Կրոնն ու համշենական ինքնությունը – Մահիր Օզքան

2014/08/04 – ԱՐԵՒՄՏԱՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ, ՀԱՄՇԷՆ ԵՒ ՀԱՄՇԷՆՑԻՆԵՐ, ՀԱՄՇԷՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ, ՅՈԴՈՒԱԾՆԵՐ, ՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ, ՓԱՍՏԱԹՈՒՂԹ:

Մահիր Օզքան

(Հոդվածը լույս է տեսել «Սև ծովի կորսված ինքնությունը» գրքում, որը հրատարակել է «Իլեթիշիմ» հրատարակչությունը 2014 թ. հուլիսին Ուղուր Բիրյոլի խմբագրությամբ)

Չնայած ընդհանուր անցյալին՝ մուսուլման և քիստոնյա համշենցի* համայնքների՝ համշենցու ինքնության հետ ունեցած հարաբերությունները կարծես տարբեր հունով են ընթացել: Կարելի է ասել՝ այս տարբերությունը ծագում է կրոնական ինքնության ընկալման ազդեցությունից: Թեև համշենահայերեն խոսող մուսուլման համայնքի ու համշեներեն խոսել չկարողացող մուսուլման համայնքի ինքնության ընկալումները իրար շատ նման են, սակայն քրիստոնյա համշենցի համայնքի հետ տարբերությունը նպաստում է այս թեզի ամրապմնդմանը: Այս վիճակը թույլ է տալիս բացահայտել համշենցիների հավատքի պատմությունն ու նրանց հավատքի կրած փոփոխությունները, ինչպես նաև ասել, թե համշենական ինքնության տեսանկյունից այս փոփոխությունն ինչ է արտահայտում: Համշենցիների դավանանքն ուսումնասիրելու համար կարելի է բաժանել երեք շրջանի՝ նախաքրիսոտնեական շրջանի հավատալիքներ, քրիստոնեական շրջանի և մուսուլմանական շրջանի:

Համշենի նախաքրիստոնեական հավատքները

Երբ համշենցիները եկել են Համշենի շրջան, եղել են հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Հետևաբար չափազանց դժվար է համշենցիների նախաքրիստոնեական շրջանից մնացած գրավոր փաստաթղթեր գտնել, ինչևէ կարելի է գտնել այս շրջանի վերաբերյալ որոշակի տեղեկություն: Սրա համար երկու աղբյուր ունենք: Մեկը հայերի նախաքրիստոնեական պատմությունն է, մյուսը՝ Համշենի ավանդական հավատալիքների վերաբերյալ աշխատությունները: Առաջին աղբյուրներից ստացած տեղեկությունը համադրելով երկրորդ աղբյուրների տեղեկությունների հետ, ինչպես նաև համադրելով ցայսօր գոյություն ունեցող հայկական ավանդական հավատալիքների հետ՝ հնարավորություն ենք ունենում համշենցիների հավատքի պատմության վրաբերյալ կարևոր հետևություններ անել: Բազմաթիվ ավանդական հավատալիքներ կրոնափոխության պայմաններում անգամ շարունակում են իրենց գոյությունը: Երբեմն հնարավոր է հանդիպել այնպիսի հավատալիքների, որոնք նոր կրոնի համապատասխան ձև ստանալով կարողացել են շարունակվել՝ չնայած որոշ դեպքերում նոր կրոնի կողմից որակվել են սնահավատություն, այլասերվածություն և այլն: Դիջլեի (Տիգրիս) համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետի Կրոնների պատմության դասախոս, դոցենտ Ջանան Սեյֆելի Սելչուկը համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի ամսագրում լույս տեսած հոդվածում գրում է, որ ժողովրդական կենդանի հավատալիքները թուլ են տալիս գաղափար կազմել հնագույն հավատալիքների մասին.

«Սակայն ժողովրդական հավատալիքները ժողովրդի կենսատարածքում, հոգևոր աշխարհում ուժգին ազդեցությամբ շարունակում են իրենց գոյությունը: Անգամ գերիշխող կրոնի պաշտպանները, որոնք համարում են, որ իրենց պահապան համարողների պայքարը կործանիչ, սնահավատ ու այլասերված է, միևնույն է ոչ միայն չեն կարողացել ոչնչացնել ժողովրդական հավատալիքները, այլև երբեմն իրենք են ստիպված եղել կենդանի պահել այն: Հետևաբար, կարող ենք ասել, որ ժողովրդական հավատալիքները, ինչպես և փոփոխությունները, մշակույթի մի մասն են կազմում և կենդանի են: Նման խառը կառուցվածք ունեցող ժողովրդական հավատալիքները մոտ 17 դար առաջ ընդունել են քրիստոնեությունն ընդունած հայերը, որոնք ցրվել են տարբեր շրջաններով մեկ, սակայն այս հավատալիքները նրանց կայանքում շարունակել են գոյություն ունենալ և մեծամասամբ հնագույն հավատալիքների հետ առնչություն ունեն: Հետևաբար ժողովրդական հավատալիքների առաջին աստիճանի աղբյուրը հանդիսանում է ապրող ժողովուրդը» [1]:

Ջանան Սեյֆելին հոդվածի շարունակության մեջ հայկական ժողովրդական հավատալիքների որոշ օրինակներ է բերում. «Այսօր հայերի շրջանում ջրի հետ կապված հավատալիքներն ու կիրառումները նախաքրիստոնեական շրջանի հետքերն են կրում: Վարդավառը և Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը միասին են տոնում: Հունիսի վերջին ամիսներին և հուլիսի առաջին շաբաթներին Սուրբ Զատկի տոնի հետ կապված փոփոխության է ենթարկվում: Այս տոնակատարությունը բազմաթիվ անուններ ունի. կոչվում է նաև Ջրի տոնավաճառ, որի ժամանակ ջրի հետ կապված կատակներ են անում, զվարճանում: Ասում են՝ այս սովորույթը Նոյան տապանի հետ է կապված» [2]:

Հանգիստ կարող ենք ասել, որ վարդավառի տոնակատարությունը նախաքրիստոնեական շրջանից մնացած տոն է, սակայն հայերի քրիստոնեություն ընդունելուց հետոայն հարմարվել է քրիստոնեությանը, իսկ համշենցիների իսլամ ընդունելուց հետո ընդհանրապես կորցրել է իր կրոնական երանգը: Միգուցե կարելի է ասել, որ այս ձևով ավելի է մոտեցել նախաքրիստոնեական շրջանի ձևին և բովանդակությանը: Գոյությունը շարունակելու համար կամ պետք է իսլամին հարմարվեր, կամ էլ կրոնից դուրս ավանդույթի վերածվեր: Ակնհայտ է, որ կրոնական բովանդակությունից ազատվելով վերածվել է ավանդույթի:

