17 ՅՈՒՆԻՍ 2019 – ԷՐԿԻՐ – ՀԱՏՈՒԿ ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն այցելել է Մուշ, որտեղ եղել է հայ ազգային–ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզմանին, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Պատվիրակությանն ընդունել է նաև Մուշի քաղաքապետ Ֆեյաթ Ասյան:
«Շատ ուրախ ենք ձեր այցի համար, մեր աչքի վրա տեղ ունեք: Չնայած օրը մեզ համար տոնական է, բայց ձեզ հետ հանդիպելն ավելի կարևոր է, և ես չէի կարող այդ առիթը բաց թողնել»,- ասել է նա:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը Մուշի քաղաքապետին է հանձնել Երևանում համահայկական խաղերի միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավերը և հայ վարպետների ձեռքով պատրաստված խորհրդանշական նվերը:
Մշո դաշտից Կարս գնացող ճանապարհին պատվիրակության անդամները Սուլուխի կամրջից վարդեր են նետել Արածանի գետ՝ հարգանքի տուրք մատուցելով 1907 թ. Գևորգ Չաուշի և նրա զինակիցների հիշատակին:
Իշխան Զաքարյանն առաջարկել է Երևան-Վան, Գյումրի–Կարս քաղաքները դարձնել համահայկական հաջորդ խաղերի անցկացման կենտրոններ ու աշխատանք կատարել այդ ուղղությամբ: Զաքարյանը, Չարենցի տան օրինակով, անընդունելի է համարել մշակութային արժեքների ոչնչացումը և հույս են հայտնել, որ մեծ բանաստեղծի տունը նույնությամբ կնորոգվի, եղած հայկականն էլ կպահպանվի:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը պատրաստակամություն է հայտնել, հարկ եղած դեպքում, աջակցել Չարենցի տան վերականգնմանը:
Պատվիրակությանը եղել է նաև Հայոց հինավուրց մայրաքաղաք Անիում։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ալբեր Բոյաջյանն ասել է, որ սպորտի միջոցով համախմբում են Սփյուռքը, Հայաստանը և Արցախը:
Ermenihaber.am
akunq.net/am/?p=66865