնյա չէ, ուրեմն՝ հայ չէ» սկզբունքով: Մենք կանք եւ հայ ենք՝ անկախ կրոնից եւ կուսակցությունից: Չի կարելի նման բաժանումներ անել: Մենք բնիկ ենք մեր սրբազան հայրենիքում»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ «Առավոտ» օրաթերթ, 01.06.2019