
20 ՅՈՒՆԻՍ 2019 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցները պետք է զգուշանան ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրներից, քանի որ դրանք կարող են օգտագործվել որպես տնտեսական պատերազմում պայքարի միջոց, գրում է ամերիկյան National Interest ռազմաքաղաքական թեմաներով թերթը:
Թերթն ընդգծում է, որ համալիրը մի շարք ռազմավարական առավելություններ ունի: Առաջին հերթին՝ թերթը նշում է զենիթահրթիռային համակարգերի վաճառքից ստացված շահույթը. դրանց հավանական և արդեն գոյություն ունեցող գնորդների շարքում են Չինաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը: Դա նպաստում է տնտեսության դիվերսիֆիկացմանը և հիմք է ստեղծում զինամթերքի արդիականացման համար:
Երկրորդ պատճառը, ըստ թերթի, Ռուսաստանի՝ որպես սպառազինության առաջնակարգ համակարգերի ստեղծողի համաշխարհային կարգավիճակն ու հեղինակությունն են:
ՆԱՏՕ-ի՝ ռուսական համակարգերից զգուշանալու ևս մի պատճառ է С-400-ների գնորդ երկրների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը, քանի որ վաճառելուց բացի գնորդներին պետք է սովորեցնել աշխատել համալիրների հետ և տեխնիկական ծառայություն մատուցել:
Ամփոփելով՝ նշվում է, որ զենիթահրթիռային համալիրը «վտանգ է ներկայացնում» հատկապես «հիբրիդային պատերազմում» օգտագործելու հնարավորության առումով: Որպես հիմնավորում՝ թերթը նշում է, որ դրանց գնումն արդեն ՆԱՏՕ-ում պառակտումներ է առաջացրել, և եթե գործարքն ամբողջությամբ իրականացվի, Մոսկվան համալիրները կտեղակայի դաշինքի տարածքում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի մատակարարման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որը Ռուսաստանից այդ կարգի զենիթահրթիռային համակարգեր ձեռք կբերի:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ռուսական համալիրները ՆԱՏՕ-ի համար վտանգ չեն ներկայացնում, և Թուրքիան այդ մասին բազմիցս հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին: Նախարարն ընդգծել էր, որ С-400-ների ձեռքբերումը կապված է երկրի օդային տարածությունը պաշտպանելու խիստ անհրաժեշտության հետ:
tert.am/am/news/2019/06/20/s-400/3030106