Համշենցի գրող Ուղուր Բիրյոլը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Անգամ եթե արևմտյան խմբի համշենցիները ժխտեն իրենց հայկական ծագումը, շարունակում են այնպիսի հայկական տոնակատարություններ ու ավանդություններ, ինչպիսիք Վարդավառն (Համշենում Վարդևոր են ասում) ու Հոդոչն է»[3]:

Լազ գրող Գուբազ Չիբարիշին ևս նույն կարծիքին է. «Արևմտյան խմբի հմշենցիների շրջանում կան այնպիսի հայկական տոնակատարություններ ու ավանդություններ, ինչպիսիք Վարդավառն (Համշենում Վարդևոր են ասում) ու Հոդոչն է»[4]:

Հին հայկական հավատալիքների հետքը շարունակեք մի վեպով. Հայտնի գերմանացի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը, որը հեղինակը գրել է 1929 թ. Սիրիա և Անթակիա կատարած այցի ժամանակ հավաքած տվյալների հիման վրա, ցեղասպանության տարիներին Անթակիայում կատարվածների մասին մի հատված է ներկայացնում: Վեպը կարդալիս ուշադրությունս գրավեց մի մանրամասնություն, որն այնքան էլ կարևոր չէ ընդհանուր թեմայի տեսանկյունից. «Ամուսինը մի փոքրիկ տղա երեխայի ուղարկեց, ում կանչել էր, որ այս դժվարին ծննդաբերության ժամանակ իրեն օգներ. նման դեպքերում ծննդկանի տունը շրջապատած տարեց վհուկներին վռնդելու, ովքեր տարատեսակ հմայիլներով կնոջն օգնելու համար էին եկել» [5]:

Այս մանրամասնությունն ուշադրությունս գրավեց, քանի որ մորս իր առաջին ծննդաբերության վերբերյալ պատմածները նույն հավատալիքների հետքերն էին կրում: Մայրս պատմում է, որ առաջնեկին ծննդաբերելիս «վհուկներն իրենց անհանգստացնում էին, անգամ մի գիշեր իրեն և գրկում քնած մանկիկին են փաթաթվել, փորձել են երեխայի կոկորդից խեղդել, երեխային խլել և միայն երբ երեխան գոռացել է, փախել են»: Այդ օրվա հետքը ավագ եղբայրս դեռևսկրում է իր ճակատին:

1915 թ. Անթակիայում հայի տանը կատարվածի և 1959 թ. Հոպայի տներից մեկում տեղի ունեցածի նմանությունը խոսում է այն մասին, որ այս կծիկի ծայրը հասնում է նախքրիստոնեական և նախաիսլամական հավատքներ:

Շարունակենք գրականությունից. հայ գավառական գրականության ամենակարևոր անուն հանդիսացող Համաստեղ Գելենյանը խարբերդցի է, սակայն ստիխպված էր ստեղծագործել ոչ թե իր ծննդավայրում, այլև Ամերիկայում: Իր ստեղծագորություններում կենդանի նկարագրում է այն հողերը, որտեղ ծնվել-մեծացել է և այնտեղի կենսակերպը: Ինձ համար մեծ ոգևորություն էր Խարբերդի պատմվածքներում գտնել համշենցիների հավատալիքների վերաբերյալ հետքեր: Համշենցիների փորձառու վհուկը, որ նախ երինջների սրտերը հանելով և ուտելով, փորձ էր ձեռք բերել, հետո էլ երեխաների սրտերը եղունգներով հանել, կերել, Խարբերդում ևս այս գործ վրա էր. «Նրան թվում էր, թե հոգեառները մոտենում են իր տանը, ճիշտ այնպես, ինչպես բանալու անցիքց սղոսկած և մանկիկ ունեցող կանանց սրտերը երկար ճանկերով ծակած և մթության մեջ քամու հետ հեռացած բոսորները» [6]:

Խարբերդում վհուկների հետ միասին հանդիպում ենք նաև ոգիների. «…Այծին նայե՛ք, այծին,- գոռաց մեզանից մեկը: Ձայնն արձագանքեց և միմյանց նայեցինք: Այնուհետև ժայռի պտկին այծ տեսանք, որը վայրկյանական հայտնվեց: Կարծես թե ժայռերի լանջերից դուրս եկավ. մեր ձայնի կենդանացած արձագանքն էր կամ էլ արձագանք ստեղծող իրական ոգին… իսկ հետևից ուլիկ, որը քամու ուղեկցությամբ լեռներին ոգիների բնորոշ տարօրինակ ոստյուններով դիտում էր լեռնային ինչ որ խաղ…»[7]:

«Նրա ձայնը Սուրբ Սարգիս լեռան ժայռերին թառած աղավնիների վերածված ոգիներից շատ ավելի քաղցր և դյութիչ էր» [8]:

Կենդանիների կերպարանքով ոգիներ, որ զբոսնում են ժայռերի լանջերինն և իրենց ձայնով դյութում են մարդկանց: Խարբերդի պատմություններից հիշում եմ մանկությանս տարիներին գետում լողացող ընկերոջս, ով շրջվեց դեպի լեռն ու սկսեց քայլել դեպի այն՝ ասելով՝ «ինձ են կանչում, չե՞ք լսում»: Կամ էլ մութ կիրճով անցնելիս դիմացին հայտնված կենդանին միանգամից մեկ այլ կենդանու փոխակրեպվելով անհետանալու պատմությունները: Համշենի բոլոր գյուղերում և յայլաներում նմանատիպ պատմություններ կարող եք լսել: Որպես օրինակ՝ Համշենի շատ հայտնի երգից մի քառատող մեջբերեմ.

