12 ՅՈՒՆԻՍ 2019 –
Այսօր Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հրամանատար, ՀՀ բանակի փոխգնդապետ (1994 թ, հետմահու), ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ակտիվ մասնակից Մոնթե (Ավո) Մելքոնյանի հիշատակի օրն է: Նրա մահվանից անցել է ուղիղ 26 տարի:
Լեգենդար հերոսը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին, Կալիֆոռնիայի Վայսեյլի քաղաքում, Հայոց ցեղասպանությունից փրկված և ԱՄՆ-ում հանգրվանած հայ ընտանիքում։
Արցախյան շարժմանը մասնակցելու համար 1991թ-ին Արցախ է եկել և ներգրավվել ֆիդայական շարժմանը: 1992թ.-ից ստանձնել է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը։ 1993 թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:
Նրա ղեկավարած ամենապատասխանատու և փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր, որտեղ իրապես փայլել է Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը։
«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու եւ ապա նաեւ՝ կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։
1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը եւ դիրքավորելու իր մարտիկներին։
Աղդամի մերձակա Մարզիլի գյուղում անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային։ Ծավալված անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է Մոնթեն։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր պանթեոնում: Իսկ Մարտունի քաղաքում տեղադրված է քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած նրա հուշարձանը:
Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք», ԼՂՀ «Ոսկե արծիվ», «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով: 1994 թ.-ին Երևանում ստեղծվել է «Մոնթե Մելքոնյան» հիմնադրամը: Մոնթեի անունով է կոչվել ՊՆ ռազմական ուսումնարանը:
hayernaysor.am/archives/313946?