14 ՅՈՒՆԻՍ 2019 – ԷՐԿԻՐ – ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԷՋԵՐ:
1919թ. Հայաստանի Հանրապետության ներքին կյանքում քեմալականների ու Ադրբեջանի կազմակերպված մահմեդական հակապետական շարժումները սովորական երևույթ էին: Հայաստանի կառավարության վերահսկած տարածքներում բնակվող մահմեդականությունը չէր ուզում հաշտվել Հայաստանի անկախության հետ և ձգտում էր միանալ կամ Ադրբեջանին կամ քեմալականներին: Ադրբեջանն ու թուրքերն էլ, իրենց հերթին, աշխատում էին միմյանց ձեռք մեկնել, միանալ Հայաստանի վրայով: Միության կամուրջ պիտի լիներ Ղարաբաղ-Զանգեզուր-Նախիջևան շերտը, Սուրմալուն ու Կարսը: Օսմանյան բանակների պարտությունից ու Կովկասից հեռանալուց հետո, թուրք հրամանատարության դրդումով Հայաստանում ու Վրաստանում ստեղծվեցին տեղական ՙանկախ հանրապետություններ՚: Հայաստանի վերահսկողությանն անցնելիք տարածքներում ձևավորվել էին ՙԱրևմտյան Կովկասի Հանրապետությունը՚` Կարսի Շուրայով, և Արևելյան Կովկասի կամ Արաքսի Հանրապետությունը, որի մեջ մտնում էին Սուրմալուն, Զանգիբասարը, Վեդիբասարը, Միլլին, Շարուրն ու Նախիջևանը` Նախիջևան կենտրոնով: Այս ինքնահռչակ ՙհանրապետություններից՚ յուրաքանչյուրը, իր հերթին, բաժանվում էր ավելի փոքր գավառների` իրենց տեղական ՙշուրաներով՚:
Ադրբեջանը պահանջում էր, որ Հայաստանը ընդհանրապես ձեռք քաշեր Ղարաբաղից, որպեսզի Ջիվանշիր, Շուշի, Ջերբայիլ և Զանգեզուր գավառները փաստորեն և իրավաբանորեն ճանաչվեն Ադրբեջանի մաս: Լռելյայն ընդունում էր միայն, որ Դիլիջանի և Իջևանի շրջանները Հայաստանի մաս են: Ադրբեջանն ուզում էր իրեն միացնել նաև Նախիջևանի և Շարուրի գավառները, Սադարակի, Վեդիբասարի, Զանգիբասարի շրջանները և Արաքսի աջ ափով, Մասիսի ստորոտներով ամբողջ Սուրմալուն մինչև Կարսի նահանգը: Եթե Կարսի նահանգը ապագա Թուրքիային չէր անցնելու, ապա Ադրբեջանը պետք է տարածվեր նաև մինչև Բաթումի շրջանը, որտեղից Ադրբեջանը դեպի Սև ծով ելք պիտի ունենար: Բացի այդ, Ադրբեջանը պահանջում էր Սևանա լճի հյուսիսային ափերը` Կարակոյունլու ձորի հետ, և Բասարգեչարի շրջանը: Ռուբեն Տեր-Մինասյանի խոսքերով` ՙայս հսկայական ծրագիրը ոչ դատարկ ցնորք էր և ոչ էլ զառանցանք, դա մատչելի և բնական մի ծրագիր էր համարվում թուրք-թաթարների համար, որը իբրև տեսություն չէր թողնված դպրոցներին, այլ կյանքի մեջ գործադրվում էր 1919-ից՚:
1919-ի մարտի կեսերին Երևան էր եկել Ադրբեջանի ներկայացուցիչ Մ. Խան-Թեքինսկին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվել էին դիվանագիտական հարաբերություններ: Խան-Թեքինսկին հայտնի պանթուրքիստ էր և, ինչպես հետագայում Հայաստանի կառավարությանը հայտնի դարձավ պարբերաբար Բաքու ուղարկվող նրա ծածկագրերից, նա ներգրավված էր Հայաստանում մահմեդական խռովություններ կազմակերպելու գործում:
Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցիչն այցելեց Ամենայն հայոց կաթողիկոսին: Խան-Թեքինսկին այդ հանդիպման մասին Բաքու է ուղարկում հետևյալ բովանդակությամբ հեռագիրը. ՙԿաթողիկոսը շեշտեց հայերի և մահմեդականների բարեկամության անհրաժեշտությունը և խոստացավ կոչ ուղղել հայ ժողովրդին` հաշտ ապրել մահմեդականների հետ: Նա ինձ պահեց ճաշի: Նավթ չլինելու պատճառով Էջմիածնի վանքն ու կաթողիկոսարանը զրկված են էլեկտրական լույսից: Ես խոստացա մեքենաների համար նավթ տալ, ուստի խնդրում եմ շուտ տակառներով նավթ ուղարկեք կաթողիկոսի համար՚: Ապա նույն հեռագրում, բայց ծածկագրով, Խան-Թեքինսկին շարունակում է. ՙՄիայն երկու հարյուր փութ ուղարկեք, ավելին կարող է Հայաստանի կառավարությունը օգտագործել՚:
Օսմանյան կայսրությունը պարտվել էր Առաջին աշխարհամարտում, սակայն նրա տարածքի` Հայաստանին հարող մի լայն հատվածում 1919-ի երկրորդ կեսից սկիզբ առավ քեմալական շարժումը22, որի ազդեցության տակ ոգևորված Անդրկովկասի թաթար, թուրք և մահմեդական մյուս բնակչությունը նույնպես ոտքի ելավ` առաջին հերթին ընդդեմ Հայաստանի: Բրիտանացիները, որքան էլ հայերը դժգոհ լինեին նրանցից, թուրքերին և թաթարներին զսպելու հարցում մինչ այդ կարևոր դեր էին կատարել: Երբ նրանք հայտարարեցին` քեմալական շարժման կազմավորման հետ համարյա միաժամանակ, որ պատրաստվում են հեռանալ Անդրկովկասից, մահմեդական ընդվզումները վերածվեցին համընդհանուր ապստամբության, որը քաջալերվում էր նաև Բաքվից: Հենց որ բրիտանացիները հեռացան, Հայաստանի գրեթե ողջ տարածքում` Օլթիից մինչև Գողթն, Զանգիբասարում ու Վեդիբասարում, բռնկվեց մահմեդական ապստամբություն ընդդեմ կառավարության:
Ապստամբություն սկսվեց Բոյուք Վեդի գյուղից, որը սերտ կապեր պահելով Արաքսի մյուս ափի` Արալըխի քրդերի և մահմեդականների հետ, մշտական սպառնալիք էր Շարուր-Նախիջևանում հաստատված հայկական զորքերի և երկաթուղային հաղորդակցության համար: Բոյուք Վեդիի ազդանշանի վրա գլուխ բարձրացրին Շարուրի ու Նախիջևանի թուրքերը: 1919թ. հուլիսի կեսերին Շահթախթ հասավ Խալիլ բեյը թուրք սպաների ու 200-300 զինվորների հետ և անցավ մահմեդական շարժման գլուխ: Հուլիսի 20-21-ին միաժամանակ ապստամբություն ծագեց Շարուր-Նախիջևանի բոլոր կողմերում: Հայկական սակավաթիվ զորամասերը Ջուլֆայում, Նախիջևանում, Շահթախթում ու Բաշ-Նորաշենում շրջապատվեցին թուրք զինված բազմություններով: Մի քանի օրվա արյունահեղ կռիվներից հետո, հուլիսի 25-ին, Նախիջևանի հայկական զորքերը, իրենց հետ առնելով հայ ազգաբնակչության որոշ մասը, նահանջեցին դեպի Զանգեզուր:
Հայաստանում Ադրբեջանի ներկայացուցչի` Բաքու ուղարկվող և այնտեղից ստացվող հեռագրերի բովանդակությունը հուշում էր, որ, թեև չհայտարարված, բայց, ըստ էության, Ադրբեջանը պատերազմի մեջ էր Հայաստանի դեմ և ամեն կերպ աջակցում էր մահմեդական խռովություններին: 1919թ. օգոստոսի 1-ին Խան-Թեքինսկին հեռագրում է. ՙԲոյուք Վեդիի, Շարուրի և Նախիջևանի շրջաներում կռիվներ են տեղի ունենում: Հայկական գնդերը փախչում են կամ ոչնչացվում: Մահմեդականները դեռ չեն ցանկանում գրավել Երևանը՚: Օգոստոսի 3-ին Խան-Թեքինսկին վարչապետ Խան Խոյսկուն առաջարկում է. ՙԱնհրաժեշտ է, որ Ադրբեջանը երկու շաբաթվա ընթացքում մաքրի Զանգեզուրը և զորքերը առաջ քաշի մինչև Ղամարլու: Հայաստանի կոմիսար ամերիկացի գնդապետի (նկատի ունի Վիլյամ Հասկելին-խմբ.) ժամանումից հետո ուշ կլինի: Եթե իմ առաջարկը ընդունվի, իրագործեք առանց պատերազմ հայտարարելու՚:
1919-ի օգոստոսին Հայաստանի թուրքերը սկսեցին սպառնալ Էջմիածնին, շրջակա գյուղերից սպանեցին 8 հայերի: Ամբողջ Զանգիբասարն ապստամբեց և մերժեց ճանաչել հայկական իշխանությունը:
Կարսի նահանգը օսմանյան զորքերից դատարկվելուց հետո այնտեղ կազմված ազգային մարմինը` Շուրան, բրիտանացիների կողմից ձերբակալվել էր: Բայց հետո նորը կազմվեց: Փաստորեն, այս վերակազմավորված Շուրան էր, որ ղեկավարում էր Կարսի նահանգի իսլամությունը: Շուրան գործում էր շատ զգույշ, կազմակերպված, անտեսանելի: Կարսի Շուրան նպատակ էր դրել պահպանել և կազմակերպել շրջանի մահմեդականներին, բայց ապստամբություններով չգրգռել հայերին, հակառակը` համբերել և սպասել Օսմանյան կայսրության անցուդարձերին: Եթե թուրքերը պատեհ առիթ ունենային վերադառնալու Կարս, արդեն իրենք կազատվեին: Շուրայի սպասողական այս վիճակը Հայաստանի կառավարության համար նպաստավոր էր:
Իսլամական ընդվզումները ի վերջո հասան նաև Կարսի նահանգ, սակայն չվերածվեցին արյունալի բախումների: Տեղի հայկական իշխանությունը վարում էր զգույշ ու հաշտարար քաղաքականություն: 1919թ. աշնանը Արդահանի հայկական բաժինը, եթե ոչ ըստ էության, ապա գոնե ըստ ձևի ՀՀ-ի մասն էր: Աղբաբայի շրջանը միայն Արփաչայով էր բաժանվում Ալեքսանդրապոլից ու չնայած քաղաքի տների կտուրներից երևում էին Աղբաբայի գյուղերը, բայց այդ գյուղերի թաթար բնակիչները ինքնիշխան էին, և 1919-ի աշնանը Արփաչայից այն կողմ չկար հայկական իշխանություն: Ալեքսանդրապոլի, Կարսի և Արդահանի մեջտեղը գտնվող Զարիշատի շրջանը կառավարում էին քրդերն ու թուրքերը: Օլթիի շրջանը, թեև Կարսի հետ թղթի վրա հայերին էր պատկանում, բայց այնտեղ հաստատված էր եզդի քրդերի իշխանություն, և հայկական հանրապետական իշխանությունն այնտեղ մուտք չուներ: Կաղզվանը Հայաստանի իշխանության տակ էր, բայց նրանից մի քանի վերստ հեռու, մինչև Կողբ, առանձին տեղական քուրդ և թուրք իշխանություններ կային:
1920թ. սկզբին Կարսի մահմեդական շրջաններում նկատվում էր տատանում. մի մասը Հայաստանի իշխանության կողմնակից էր, մյուսները` քեմալականների ու ադրբեջանցիների դրդումով դեմ էին հայերին: Հունվարի կեսերին մի քանի ադրբեջանցի սպաներ Զարիշատ եկան: Սկսվեցին հայերի վրա հարձակումները: Իբիշ գյուղում սպանվեցին 8 հայեր, ապա Զարիշատից և մի քանի այլ շրջաններից դուրս քշվեցին հայ պաշտոնյաներն ու ոստիկանությունը: Զարիշատը, Աղբաբան և Չըլդըրը ապստամբեցին Հայաստանի դեմ: Զորավար Արտյոմ Հովսեփյանի զորամասերը փետրվարի կեսերին վերահսկողության տակ վերցրին բոլոր ըմբոստ վայրերը: Ապստամբ ղեկավարները փախան, իսկ Զարիշատից, Աղբաբայից և Չըլդըրից 25 ներկայացուցիչներ հայտնեցին մահմեդական ժողովրդի հնազանդությունը Հայաստանի կառավարությանը: Շրջանը հանգստացավ:
Ամիսներ անհանգիստ էր Զանգիբասարը: Կառավարության 1920թ. հունիսի 23-ի հաղորդագրության մեջ ասվում էր. ՙՀայաստանի Հանրապետության հենց առաջին օրերից Զանգիբասարի շրջանի մահմեդական ազգանակչությունը թշնամական դիրք գրավեց դեպի մեր անկախությունը: Ենթարկվելով թուրք և ադրբեջանական գործակալների սադրանքներին, նա ամեն անգամ, երբ Հայաստանը դժվար օրեր էր ապրում, առաջ էր բերում խռովություններ և հարձակվում էր երկաթուղու, զորքի, հարևան հայ գյուղերի վրա: Հայաստանի մայրաքաղաքի քթի տակ տասնհինգից ավելի թուրք գյուղեր գտնվում էին ՙանկախ՚ վիճակում, չէին ընդունում Հայաստանի իշխանությունը և ձգտում էին Զանգիբասարը միացնել Ադրբեջանին: Նրանց թշնամական վերաբերմունքը մանավանդ ուժեղացավ Հայաստանում բոլշևիկների մայիսյան շարժումների ժամանակ: Հայաստանի կառավարությունը, սպառելով բոլոր խաղաղ միջոցները, հունիսի 18-ին զանգիբասարցիներին ներկայացրեց վերջնագիր` պահանջելով ընդունել Հայաստանի իշխանությունը, հանձնել զենքերը, ռազմամթերքը, պարագլուխներին ու թուրք սպաներին: Հունիսի 19-ին, չստանալով բավարարություն, հանրապետական զորքերը սկսեցին զինվորական գործողություններ, որոնք ցույց տվեցին ուժեղ դիմադրություն: Հունիսի 20-ին Հայաստանի զորքերը գրավեցին ամբողջ Զանգիբասարը: Զանգիբասարցիք փախան դեպի Արալըխ, և այսպիսով վերջ ունեցավ թուրք-ադրբեջանական զզվելի սադրանքը, որ երկու տարի շարունակվում էր Հայաստանի սրտում՚:
Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից
Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը գիրքը կազմված է 3 մասից: Առաջին տասը գլխում պատմվում է 1918-1921 թթ. հայ-թուրքական (քեմալական) հարաբերությունների մասին: Երկրորդ մասի 7 գլուխներում հեղինակը ներկայացրել է հայ-թուրքական շփումներն ու հարաբերությունները այն տարիներին, երբ Խորհրդային Հայաստանը մաս էր կազմում ԽՍՀՄ-ին: Գրքի երրորդ մասի 11 գլուխներում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների պատմությունն է 1988-ից մինչև մեր օրերը: Գիրքը ունի նաև առաջաբան («Ամենատխուր պատարագը») և վերջաբան («Երկի´ր Նաիրի, ո՞ւր ես»), ինչպես նաև հավելված, որում ներկայացված են Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը: Հեղինակը լրագրողական արհեստավարժության բարձրագույն մակարդակով ներկայացրել է Երևան-Անկարա հարաբերությունների յուրաքանչյուր հանգրվանը, կատարել արխիվային հսկայական աշխատանք, ինչպես նաև բազմիցս այցելել Արևմտյան Հայաստան, տասնյակ հարցազրույցներ ունեցել հայ, թուրք և այլ ազգերի դիվանագետների, նախագահների, պատմաբանների հետ:
aniarc.am/2019/06/14/1919-1920-azeri-tatar-revolts-in-armenia/?