Հանդիպակաց ժայռերին
Գոռում է փերին,
Ձյուն մաղեց ու ծածկեց
Վայրը, որի մասին խոսում ենք:

Հավատալիքների կարևոր տարրերից մեկն էլ աղոթքներն են, որոնք խորը հատկանիշների վերաբերյալ թույլ են տալիս գաղափար կազմել: Բազմաստվածության շրջանի և մեկ աստծու դավանող կրոնների աղոթքները միմյանցից տաբերվում են: Միակ աստծուն պաշտող կրոններում մարդիկ Աստծուց խնդրում են՝ իրենց ցանկությունները իրականան: Բացի այդ, Աստծուց օգնություն են խնդրում: Մինչդեռ բազմաստվածության շրջանի կրոններում տարբեր բնության առարկաներին ուժ են վերագրում: Այս կրոններում կան ծիսակարգեր, որոնց ժամանակ դիմում են բնության տարրերի օժտված ուժին: Այս տարրերից ամենատարածվածը՝ արևը, լուսինը, գետերը, լեռները և կայծակն են:

Երբ առաջին անգամ լսեցի համշենցիների շրջանում տարածված բժշկելու վերաբերյալ աղոթքները, շատ զարմացա, որովհետև առաջին աղոթքը, որ լսեցի, իմ սպասումներից շատ տարբեր էր: Նախ զարմացա, որ մայրս աղոթքն ինձ սովորեցրեց, որպեսզի ես ավագ քրոջս սովորեցնեի: Հարցիս, թե ինչու միանգամիս նրան չի սովորեցնում, պատասխանեց, որ աղոթքը պետք է կինը տղամարդուն սովորեցնի, իսկ տղամարդը փոխանցի կնոջը, հակառակ դեպքում այն կկորցինի իր ամոքիչ հատկությունը: Անգամ այս ցույց է տալիս, որ մեր իմացածից ամբողջովին տարբեր իրականության հետ գործ ունենք: Սակայն ինձ ավելի շատ զարմացրեց այսքան գաղտնի պահվող և այսքան ջանք գործադրվող աղոթքի լեզուն:

Մորս աղոթքը, որը նա «չափուշ» էր անվանում, և կարդում էր, երբ մեկը վախից ո՛չ ուտում, ո՛չ էլ խմում էր կամ անհայտ պատճառներով քունը փախչում և ախորժակի խնդիրներ էր ունենում, համշեներեն էր: Աղոթքն այսպես էր. «Ամպրոպ կուգա որոտալեն, գետ կուգա դմբ-դմբալեն, կով, թան, սրտիդ վախը թաղէ»: Աղոթելիս գլխաշորով մոտենում է մարդուն, ում վրա աղոթք է կարդում, հավաքում գլխաշորը և այնուհետև հավաքած գլխաշորով դիպչում այդ մարդու կրծքի չորս անկյունին: Աղոթքն ավարտելուց հետո գլխաշորը գետնին է գցում, մեկ անգամ ևս աղոթում:

Վախի համար մեկ այլ աղոթք էլ մեջբերում է Այլա Վայիչը. «Հավը թառ է, կրակը վառ է, կովը կթեր է, ղոչն ու գառ է, լեռ ու երես է, լեռ ու դարման է, թե վախեցար, սիրտդ պաղ էլի թող»:

Այս աղոթքը ո՛չ քրիստոնեության, ո՛չ էլ իսլամի հետ որևէ կապ չունի: Այն պետք է համշենցիների նախաքրիստոնեական հնագույն հավատալիքներին պատկանած լինի: Համշենցիների համար սա շատ կարևոր է, քանի որ համշենցիների վերաբերյալ բազմաթիվ աշխատություններում, թեև գիտական տեսանկյունից այնքան էլ ուշադրության արժանի չեն, սակայն համշենցիների մի մասի հայերեն խոսելու հանգամանքը, ինչպես նաև մի մասի խոսացած թուրքերենում բազմաթիվ հայերեն բառերի օգտագործելու փաստը բացատրվում է նրանով, որ որոշ ժամանակ հայերի հետ միասին են ապրել կամ էլ ընդունել են քրիստոնեությունը, որը «ժամանակի գերիշխող կրոն» է հանդիսացել: Այսինքն՝ ըստ այս պնդման՝ համշենցիները թուրքական ցեղ են, քրիստոնեության հետ մեկտեղ սովորել են նաև հայերեն: Սակայն վախի վերաբերյալ աղոթքները մեզ բոլորովին հակառակն են ապացուցում, ըստ որի՝ համշենցիների կապը հայերենի հետ ձգվում է նախաիսլամական, նախաքրիստոնեական շրջան: Որովհետև հետագայում որևէ կրոն ընդունած հասարակությունը կսովորի ոչ թե ավանդական ժողովրդական հավատալիքներն, այլ կանոնակարգված կրոնը: Իսկ ավանդական հավատալիքները կհարմարեցնի այդ կրոնին և այդպիսով գոյատևելու համար ճանապարհ կհարթ: Իսկ հնագագույն հայկական աղոթքները հաղթահարելով քրիստոնեությունն ու իսլամը հասել են մեր օրեր:

Համշենցիներ, քրիստոնեություն և իսլամ

Հայկական աշխարհագրական շրջանում քրիստոնեությունը սկսել է տարածվել 1-ին դարից սկսած, սակայն քանի որ երկար տարիներ շարունակ հայ թագավորները չէին ընդունում քրիստոնեությունը, քրիստոնյաները ստիպված էին թաքցնել րենց ինքնությունը և զրկանքներ կրել: Իսկ 301 թ. քրիստոնեությունը պաշոնապես ընդունվում է ազգային կրոն [9]:

Լ. Խաչիկյանը հղում կատարելով պատմաբան Ղևոնդին գրում է , որ համշենցիների նախահայրեր հանդիսացող հայ համայնքը Համշեն է գաղթել 789-790 թթ. [10]: Հետևաբար հայ համայնքը, երբ եկել է շրջան, արդեն իսկ քրիստոնյա էր: Մինչև օմանյան գերիշխանության հաստատումը այս թեման շատ չի քննարկվում: Կարող ենք ասել, որ այս շրջանն օսմանյան գերիշխանության տակ ընկնելուց հետո մի կողմից մուսւոլման բնակչության բնակեցման, մյուս կողմից է հարկային քաղաքականության արդյունքում շրջանի բնակչությունը սկսում է իսլամացվել: 1530 թ. աշխարհագիր մատյանների գրանցումներում Համշենի բնակչության 38.1% -ը մուսուլման էր, 61.9 %-ը՝ ոչ մուսուլման [11]: Աճառյանն իր «Համշենի բարբառի քննություն» աշխատության մեջ գրում է, որ 20-րդ դարի սկզբնին բնակվել է 20 000 քրիստոնյա և դրանից մի փոքր շատ մուսուլման համշենցի [12]:

Հայտնի է, որ Համշենի շրջանում բնակեցված փոքրիկ համայնքներ են եղել, սակայն հակառակ արդյունք է ունեցել. Համշենում բնակեցված որոշ աշիրեթներ տեղաբնակների հետ ունեցած որոշակի խնդիրների պատճառով բնակվել են Համշենի շրջանից դուրս՝ Չըլդըրում: Այս խմբերի կազմում եղել են չերքեզական խմբեր և այլ համայնքներ, որոնց համշենցիներն անվանել են վրանաբնակ քրդեր [13] : Երբ ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ Համշենի աշխարհագրությունը շատ բնակչություն ապաստանելու ոչ ձեռնտու առանձնահատկություններ ունի, ապա կարելի է ասել, որ համշենցիների իսլամացումը առավելապես տեղի է ունեցել ոչ թե վերաբնակեցվածների հաշվին, այլ շրջանում բնակվող քրիստոնյա համշենցի հայերի իսլամացման արդյունքում: Շրջանի իսլամացման գործընթացում ազդեցիկ գործոններից մեկն էլ մուսուլման համշենցի հայերի թվական աճն է, ինչպես նաև այն, որ նրանք թվական աճի արդյունքում սկսեցին քրիստոնյա համշենցի հայերին գաղթեցնել դեպի արևմուտք: Օսմանյան արխիվներում գոյություն ունեն գրագրություններ՝ առ այն, որ Հոդոչուրում Չենչուվա գյուղացիների՝ կաթոլիկ հայերի հանդակների վրա կատարած միջամտությամբ կարգ ու կանոնը խախտվել է [14] : Այս տեղեկություններն աչքի տակ ունենալով կարող ենք ասել, որ շրջանի օսմանյան տիրապետության տակ անցնելուց հետո սկսված Համշենի և Թուրքիայի համշենցիների իսլամացման գործընթացն ավարտին է հասել 1915 թ. վերջին քրիստոնյա համշենցիների ցեղասպանության ենթարկվելով և ողջ մնացածների Սև ծովի հանդիպակաց ափ գաղթով:

Համշենականությունն ըստ քրիստոնյա և մուսուլման համշենցիների

Վերջին տարիներին մուսուլման և քրիստոնյա հայերի միջև հաղորդակցությունն ու մշակութային կապն աճել է: Քրիստոնյա համշենցիներն այցելում են ինչպես Հոպա և Համշեն, այնպես էլ մեր շրջանից Սուխումի, Սոչի, Կրոսնոդար և Մոսկվա են գնում և այնտեղի քրիստոնյա համշենցիների հետ կապեր հաստատում: 2008 թ. հուլիսին Վովա երաժշտական խմբի երևանյան համերգը հավանաբար կարելի է համարել առաջին մշակութային կապը: Համշենյան մշակությաին շաբաթի շրջանակներում կազմակերպված համերգի ժամանակ հնարավորություն ունեցանք ակնդրել Աբխազիայից ժամանած համշենի ժողովրդական պարերը: Ինչպես ցույց տվեցին փորձերը, կրոնից բացի մշակույթի տեսանկյունից մենք նույն առանձնահատկություններն ենք կրում: Այնուհետև Մոսկվայի քրիստոնյա համշենցիների միությունը Վովա խմբին համերգ տալու նպատակով հրավիրեց Մոսկվա: 2012 թ. հունիսին Վովան համերգներով հանդես եկավ Մոսկվայիում, իսկ 2012 թ. հոկտեմբերին՝ Սոչիում:

Հարաբերություններ հաստատելուն պետք է հավելել նաև համացանցային շփումներն ու տեղեկությունները: Այսօր համշենցի քրիստոնյա հայերի վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ ունենք: Գիտենք նրանց երաժշիտներին, ժողովրդական խաղիկները, և խեսելու ձևը: Բացի այդ, պետք է հայտնել, որ բեռնափոխադրման սեկտորն ու Ռուսաստան աշխատելու մեկնողների թիվը վերջին շրջանում աճել է, ինչն էլ մեծ դեր ունի հարաբերություններ հաստատելու և փոխազդեցության վրա: Կարելի է ասել, որ վերջին հարաբերությունները ժողովրդական զանգվածների վրա շատ ավելի մեծ ազդեցություն ունի:

Ըստ իս՝ քրիստոնյա համշենցիների հետ հաստատած հարաբերությունների սովորեցրած ամենակարևոր բանն այն է, որ երկու համայնքի համշենականության վերաբերյալ ընկալումը տարբեր էր, որովհետև համշենցիների պատմության վերաբերյալ բավարար տեղեկություն չունեցող քրիստոնյա համշենցիներն իրենց անգամ համշենցի չէին ասում: Ասում էին, թե հանդիպակաց ափից որտեղից որ եկել են, այնտեղացի են: Օրինակ՝ սևքեցի իմ, ջանիկցի իմ, օրդուցի եմ, համշենցի իմ: Մարդիկ, որոնք գիտակցում են՝ բոլորը Համշենի հայերեն են խոսում և կրում են նույն մշակույթը, համշենցի ասելով հասկանում են մեկ հայրենիքից սերած, այսինքն՝ աշխարհագրական պատկանելության մասին է խոսքը գնում: Այդ իսկ պատճառով էլ նախքան Համշենից Ռուսաստան գաղթելը դեպի արևմուտք գաղթածներն իրենց Ռուսաստան գաղթած քաղաքաբնակներ են բնորոշում: Նրանք, ովքեր գիտեին, որ իրենց արմատները ձգվում են Համշեն, համշենական ինքնության վերաբերյալ որևէ ընկալում չունեին: Իրենց հայ էին բնորոշում: Այսինքն՝ ըստ նրանց՝ համշենցի հայի և վանեցի հայի միջև տարբերությունը նույնն է, ինչ որ էրզրումցի և իզմիրցի թուրքի միջև եղած տարբերությունը:

Սակայն մուսուլման համշենցիների համար համշենականությունը դարձել է ինքնություն: Երբ համշենցիներն ասում են համշենցի եմ, շեշտում են ոչ թե աշխարհագրությունն, այլ պատկանելությունը: Շրջանում բնակվող մյուս ժողովուրդներից իրենց տարբերող գործառույթ ունի համշենականությունը: Լավ, իսկ ինչու հայ համայնքն իսլամ ընդունելուց հետո իրեն բնորոշում է ոչ թե «մուսուլման հայ», այլ նոր ինքնություն՝ համշենականություն է ընդունում: Այս հարցի պատասխանը կարող ենք տալ միայն այն բանից հետո, երբ հասկանանք, թե հայկական ինքնությունն ինչպես են հայերն ընկալում և օսմանյան միլլեթների համակարգում հայկական ինքնությունն ինչ է նշանակում:

Հայերի մեծ մասը կարծում է, որ հայկական ինքնություն ունենալ, ասել է թե լինել հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Հայր Դանիել Քուքույանը գրում է, որ մի կողմ թողեք մուսուլման հայերին, Լեհաստանի հայերն ընդունելով կաթոլիկություն մեկ սերունդ հետո ձուլվել են: Ընդհակառակը Եդեսիա գյուղի բնակիչները թեև խոսում էին թուրքերեն, սակայն հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելու շնորհիվ կարողացել են պահել իրենց հայկական ինքնությունը և կրկին սովորել իրենց մայրենին [15]: Քուքույանը գալիս է այն եզրահանգման, որ «հայերի ուժը, չնայած բազմազանությանը, կապված է հոգևոր առանցքին և հիմքին կամ մեկ այլ արտահայտությամբ Սորբ Էջմիածնին»[16] (որքան էլ նման է գաղափարախոսությանը, որն անվանում ենք թուրք-իսլամական սինթեզ): Այսօր կարեղ ենք ասել, որ սկսել է տարածվել մի մոտեցում, ըստ որի՝ հայկական ինքնությունը չի բնորոշվում կրոնական առանցքում, սակայն դեռևս կրոնական առանցքում հայկական ինքնության ընկալումը շատ զորեղ է: Նայելով այսօրվա իրավիճակին՝ կարծում եմ հասկանալի է, որ երբ համշենցի հայերն իսլամացել են, կրոնը շատ ավելի ազդեցիկ է եղել:

Անդրադառնալով օսմանցիների ընկալմանը՝ կարող ենք ասել, որ նույն իրավիճակին հակառակ կողմից պետք է նայել: Օսմանցիների կիրառած «միլլեթների համակարգի» համաձայն՝ յուրաքանչյուր դավանք ունեցող հասարակություն մեկ համայնք է կազմում, սակայն թեև Օսմանյան կայսրության բոլոր սուննի խմբերը մեկ միլլեթ էին համարվում, սակայն փոքրամասնությունները, այսինքն՝ ոչ մուսուլմանները, տարբեր միլլեթների էին բաժանվում ոչ միայն համաձայն իրենց դավանանքի և կրոնի, այլև էթնիկ խմբերի: Օրինակ հայերը մի միլլեթի չէին կազմում, մտնում էին նաև կաթոլիկ միլլեթի և բողոքական միլլեթի կազմի մեջ. «Մինչև 19-րդ դարը միլլեթ եզրը երբևէ չի կիրառվել բնորոշելու այն համայնքները, որոնք պատկանում են նույն ռասային, էթնիկ խմբին կամ էլ համատեղ լեզվական խմբին: Թանզիմաթյան բարեփոխումներով միլլեթ եզրը նախ մասամբ, այնուհետև ամբողջությամբ ժողովուրդներին բնորոշելու համար օգտագործեցին» [17]:

Նման իրավիճակում անհնար է սպասել, որ իսլամացած համշենցի հայն իրեն բնորոշի հայկական ինքնությամբ: Ե՛վ օսմանցիների միլլեթների համակարգի ընկալումը, և՛ հայերի հայկական ինքնության վերաբերյալ ընկալումը թույլ չեն տալիս: Հետևաբար իսլամացած համշենցի հայը պետք էր իրեն բնորոշեր «մուսուլման», սակայն այս բնորոշումը չէր կարող ամբողջությամբ խնդիրը վրացնել: Իրենց հարևան և իրենցից տարբեր համայնքներից իրենց տարբերությունն ինչպե՞ս էին արտահայտելու: Ահա այստեղ համշենականությունն ի հայտ է գալիս որպես նոր ինքնություն: Այսինքն՝ համշենականություն մի կողմից համշենցի մուսուլմանների և քրիստոնյա հայերի միջև է տարածություն սահմանում, մյուս կողմից էլ պայքարում է իսլամացման և թուրքացման դեմ:

Համշենցիների մի մասը հանրապետության շրջանում սկսում է իրեն թուրք համարել: Օսմանյան կայսրության օրոք գերիշխող դիրք ունեցող «սուննի միլլեթն» իր տեղը զիջում է նորաստեղծ հանրապետության իշխող տարրին՝ «թուրք ազգին»: «Երջանիկ է նա, ով ասում է թուրք եմ» հակիրճ նախադասության մեջ ամփոփված այս տեսակետի համաձայն՝ բացի քրիստոնյաներից, որոնց ճանաչել են փոքրամասնություն, մնացած բոլորը թուրք են: Բոլորի թուրք լինելու վերաբերյալ պատմություն գրվեց: Հետևաբար, այսօրվա համշենցի թուրք ընկալումը ինքնության ընկալում է, որը ստեղծվել է Թուրքիայի Հանրապետության կարիքների շրջանակներում:

Կարելի է թվարկել երկու տարր, որը կարող է համարվել սրա ապացույցը. առաջին՝ համշենցիների մեծամասնությունը, որը ընդունում է, որ համշենցիների արմատները սերում են հայ ժողովրդից, ազատատենչ մարդիկ են, որոնք որդեգրել են այնպիսի քաղաքական ուղղություններ, որոնք հեռու են պաշտոնական գաղափարախոությունից, մինչդեռ թուրքական ինքնության ընկալում ունեցողների մեծ մասը հակառակ դիրքորոշում ունի՝ նրանք մոտ են կանգնած պաշտոնական գաղափարախոսությանը, յուրացրել են ազգայնական-հետադիմական քաղաքական ուղղություններ: Պետության պաշտոնական գաղափարախոսությունից հեռանալով մարդիկ հասկանում են, որ հեռանում են նաև պետության՝ իրենց վերաբերյալ սահամանած գաղափարախոսությունից: Երկրորդ՝ Համշենի վերաբերյալ հետազոտություններում Թուրքիայի և օտար հետազոտողների միջև տարբերություն կա: Մի ժամանակաշրջանում, երբ տեղեկությունն այսչափ ազատորեն տարածվում է, որքանով որ մենք ենք տեղյակ, չկա որևէ օտար հետազոտող, որ ասի՝ համշենցիները թուրքական արմատներ ունեցող ազգ են, սակայն ինչպե՞ս բացատրել թուրք հետազոտողների մեծ մասի համշենցիների թուրքականությունն ապացուցելու ջանք ու եռանդը:Կարծեմ թե սրա պատասխանը տարիներ առաջ տվել է այս թեզերն առաջ քաշած առաջնորդներից Ֆահրեդին Քիրզիօղլուն իր «Քրդերի թուրքականությունը» գրքում:

Համշենականությունն ըստ պաշտոնական փաստաթղթերի

Մի գործընթացում ենք, երբ պատմության մեջ առաջնային է դառնում դաշտային աշխատանքներն ու բանավոր պատմությունը: Բնականաբար, այս աշխատանքները փաստաթղթերով համադրելով հնարավոր է դառնում իրականությունը ավելի լայն ծավալով ի հայտ բերել, սակայն համշենցիների ինքնության վերաբերյալ կատարվող աշխատանքներում հանդիպող ամենամեծ դժվարություններից մեկն այն է, որ դժվար է որևէ պաշտոնական փաստաթուղթ գտնել: Համշենցու ինքնության վերաբերյալ անգամ աննշան գաղափար տվող փաստաթուղթը մեծ կարևորություն ունի: Թեև շատ փաստաթուղթ չկա, սակայն Համշենով զբաղվող հետազոտողների համար մեծ հաջողություն է ձեռքի տակ ունենալ երեք տարբեր փաստաթուղթ, որոնք ցույց են տալիս, թե համշենական ինքնությունը ռուսները, օսմանցիներն ու թուրքերն ինչպես են ընկալել:

Վերոնշյալ փաստաթղթերից առաջինը Ռուսաստանի Գիտությունների ակադեմիային է պատկանում, որը Կրասնոդարի մուսուլման համշենցիների պահանջով է տրվել: Փաստաթուղթը Երևանում կազմակերպված Համշենի գիտաժողովի ժամանակ ներկայացրեց Պոնտոսկովկասյան հետազոտությունների կենտրոնից Նոնա Շահնազարյանը. «Հեմշիլ առաջնորդները Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ն.Ն. Միկլուխո-Մակլայ էթնոգրաֆիայի և անտրոպոլոգիայի ինստիտուտին գրավոր դիմում գրելով խնդրել են դիմումով հանդես եկող խմբերի կարգավիճակի վերաբերյալ պատմական տեղեկություններ տրամադրել. «Մենք՝ որպես հեմշիլ ժողովուրդի (մեզ հոմշեցի ենք անվանում) ներկայացուցիչ, խնդրում ենք պատմական որևէ փաստաթուղթ, որը կհաստատի մեր՝ հեմշիլներիս, էթնիկ ինքնությունը որպես առանձին ազգ: Ներկայումս տարբեր օբյեկտիվ և սյուբեկտիվ պատճառներով մեր ժողովրդի ներկայացուցիչները տարբեր պաշտոնական փաստաթղթերում նշվում են հեմշիլ, թուրք, վրացի և այլն: Նույն խնդիրն առկա է նաև ազգանվան վերջավորությունների մեջ՝ թուրքերեն -օղլու, վրացերեն –ձե, ռուսերեն-ով, -եվ: Մեր խնդրած պատմական փաստաթուղթը չափազանց անհրաժեշտ է մեր այս էթնիկ ինքնությունը պահպանելու և անհրաժեշտության դեպքում տարբեր պաշտոնական մարմինների ներկայացնելու»»:

«… Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի էթնոգրաֆիայի և անտրոպոլոգիայի ինստիտուտի Կովկասագիտության բաժնի ղեկավար պ.գ.թ. Ս.Ա. Արությունովի կողմից մակագրված պատասխանում ասվում է. «Հեմշիլները ժողովուրդ են, որոնք դուրս են եկել Փոքր Ասիայի Սև ծովի ափերից, էթնոսի տեսանկյունից մոտ են կանգնած հայերին, միջին դարերում ընդունել են իսլամ, խոսում են հայերենի համշենի բարբառով: Ըստ միջազգային իրավական նորմերի Ռուսաստանի Դաշնությունը որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ ընդունում է հեմշիլներին որպես Ռուսաստանի քաղաքացի, ՌԴ-ի ցանկացած շրջանում նրանց բնակվելու, ինչպես նաև Ռուսաստանի ֆեդերատիվ մարմինների կողմից նրանց սոցիալական և իրավական իրավունքների պաշտպանությունը: Ազգանվան վերջավորությունը ըստ ընտանիքի սովորույթների և անցյալի համապատասխանաբար կարող է փոխվել -օղլու,–ձե, -ով, -եվ, -յան վերջավորություններով (փաստաթուղթը թվագրված է 20-06-2002)»» [18]:

Ըստ փաստաթղթի՝ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան հաստատում է, որ համշենցիները էթնիկ տեսնակյունից հայ են, կրոնի տեսնակյունից՝ մուսուլման: Իսկ լեզուն, որով խոսում են համշենցիները, հայերենի համշենի բարբառն է:

Թուրքիայում այն հարցերում, որը պետությունը համարում է նուրբ խնդիր, ընդհանրապես երկու տեսակետ կա, որոնցից մեկը հասանելի է հասարակությանը, մյուսը՝ ոչ: Երբեմն այս տեսակետի հետքերը որոշ պետական կիրառումներով ի հայտ է գալիս: Օրինակ՝ հասարակությանը հասանելի թուրքական սահամանման համաձայն՝ Թուրքիայի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի թուրք է, սակայն բնակչության գրանցամատյաններում գաղտնի ազգության կոդեր կիրառելով չի վարանում ժողովրդի մի մասին հաշվառել [19] : Այդ իսկ պատճառով ճշմարտությանը հասնելու համար պետք է շատ ուշադիր լինել և հասարակությանը հասանելի տեղեկությունից շատ ավելին իմանալու համար գտնել փաստաթղթեր, որոնք կպարունակեն պետության իրական տեղեկությունները:

Մեր երկրորդ փաստաթուղթը նման մի փաստաթուղթ է, սակայն, ըստ էության, բնօրինակը չէ: Սակայն այն հասանելի է դարձել հասարակությանը: Ըստ «Միլլիյեթ» թերթում լույս տեսած լուրի՝ Ազգային անվտանգության խորհուրդը Մալաթիայի Զիրվե հրատարակչությունում կատարված սպանությունից հետո «Թուրքիայի էթնիկ խմբերի բաշխման վերաբերյալ զեկույց» պատրաստելու համար ցուցում է տվել: Էրջիյեսի, Էլիազիգի Ֆրատ (Եփրատ) և Մալաթիայի Ինոնյուի համալսարաննների դասախոսների պատրաստած զեկույցը դատական գործի թղթապանակում է:

Համշենականության տեսանկյունից զեկույցի կարևորությունը կայանում է նրանում, որ համշենցիները դսասակարգվում են ոչ թե որպես թուրք, այլ` որպես առանձին էթնիկ ինքնություն: Թեև համշենցիների բնակչության և բնակավայրի վերաբերալ թերի տեղեկություն է պարունակում, այնուամենայնիվ, կարևոր փաստաթուղթ է: Քանի որ կարծել են որ գաղտի է մնալու, հետևաբար պաշտոնական տեսակետի համաձայն թուրք համարվող համշենցիներին առանձին ինքնություն համարելուց որևէ մտավախություն չեն ունեցել: Ըստ զեկույցի՝ համշենցիները 13 000 հոգի են և բնակվում են միայն Արդվինի և Ռիզեի որոշ գավառներում:

Իսկ զեկույցի ամենակնհայտ վերնագրերից մեկն էլ թուրք բնակչության աճի թափի վերաբերյալ է: Ըստ որի՝ թուրք բնակչությունը վերջին 15 տարում քիչ աճ է գրանցում: Ի հակառակ՝ քրդերն ամեն տարի 2,5 տոկոս աճ են գրանցում: Ըստ ուսումնասիրության՝ ամեն տարի բոսնիացիները 0,012, թուրքերը 0,008, ալբանացիները 0,005 տոկոսով նվազում են: Ի հակառակ այս ամենի՝ թուրքացման պրոցեսը մեծ թափով ընթանում է քրդերի, այնուհետև բոսնիացիների, չերքեզների և ալբանացիների շրջանում: Հարավարևելքից գաղթած արաբների շրջանում ևս ակտիվ թուրքացում է տեղի ունենում [20]:

Զեկույցի այս հատվածը չափազանց կարևոր է: Թեև թուրք բնակչությունն ամեն տարի 0,008 տոկոսով նվազում է, սակայն թուրքացման պրոցեսը մեծ թափ է ստանում, քանի որ քրդերի, արաբների, բոսնիացիների, չերքեզների, ալբանացիների և մյուսների ասիմիլացիան մեծ թափ է հաղորդում թուրքացմանը: Մեկ այլ ճշմարտություն, որ մեզ է հաղորդում զեկույցն այն է, որ պետությունն ունի թուրքի երկու տարբեր ընկալում: Երբ ոչ թուրք մուսուլման ազգերին ասում են, թե «բոլորս թուրք ենք» արտահայտությունը էթնիկ իմաստով թուրքականություն չէ, սակայն, ըստ էության, պարզ է դառնում՝ փորձում են թաքցնել, որ բոլորին էթնիկ տեսնակյունից ջանում են թուրքացնել:

Իսկ երրորդ փաստաթուղթը Օսմանյան կասյրության ժամանակաշրջանին է պատկանում: Թեև այն ակադեմիկոսի տեսակետ է և Ազգային անվտանգության խորհրդի համար է պատրաստված, սակայն այն համալսարանների պատրաստած զեկույց չէ: Այս փաստաթուղթը Գլխավոր շտաբի չորրորդ մասնաճյուղից ուղղված է Ներքին գործերի նախարարությանը: 01.06.1913 թվագրված այս գրության մեջ Ռուսաստանի սահմանապահ ոստիկանապետի Հոպայի վաշտին պատկանող զեկույցի վրա հենվող ամփոփագրում ասում է. «Տրապիզոնի վիլայեթի Հոպայի կազայի որոշ գյուղերում գտնվող և «հեմշին կոչված հայից դյոնմե մուսուլամններ դարձածները» հնարավոր է, որ այնտեղ գնացող միսիոների ազդեցության տակ ընկնեն, տեղական առաջնորդները համշենցիներին պետք է ճշմարիտ ուղի ցույց տան» [21]:

Բացի այդ, զեկույցում համեմատական է անց կացվում համշենիցների և լազերի մուսուլման լինելու մեջ: Լազերն «ուղնուծուծով» մուսուլման են, մինչդեռ համշենցիների մուսուլման լինելու փաստն այնքան էլ վստահության արժանի չէ, քանի որ համշենցիները պարզամիտ և տգետ են:

Գլխավոր շտաբի չորրորդ մասնաճյուղի այս գրությունը մինչև հիմա մեզ հայտնի միակ փաստաթուղթն է, որը համշենցիներին կապում է հայկական ինքնության հետ: Բացի այդ, թվականը ստիպում է մտածել, որ այստեղ օգտագործված հայ արտահայտությունը զուտ կրոնական իմաստ չի պարունակում, որովհետև գիտենք՝ Օսմանյան կայսրությունում միլլեթ եզրը թանզիմաթյան բարեփոխումներով ամբողջովին ազգերին բնորոշելու համար է օգտագործվել[22]:

Ամփոփում

Համշենցիների վերաբերյալ պատմական և մշակութային տվյալներին ուշադրություն դարձնելով` կարելի է ասել, որ քրիստոնյա և մուսուլման համշենցիները ունեն նույն պատմական արմատները, նույն ավանդույթները և խսում են նույն լեզվով: Նրանց հիմանական տարբերությունը կրոնական տարբերությունն է: Չնայած կրոնական տարբերություններին՝ պատմական և մշակութային համատեղ հիմքը մշակութային կապերը զարգացնելու արգելք չի հանդիսացել: Այդ իսկ պատճառով այս խմբերը պետք է դասակարգել որպես մուսուլման համշենցի հայեր և քիստոնյա համշենցի հայեր:

Երկու խմբի համշենական ինքնության վերաբերյալ տարբեր ընկալումներ գոյություն ունեն: Քրիստոնյա համշենցի հայերը համշենական ինքնությունից շատ ավելի հայկական ինքնությանն են հարում, մինչդեռ մուսուլման համշենցի հայեր մեծամասամբ բնորոշվում են համշենական ինքնությամբ: Համշենականությունը ավելի շատ էթնիկ պատկանելիություն է, քան թե աշխարհագրական: Համշենականությունը մուսուլամն համշենցի հայերի մոտ էթնիկ պատկանելության նշանակություն է ձեռք բերել և իսլամացումից հետո քիստոնյա համշենցի հայերից իրենց տարանջատել, սակայն միևնույն ժամանակ տարածություն է դրել նաև համշենականության ու լազական և թուրքական ինքնությունների միջև: Օսմանյան միլլեթների համակարգում տեսանելի խնդիր չհանդիսացող իրավիճակը հանրապետական շրջանում սկսեց խնդրի վերածվել: Հանրապտության մեկ լեզու, մեկ ազգ, մեկ պետություն գաղափարախոսության վրա հիմնված ասիմիլացիոն քաղաքականության արդյունքում համշենցիների մոտ նկատվում է համշենցու ինքնությունը թուրքական ինքնությանը կապելու նկրտումներ: Այդ իսկ պատճառով չպետք է մոռանալ, որ սեփական ինքնության վերաբերյալ Թուրքիայի համշենցիների ընկալումները միատարր դարձնող, տարբերություններ չընդունող քաղաքական մթնոլորտում են ձևավորվել:

