Արցախ
(Հայկական վաղնջական ավանդապատում)
Արարիչը նորից հայտնվեց Հայային և ասաց.
-Ո՜վ հուրաչյա Հայա, վատագույն ձմեռ է իջնելու Երկրի վրա, լինելու է սարսափելի ցուրտ
ու սառցակալում, մահաբեր ձմեռ է լինելու աշխարհի վրա: Ո~վ Հայա, լեռներից մեկն ընտրիր
և այնտեղ մի ապաստարան շինիր ու այնտեղ տար Իմ արարած աշխարհիս վսեմագույն և ազնվագույն կանանց ու տղամարդկանց սերմը: Այնտեղ դու պետք է տանես Իմ արարած աշխարհիս ամենաընտիր, լավագույն և ազնվագույն բոլոր տեսակի կենդանիների սերմերը:
Հայան շնորհակալություն հայտնեց և փառաբանեց Արարչին.
-Փա՜ռք Քեզ, Հայր Արարիչ: Հազա՜ր փառք: Դու ինձ և իմ ընտանիքին շատ ես սիրում: Երախտապարտ եմ Քեզ փրկության համար: Ես Քո կամքը կկատարեմ:
Հետո Հայան այդ լեռը, որի վրա նա միշտ աղոթում էր և փառաբանում Հայր Արարչին, կոչեց Արարչի լեռ, որը հետագայում վերանվանվեց Դիզափայտի լեռ: Նա Արցախ և Սյունիք աշխարհների ընդերքում գետնուղիներ պատրաստեց և դեպի ներքև բրգաձև կառույց ստեղծեց:
Դեպի վերև՝ բրգաձև լեռան և դեպի ներքև՝ ընդերքի բուրգի հատման մասում, նա արարչական զորություն հայտնաբերեց: Հայան կարողացավ, Արարչի կամոք, այդ գետնուղիները լուսավորել և ջերմացնել, որպեսզի թե՛ մարդկանց, թե՛ անասուններին այդտեղ բնակեցնի:
Եվ դա աստվածային մտքի հանճարն էր: Այսպես աստվածային Հայան կարողացավ սառցակալումից փրկել մարդկանց և կենդանիներին: Եվ Արցախում ու Սյունիքում մինչև այժմ պահպանվում են այդ գետնուղիները, որոնց հզոր կենտրոններում մարդիկ տաճարներ կառուցեցին:
Դրանից հետո Հայկի սերունդները, իրենց աստվածային հոր՝ Հայայի անունով, հայեր կոչվեցին: Եվ հայերը օրհներգ ձոնեցին Հայային.
Հայա, մեր Աստված հզոր, Քեզ, հազա՜ր-հազա՜ր փա՛ռք,
Բազմաթիվ անգամ, Դու, մեզ փրկեցիր, Քեզ, հազա՜ր-հազա՜ր
փա՛ռք,
Սառցակալումից մեզ ազատեցիր, Քեզ, հազա՜ր-հազա՜ր փա՛ռք,
Հայի Աստվածը դարձար, Դու, վսեմ, Քեզ, հազա՜ր-հազա՜ր փա՛ռք:
Ազգդ Քո անվամբ իրեն Հայ կոչեց, Քեզ, հազա՜ր-հազա՜ր փա՛ռք,
Եվ Քո զորությամբ իրեն պաշտպանեց, Քեզ, հազա՜ր-հազա՜ր
փա՛ռք,
Արարման Քո հզոր մտքով տաճարներ կերտեց, Քեզ, հազա՜ր-
հազա՜ր փա՛ռք,
Եվ Արարչության լուսաշող քարը Քեզ թագ դարձրեց, Քեզ,
հազա՜ր-հազա՜ր փա՛ռք:
Արցախում դրախտ, Նա, կերտեց, Քեզ, հազա՜ր-հազա՜ր փա՛ռք,
Սերդ արարման խորհուրդը դարձավ, Քեզ, հազա՜ր-հազա՜ր
փա՛ռք,
Դու հզոր մարտիկն ես Արարչի, Քեզ, հազա՜ր-հազա՜ր փա՛ռք,
Կամքդ բանալի հավերժի, Քեզ, հազա՜ր-հազա՜ր փա՛ռք:
Սառցակալումից հետո, Արարիչը Դիզափայտ լեռան վրա հանդիպեց Հայայի հետ:
-Ո՛վ Հայա, երկրի սառցակալումը և քո թագավորության երեք հարյուրերորդ ձմեռն ավարտվեց: Դու Իմ արարած մարդկությանը պահեցիր և պահպանեցիր՝ օգտագործելով Իմ տված աստվածային կրակը: Եվ այժմ Ես քեզ երկիրն ընդարձակելու իշխանություն եմ տալիս: Հայա, դու արևի լույսով դեպի հարավ գնա, ոսկե օղակը` արորը, մխրճիր հողի մեջ:
Գետինը Իմ տված թրով ճեղքիր, և այն կընդարձակվի:
(Շարունակելի)
Հրաչյա Խաչիկի Հարությունյան