Թեզերը, որոնք համշենականությունը կապում են թուրքական ինքնության հետ, ունեն ոչ թե պատմական, գիտական, այլևս գաղափարական հենքեր: Այս մասին են վկայում թուրքական պաշտոնական գաղափարախոսությունից ազատ ուսումնասիրություններ կատարող տեղացի և այս ասպարեզում գիտական աշխատանքներ կատարած օտար հետազոտողների աշխատությունները: Բացի այդ` վերոնշյալ փաստաթղթերը ցույց են տալիս, որ պետությունը ևս այս հարցում տիրապետում է տարբեր տեղեկությունների և տեսակետների, որոնք պաշտոնական գաղափարախոսության շրջանակների մեջ չեն տեղավորվում:

Գրականության ցանկ

[1] Canan Seyfeli, Hıristiyanlık Öncesine Dayanan Bazı Ermeni Halk İnançları, SÜİFD. S:30, Sy:149-164.
[2] Canan Seyfeli, Hıristiyanlık Öncesine Dayanan Bazı Ermeni Halk İnançları, SÜİFD. S:30, Sy:149-164.
[3] http://bianet.org/bianet/toplum/28739-etnik-bir-kimlik-olarak-hemsinliler
[4] http://rudocs.exdat.com/docs/index-100094.html?page=31
[5] Franz Werfel, Musa Dağ’da Kırk Gün, Belge Yayınları, İstanbul, 1997,Sy:63.
[6] Hamasdeğ, Güvercinim Harput’ta Kaldı, Aras Yayıncılık, İstanbul, 1998,Sy:75.
[7] Hamasdeğ, Güvercinim Harput’ta Kaldı, Aras Yayıncılık, İstanbul, 1998,Sy:30.
[8] Hamasdeğ, Güvercinim Harput’ta Kaldı, Aras Yayıncılık, İstanbul, 1998,Sy:48.
[9] Rafael İşhanyan, Ermeniler’in Tarihi, Belge Yayınları, İstanbul, 2006,Sy:158.
[10] Levon Haçikyan, Hemşin Gizemi, Belge Yayınları, İstanbul, 1997,Sy:23.
[11] BOA, TD.52,53.
[12] H. Acaryan, Knnutyun Hamşeni Barbari, Yerevan, 1947
[13] BOA, Tarih: 10/Ra/1281 (Hicrî) Dosya No:308 Gömlek No:98 Fon Kodu: A.} MKT.MHM.
[14] BOA, Tarih: 29/B/1265 (Hicri), Dosya No: 7/A, Gömlek No:57,Fon Kodu:A.}DVN.MHM
[15] Daniil Kukuyan, Hemşin Paradoksları, Hemşin ve Hemşinli Ermeniler-Konferans Makaleleri, Yerevan, 2007, Sy: 276
[16] Daniil Kukuyan, Hemşin Paradoksları, Hemşin ve Hemşinli Ermeniler-Konferans Makaleleri, Yerevan, 2007, Sy: 277
[17] http://www.islamvehayat.com/5247_osmanli-millet-sistemi-isleyisi-ve-cozulusu.html
[18] Nona Şahnazaryan, Kaypak Kimlik: Hemşiller(Hemşinler) Örneği, Hemşin ve Hemşinli Ermeniler-Konferans Makaleleri, Yerevan, 2007, Sy:149
[19]http://www.radikal.com.tr/turkiye/nufus_kayitlarinda_soy_kodu_ile_fisleme-1144436
[20] http://www.milliyet.com.tr/default.aspx?aType=SonDakika&ArticleID=873452
[21] BOA, Dosya: 116, Gömlek no: 65, Fon kodu: DH.İD.- 1331. C. 28.
[22] http://www.islamvehayat.com/5247_osmanli-millet-sistemi-isleyisi-ve-cozulusu.html

Հավելված

Özet: Trabzon vilayeti Hopa kazasındaki bazı köylerde bulunan ve Hemşin denilen Ermeni’den dönme Müslümanlar’ın oraya gidecek bir misyonerden etkilenmeleri muhtemel olduğundan, mahalli hükümetçe hemşinlerin irşadı gerektiği.
DH. İD., 116-65, 1331. C. 28.
Umum Erkan-ı Harbiye Dairesi
Dördüncü Şube
321
1
Dâhiliye Nezâret-i Celilesine
Hülasa-i Me’al: Hopa hudûd bölüğü mıntıkasındaki kurâ ahâlîsine dâir.
Devletlü Efendim Hazretleri
Trabzon Vilâyetine tâbiʻ Hopa kazâsına müsâdif [tesadüf eden] Hopa hudud bölüğü mıntıkasındaki Zorbîçî, Ervâlâ (Erdâlâ), Çacuşlu, Haykî, Zalonâ, Gavârci, kariyeleri ahâlîsi Hemşin ismiyle müsemmâ [adlandırılan] Ermenilerden dönme müslüman olub kazânın mütebâkî [geri kalanı] ahâlîsinin kâmilen müslüman Lazlardan ibret idüğü ve Hemşînler saf ve câhil olub bir misyonerin bu mıntıkada muvafakiyyetle [başarıyla] iş görebileceği binâen aleyh hükûmet-i mahalliyemizin irşâdatı [doğru yolu göstermesi, uyarması] Hemşînlüler içün derece-i vücûbda olduğu [vacip olduğu] Rusya hudud komiserinin hopa bölüğüne âid raporunun bir fıkrasında gösterilmiş ve mes’ele câlib-i dikkat bulunmuş olmağla iktizâ-yı hâlin îfâsı mütemennâdır efendim.
Fi 25 Cemazelahire 331 ve fi 19 Mayıs 329 [1 Haziran 1913]

http://hamshentsi.blogspot.com.tr/2014/07/din-ve-hemsinli-kimligi-mahir-ozkan.html
Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը
Akunq.net

akunq.net/am/?p=40559

Facebooktwitterredditpinterestlinkedinmail